Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:12

Հովհաննես Ծործորեցի

Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»:

 

   Իսկ արդ՝ որքա՛ն առավել է մարդը ոչխարից: Հետևաբար, պե՛տք է շաբաթ օրը բարիք գործել»:

    Բանականի և անբանի միջև եղած տարբերությունն է սովորեցնում, որպեսզի բանականների հանդեպ կատարվող բարի գործերն անբանների հանդեպ կատարվածներից բարձր ցույց տա և պատկերի միջոցով դրսևորած մարդասիրությունը բարձրացնի դեպի Սկզբնատիպը, ուստիև ավելացնում է. «Պե՛տք է շաբաթ օրը բարիք գործել», մանավանդ՝ բանականների հանդեպ: Բայց դու ուշադրություն դարձրու, թե ինչպես է շաբաթը խախտելու վերաբերյալ հաճախ պատասխանում՝ երբեմն իբրև մարդ. «Մարդը թլփատվում է շաբաթ օրը» (Հովհ. 7։23), երբեմն էլ իբրև Աստված. «Հայրս գործում է՝ տալով արև ու անձրև, Ես ևս գործում եմ» (հմմտ. Հովհ. 5։17, Մատթ. 5։45), որպեսզի հոժարեցնի դադարեցնել չար և ոչ թե բարի գործերը: Որովհետև «շաբաթ»-ը հանգիստ է նշանակում, իսկ մտքին ու խորհուրդներին, հոգուն ու մարմնին հանգիստ պարգևողը բարին է, որն էլ պետք է գործել:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:9