Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 8

 

    1. Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝
    մօրս կաթով սնուած,
    եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ,
    եւ ոչ ոք չնախատէր ինձ:
    2. Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը,
    այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով,
    քեզ ազնիւ գինի տայի խմելու,
    օշարակ տայի իմ նռնենիներից: 
    3. Թող նրա ձախը լինի գլխիս տակ,
    եւ նրա աջը թող գրկի ինձ: 
    4. Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
    հողի ու հանդի զօրութեան վրայ,
    որ երբ վեր կենաք,
    դուք իմ սիրածին չէք արթնացնի,
    մինչեւ որ ինքը չկամենայ»:

 
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ
ԿԱՆԱՅՔ
 

Դուստրերը եւ թագուհիները ասում են

    5. «Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած,
    գալիս է՝ յենած իր սիրեցեալին»:

 

Փեսան ասում է Հարսին.

    «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ.
    այնտեղ քո մայրը երկնել է քեզ,
    այնտեղ քո ծնողը ծնել է քեզ:
    6. Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ,
    իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին,
    քանզի հզօր է սէրը մահուան պէս,
    խանդը դաժան է դժոխքի նման,
    նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին: 
    7. Առատ ջրերը չեն կարող սէրը մարել,
    եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն:
    Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար,
    նրան արհամարհելով կ՚արհամարհէին մարդիկ»:

 
ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
 

    8. «Մեր քոյրը փոքրիկ է
    եւ դեռ չունի ստինքներ.
    ի՞նչ պիտի անենք այն օրը,
    երբ գան նրան ուզելու:
    9. Եթէ պարիսպ լինէր նա,
    վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք,
    եթէ դուռ լինէր նա,
    եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»:

 
Հարսը համարձակւում է եւ ասում 

    10. «Ես պարիսպ եմ,
    եւ իմ ստինքները նման են աշտարակների.
    նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը,
    որ իր խաղաղութիւնն է գտել»:

 
ՄԱՐԴԸ
 

    11. «Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում.
    իր այգին նա տուեց պահապաններին:
    Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն: 
    12. Իմ այգին իմ առջեւն է.
    հազարը Սողոմոնին,
    եւ երկու հարիւրը՝ պահապաններին,
    որ պահում են նրա պտուղը:

 

Հարսն ասում է

    13. «Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ,
    եւ ուրիշները լսում են քեզ,
    քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»: 

ԿԻՆԸ
 

    14. «Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,
    կամ եղնիկների հորթերի նման,
    որ լինում են խնկաբեր լեռների վրայ»: