- 1. Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝
մօրս կաթով սնուած,
եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ,
եւ ոչ ոք չնախատէր ինձ:
2. Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը,
այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով,
քեզ ազնիւ գինի տայի խմելու,
օշարակ տայի իմ նռնենիներից:
3. Թող նրա ձախը լինի գլխիս տակ,
եւ նրա աջը թող գրկի ինձ:
4. Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
հողի ու հանդի զօրութեան վրայ,
որ երբ վեր կենաք,
դուք իմ սիրածին չէք արթնացնի,
մինչեւ որ ինքը չկամենայ»:
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ
ԿԱՆԱՅՔ
Դուստրերը եւ թագուհիները ասում են
- 5. «Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած,
գալիս է՝ յենած իր սիրեցեալին»:
Փեսան ասում է Հարսին.
- «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ.
այնտեղ քո մայրը երկնել է քեզ,
այնտեղ քո ծնողը ծնել է քեզ:
6. Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ,
իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին,
քանզի հզօր է սէրը մահուան պէս,
խանդը դաժան է դժոխքի նման,
նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին:
7. Առատ ջրերը չեն կարող սէրը մարել,
եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն:
Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար,
նրան արհամարհելով կ՚արհամարհէին մարդիկ»:
ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
- 8. «Մեր քոյրը փոքրիկ է
եւ դեռ չունի ստինքներ.
ի՞նչ պիտի անենք այն օրը,
երբ գան նրան ուզելու:
9. Եթէ պարիսպ լինէր նա,
վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք,
եթէ դուռ լինէր նա,
եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»:
Հարսը համարձակւում է եւ ասում
- 10. «Ես պարիսպ եմ,
եւ իմ ստինքները նման են աշտարակների.
նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը,
որ իր խաղաղութիւնն է գտել»:
ՄԱՐԴԸ
- 11. «Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում.
իր այգին նա տուեց պահապաններին:
Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն:
12. Իմ այգին իմ առջեւն է.
հազարը Սողոմոնին,
եւ երկու հարիւրը՝ պահապաններին,
որ պահում են նրա պտուղը:
Հարսն ասում է
- 13. «Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ,
եւ ուրիշները լսում են քեզ,
քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»:
ԿԻՆԸ
- 14. «Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,
կամ եղնիկների հորթերի նման,
որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: