Հովհաննես Ծործորեցի
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Եվ ով Մարդու Որդու դեմ բան ասի, կներվի նրան, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում:
Կրկնելով ամրապնդում է արդեն [ասածը] և նախ սա՛ նկատի ունի. համարենք, թե Ինձնից գայթակղվում եք մարդկային մարմնիս մսապատ լինելու պատճառով. իսկ [Սուրբ] Հոգու մասին մի՞թե պատճառ ունեք [ասելու]. «Չգիտենք Նրան»: Որովհետև հայտնապես գիտեին, բայց ասես չճանաչելով՝ հանդգնություն էին գործում, քանի որ թեպետ [Հիսուսին Աստված] չէին համարում, սակայն Նրա գործերը պետք էր, որ [Սուրբ] Հոգունը համարեին մարգարեներից տեղեկացված լինելու և հրաշքների պատճառով: Ուրեմն ով [Քրիստոսի] դեմ խոսում է իբրև մարդու որդու մասին, ունի ներում, ինչպես շատերը և ի վերջո՝ առաքյալների գլուխը 655, բայց ով Աստծո Հոգուն «դևերի իշխան» է կոչում, Նրա հայտնի լինելու պատճառով անխուսափելի դատաստանի կենթարկվի թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, ուստի [Տերն] ասում է. «Չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում»: Որովհետև կան մարդիկ, որ տանջվում են թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, ինչպես սրանք և սոդոմացիները՝ թե՛ քաղաքի պաշարման ժամանակ, թե՛ այնտեղ՝ անխափան գեհենում: Եվ կան այնպիսիք, որ միայն այնտեղ [են տանջվում], ինչպես [առակի] հարուստը 656, կան էլ՝ որ [տանջվում են միայն] այստեղ, ինչպես Կորնթոսում պոռնկացածը 657, և կան՝ որ ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ [չեն տանջվում], ինչպես նախահայրերը, առաքյալներն ու մարգարեները, որովհետև թեպետ փորձությունների ենթարկվեցին, բայց ո՛չ տանջվելու համար, այլ պատերազմներում քաջություն ու առաքինություն ցուցաբերելու, ինչպես Հոբն ու Ղազարոսը:
Քանի որ [Տիրոջ դեմ խոսողները] Նրան հաղորդակից դարձրին դևերին, դևերի հե՛տ բաժին կընդունեն՝ զրկվելով Նրա շնորհից ու դիվանալով, որովհետև դևերը խոստովանում էին. «[Գիտենք Քեզ], թե ով ես՝ Աստծո Սո՛ւրբը» (Մարկ. 1։24), իսկ նրանք ասում էին. «Պիղծ ոգի կա Նրա մեջ» (Մարկ. 3։30), ինչ պատճառով և դևերի անեծքն ընդունեցին. որովհետև դևերը ոչ այստեղ քավություն ունեն, ոչ այնտեղ, նույնիսկ եթե ապաշխարեն, ինչպես և Հուդան, ով անժամանակ [զղջաց] 658:
Երկրորդ՝ երբ մեկը Տիրոջ մարմնի և արյան խորհրդին, որը Նա ավանդեց Եկեղեցուն, գործերով անարժան լինելով է մոտենում և հետո զղջալով ապաշխարում է, [Տերն] Իր մարդասիրության պատճառով կների նրան այս կյանքում: Բայց ով կատարյալ Սուրբ Երրորդության անձերի վերաբերյալ մոլորություն է ներմուծում [Եկեղեցի] և Սուրբ Հոգին կոչում «արարած», «ծառա» և «սպասավոր», պիղծ Մակեդոնի պես հայհոյում է Արարչին (քանի որ Մեկի վերաբերյալ հայհոյությունը վերաբերում է Երեքին՝ Նրանց մեկ բնություն ունենալու պատճառով) և Հոգու դեմ հայհոյությամբ Հորն ու Որդուն անկենդան է դավանում, ուստի թողություն չի գտնում՝ իրեն հեռացնելով Սուրբ Երրորդության ճշմարիտ խոստովանությունից, ինչը բոլոր տանջանքներից էլ ծանր է՝ ըստ այսմ. «Ովքեր իրենց հեռացրին Քեզնից, կորստյան կմատնվեն» (Սաղմ. 72։27):
Երրորդ՝ եթե մեկն իր եղբորը [բարի] գործի մեջ փութաջան է տեսնում, սիրո, երկայնմտության, քաղցրության, բարի նախանձի մեջ, և նրան կոչում «սնապարծ», «բարկացող» ու «փառասեր»՝ [Սուրբ] Հոգու պտուղները վերագրելով հակառակորդին, այդպիսին Աստծո Հոգուն հայհոյող է, ուստի թողություն չի գտնում, ինչպես [հրեա] օրենսգետներն ու փարիսեցիները:
Չորրորդ՝ եթե մեկն ուղղափառ քրիստոնյա ազգերի արարողությունների զանազան ձևերը, տեսնելով կամ լսելով, անընտելության պատճառով պախարակում է, Սուրբ Հոգուն է չարախոսում, որովհետև Հոգու շնորհն է, որ զանազան ազգերի ու Եկեղեցիների մեջ տարատեսակ նյութերով է խորհուրդը կատարում: Ինչպես որ Հին [ուխտում] անբան [կենդանիների] արյունը երինջների մոխրին խառնելով ու ծոթրինե մշտիկով սրսկելով էին մաքրագործում ժողովրդին Աստծո Հոգու շնորհով, այդպես էլ այժմ զանազան ձևերով, ճշմարիտ [դավանությամբ կատարված] ձեռնադրությամբ և այլատարազ ավանդություններով [Սուրբ Հոգին] ազգերի մեջ նույն գործն է կատարում հավատքի միջոցով՝ ըստ առաքյալի 659: Հետևաբար, ով անդուռ բերանով նախատում է [որևէ] ազգի ավանդությունը՝ կարծելով, թե Հոգու զորությունը տկար է և նյութի կարիքն ունի, այդպիսին Աստծո բարկության անխուսափելի դատաստանին է մատնվում՝ մարմնով ու հոգով անվախճան տանջանքներին: Ուստի աղաչում եմ, եղբայրնե՛ր, միմյանց մի՛ նախատեք՝ աննշան բաների համար բանակռիվ տալով:
[Տերն այս խոսքը] նաև պարզապես հիշոցների մասին է ասում, որոնցով քրիստոնյաները հայհոյում են միմյանց՝ չիմանալով, որ [Սուրբ] Հոգուն են հայհոյում, քանի որ ովքեր Քրիստոսով են մկրտվել, [Սուրբ] Հոգին են առել և Քրիստոսի մարմին դարձել, ուստի ինչ [հայհոյանք] էլ որ մեկը տալիս է ողջ կամ մեռած մարդու, հայհոյանքն [ուղղվում] է [Սուրբ] Հոգուն և աններելի մեղք է:
Բայց այստեղ տարակուսանք է հարուցում, թե [Տերն] ինչպե՞ս մեղքը չի ների, եթե մեկն ապաշխարի, մանավանդ որ ասել է. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ դարձը» (հմմտ. 4 զեկ. 18։32), հատկապես որ այդ բաներն ասած [մարդկանցից] շատերը հավատով ապաշխարել են և արդարացել: Արդ՝ կամ Դատավորը չի ներում, որպեսզի ցույց տա, թե որքան ծանր է այս հանցանքը, կամ եթե ներում է, ցույց տա, թե որքան մեծ է Իր բարերարությունը: Նաև՝ եթե չի ներում ապաշխարելու դեպքում, [պատճառն այն է], որ նրան, ով բռնված է հայհոյության դևով, [վերջինս] թույլ չի տալիս [իսկապես] ապաշխարել, ուստի [Տերը] սա ասաց՝ կանխատես զորությամբ իմանալով այսպիսիների անդարձությունը: Իսկ այնտեղ չի ներվելու, որովհետև չի [ներվում] այստեղ, քանի որ ինչ որ այստեղ է կապվում, [կապվում է] նաև այնտեղ, և ինչ որ այստեղ է արձակվում, [արձակվում է] նաև այնտեղ:
«Ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ [հանդերձյալում]»:
Սուրբ Հոգու հայհոյիչ են նաև նրանք, ովքեր անզեղջ են մեռնում՝ ոչինչ համարելով Հոգու վարդապետությունը, որ խրատում է մեղքերից հեռանալ: Այսպիսիները երբ մեռնում են, թողություն չունեն այս աշխարհում, որովհետև չխոստովանեցին [մեղքերը]:
[Այս խոսքը] ցույց է տալիս, որ կան մեղքեր, որ ներվում են և՛ այստեղ, և՛ այնտեղ: Որո՞նք են դրանք: Ովքեր խոստովանում և ապաշխարում են, այստեղ են թողություն ստանում, իսկ ովքեր միայն խոստովանում են և անապաշխար մեռնում, թողություն են ստանում աղոթքների ու եկեղեցում կատարվող պատարագների միջոցով, ինչպես ասել ենք 660: Նաև՝ թեպետ ամեն մեղք Աստծո դեմ է, Ով Երեք է և Մեկ, սակայն որոշներ հատկապես Հոր դեմ են, որոշներ՝ Որդու, և որոշներ՝ Սուրբ Հոգու: Հոր դեմ մարդ մեղանչում է տկարությամբ, Որդու դեմ՝ տգիտությամբ, քանզի Հայրն իշխանություն է, Որդին՝ իմաստություն: Ուստի իշխանության դեմ մարդ մեղանչում է տկարությամբ, իմաստության դեմ՝ տգիտությամբ, և թեպետ մեղքեր են, բայց ներվում են, որովհետև մեկն իբրև պատճառ ունի տկարությունը, մյուսը՝ տգիտությունը: Իսկ Սուրբ Հոգու դեմ մարդ մեղանչում է նենգությամբ, երբ կարող է ու գիտի հակառակել չարին, բայց նենգությամբ ընտրում է միայն այն և [կեղծ] բարու տակ չարն է գործում. Քրիստոսն այսպես [մեղանչողների] մասին ասաց, որ չեն ներվի:
[Հոգու դեմ հայհոյությունը Տերն] աններելի է ասում նաև, որովհետև [Սուրբ] Գրքում ոչ մի տեղ չենք կարդում, թե ներվել է, ինչպես որ Մելքիսեդեկն «անհայր» ու «անմայր» է ասվում 661, ոչ թե որ [ծնողներ] չուներ, այլ որ [Սուրբ Գրքում այդ մասին] չի գրվել: [Աններելի է] նաև, որովհետև հակառակում է ներման աղբյուրին, որը Սուրբ Հոգին է: [Աններելի է] նաև մարդու անկարողության պատճառով, քանի որ Սուրբ Հոգու դեմ մեղքի ծանրության պատճառով հազիվ թե մարդ կարողանա պատրաստվել [թողության] շնորհն ընդունելու:
Այլև «չի ներվի» խոսքը երկու կերպ [կարելի է հասկանալ]: Երբեմն՝ թե չի ներվի, ինչպես հրեշտակների ու կորստյան մատնված մարդկանց մեղքերն են աններելի, երբեմն էլ՝ [այդ մեղքը] նրանով է աններելի, որ իր մեջ ներման պատեհություն չունի, թեպետ ըստ Աստծո պատեհության՝ ամեն մեղք ներելի է: Բայց ամեն մահուչափ մեղք աններելի է, որովհետև հակառակում է մեղքերը ներող շնորհին, և սա լինում է վեց պատճառով, որոնք Սուրբ Հոգու դեմ մեղքերի տեսակներ են: Առաջինն անհուսությունն է, երկրորդը՝ լրբությունը, երրորդը՝ ճշմարտությունն իմանալն ու հակառակելը, չորրորդը՝ եղբայրական սիրո դեմ [չար] նախանձը, հինգերորդ՝ խստասրտությունը, վեցերորդը՝ անապաշավ մեռնելը: Իսկ այս թվաքանակի պատճառը հետևյալն է: Թողության համար երեք դեմք է հարկավոր՝ ներողը, նա, որին ներվում է, և այն, ինչի պատճառով ներվում է: Ներող են երկուսը՝ ողորմությունն ու արդարությունը. ողորմությունը՝ ձրի, արդարությունը՝ ըստ գործերի. և սրանց դեմ են անհուսությունն ու լրբությունը: Նրանք, որոնց ներվում է, նույնպես երկուսն են՝ գործերի համար զղջումը և ապագայի համար զգուշությունը. առաջինի դեմ է խստասրտությունը, երկրորդի դեմ՝ անապաշխարությունը: Երկուսն են նաև նրանք, որոնց պատճառով է ներվում՝ ճշմարտության գիտությունը և բարու հանդեպ սերը. առաջինի դեմ է հակառակությունը, երկրորդի դեմ՝ շնորհի աղբյուրի հանդեպ [չար] նախանձը:
Սա՛ է «Չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում» խոսքի [բացատրությունը]:
Ստեփանոս Սյունեցի
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:31
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: