Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը:
Շքեղազարդ ձիերով, ոսկեզօծ զարդերով ու հովանոցներով։
Ինչպես այժմ ամպհովանի են պահում խաների վրա՝ պատվի արժանացնելով, այդպես էլ պիտի լինի վերադարձից հետո, երբ Տերը նրանց ցույց է տալու Իր փառքն ու խնամքը:
Ա. Լոպուխին
«Եվ բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և արագընթաց ուղտերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն Իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը»: [20] (Սինոդական թարգ․)
«Եվ բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և արագընթաց ուղտերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն Իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը: Նրանց միջից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը» - 20-21-րդ համարները ներկայացնում են միսիոներական նոր քարոզչության գերազանց արդյունքները, որ արտահայտվում է դեպի Քրիստոսի Եկեղեցի մուտք գործող նոր անդամների լայնահուն և արագընթաց հոսքով:
«Պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար․․․Իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ․․․» - Որոշ մեկնաբաններ հակված են այս հատվածում տեսնել մարգարեություն հրեաների՝ բոլոր այն ժողովուրդների մոտ անցկացրած գերությունից վերադառնալու մասին, որոնց կողմից նրանք գերեվարվել էին իրենց քաղաքական պատմության ողջ ընթացքում (Դիլլման և ուրիշներ): Սակայն խոսքի համատեքստն ավելի շատ ստիպում է հակվել դեպի այն տեսակետը, որ այստեղ խոսքն Իսրայելի «հոգևոր եղբայրների», այսինքն՝ հեթանոս բոլոր ժողովուրդների լավագույն ներկայացուցիչների՝ դեպի Քրիստոսի Եկեղեցի մուտք գործելու մասին է: Ակնհայտ է, որ Եսայի մարգարեն այստեղ, կարծես թե, որպես արդեն իսկ իրականացած իրողություններ է ներկայացնում այն ամենը, ինչի մասին նա մարգարեանում էր իր գրքի սկզբնական հատվածում՝ ասելով. «Եվ բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծո տունը … Չէ՞ որ Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից» (Ես․ 2:3, տեʹս նաև 49:12, 61:6-7, 60:3, 7): Սույն հատվածի նմանատիպ ընկալման պարագայում հատկապես ուշագրավ է դառնում նաև հեթանոս քրիստոնյաներին «եղբայրներ» անվանելը, այսինքն՝ այն նույն անվամբ կոչելը, որով միմյանց դիմում էին առաջին քրիստոնյաները (Գործ. 15:23 և այլ տեղիներ):
«Ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը» - Հեթանոսներն ու, առհասարակ, հեթանոսական ամեն բան Հին Կտակարանում համարվում էր անմաքուր և, որպես այդպիսին, բնականաբար չէր կարող հանդիսանալ որպես ընդունելի զոհաբերություն: Սակայն այժմ հեթանոս-քրիստոնյաների պարագայում այդ արգելքը կորցնում է իր զորությունը. ընդհակառակը, նրանք որպես «առաջնեկներ», որոնք ճանաչեցին Տիրոջը, իրենցից ներկայացնում են մաքուր և Տիրոջ կողմից ընդունելի զոհաբերություն: Որպես այս տեսակետի նորկտակարանյան փայլուն մեկնություն կարող է ծառայել Գործք Առաքելոցում հիշատակվող Պետրոս առաքյալի հայտնի տեսիլքը (Գործք․ 10:9-31): Մասնավորաբար, այստեղ կիրառվող համեմատությունը կամ էլ, ավելի կոնկրետ, նշված անձանց նմանությունն Իսրայելի զավակներին, անուղղակիորեն հաստատում է այն տեսակետի հիմնավորվածությունը, որ վերոնշյալ խոսքը ո՛չ թե Իսրայելի որդիների մասին էր, չնայած որ նրանք, իսկապես, վերադարձել էին գերությունից, այլ բոլորովին մեկ այլ բանի, այսինքն՝ դարձի եկած հեթանոսների՛ մասին: Այս պնդման համար որպես նոր և ավելի հստակ ապացույց են ծառայում նաև հաջորդ համարի խոսքերը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) ւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։
(Գրաբար) եւ ածցեն զեղբարս իւրեանց յամենայն ազգաց պատարագ Տեառն. հեծեալս կառաւք` հանդերձ պալարակապ երիվարաւք հովանացաւք ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ասէ Տէր: Որպէս մատուցին ինձ որդիքն Իսրայէլի զպատարագս իւրեանց սաղմոսիւք ի տան Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: