Եսայու մարգարեության մեկնություն 64:5

Ա. Լոպուխին

«Դու ողորմաբար ընդունում էիր նրան, ով ուրախանում էր և արդարություն էր գործում, ով հիշում էր Քեզ Քո ճանապարհներում: Եվ ահա դու սրտմտեցիր, քանի որ մենք հին ժամանակներից սկսած մեղք էինք գործում, ու ինչպե՞ս ենք մենք փրկվելու»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Դու ողորմաբար ընդունում էիր նրան, ով ուրախանում էր և արդարություն էր գործում, ով հիշում էր Քեզ Քո ճանապարհներում: Եվ ահա դու սրտմտեցիր, քանի որ մենք հին ժամանակներից սկսած մեղք էինք գործում, ու ինչպե՞ս ենք մենք փրկվելու։ Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, և մեր ամբողջ արդարությունը նման է կեղտոտված հագուստի. մենք ամենքս չորացանք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման: Եվ Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որը ամուր կկառչեր Քեզանից. այդ պատճառով Դու մեզանից երես թեքեցիր ու մեզ թողեցիր, որպեսզի կործանվենք մեր անօրենությունների մեջ» - 5-7-րդ համարներում ներառյալ խոսվում է արդարների հանդեպ աստվածային բարեխնամության և մարդկանց կողմից իրենց մեղավորության խորը գիտակցության մասին:

   «Դու ողորմաբար ընդունում էիր նրան, ով ուրախանում էր և արդարություն էր գործում․․․» - Իսկապես որ, ճշմարիտ կրոնականության և Աստծու հանդեպ իրական հնազանդության ցանկացած, թեկուզ և համեմատական ու աննշան թվացող որևէ  դրսևորում անվարձահատույց չի մնում, ինչպես որ մենք դա տեսնում ենք աստվածաշնչյան բազմաթիվ արդարների օրինակով (Ելք 33:17, 34:9, Սաղմ. 4:8, 36:25):

   «Ինչպե՞ս ենք մենք փրկվելու» - Եթե մենք հիշենք Իսրայելի ժողովրդի ամբարշտության, անօրենության, կեղծավորության ու երեսպաշտության այն բազմաթիվ և կտրուկ դատապարտումները, որոնց մասին խոսվում է Եսայի մարգարեի գրքի տարբեր հատվածներում (Ես․ 1:4, 6, 11–15, 21–23, 3:9, 58:2–5, 59:2–3, 12–13 և այլ տեղիներ), ապա մեզ համար առանձնապես զարմանալի չի թվա նաև այս հարցադրումը, որում, կարծես թե, լսվում է հուսահատության մի հնչերանգ՝ փրկության հարցի առնչությամբ, քանի որ այդ հարցադրումը կատարողները խորին և տանջալից գիտակցությամբ ըմբռնում են իրենց անկման ամբողջ խորությունը: Չնայած որ Սեպտուագինտան և սլավոներեն տեքստն այս արտահայտությունը վերագրում են հաջորդ համարի սկզբին ու այն թարգմանում են որոշակի փոփոխությամբ. «Ինչի՞ համար մոլորյալները…»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները: Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք:
(Արարատ թարգ․) Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։
(Գրաբար) զի ընդառաջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն: Արդ` ահա դու բարկացար եւ մեք մեղաք: Վասն այնորիկ մոլորեցաք: