Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:24

Հովհաննես Ծործորեցի

Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»:

   

   Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. «Դա ուրիշ կերպ չի հանում դևերին, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»:

   Թեպետ [Հիսուսը] մարգարեին վկայաբերեց, թե Հայրն Իր Հոգին Նրա՝ [Հիսուսի] վրա է դրել, սակայն խելքի չեկան, այլ, ինչպես ավելի առաջ ասվեց, իբրև չար դևեր՝ միշտ չարանում էին մարդկանց փրկության վրա և կսկծում ընկերոջ բարիքի պատճառով, որովհետև նախանձն այնպիսին է, որ երբ մեկին վշտերի մեջ է տեսնում, հանգստանում է և ուրիշների թշվառությունն իր փառքը համարում, իսկ ընկերների բարիքները՝ իր համար թշվառություն, ինչպես այժմյան փարիսեցիները: Որովհետև ում ժողովուրդը «Քրիստոս» «Դավթի որդի» էր կոչում, նրանք չարախոսում էին: Բայց քանի որ չէին կարող հրաշքը հերքել, հայտնապես հակառակելով՝ Հրաշագործին էին պարսավում, թե դևի միջոցով է Նա դևերը հանում, քանի որ Բեեղզեբուղը «դևերի իշխան» կամ «ճանճերի հայր» է նշանակում: [Հիսուսը] ճշմարտության խոսքով հանդիմանում է նրանց և ասես քարով հարվածելով՝ սաստով քշում է մոլեգին ու կատաղի գազաններին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

24-37. Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները: Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ: Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»: «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
   
   Փարիսեցիները եւ դպիրները՝ Հիսուսի ուխտյալ հակառակորդները, ամեն տեսակ թշնամություն արեցին նրա դեմ, որպեսզի, եթե հնարավոր էր խափանեն եւ ջնջեն նրա քարոզած վարդապետությունը, որը հիմքից քանդում էր իրենց կառուցած կեղծավորության ամբարտակը: Լուտանք եւ անարգանք, հալածանք ու դավաճանություններ հետզհետե գործածվեցին, բայց անօգուտ: Հիսուսի ազդեցության ու վարդապետության համբավը ավելանում էր, եւ այս մեծ հաջողության պատճառներից գլխավորը բժշկություններն էին եւ մանավանդ դիվահարների բժշկությունը, որ բոլորովին խելքից ու մտքից վեր հնարանքներով փայլում էր: Սատանայի վրա իշխանությունը միայն աստվածային կարող էր լինել. ուրեմն Հիսուսը աստվածային իշխանությամբ էր զորացած: Ժողովրդի այսպիսի պատճառաբանության ուժը կոտրելու համար, փարիսեցիները սկսեցին ասել, թե՝ Հիսուսը Աստծո զորությամբ չի գործում, որովհետեւ Աստծուն հաճո մեկը չի, քանի որ օրինազանց է, այլ սատանաների գյխավորի հետ է հարաբերության մեջ եւ մեծ սատանայի զորությամբ՝ փոքրերին ճնշում է. Բէէղզէբուղաւ իշխանաւն դիւաց հանէ դա զդեւս:
   Դեւերի մեծի՝ մեծ սատանայի Բեեղզեբուղ անունը եբրայական բառախաղ է, որպեսզի սատան անունը չարտասանվի: Բահաղ-Զեբուբ փղշտացիների մեծ աստվածն էր, հենց նույն Ակկարոնի Ճանճիկ աստվածը, որի անունը որպես անարգանք սկսվեց տրվել սատանային: Սույն անունը օրինակաների գրչի տակ եղավ Բահաղ-Զեբուղ, հարմար իմաստ տալու համար, քանի որ այդ ձեւով նշանակում է Տեր-բնակութեանց, այսինքն տեր դիվական բնակության կամ Տեր- դժոխաց, Բահաղ-Զեբուղը չնչին հնչունափոխությամբ դարձավ Բէէղզեբուղ, որ հրեական վերջին գրքի մեջ հանդիպում է նաեւ Բէէղզեբող ձեւով, որ է՝ Տէր- Աղբեւաց:
   Հիսուսի ականջին հասավ այն, ինչ որ փարիսեցիները ասում էին իր մասին, եւ որի համար ջանք էին գործադրում հատկապես Երուսաղեմից եկած դպիրները, որոնց պաշտոնն էր Հիսուսի ընթացքն կասեցնելն ու գործը տապալելը: Հիսուսն ուզեց ցրել նրանց բարբաջանքը եւ նույնիսկ իրենց խոսքով իրենց հաղթել: «Գիտենք,- ասաց,- որ տուն կամ քաղաք կամ հարստություն կամ իշխանություն, որ ինքն իր դեմ է ելնում, չի կարող հաստատուն մնալ եւ, անշուշտ, կկործանվի: Ուրեմն եթե Բեհեղզեբուղն է ինձ օգնողը, որպեսզի դեւերին հաղթեմ ու հալածեմ, նշանակում է, որ սատանայի իշխանությունը ինքն իր դեմ է գործում, ինքն իր դեմ է դուրս գալիս, իր իշխանությունն այլեւս հաստատուն մնալ չի կարող եւ եթե հաստատուն չի՝ սատանայի իշխանությունը կործանված է: Ուրեմն անհիմն է ձեր խոսքը եւ ես դիվական իշխանությամբ դեւեր հալածող չեմ:»
   Հիսուսն այս պատճառաբանությանը մի ուրիշն էլ է ավելացնում՝ հրեա երդմնեցուցիչների համեմաետությունից քաղելով: Հրեաների մեջ կային դիվահար բժշկողներ, որոնք Աստծու անվան զորությամբ ու Ս. Գրքի ընթերցմամբ դիվահարներ էին բժշկում: Հիսուսն այս հանգամանքը հիշելով՝ ասում է. «Դուք դիվահար բժշկելու կարողությունը առանց Աստծու՝ Բեեղզեբուղին վերագրելով ասում եք, որ դեւեր հալածել հնարավոր է միայն դիվական իշխանությամբ. ուրեմն անուղղակիորեն ընդունում եք, որ ձեր մեջ եղած երդմնեցուցիչներն էլ նույն ձեւով են անում. այդ դեպքում նրանք ձեր դեմ ամբաստանող պիտի լինեն եւ ձեզ պիտի դատապարտեն, քանի որ նրանք էլ դիվական զորությամբ գործող պիտի համարվեն»:
   Մեր նպատակից դուրս է հարց հարուցել, թե ինչ էին այստեղ հիշված դիվահար բժշկողները, որովհետեւ կարող էին լինել կամ սովորական խաբեբաներ, կամ մարդկային ճարտարությամբ բժշկություն անողներ եւ կամ Աստծու ու Ս. Գրքի զորությամբ հրաշալի գործեր կատարողներ: Երեք ձեւերն էլ հնարավոր եւ հավանական են եւ երեք տեսակներն էլ միանգամայն կարող էին լինել: Հրաշքներ կատարողներ կան ու եղան. Հիսուսից առաջ՝ մարգարեներ ու աստվածահաճո անձիք, Հիսուսից հետո առաքյալներն ու ավետարանին հետեւողները: Ինչպես նաեւ եղան եւ կան մարդկային ճարտարությամբ բժշկություն անողներ՝ դիվահար համարվող այնպիսիների վրա, որոնք պարզապես բնական հիվանդներ են: Եւ, վերջապես, խաբեբաներն էլ պակաս չեն եղել, որովհետեւ ամեն ճշմարիտ՝ սուտը, եւ ամեն իրի կեղծը եղել է եւ պիտի լինի: Հիսուսն այստեղ տեսակներ չի զանազանում, այլ անորոշ եւ ժողովրդական ձեւով է խոսում: Քանի որ այդպիսի գործողություն ընդհանրապես ընդունված էր, Հիսուսն իր խոսքը հաստատելու համար այդ համեմատությանն էր դիմում: Բայց մենք վերադառնանք Հիսուսի խոսքերին:
    «Ուրեմն,- եզրզկացնում է Հիսուսը,- ընդունեցեք, որ ես աստվածային զորությամբ եմ գործում: Եւ եթե աստվածային զորությամբ եմ գործում, ուրեմն ճշմարտություն եմ վարդապետում, եւ եթե ճշմարտությունն եմ վարդապետում ուրեմն ստույգ է իմ քարոզածը, որ Աստծու Արքայությունը հայտնվել է, Աստծու խոստումը կատարվել է ու Մեսիան եկել է, եւ այլեւս մի՛ հակառակվեք իմ վարդապետությանը: Եթե ես Աստծու զորությամբ եմ գործում եւ ճշմարտություն եմ քարոզում, ուրեմն ստի զորությունն ու դիվական իշխանությունը կործանվել են: Ով որ ուրիշ զորավոր մեկի տունն է մտնում՝ նրա զենքերն է հափշտակում եւ ունեցածը ավար վերցնում, պետք է սկզբում զորավորին հաղթած, կապած ու կաշկանդած լինի: Եւ եթե ես,- ասում է Հիսուսը,- դիվական իշխանության գործերն եմ խափանում, ուրեմն հաղթված է սատանան, եւ ես՝ նրանից առավել հզորագույնս նրան հաղթել եմ եւ այն բոլոր միջոցները, որոնց վրա սատանան իր ակնկալություններն ուներ, նրա ձեռքից ավար եմ վերցրել»:
   Այստեղ բացարձակ իմաստով մի նախադասություն ենք տեսնում. Որ ոչ է ընդ իս՝ հակառակ իմ է, եւ որ ոչ ժողովէ ընդ իս՝ ցրուէ Ղուկ. 11:23: Այս նախադասությունն ամբողջովին ընդհանուր իմաստ է տալիս, ոմանք այն համեմատում են Հիսուսի մյուս խոսքի հետ. Որ ոչն է ձեր թշնամի՝ ի ձեր կողմն է Ղուկ. 9:50. եւ երկուսն իրար հակասող են ուզում տեսնել: Սակայն Հիսուսի խոսքերը, ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ, ընդհանուր սկզբունքի ձեւով չեն, այլ հարաբերական են հանգամանքի հետ՝ որում խոսվել են: Ով որ գործի բերումով պարտավոր էր համամիտ լինել եւ չի, նա հակառակվող է համարվում, իսկ ով որ գործի բերումով պարտավոր էր հակառակ լինել, բայց չի՝ նա համամիտ է կոչվում: Այստեղ սատանայի մասին է խոսքը, քանի որ ավետարանի գործին չի նպաստում, անշուշտ նրան հակառակ է. մինչդեռ մյուս դեպքում խոսքը Հիսուսի անունով բժշկություն անողների համար է, որոնց համար բավարար է Հիսուսի անունը պատվելը, թեկուզ եւ Հիսուսի հետ շրջելը, որպեսզի Հիւուսի համամիտ ու համակիր համարվեն:
   Այստեղ Մատթեոսն ու Մարկոսն մեջ են բերում Հիսուսի այն նշանավոր խոսք, որ Ղուկասն ուրիշ առիթով է գրում Ղուկ. 12:10 եւ ուր խոսվում է Մարդու Որդու եւ Սուրբ Հոգու դեմ մեղքերի կամ հայհոյությունների տարբերության մասին՝ սկզբինների հեշտությամբ ներելի, իսկ վերջինների բոլորովին աններելի լինելը հայտնելով:
   Մեր նպատակ չէ ո՛չ տարբեր մեկնություններ մեջբերելը եւ ո՛չ էլ աստվածաբանական տեսությունների մեջ մտնելը. այլ բացատրել միայն այն պարզ իմաստը, որ ունեն Հիսուսի խոսքերը՝ հակառակ այն հանգամանքներին, որոնցում խոսվում են: Փարիսեցիները հայտնապես տեսնում էին Հիսուսի ձեռքով հայտնված աստվածային զորությունը, բայց կամակոր չարությամբ ուզում էին այն դիվական զորություն կարծել: Հիսուսը նրանց ասում է. «Ձեր արածը Մարդու Որդու դեմ չէ, այլ Սուրբ Հոգու դեմ է: Եթե Մարդու Որդու, այսինքն` իմ դեմ արած լինեիք, ես ձեզ կարող էի ներել, բայց քանի որ արածներդ Սուրբ Հոգու դեմ է, ներում պիտի չգտնեք»: Հիսուսի դեմ փարիսեցիք մեղանչած եւ անիրավություն գործած կլինեին, եթե չճանչեին եւ չիմանային Հիսուսի ով լինելն ու ինչպես գործելը. անիրավությունն իրենց անգիտությունից առաջ եկած կլիներ, եւ Հիսուսը չէր դժվարանա նրանց ներել: Բայց հիմա նրանք ճիշտը ճանաչել եւ իմացել են, որ Հիսուսի գործերը հայտնապես աստվածային զորությամբ են գործվել եւ ինքը՝ Հիսուսը աստվածառաք է, բայց իմանալով հանդերձ ջանում են ճշմարտությունը խեղաթյուրել, եւ մտացածին ու անհիմն մի մեկնություն են ստեղծում՝ դիվական զորությամբ դեւերը կործանելու մասին. ԶԻ ասէին, թէ այս պիղծ գոյ ի նմա Մարկ. 3:30: Արդ սա հայտնապես չարություն է՝ ծուռ ու մուռ կերպով չար գործելու կամքն է. եւ որքանով որ մարդը այդ կամակոր չարության մեջ է մնում, հավիտյանս հավիտենից ներում ու թողություն չի կարող ստանալ, այլ պետք է նախ՝ այդ համառ չարության վիճակը թոթափի, խոնարհվի, զղջա, իր մեղքերից գարշի, որ կարողանա թողություն ստանալ:
   Այստեղ տեղին է հիշել մեղքի մասին բարոյագետների սովորեցրած բաժանումը, որ մարդ հանցանք ու մեղք կարող է գործել կամ անկարողությունից, կամ անգիտությունից, կամ չարությունից: Այդ երեք տեսակ մեղքերը համապատասխանեցվում են Ամենասուրբ Երրորդության երեք անձերին՝ Հորը, Որդուն եւ Հոգուն, որովհետեւ Հորն ընդունում ենք որպեսզ կարողություն, Որդուն՝ որպես իմաստություն ու Հոգուն՝ որպես բարություն, եւ այդ ըմբռնման համաձայն անկարողության մեղքերը համարվում են Հոր դեմ, անգիտության մեղքերը՝ ընդդեմ Որդուն եւ չարության մեղքերը՝ ընդդեմ Հոգուն: Այստողից պարզ է դառնում, որ այդ համեմատությունը եւ այդ անվանումները ծագել են Քրիստոսի հենց այս խոսքից, որտեղ Որդու եւ Հոգու դեմ եղած մեղքերը տարբերակվում են, եւ Հոգու դեմ եղածներն աններելի են համարվում, բայց ոչ այն մտքով, որ այդպիսի մեղքերի մեջ ընկնողը ոչ մի կերպ ներում չի կարող գտնել, այլ միայն այն իմաստով, որ ներում պիտի չգտնի այնքան, որքան մեղքի մեջ չարության վիճակը տեւի. բայց երբ չարությունը վերջանում է, մեղքի համար էլ ներման ճանապարհ է բացվում:
   Ավետարանիչները բոլորը միեւնույն կեպ չեն ամփոփում Հիսուսի քարոզները. եւ որովհետեւ Հիսուսը միեւնույն նյութն ու միեւնույն վարդապետությունը զանազան տեղերում ու տարբեր անգամներ կրկնել է իր եռամյա քարոզության ընթացքում, ավետարանիչները նույն կամ նման նյութերը տարբեր հանգամանքներում են մեջ բերել: Սրանով ոչ իրար կապված են լինում եւ ոչ էլ մեկի ասածը մյուսը մերժում է, այլ ուղղակի երկու կամ ավելի տարբեր հանգամանքներից մեկը այս, իսկ մյուսը՝ այն է մեջ բերում: Այս առումով Մատթեոսը, որպես դիվական քարոզության շարունակություն, մի քանի այլ կետեր էլ է առաջ քաշում, որոնք առաջին խոսքերից տարբեր չեն եւ միեւնույն հարցն են շոշափում ու փարիսեցիների համառ չարության հանդիմանությունն են: «Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում, - ասում է Հիսուսը՝ փարիսեցիների ընթացքն ակնարկելով.- չար պտուղներդ, այսինքն՝ չար ընթացքներդ, ձեր չար ծառ լինելն են ցույց տալիս. ծառը բարի դարձրեք, որ պտուղն էլ բարի լինի»: Այդ օրինակն այդպես բացատրվեց Լեռան քարոզի վերջին մասում (Մատթ. 7:1-27), «Մարդու գանձն իր սիրտն է, - շարունակում է Հիսուսը.- բարի սիրտ ունեցողն այդ գանձից բարիք է հանում, չար սիրտ ունեցողը նույն գանձից չարիք է հանում. հանած բարիքն ու չարիքն էլ բարի ու չար խոսքերն են. սրտից բխածն է, որ խոսելիս մարդու բերանից դուրս է գալիս: Խոսքն էլ թեթեւ , բանի տեղ մի դրեք. ամեն խոսք դատաստանի օրը պիտի քննվի ու կշռվի եւ, նույնիսկ դատարկ խոսքի համար պարտավոր պիտի լինենք պատասխան տալ դատաստանի առաջ ու խոսքերիդ համեմատ վճիռ պիտի ստանաք: Ձեր խոսքերը կարող են ձեզ արդարացնել՝ եթե բարի են. կարող են դատապարտել՝ եթե չար են »: Իհարկե, Հիսուսը չի ուզում ասել, որ միայն խոսքն է մարդու արդարացման եւ դատապարտության պատճառը, եւ ոչ էլ ուզում է գործերի արժեքը հերքել եւ դրանց նշանակությունը թեթեւացնել, այլ ասում է միայն, որ խոսքն էլ կարող է մարդու, որի արտաքին գործունեության մի կարեւոր մասն է, դատապարտության ու արդարացման պատճառ լինել: Ներկա պարագայում, որում Հիսուսը խոսում է, փարիսեցիների օտարոտի խոսքերն իրենց չարության արտահայտությունն էին:
   Այս նույն դիտումների հիման վրա, որ վերեւում բացատրեցինք ավետարանիչների ամփոփում կազմելու մասի, այստեղ կցում ենք նաեւ այն խոսքերը, որ Ղուկասը կից գրում է (Ղուկ. 11:24-26), իսկ Մատթեոսը փոքր ընդմիջումից հետո է թողնում (Մատթ. 12:43-45): Հիսուսի այս խոսքերն այլաբանական են, եւ այն էլ ժողովրդական նախապաշարումներից քաղված, քանի որ հնարավոր չէ բառացի ճշմարտությամբ հասկանալ այս խոսքերը: «Երբ որ դեւը, - ասում է Հիսուսը, - մարդուց դուրս է գալիս՝ անապատ եւ անջուր տեղերում է շրջում, բայց այնտեղ իր համար մտնելու ու հանգստանալու մարդ կամ տեղ չի գտնում, մտածում է նախկին տեղը վերադառնալ, բայց երբ որ գալիս է՝ տեսնում է, որ այն մաքրված ու սրբագործված է եւ իրեն չի ընդունում, որովհետեւ սատանան միայն պիղծ տեղերում կարող է բնակվել: Որպեսզի կարողանա մտնել ու հաստատվել, իրենից զորավոր յոթ ուրիշ դեւվեր է օգնության բերում եւ դրանց օգնությամբ մարդուն մոլորեցնում, որով կարող է նորից ներս մտնել ու հաստատվել եւ խեղճ մարդուն առաջվանից ավելի նեղել ու լլկել եւ չարաչար դիվահար դարձնել»: Ղուկասի պատմած օրինակը համապատասխանում է ամեն դիվահարի, որ եթե տկարանա ու սկզբի պիղծ վիճակին վերադառնա, նորից առաջվանից ավելի սաստիկ կերպով դիվահարության մեջ կընկնի: Իսկ Մատթեոսի պատմածի համաձայն՝ օրինակը բոլոր հրեաների վրա է տարածվում. Այսպէս եղիցի եւ ազգիս այսմիկ չարի: Սրանով հրեա ազգի, Աստծու ընտրած ժողովուրդի վիճակն է ցույց տրվում, որ նա մի ժամանակ դիվական ազդեցության ներքո էր, բայց աստվածային ընտրությամբ սրբվեց ու դեւերից ազատվեց, սակայն այժմ նորից ընկել է դիվական ազդեցության տակ, չի դիմացել դեւերի ուժգին հարվածին: Երկու մեկնություններն էլ Քրիստոսի ոճին օտար չեն, եւ երկու տարբեր հանգամանքների մեջ, Հիսուսի միեւնույն այլաբանական օրինակն օգտագործելն են ցույց տալիս: Միայն թե զգույշ լինենք՝ սատանայի անապատներում շրջելուց, իր նախկին տեղը վերադառնալ ուզելուն, յոթ ուրիշ դեւերի օգնական վերցնելն բառացի իմաստ տալուց: Անապատում շրջելը՝ մտնելու տեղ չգտնելն է. նախկին տեղը վերադառնալ ուզելը՝ մարդկանց շարունակ թշնամություն անելն է. յոթ դեւեր օգնության վերցնելը՝ փորձության զորանալն է, սրա արդյունքն էլ՝ նորից մեղքի մեջ ընկղմվելու ծանրացած վիճակն է:
   Ուրեմն այս վերջին մասն էլ օտար չէ դիվական զորության մասին խոսած վարդապետությունից: Բայց պետք է նկատի ունենանք, որ Հիսուսը ոչ թե դեւերի նկատմամբ որպես հիմնական ընդունված սկզբունքներից է կազմում իր պատճառաբանությունները, այլ միայն ժողովրդի ըմբռնման մեջ ճիշտ համարված գաղափարներից, չնայած որ դրանց մեջ պարզ նախապաշարմունքներ էլ կան: Ուրիշին համաոզելու համար, բացարձակ սկզբունքներից ավելի զորավոր փաստեր են ընձեռվում դիմացինի ընդունած կարծիքները եւ, պատճառաբանության այդ ձեւը, որ հանրայնություն է վայելում, Հիսուսն էլ շատ անգամ կիրառել է: