Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

13-18․ «Երբ Հիսուս Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց Իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»»։ «Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»»։ «Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում Իմ մասին»»։ «Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»»։ «Այդ ժամանակ Հիսուս պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է»»։ «Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել»։
   
    Ավետարանիչն ինչո՞ւ է հիշատակում քաղաքի հիմնադրին։ Ա՛յն պատճառով, քանի որ մեկ այլ Կեսարիա էլ կար՝ Ստրատոնական Կեսարիան։ Իսկ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին հարցուփորձ էր անում ոչ թե Ստրատոնական, այլ Փիլիպպյան Կեսարիայում՝ հեռու տանելով նրանց հրեաներից, որպեսզի նրանք, ամեն տեսակի վախից զերծ լինելով, համարձակորեն արտահայտեին այն ամենը, ինչ իրենց մտքում կար։ Ապա ուրեմն ինչո՞ւ Հիսուս սկզբում հարցրեց ո՛չ թե անձամբ իրենց մտածումների, այլ ժողովրդի՛ կարծիքի մասին։ Նրա համար, որպեսզի աշակերտները, ժողովրդի տեսակետը հայտնելով, ապա ունկնդրելով «իսկ դո՞ւք ինչ եք ասում Իմ մասին» հարցը՝ հենց այդ հարցադրումների վերընթաց կարգով բարձրանային ավելի վսեմ իմացության և Քրիստոսի մասին նույնքան ցածրամիտ մտածումներ չունենային, ինչպես կարող էր ունենալ հասարակ ժողովուրդը։ Այդ նույն պատճառով էլ Հիսուս Իր հարցն ուղղում է աշակերտներին  ոչ քարոզության սկզբում, այլ երբ արդեն իսկ բազմաթիվ հրաշքներ էր գործել, նրանց հետ խոսել էր բազմազան ու վսեմ ճշմարտությունների մասին և բազմիցս ապացուցել էր Իր Աստվածությունն ու Հոր հետ միասնությունը։ Հիսուս միայն այդ ամենից հետո է այս հարցով դիմում Իր աշակերտներին։ Եվ չի ասում՝ «Իմ մասին ի՞նչ են կարծում դպիրներն ու փարիսեցիները», - թեև վերջիններս հաճախ էին գալիս Հիսուսի մոտ և զրուցում Նրա հետ։ Քրիստոս ցանկանում է իմանալ ժողովրդի անկեղծ կարծիքը. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին»։ Ժողովրդի կարծիքը թեև շատ ավելի ցածրախոհ էր, քան պատշաճում էր լինել, բայց և այն զերծ էր որևէ տեսակի խորամանկությունից, իսկ ահա դպիրների ու փարիսեցիների կարծիքը լեցուն էր խորին չարությամբ։ Եվ Հիսուս, ցույց տալով, թե որքա՜ն շատ է կամենում, որ մարդիկ խոստովանեն Իր մարդեղացման խորհուրդը, ասում է՝ «ո՞վ է Մարդու Որդին»՝ այդպիսով, միաժամանակ, նկատի ունենալով նաև Իր Աստվածությունը, ինչպես որ հաճախ անում էր նաև այլ տեղերում։ Այդպես, օրինակ, ասում է. «Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ Նա, որ իջավ երկնքից՝ Մարդու Որդին, որ երկնքից էր»: (Հովհ. 3:13)։ Եվ մեկ ուրիշ տեղում. «Եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր…» (Հովհ. 6:62)։ Այնուհետև, երբ աշակերտները Հիսուսին պատասխանում են՝ «ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը» (Մատթ. 16:14) և Նրան հայտնում ժողովրդի թյուր կարծիքը,  այդ ժամանակ Քրիստոս ավելացնում է. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում Իմ մասին» (Մատթ. 16:15)։ Այս երկրորդ հարցով Հիսուս Իր աշակերտներին մղում է Իր մասին ավելի բարձրախոհ մտածում ունենալու և հասկացնում է, որ առաջին կարծիքը շատ քիչ է համապատասխանում Իր արժանավորությանը։ Այդ պատճառով էլ Հիսուս նրանցից պահանջում է մեկ այլ կարծիք հայտնել և առաջարկում է մի ուրիշ հարցադրում, որպեսզի նրանք Իր մասին չկիսեին այն նույն կարծիքը, որն ուներ մարդկային զորությանը գերազանցող հրաշքներին ականատես եղած, սակայն, դրանով հանդերձ, Հիսուսին լոկ մարդ համարող ժողովուրդը։ Չնայած որ Նրա վերաբերյալ կար տեսակետ, որի կողմնակիցն էր, ի դեպ, նաև Հերովդեսը, համաձայն որի՝ Հիսուս մեռելներից հարություն առած մի մարդ էր (ոչ թե սովորական մահկանացու)։ Բայց Քրիստոս, մերժելով այդօրինակ կռահումները, ասում է. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում Իմ մասին․․․՝ դո՛ւք, որ միշտ Ինձ հետ էիք, տեսաք Իմ հրաշքները և ինքներդ Իմ միջոցով բազում հրաշքներ գործեցիք»։ Իսկ ի՞նչ է դրան պատասխանում առաքյալների «բերանը»՝ միշտ բոցավառ Պետրոսը, որն առաքելական դասի գլխավորն էր։ Նա ամենքին ուղղված հարցին պատասխանում է իր անունից։ Երբ Քրիստոս հարցնում էր ժողովրդի տեսակետի մասին, այդ ժամանակ բոլորն էլ պատասխանում էին Փրկչի հարցին։ Իսկ ահա երբ իրենց սեփական կարծիքի մասին է հարցը, ապա Պետրոսը չի համբերում, կանխում է և ասում. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16:16)։ Իսկ ի՞նչ ասաց Քրիստոս. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ․․․» (Մատթ. 16:17)։ Իհարկե, եթե Պետրոսը Հիսուսին դավաներ ոչ որպես Հայր Աստծու էութենակից և Հայրածին Որդի, ապա սա հայտնության դրսևորում չէր լինի։ Եթե Պետրոսը Հիսուսին համարեր որդի՝ նման շատերին, ապա առաքյալի այդ խոսքերը երանության արժանի չէին լինի։ Չէ՞ որ, ավելի վաղ նույնպես, նավի մեջ եղածները փոթորկից հետո ասում էին. «Արդարև, Աստծու Որդին ես Դու» (Մատթ. 14:33), սակայն նրանք երանելի չկոչվեցին, թեև ճշմարտությունն էին ասել։ Այդժամ աշակերտները Քրիստոսին «որդի» դավանեցին ո՛չ այն իմաստով, ինչպիսի իմաստով որ այժմ դավանեց Պետրոսը, այլ Հիսուսին ընդունեցին որպես ճշմարտապես որդի, ինչպիսին էին աստվածահաճո կյանքով ապրող շատ ուրիշներ, նույնիսկ գուցե այդ շատերին գերազանցող, սակայն ոչ՝ Հոր էությունից ծնված «Որդի» իմաստով։

    Նաթանայելը նույնպես ասում էր. «Ռաբբի՛, Դո՛ւ ես Աստծու Որդին, Դո՛ւ ես Իսրայելի թագավորը» (Հովհ. 1:49), սակայն նա ևս ոչ միայն «երանելի» չի կոչվում, այլև Տիրոջից հանդիմանվում է, քանի որ ճշմարտության մասին ամբողջը չասաց։ Դրա համար էլ Քրիստոս Նաթանայելին պատասխանում է. «Նրա համա՞ր ես հավատում, որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես» (Հովհ. 1:50)։ Իսկ ինչի՞ համար է Պետրոսը «երանելի» կոչվում։ Ա՛յն բանի համար, որ նա Հիսուսին դավանեց որպես ճշմարիտ Որդի։ Այս իսկ պատճառով Քրիստոս մյուսներին «երանելի» չկոչեց, բայց, Պետրոսի հետ խոսելով, մատնանշեց, թե ո՛վ է հայտնել նրան Իր մասին։ Եվ որպեսզի Պետրոսի դավանանքը շատերին չթվա որպես ընկերասիրության կամ շողոքորթության դրսևորում և կամ Իր հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի նշան (որովհետև Պետրոսը շատ էր սիրում Քրիստոսին), Հիսուս մատնանշում է նաև Նրա՛ն, Ով այդ իմացությունը ներշնչել է առաքյալին, որպեսզի դու գիտենաս, որ Պետրոսը միայն արտասանեց այն, ինչ իրեն ուսուցանել էր Հայրը, և որպեսզի դու ևս հավատաս, որ այս խոսքերն արտահայտում են ոչ թե մարդկային մի տեսակետ, այլ աստվածային ուսմունք։ Բայց ինչո՞ւ Քրիստոս Ինքն Իրեն չի հայտնում, չի ասում՝ «Ես Քրիստոսն եմ», այլ դա ուսուցանում է Իր հարցով և ստիպում է աշակերտներին անձամբ արտաբերել այդ դավանանքը։ Որովհետև տվյալ ժամանակահատվածում ուսուցանելու այս եղանակն առավել պատշաճ ու անհրաժեշտ էր Իր համար և Իր ունկնդիրներին էլ առավելաբար մղում էր հավատալու ասվածին։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Հայրը հայտնում Որդուն։ Իսկ ինչպե՞ս է Որդին հայտնում Հորը։ «Հորը ոչ ոք չգիտի, - ասվում է, - բացի Որդուց, և ում Որդին կամենա հայտնել» (տե՛ս Մատթ. 11:27 հմմտ․ Ղուկ. 10:22)։ Այսպիսով, ոչ ոքի միջոցով չի կարելի ճանաչել Որդուն, եթե ոչ՝ հենց Հո՛ր միջոցով, և ոչ ոքի միջոցով չի կարելի ճանաչել Հորը, եթե ոչ՝ Որդո՛ւ միջոցով։ Այնպես որ սրանից էլ երևում է, որ Հայրը և Որդին հավասարապատիվ ու միասնական են։

    Իսկ ահա այս դրվագո՞ւմ ինչ է ասում Քրիստոս. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես «Կեփաս»․․(Հովհ. 1:42)։ Քանի որ դու քարոզեցիր Իմ Հորը, ուստի Ես էլ եմ անվանապես հիշատակում եմ քո ծնողին», և ասես Հիսուս այսպես է ասում՝ «ինչպես որ դու Հովնանի որդի ես, այնպես էլ Ես Իմ Հոր Որդին եմ։ Այլապես ավելորդ կլիներ ասել՝ «դու Հովնանի որդին ես»»։ Բայց երբ Պետրոսը Հիսուսին կոչում է «Աստծու Որդի», այդ ժամանակ Քրիստոս, ցույց տալու համար, որ Ինքն Աստծու Որդին է այնպես, ինչպես Պետրոսը՝ Հովնանի որդին, այսինքն՝ Իր ծնողի նույն էությունից է, ավելացնում է. «Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա, - այսինքն՝ հավատի դավանության վրա, -  եմ կառուցելու Իմ Եկեղեցին» (Մատթ. 16:18)։ Այս խոսքերով Տերը ցույց է տալիս, որ այդուհետ շատերն են հավատալու, նաև քաջալերում է Պետրոսի հոգին և դարձնում է նրան հովիվ. «․․․և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել․․Իսկ եթե չեն հաղթի նրան, ապա առավել ևս՝ Ինձ։ Ուստի մի՛ վրդովվիր, երբ լսես, որ Ես մատնվելու և խաչվելու եմ․․․»։

    «Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել» - «Այս վեմի վրա» - Հիսուս չասաց՝ «Պետրոսի վրա», որովհետև Նա Իր Եկեղեցին կառուցեց ոչ թե մարդու, այլ՝ հավատի՛ վրա։ Իսկ ո՞րն էր այդ հավատը։ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16:16)։ Հիսուս Եկեղեցին կոչում է «վեմ» (ժայռ), որը ենթարկվում է ալիքների հարվածներին, բայց չի սասանվում։ Եկեղեցին փորձություններ է կրում, բայց չի հաղթահարվում դրանցով։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում՝ «այդ վեմի վրա»։ Դավանանքը բուն խոսքերում է․ չէ՞ որ դու ո՛չ քարեր ես նետում, ո՛չ փայտ, ո՛չ երկաթ։ «Ոչ, - ասում ես, - այստեղ խոսքն այնպիսի շինության մասին չէ, որը, ինչից էլ կազմված լինի, ժամանակի ընթացքում ենթակա է քայքայման»։ Դավանանքի զորությունը նույնիսկ դևե՛րը չեն կարող հաղթահարել։ Այս մասին վկայում են նահատակները, որոնք չկորցրին իրենց հավատը նույնիսկ այն ժամանակ, երբ սրերով խոցում էին նրանց կողերը։ Ինչպիսի՜ աննախադեպ և սքանչելի գործեր։ Պատը խորտակվում է, սակայն, այդուհանդերձ, գանձը չի հափշտակվում։ Մարմինը հյուծվում է, սակայն, այդուհանդերձ, հավատը չի սպանվում։ Այսպիսին է նահատակների զորությունը։ «Այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել»։ Ուշադրությո՛ւն դարձրեք խոսքերի ճշգրիտ իմաստին. «Դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել»։

    «Ուրեմն ինչո՞ւ, - ասում են մարդիկ, - Քրիստոս չի արգելում փորձությունների հարձակումներն ընդդեմ Եկեղեցու»։

    «Այո՛, չեմ խոչընդոտում, բայց մի՞թե ոչ ա՛յն բանի համար, որպեսզի ցույց տամ Իմ զորությունը»։ Եթե ոչ ոք Եկեղեցու հանդեպ թշնամական գործողություններ չկատարեր, ապա այդ նույն հարցասեր մարդիկ կարող էին հարցնել. «Եթե Եկեղեցին ենթարկվեր թշնամական հարձակման, ապա կհաղթահարե՞ր այն»։ Դրա համար էլ Աստված թշնամիներին թույլատրում է հարձակում գործել Եկեղեցու դեմ, որպեսզի Իր Եկեղեցու հաղթանակը ձեռք չբերվի թշնամիների լիակատար բացակայության պայմաններում։

    Եվ Հիսուս չասաց՝ «դժոխքի դռները չեն հարձակվի նրա դեմ», այլ՝ «նրան չեն կարողանա հաղթել»։ Եկեղեցին կենթարկվի թշնամական հարձակումների, բայց չի հաղթահարվի։ Եկեղեցին ալեկոծվում է փոթորկից, բայց չի խեղդվում, հողմահարվում է, սակայն ջրի տակ չի անցնում։ Նետերը խոցում են նրան, բայց վերքեր չեն պատճառում, Եկեղեցու դեմ պաշարողական մեքենաներ են գործում, բայց նրա աշտարակն անսասան է մնում։ Սակայն ես ինչո՞ւ պետք է խոսեմ Եկեղեցու մասին։ Ձկնորսը միայն մեկ խոսք արտասանեց, և այն կանգնած է, ինչպես մի անսասան աշտարակ։ Քանի՜-քանի բռնակալներ փորձեցին այս խոսքը զրկել իր ողջ ուժից, բայց չհասան իրենց մտադրություններին, որովհետև այն հիմնված է «վեմի վրա»։ Մտահայի՛ր այս մասին։ Բռնակալներ, թագավորներ, պսակներ, սրածայր թրեր, վայրի գազանների ժանիքներ, սպառնացող մահվան սարսափներ, շիկացած երկաթներ, կրակե հնոցներ։ Ու թեև սատանան դատարկեց իր կապարճը, բայց ոչ մի վնաս չպատճառեց Եկեղեցուն։ Ինչո՞ւ․ որովհետև «դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել»։

    «Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել» - Ահա պատը, ահա ցանկապատը, ահա ամրությունը, ահա նավահանգիստը և ապաստանը։ Այս պատի անխորտակելիությունը կարող ես տեսնել հետևյալից։ Քրիստոս չասաց, թե միայն մարդկանց հարձակումները չեն հաղթի նրան, այլև հենց դժոխքի՛ չար խորամանկությունները. «Դժոխքի դռները, - ասում է, - չեն հաղթի նրան»։ Քրիստոս չասաց՝ «չեն հարձակվի նրա վրա», այլ՝ «չեն հաղթի նրան», այսինքն՝ կհարձակվեն, բայց չեն հաղթի նրան։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «դժոխքի դռները»։ Միգուցե այս արտահայտության իմաստն այնքան էլ պարզ չէ։ Դիտարկենք, թե ինչ է քաղաքի դարպասը, և այդ ժամանակ պատկերացում կունենանք «դժոխքի դռներ» արտահայտության մասին։ «Քաղաքի դարպաս» է կոչվում քաղաք մուտքը. հետևաբար, «դժոխքի դռներն» այն վտանգաշատ մուտքն է, որը տանում է դեպի դժոխք։ Այսպիսով, Հիսուսի խոսքերի իմաստը հետևյալն է. թեկուզ և հարձակվեն ու ներխուժեն այնպիսի վտանգներ, որոնք ի վիճակի են մեզ մինչև իսկ դժոխք ներքաշելու, Եկեղեցին, միևնույն է, անսասան է մնալու։ Քրիստոս կարող էր թույլ չտալ, որ Եկեղեցին փորձությունների ենթարկվի, սակայն ինչո՞ւ թույլատրեց։ Որովհետև շատ ավելի կարևոր է թույլատրել փորձությունները և այնպես անել, որ դրանցից ոչ մի չարիք չառաջանա, քան թե՝ չթույլատրել դրանց գոյությունը։ Տերն ա՛յն պատճառով թույլատրեց բոլոր փորձությունները, որպեսզի Եկեղեցուն ավելի փորձառու դարձնի, քանի որ «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն» (Հռոմ. 5:3-4)։ Իսկ որպեսզի ավելիով ցույց տա Իր զորությունը, Հիսուս ազատագրում է անմիջապես մահվան դռների շեմից։ Դրա համար իսկ Նա թույլատրեց փոթորկի առաջացումը, բայց չթույլատրեց, որ նավակը խորտակվի։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»:
   
    Հիսուսը ելավ Փիլիպպյան Կեսարիայի կողմերը:
    Երբ պատրաստվում էր աշակերտներին որևէ խորհուրդ հայտնել, առանձնանում էր մի տեղ, ինչպես որ այստեղ ելավ Փիլիպպյան Կեսարիայի ավանները՝ ըստ Մարկոսի (Մարկ. 8։27), որովհետև կամենում էր երկու խորհուրդ հայտնել նրանց: Նախ՝ [հարցնել], թե ինչ են կարծում Իր Ով լինելու մասին, և երկրորդ՝ ի հաստատություն Իր վերաբերյալ դավանության՝ ցույց տալ Իր աստվածային փառքը: Բայց անհրաժեշտ է քննել, թե որտեղից էր գալիս և ուր գնում: Պարզ է, որ դուրս ելավ Մագդաղայի երկրից, ուր [երկու անգամ] հացը [բազմացրեց], ինչի համար կամենում էին [Նրան] թագավոր դարձնել, և եկավ Փիլիպպյան Կեսարիայի կողմերը՝ պատրաստվելով Թաբորի վրա [Իր] փառքը ցույց տալ և [ապա] Երուսաղեմ գնալ: Իսկ թե ինչու է [ավետարանիչը] քաղաքը կառուցողին հիշատակում՝ [ասելով] «Փիլիպպյան Կեսարիա»,պատճառն այն է, որ կային նաև այլ Կեսարիաներ՝ Նեո[կեսարիան], Գամիրքինը կամ էլ Ստրատոնյանը՝ ծովի [ափին] 1 : Այս պատճառով էլ [ավետարանիչն] այս մեկը զատորոշում է: Իսկ այս Փիլիպպոսին ոմանք համարում են Հերովդեսի եղբայրը, ուրիշներ՝ հայրը Ալեքսանդր Մակեդոնացու, ով և, [ասում են], կառուցել է նրա անունով այս քաղաքը, ուր և գնաց Տերը: Բայց ավելի հավանական է Հերովդեսի եղբոր [անվամբ կոչվելը], որովհետև այն նախ կոչվում էր Պեննադայի քաղաք, և [Փիլիպպոսը] կառուցապատեց ու կոչեց «Փիլիպպյան ավաններ» 2 :

    Հարցրեց աշակերտներին. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»:
Ինչպես ասացի, մի կողմ տարավ ու հարցրեց, որպեսզի հրեաների կասկածներից ապահով լինելով՝ համարձակվեին մտքում ունեցած ամեն ինչ ասել: Բայց ինչո՞ւ նախ [աշակերտների] կարծիքը չհարցրեց և հետո [ուրիշների]: Որպեսզի [աշակերտները], նախ նրանցն ասելով և ապա իրենցը մեջտեղ բերելով, իմաստության մեջ [աստիճանաբար առաջադիմեին]: Այս պատճառով էր նաև, որ [Տերն] Իր քարոզության սկզբում չհարցրեց [այս մասին], այլ [նրանից հետո], երբ շատ հրաշքներ գործեց, կրոնական բազում բարձր [իրողությունների] մասին խոսեց և Հոր հետ Իր միաբանությունը բազմաթիվ վկայություններով հայտնեց:
    Տես և այն, որ չասաց. «Ի՞նչ են Իմ մասին ասում օրենսգետներն ու փարիսեցիները», այլ՝ պարզամիտ ռամիկ ժողովուրդը: [Հարցրեց] ոչ թե որ չգիտեր՝ նրանք ինչ էին ասում, այլ որ նաև աշակերտները նրանց կարծիքների վկան ու հայտնողը լինեին, որովհետև թեպետ [ռամիկները] պետք եղածից նվաստ կարծիք ունեին [Քրիստոսի մասին], սակայն չարությունից զերծ էին:

    Հարկ է պարզել նաև այն, թե ինչու չասաց.«Ի՞նչ են Իմ մասին ասում, ո՞վ եմ», այլ՝ « [ո՞վ է] Մարդու Որդին»: Սրանով Իր տնօրենությունն է ցույց տալիս. թեպետ Իր Աստվածության մասին էր խոսում, սակայն նույն «Մարդու Որդի» [արտահայտությունը] գործածեց մարմնի հետ անճառ միավորության պատճառով, ինչպես շատ [այլ] տեղերում [ևս]. «Կտեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ էր առաջ» (Հովհ. 6։63), և՝ «Ոչ ոք չելավ երկինք, բացի երկնքից իջած Մարդու Որդուց, Ով երկնքում է» (Հովհ. 3։13): Նաև քանի որ Նրա մարմինը Խոսքի [ճանաչողության] համար խարիսխ դարձավ, ուստի [Տերն] ասում է. «Գաղտնի բաների մասին չէ, որ հարցնում եմ ձեզ, այլ ասեք Ինձ, թե ինչպիսին եմ Ես երևում ձեզ, որպեսզի ձեզ համար հավաստի դարձնեմ 3 նաև ծածուկ բաները»:
--------------------------------
1 . Նեոկեսարիան (=Նոր Կեսարիա) և Գամիրքի, այսինքն՝ Կապադովկիայի Կեսարիան փոքրասիական քաղաքներ էին (այսօրվա Նիքսարն ու Քայսերին Թուրքիայում): Ստրատոնյանը Պաղեստինյան Կեսարիան է Միջերկրական ծովի (Ծործորեցու մոտ՝ Օվկիանոսի ծով) ափին՝ այժմյան Իսրայելի տարածքում: Այդպես է կոչվում, որովհետև կառուցվել է Սիդոնի Ստրատոն Ա թագավորի հիմնած Ստրատոնոսպյուրգոսի (Ստրատոնի աշտարակ) ավերակների վրա: Կեսարիա է վերանվանվել Հերովդես Մեծի կողմից Ք.ա. I դարում ի պատիվ Օգոստոս կայսեր:

2 . Խոսքը Փիլիպպոս Բ չորրորդապետի մասին է, ով Հերովդես Մեծի որդին էր և Հերովդես Անտիպասի ու Հերովդես Արքեղայոսի եղբայրը: Նա Կեսարիան կառուցել է Ք.ա. 3 թ.-ին այժմյան Լիբանանի տարածքում՝ Հերմոն լեռան ստորոտում գտնվող մի վայրում, որ կոչվում էր Պանիոն՝ հունական Պան աստվածության անունով: Այս Կեսարիան Փիլիպպոսի չորրորդապետության վարչական կենտրոնն էր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13-16․ Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
   
    Հիսուս և Իր յուրայինները Բեթսայիդայում երկար չմնացին, այլ ամբոխից հեռանալու և Գալիլիայում չմնալու մտադրությամբ նորից սկսում են հանդարտ ճանապարհորդությունը և տեղ-տեղ օթևանելով ուղևորվում դեպի հյուսիս: Բեթսայիդայից դեպի հյուսիս, Վերին Հորդանանի արևելյան և ձախակողմյան եզերքը մի ընդարձակ երկիր է, լեռնային, կիսով չափ անբնակ և կիսով չափ անմշակ, այս ու այնտեղ սփռված մանր գյուղերով, որոնցով անցնում է մի մեծ արահետ, որ Կափառնայումից գնալով, հասնում է մինչև Փիլիպպյան Կեսարիա և այնտեղից էլ՝ Դամասկոս: Այս կողմերով դանդաղ առաջանալով` Հիսուս հասավ Կեսարիայի մոտակայքը, բայց չի ասվում, թե հիշյալ քաղաքն էլ մտավ, այլ, ըստ Մատթեոսի, հասավ միայն «ի կողմանս Փիլիպպեայ Կեսարիան», կամ, ըստ Մարկոսի, «Ի շէնս Կեսարեայ Փիլիպպեայ»: Փիլիպպյան Կեսարիան նույն Պանիաս քաղաքն է, կառուցված Պան չաստծու անունով և պատվին, Պաղեստինի ամենահյուսիսային մասում, Անտի-Լիբանան կամ Հերմոն կամ Ահերմոն լեռների հարավային լանջին: Պանիասը նույնացվում է Բաաղգադ քաղաքի հետ, ուր հասավ Հեսուն և որը գտնվում է «Առ ոտամբն Ահերմոնի» ( Հես. 11:17): Այլ թագավորություններում դարձյալ կրկնակի հիշվում է Բաաղգադ քաղաքը, թեև մեր թարգմանությունը գրում է. «Գաղաադ ի դաշտին Լիբանանու» (Հես. 12:7) և «Գաղգաղա առ ոտամբ լերինն Ահերմոնի» (Հես. 13:5): Հերովդես Մեծը կարևորություն տվեց քաղաքին, սակայն այն ավելի շենացրեց նրա որդին՝ Փիլիպպոս չորրորդապետը, որ փոխեց նաև քաղաքի անունը և, ի պատիվ կայսեր, անվանեց Կեսարիա: Մյուս Կեսարիայից տարբերելու համար քաղաքն անվանվեց Փիլիպպյան Կեսարիա: Սա այն նույն քաղաքն է, որ որոշ ժամանակ անց վերանորոգեց Ագգրիպաս Կրտսերը և, ի պատիվ Ներոն կայսեր, անվանեց Ներոնիա:
    Ճամփորդությունների ընթացքում ևս Հիսուս չէր անտեսում իր հանապազօրյա աղոթքները, և մի անգամ Փիլիպպյան Կեսարիա քաղաքի մոտակայքում, գուցե Հերմոնի լեռներից մեկի վրա, աղոթքն ավարտելուց հետո, աշակերտների հետ իրենց վիճակի, ժողովրդի ընթացքի և վերջին դեպքերի մասին խոսելու ժամանակ, կամեցավ առաքյալներից իմանալ, թե ժողովուրդն ին՞չ է մտածում Իր մասին և, ըստ նրանց, ո՞վ է Ինքը:
Այս խնդիրն ուրիշ անգամ ևս հիշատակվեց, և Հիսուսի անձնավորությանը վերաբերող հարցն այլ անգամ էլ հետաքրքրություն առաջացրեց, որովհետև ամենքը համոզված էին, որ սովորական մահկանացու չէ, և անցյալից ու ներկայից նշանավոր դեմքեր էին որոնում`նույնացնելու Հիսուսի հետ, ինչպես որ բացատրել ենք (Մատթ. 11:1): Գլխավոր կարծիքները պտտվում էին Հովհաննես Մկրտչի, Եղիա Թեզբացու և Երեմիա մարգարեի անունների շուրջը, որոնց վերադառնալու մասին կային նաև ավանդական կարծիքներ: Իսկ եթե այս երեքից մեկը չէր, ապա, անշուշտ, մեծ մարգարեներից պիտի լիներ, որ հարություն էր առել և կրկին աշխարհ եկել: Ըստ ժողովրդական նախապաշարման, հին մարգարեներն այնպիսի մեծ ու անզուգական անձեր էին, որ անհնար էր նրանց նմանը նորից լիներ, իսկ եթե կար, ապա անպայման, երկրորդ անգամ աշխարհ եկած, նրանցից մեկն էր:
    Երբ առաքյալներից լսեց ժողովրդի կարծիքը, ցանկացավ նրանց էլ փորձել: «Դու՛ք, ուրեմն,- ասաց,- ի՞նչ եք կարծում. այս կարծիքներից ո՞րն եք ընդունում. ձեր կարծիքով ես ո՞վ եմ»: Հարցը միանգամայն ուղղված էր բոլոր առաքյալներին: Հարցն ավելի էր կարևորվում, քանի որ Հիսուս Իր փառքից ու ժողովրդի [հիացական կարծիքներից] զրկված էր երևում: Գալիլիացիների սառնության պատճառով հեռացել էր Գալիլիայից և թափառում էր հեռավոր ու օտար երկրներում, ուր շատ քիչ հրեաներ կային, իսկ բնակչության մեծ մասը կազմում էին հեթանոսները: Ընդհանուր կյանքը հեթանոսական կերպարանք ուներ և արդարացնում էր Գալիլիա հեթանոսաց  կոչումը, թեպետ իշխանը հրեա էր: Երբ Կառափնայումում առաջին անգամ հակառակության նշաններ երևացին և ցրվեցին աշակերտները, Հիսուս այն ժամանակ անհրաժեշտ էր գտել փորձել աշակերտների հավատքը (Հովհ. 6:61-72):
    Բոլոր նմանօրինակ հանգամանքներում ուշադրություն հրավիրեցինք Պետրոսի առաջ նետվելու և ամենքի անունից խոսելու վրա: Այս անգամ էլ նույնը կատարվեց: Հիսուսի հարցին պատասխանեց Պետրոսը, ասելով, թե Հիսուսին որպես Աստծու Որդի են ճանաչում և դավանում. «Դու ես Քրիստոս՝ Որդի  Աստուծոյ կենդանւոյ»,- հիշատակում է Մատթեոսը, Մարկոսն այսպես է ասում. «Դու ես Քրիստոսն», իսկ ըստ Ղուկասի, ասվում է. «ԶՔրիստոսն Աստուծոյ»: Մարկոսն ու Ղուկասը լոկ Մեսիականությունն են նշում, իսկ Աստվածորդի լինելը չեն ակնարկում, որի մասին հիշատակում է միայն Մատթեոսը: Բայց առաջին անգամը չէ, որ առաքյալները Հիսուսին իբրև Աստծու Որդի են ճանաչում և խոստովանում՝ ճշմարիտ մեսիականությունը Աստծու Որդի լինելու հետ միավորելով ու նույնացնելով: Ամենասկզբում և ուղղակիորեն Բարթուղիմեսն այդ վկայեց Հորդանանի եզերքին և դավանեց. «Դու ես Որդի Աստուծոյ»  (Հովհ. 1:43-51): Պետրոսը ևս, այս դեպքից փոքր ինչ առաջ, Կափառնայումի քարոզչությունից և աշակերտներին տիրած վարանումից հետո, առաքյալների անունից նույնը կրկնեց «Դու ես Քրիստոսն՝ Որդի Աստուծոյ» (Հովհ. 6:61-72): Հետևաբար, բոլորովին նորություն կամ [առաջին] դավանությունը չէր այս անգամ [ասվածը]: