ՅՈՎՆԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԽՉԵԼ ՏԻՐՈՋԻՑ
1․ Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
2․ «Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»:
3․ Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս: Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու:
4․ Տէրը հողմ բարձրացրեց ծովում: Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր:
5․ Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում:
6․ Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»:
7․ Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»: Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին:
8․ Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»:
9․ Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»:
10․ Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց):
11․ Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ):
12․ Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»:
13․ Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ:
14․ Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դո՛ւ, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար»:
15․ Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին: Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից:
16․ Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: