Եսայու մարգարեության մեկնություն 54:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց.
   
   Ուրախ եղիր, ամուլ, որ աշտարակի օրերից մինչև այժմ չծնեցիր: Ամուլ էին հեթանոսները, որովհետև խորթ էին օրենքներին ու մարգարեներին, որոնք Խոսքի սերմերը գցեցին մարդկանց սրտերի մեջ: Դարձյալ, ամուլ էր առաքինություններից, և անպտուղ՝ բարիքից: Իսկ այժմ թագուհի ու բազմորդի է:
   Որովհետև բազում են այրուդ, այսինքն՝ ամուսնուց լքվածիդ որդիները, որովհետև սուրբ ավազանի ծնունդներն անթիվ եղան, շատ ավելի շատ, քան արամբի կնոջ, այսինքն՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո ժողովրդի ծնած որդիները:
   

Ա. Լոպուխին

1-3․ «Ուրախացի՛ր, անպտու՛ղ, որ չէիր ծնում, աղաղակի՛ր և բացականչի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքվածն ավելի շատ որդիներ ունի, քան ամուսին ունեցողը, - ասում է Տերը»։ [1] «Ընդարձակի՛ր քո վրանի տարածքը, ընդլայնի՛ր քո բնակարանների վարագույրները, մի՛ ճնշվիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը»։  «Որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, և քո սերունդները պիտի տիրեն ժողովուրդներին ու պիտի բնակեցնեն դատարկված քաղաքները։ (Սինոդական թարգ․)

   

   «Ուրախացի՛ր, անպտու՛ղ, որ չէիր ծնում, աղաղակի՛ր և բացականչի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքվածն ավելի շատ որդիներ ունի, քան ամուսին ունեցողը, - ասում է Տերը։ Ընդարձակի՛ր քո վրանի տարածքը, ընդլայնի՛ր քո բնակարանների վարագույրները, մի՛ ճնշվիր, երկարացրու՛ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը։ Որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, և քո սերունդները պիտի տիրեն ժողովուրդներին ու պիտի բնակեցնեն դատարկված քաղաքները» - Սա նման դեպքերում Եսայիա մարգարեի համար սովորական դարձած հանդիսավոր ուղերձ է՝ հասցեագրված խոսքի սուբյեկտին (Ես․ 35:1, 48:1, 49:1, 51:1, 52:1 և այլ տեղիներ), չնայած որ բավականաչափ պարզ չէ, թե այդ ուղերձն այստեղ մասնավորապես ո՞ր կերպարին է վերաբերում: Արդյունքում ոմանք գտնում են, որ սա հեթանոսներին ուղղված կոչ է, մյուսները՝ դարձի եկած հրեաներին ուղղված կոչ, իսկ ոմանք էլ կարծում են, թե այս ուղերձը վերաբերում է առհասարակ հոգևոր Իսրայելին, որը կազմված է հեթանոսներից և հրեաներից: Այդ վերջին բացատրությունն ավելի ամբողջական է և առավել է պատշաճում այս խոսքի բուն գաղափարին։

   «Ուրախացի՛ր, անպտու՛ղ, որ չէիր ծնում, աղաղակի՛ր և բացականչի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել» - Այստեղ կիրառված է եբրայական բանաստեղծական խոսքի համար սովորական եղող մտքերի կրկնաբանությունն ու զուգահեռականությունը։ Ինչ վերաբերում է սույն խոսքի գաղափարին, ապա հայրաբանական մեկնիչների մեծամասնությունը հակված է այստեղ բացառապես «նախկինում անպտուղ հեթանոսական եկեղեցուն» ուղղված կոչ տեսնել (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, սուրբ Հովհան Ոսկեբերան, Հերոնիմոս Երանելի և այլք)։ Սակայն ինչպես երևում է Հերոնիմոս Երանելու վկայությունից, այսպիսի որոշակիորեն միակողմանի տեսակետը ձևավորվել է մեկ ուրիշ, առավել միակողմանի և շատ ավելի վտանգավոր հրեական հազարամյակային վարդապետության կողմնակիցների դեմ հակադրությունից, որոնք այս և սրա նման հատվածներում հաստատում էին իրենց խիստ զգացմունքային կեղծ-մեսիական ցանկությունները։ Սակայն մեզ համար այդպիսի վտանգն անհետանում է, և մենք վստահորեն կարող ենք վերականգնել տվյալ մարգարեական պատկերի իրական իմաստը։ Որպեսզի անենք դա, անհրաժեշտ է այն համեմատել նույն մարգարեի կողմից կիրառված նմանատիպ այլ պատկերների հետ:

   Այդպիսի ամենամոտ զուգահեռը 35-րդ գլխի սկզբնամասն է․ «Պիտի ուրախանան անապատն ու ցամաք երկիրը, և անմարդաբնակ երկիրը պիտի ցնծա․․․»։ «Անպտուղի, ծնունդ չտվողի» և չոր, «անմարդաբնակ» անապատի կերպարների միասնությունը բացահայտվում է ոչ միայն 54։1-ի և 35։1-ի միջև առկա նմանությունից, այլ նաև այն հանգամանքից, որ առանձին հատկանիշները, որոնք վերաբերում են 54-րդ գլխի «անպտուղ» կերպարին, հանդիպում են նաև գրքի առաջին հատվածում։ Օրինակ՝ 1-ին համարը համեմատենք 26-րդ գլխի 17-18-րդ համարների հետ (հատկապես «ծննդաբերում էինք, ինչպես քամին» խոսքի հետ), և այլն (Թադեոս քհն․, էջ 215, նշում)։ 35-րդ գլխում, համընդհանուր կարծիքի համաձայն, «ծարաված անապատ» արտահայտության ներքո հասկացվում է Իսրայելական կամ Պաղեստինյան երկիրը, որը բաբելոնական գերության շրջանում իսկապես ամբողջովին ամայացել էր (Ես․ 49։19) ու դարձյալ սկսել էր ծաղկել միայն իր բնակիչների՝ բաբելոնական գերությունից վերադարձից հետո։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ 54-րդ գլխում «ամուսնու կողմից ժամանակավորապես լքված երբևէ անպտուղ, սակայն ծննդաբերող կնոջը» նկարագրող խոսքի ներքո նկատի է առնվում, նախևառաջ ու գլխավորապես, իսրայելական ժողովուրդը։ Սակայն ո՛չ թե ամբողջ Իսրայելը, որի մեծամասնությունը մերժել էր Մեսիային, որի պատճառով և մերժվել էր Աստծո կողմից, այլ այդ Իսրայելի լավագույն, թեկուզ և  փոքր հատվածը՝ «նրա սուրբ սերմը», որը թթխմոր հանդիսացավ նոր, հոգևոր Իսրայելի համար, որը գլխավորապես ձևավորվեց հեթանոսության ներկայացուցիչներից։

   Որոշակի համանմանությամբ Իսրայելի այդ «մնացորդացին» ուղղված կոչ կարելի է համարել, օրինակ, Եսայի մարգարեի հետևյալ խոսքերը․ «Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, Սիոնի բնակիչ, որովհետև քո մեջ մեծ է Իսրայելի Սուրբը» (Ես․ 12։6)։ Աչքի՛ անցկացրու նաև հոգևոր Սիոնի մասին մարգարեի հանդիսավոր, ուրախալի խոսքը (Ես․ 51-52 գլ․)։

   «Որովհետև լքվածն ավելի շատ որդիներ ունի, քան ամուսին ունեցողը․․․» - Նրանք, ովքեր նախորդ ուղերձում «անապատ» արտահայտության ներքո հասկանում էին «հեթանոսությանը», այս փոխաբերության մեջ էլ նորկտակարանյան (հեթանոսական) Եկեղեցու համեմատությունն են դիտարկում հինկտակարանյան (հրեական) Եկեղեցու հետ։ Սակայն քանի որ մենք առաջին դեպքում հավանություն տվեցինք մեկ այլ մեկնաբանության, հետևաբար այստեղ նույնպես պետք է մեկ ուրիշ տարբերակ առաջարկենք։ Համաձայն մեր առաջադրած տեսակետի՝ այն կինը, որն ամուսին ունի, սակայն անպտուղ է, պատմական, հինկտակարանյան Իսրայելն է, որը, չնայած որպես ընտրյալ ժողովուրդ Աստծո հետ ունեցած բացառիկ կապին, այդուամենայնիվ, իր ամբողջ ուժով հանդես եկավ որպես «անպտուղ թզենի»։ Իսկ ահա այն կինը, որը լքվել էր իր ամուսնու կողմից, սակայն հանկարծ բազմաբեղուն դարձավ»,  ըստ մեր տեսակետի, հավատավոր Իսրայելի «մնացորդացն» է, այսինքն՝ այն հրեա քրիստոնյաները, որոնք թեկուզև կորցրել են Աստծո հետ իրենց հարաբերությունների նախկին բացառիկությունը (Քրիստոսի Եկեղեցում այլևս «չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս», Գաղ․ 3։28), սակայն դրա փոխարեն երբեմնի հեթանոսներից նորկտակարանյան Եկեղեցու բազմաթիվ և հավատավոր որդիներ ունեցան։

   Այն հանգամանքը, որ այս կինը լքված է Աստծո կողմից, ամենևին էլ նրան չի նվաստացնում, որովհետև նա չի լքվել իր անպետքության համար, այլ այդ ամուսնության անվավերության ու անիմաստության համար և ամուսնության՝ առ ոչինչ դառնալու պատճառով, քանի որ քրիստոնեությունն այնքան համընդհանուր և տիեզերասփյուռ է, որ նրանում այլևս տեղ չկա Աստծո հետ ցեղային կամ ազգային բացառիկ կապերի համար։ Այսպիսով այստեղ մենք, փաստացիորեն, ականատեսն ենք մարգարեի կոչին՝ ուղղված հավատավոր Իսրայելին, որը հավատաց Մեսիային և հենց դրա միջոցով էլ արդարացրեց իր վսեմ կոչումը։ Սակայն քանի որ Իսրայելի այդ «մնացորդը» թթխմոր և սերմ է հանդիսացել նորկտակարանյան Եկեղեցու՝ հեթանոսությունից դարձի եկած բազմաթիվ զավակների ծննդյան համար, ուստի և հենց այս իսկ պատճառով էլ մարգարեի այս խոսքից անմասն չեն մնում նաև դարձի եկած հեթանոսները։ Եվ վերջապես չի կարել չնշել այն կարևորագույն իրողությունը, որ մեր մեկնաբանությունն ամբողջովին համաձայնում է քրիստոնեության պատմության մեջ հուդայականության լավագույն ներկայացուցիչների դերի վերաբերյալ Պողոս առաքյալի տեսակետին, ըստ որի առաքյալը, օրինակ, ասում է, որ «Նա կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսներից (Հռոմ․ 9։24), կամ էլ երբ հեթանոսությունից դեպի քրիստոնեություն դարձածին անվանում է «վայրի ձիթենի», որը պատվաստվել է հրեության արմատին (Հռոմ․ 11։17)։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց.
(Արարատ թարգ․) «Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։
(Գրաբար) Ուրախ լեր ամուլ որ ոչ ծնանէիր. գոչեա եւ աղաղակեա որ ոչդ երկնէիր: զի բազում են որդիք սկնդկիդ` առաւել քան զարամբւոյն: Քանզի ասաց Տէր: