Հակոբի որդիները գնում են Եգիպտոս առանց Բենիամինի
1. Եվ երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում ցորենի պաշար կա, ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»:
2. Եվ ասաց. «Ահա լսել եմ, որ Եգիպտոսում ցորենի պաշար կա: Գնացե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»:
3. Եվ Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու:
4. Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրա եղբայրների հետ, որովհետև ասաց. «Միգուցե փորձանք պատահի նրան»:
5. Եվ Իսրայելի որդիները այնտեղ գնացողների հետ եկան ցորեն գնելու, որովհետև Քանանի երկրում սով էր:
6. Եվ Հովսեփն այդ երկրի իշխանն էր, ու ինքն էր երկրի ամբողջ ժողովրդին ցորեն վաճառում: Հովսեփի եղբայրները եկան և մինչև գետին խոնարհվեցին նրան:
7. Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չհայտնեց: Նրանց հետ խոսեց խստությամբ և հարցրեց. «Որտեղի՞ց եք եկել»: Եվ նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ պարեն գնելու համար»:
8. Եվ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն:
9. Եվ Հովսեփը հիշեց այն երազները, որ տեսել էր նրանց վրա և ասաց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկիրը հետախուզելու»:
10. Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են պարեն գնելու:
11. Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք: Մենք ազնիվ մարդիկ ենք, և քո ծառաները լրտեսներ չեն»:
12. Եվ նա ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկիրը լրտեսելու»:
13. Եվ նրանք ասացին. «Մենք՝ քո տասներկու ծառաները, ապրում ենք Քանանի երկրում և մեկ մարդու որդիներ ենք՝ եղբայրներ: Մեր կրտսեր եղբայրն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեզանից մեկը չկա»:
14. Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ահա հենց այդ պատճառով ասացի, թե դուք լրտեսներ եք:
15. Դուք պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա դուք այստեղից դուրս չեք գա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա:
16. Ուղարկե՛ք ձեզանից մեկին ձեր եղբորը բերելու համար, իսկ դուք կբանտարկվեք, որպեսզի ստուգվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր մեջ ճշմարտություն կա: Իսկ եթե ոչ, ապա փարավոնի կյանքը վկա, դուք լրտեսներ եք»:
17. Եվ երեք օր նրանց պահեց բանտում:
18. Եվ երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Այսպես արեք, որպեսզի ողջ մնաք: Ես աստվածավախ մարդ եմ,
19. Եվ եթե դուք ազնիվ մարդիկ եք, ապա ձեր եղբայրներից մեկը կարգելափակվի ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք կգնաք և ձեր տունը սովի չմատնելու համար պարեն կտանեք:
20. Եվ ձեր կրտսեր եղբորն էլ ինձ մոտ կբերեք, որ ձեր խոսքերը ճշմարիտ դուրս գան, և դուք չմեռնեք»: Եվ այդպես արեցին:
21. Եվ նրանք միմյանց ասացին. «Հիրավի, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տառապանքները, երբ նա աղաչում էր մեզ, բայց մենք չլսեցինք: Այդ պատճառով ենք ընկել այս նեղության մեջ»:
22. Եվ Ռուբենը պատասխանեց նրանց՝ ասելով. «Ես չէի՞ ասում, թե այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք, բայց դուք չլսեցիք: Եվ ահա հիմա պահանջվում է նրա արյունը»:
23. Եվ նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր իրենց, որովհետև նա իրենց հետ թարգմանչի միջոցով էր խոսում:
24. Հովսեփը հեռացավ նրանց մոտից և լաց եղավ: Ապա վերադարձավ ու խոսեց նրանց հետ: Նրանցից առանձնացրեց Շմավոնին և նրանց աչքի առջև կապեց նրան:
25. Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի դրամը իր քսակի մեջ դնեն և ճանապարհի համար պաշար տան նրանց: Եվ այդպես արեցին:
26. Եվ նրանք ցորենը բեռնեցին իրենց էշերին և գնացին այնտեղից:
27. Նրանցից մեկն իջևանում իր էշին կեր տալու համար բացեց իր պարկը և տեսավ իր դրամը, որ ահա դրված էր պարկի բերանին:
28. Եվ իր եղբայրներին ասաց. «Դրամս վերադարձրել են, այն այստեղ՝ իմ պարկի մեջ է»: Եվ խռովվեցին նրանց սրտերը, վախեցան և միմյանց ասացին. «Աստված այս ի՞նչ արեց մեզ հետ»:
29. Եվ եկան Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ, պատմեցին բոլոր կատարված դեպքերի մասին ու ասացին.
30. «Այն մարդը, ով երկրի տերն էր, մեզ հետ խոսեց խստությամբ և մեզ համարեց երկիրը լրտեսողներ:
31. Նրան ասացինք. “Մենք ազնիվ մարդիկ ենք և լրտեսներ չենք:
32. Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները: Մեզանից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում»:
33. Եվ այդ երկրի տերն ասաց մեզ. “Եթե ձեր եղբայրներից մեկին թողնեք ինձ մոտ, այն ժամանակ ես կիմանամ, որ դուք ազնիվ եք: Դուք ձեր տան համար պաշար գնեք և գնացեք:
34. Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ իմանամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ: Ձեր եղբորը ես ձեզ կտամ, և դուք այս երկրում առևտուր կանեք»:
35. Եվ երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրը տեսավ, որ իր դրամի ծրարն իր պարկի մեջ էր: Հայրը և նրանք տեսան դրամի ծրարները և վախեցան:
36. Եվ նրանց հայրը՝ Հակոբը, ասաց. «Ինձ անորդի թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ տանում եք: Այսքան բան ինձ պատահեց»:
37. Եվ Ռուբենը խոսեց իր հոր հետ ու ասաց. «Կսպանես իմ երկու որդիներին, եթե ես նրան քեզ մոտ ետ չբերեմ: Նրան իմ ձեռքը հանձնիր, և ես նրան քեզ կվերադարձնեմ»:
38. Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին քեզ հետ չի գա, որովհետև նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել: Եթե ձեր ճանապարհին նրան մի փորձանք պատահի, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: