Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Քանզի ինչպես դուք խմում էիք Իմ սուրբ լեռան վրա, այնպես էլ բոլոր ազգերը միշտ խմելու են, խմելու են, կուլ են տալու և լինելու են այնպես, կարծես թե երբեք չեն եղել»: (Սինոդական թարգ․) [16]
«Քանզի, ինչպես որ դուք խմեցիք Իմ սուրբ լեռան վրա (սլավ.` «քանզի ինչպես որ խմեցիր»)»: Բազմաթիվ մեկնիչներ (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Շեգգ, Կնաբենբաուեր) մարգարեի այս խոսքերը վերագրում են եդոմացիներին և և դրանց մեջ տեսնում են ակնարկ այն մասին, որ եդոմացիները Երուսաղեմը գրավելիս օրգիաներ[1] էին կազմակերպում Տիրոջ սուրբ լեռան վրա` տոնելով իրենց հաղթանակը: Սրան համապատասխան համեմատության երկրորդ` «այնպես էլ բոլոր ազգերը միշտ պիտի խմեն» հատվածը ևս ընկալվում է եդոմացիների վերաբերյալ, ընդ որում՝ «խմել» բառին հաղորդվում է փոխաբերական իմաստ՝ «այդպես էլ բոլոր ազգերը միշտ պիտի խմեն Եդոմի լեռների վրա» (Քենիգ), այսինքն՝ տոնելու են իրենց հաղթանակն ու եդոմացիների պարտությունը:
Այլ մեկնիչներ (Հոոնակեր) մարգարեի այս միտքն այլ կերպ են արտահայտում. ինչպես որ դուք (եդոմացիները) «խմում էիք» (խրախճանքներ էիք կազմակերպում) սուրբ լեռան վրա, այնպես էլ բոլոր ազգերը պետք է խմեն «Տիրոջ բարկության բաժակից»: Ըստ երևույթին, 16−րդ համարի առաջին հատվածը պետք է վերագրել ոչ թե եդոմացիներին, այլ հրեաներին և ամբողջ արտահայտությունը պետք է դիտարկել որպես փոխաբերություն, և ոչ թե որպես պատմական փաստերի նկարագրություն.
1. «խմում էին» բայը գործածվում է հոգնակի թվով, մինչդեռ նախկինում` եդոմացիներին դիմելիս կիրառվում էր եզակի թիվ (Յոթանասնիցը, սակայն, 16−րդ համարում «epiej» (խմում է) եզակի տարբերակով է ընթերցում.
2. համեմատության երկրորդ հատվածում ասվում է` «բոլոր ազգերը պիտի խմեն». քանի որ 15−րդ համարում բոլոր ազգերի թվին դասվում է նաև Եդոմը, ուստի դա նշանակում է, որ «ինչպես որ դուք էիք խմում» խոսքերը եդոմացիների մասին չեն.
3. եթե այս համեմատության առաջին հատվածը հասկանանք եդոմացիների վերաբերյալ, ապա երկրորդ հատվածի կապը առաջինի հետ կլինի արհեստական («ինչպես դուք էիք խրախճանում, այնպես էլ բոլոր ազգերն են բարկության բաժակը խմելու»): Բացի այդ՝ որոշ մեկնիչների կողմից համեմատության երկրորդ մասում առաջ քաշված այն միտքը, թե բոլոր ազգերը պիտի խմեն Եդոմի լեռների վրա, խորթ է մարգարեական աշխարհայացքին։ 16−րդ համարում շարադրված ամբողջ արտահայտությունը պետք է ընկալել հետևյալ կերպ. ինչպես որ դուք էիք (հրեաները, մասնավորապես՝ Երուսաղեմի բնակիչները) սուրբ լեռան վրա խմում բարկության բաժակը, այդպես էլ բոլոր ազգերը մշտապես պիտի խմեն այդ բարկության բաժակը (եբր.` «thamid»), որի արդյունքը կլինի նրանց կործանումը: «Խմել և խմել բաժակը» արտահայտությունները սուրբգրային տեքստերում շատ հաճախ կիրառվում են փոխաբերական, այսինքն՝ ծանր «բեռ» կրելու, իմաստով (Երեմ. 25:27–29, 48:26, Եզեկ. 23:36, Նավ. 3:11, Մատթ. 20:22, 26:39–42): Աբդիուին ամենահին մարգարե−հեղինակ համարող ուսումնասիրողները ենթադրում են, որ «բաժակը խմել» պատկերավոր արտահայտությունն առաջին անգամ հենց նա է գործածել, իսկ մյուս մարգարեները փոխառել են նրանից: Վատիկանյան կանոնի Յոթանասնից ձեռագրում «բոլոր ազգերը միշտ պիտի խմեն» բառերը բաց են թողնված։ Ալեքսանդրյան և Սինայական կանոններում եբրայերեն «thamid−միշտ» արտահայտության փոխարեն ընթերցվում է «oinon» (սլավ.` «բոլոր ազգերը պիտի խմեն գինի»)։ Ենթադրվում է, որ Յոթանասնիցը «thamid» արտահայտության փոխարեն՝ ընթերցել է «chemer» (Բ Օր. 32:14) կամ էլ՝ «themed», որը կիրառվում է ավելի ուշ շրջանի լեզուների մեջ: Վերջին արտահայտությունը թունդ գինու հատուկ տեսակ իմաստն ունի (Մարտի):
«Պիտի կուլ տան». եբրայերեն «lau» արտահայտության իմաստը վիճելի է: Յոթանասնիցն այն թարգմանել է «katabhsontai» բառով (սլավ.` «պիտի խմեն ու վայր իջնեն»), հավանաբար «velau» արտահայտության փոխարեն ընթերցելով դրան նմանվող «vpjardu» բառը: Ժամանակակից մեկնիչները «lau» արտահայտությունը «խոսքի մեջ մոլեգին լինել» իմաստով են հասկանում, ինչպես որ այն հանդիպում է նաև Հոբ 6:3, Առակ. 20:25 համարներում (Դելիչ), նաև «կուլ տալ» իմաստով են ընկալում, ինչպես որ այն հանդիպում ենք ռուսերեն տեքստում։ Կամ էլ «lau» արտահայտության փոխարեն «nud» (երերալու են) (Ես. 24:20, 29:9) բայն են ընթերցում (Վելհաուզեն, Նովակ): Ռուսերեն տեքստի կողմից ընդունված թարգմանությունն ուսումնասիրողներին տալիս է ոչ լիարժեք բավարարող միտք:
[1] Գինարբուք, ցոփ կերուխում:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) քանզի ինչպէս որ դու հարբեցիր իմ սուրբ լերան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կը խմեն, կը հարբեն, կը թուլանան եւ կը դառնան այնպէս, կարծես թէ չեն եղել»:
(Արարատ թարգ․) Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։
(Գրաբար) Զի զոր օրինակ արբեր ի վերայ լերին սրբութեան իմոյ, արբցեն ամենայն ազգք գինի. արբցեն և զիջցին, և եղիցին իբրև չեղեա՛լք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: