Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:46

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

46-50. «Մինչ Նա դեռ խոսում էր ժողովրդի հետ, ահա Նրա մայրն ու Նրա եղբայրները կանգնել էին տան դիմաց՝ ցանկանալով խոսել Նրա հետ»։ «Եվ մեկն ասաց Նրան. «Ահա Քո մայրն ու Քո եղբայրները կանգնած են դրսում՝ ցանկանալով խոսել Քեզ հետ»»։ «Նա էլ ի պատասխան ասաց Իրեն ասողին. «Ո՞վ է Իմ մայրը, և ովքե՞ր են Իմ եղբայրները»»։ «Եվ, Իր ձեռքով ցույց տալով Իր աշակերտներին, ասաց. «Ահա՛ Իմ մայրն ու Իմ եղբայրները»»։ «Որովհետև, ով կատարի Իմ Երկնավոր Հոր կամքը, նա է Իմ եղբայրը, և քույրը, և մայրը»։
   
    Սա հենց այն է, ինչի մասին նախկինում խոսում էի, այսինքն՝ որ առանց առաքինության ամեն ինչ անօգուտ է, և այժմ դա շատ հստակ բացահայտվում է։ Ես ասում էի, որ թե՛ տարիքը, թե՛ սեռը, թե՛ անապատում ճգնավորության մեջ ապրելը և թե՛ նմանատիպ բաներն անօգուտ են, երբ չկա բարեմիտ տրամադրվածությունը։ Իսկ այժմ մենք իմանում ենք նաև ավելին. առանց առաքինության ոչ մի օգուտ չկա նույնիսկ Քրիստոսին սեփական արգանդում կրելու և այդ զարմանահրաշ Պտուղը ծնելու մեջ։ Սա հատկապես ակնհայտ է երևում մեջբերված խոսքերից։ «Մինչ Նա դեռ խոսում էր ժողովրդի հետ, - ասում է ավետարանիչը, - ․․․ Եվ մեկն ասաց Նրան. «Ահա Քո մայրն ու Քո եղբայրները կանգնած են դրսում՝ ցանկանալով խոսել Քեզ հետ»։ Իսկ Քրիստոս պատասխանում է. «Ո՞վ է Իմ մայրը, և ովքե՞ր են Իմ եղբայրները»։ Սա Նա ասում է ոչ թե այն պատճառով, որ ամաչում է Իր Մորից կամ հրաժարվում է Իրեն ծնողից (եթե ամաչեր, ապա չէր անցնի Նրա արգանդի միջով), այլ ուզում է ցույց տալ, որ Աստվածածինը ոչ մի օգուտ չէր ունենա, եթե չկատարեր Իրեն վստահված ամեն պարտականություն։ Իրականում, Տիրամոր արարքը ծագում էր իր իրավունքները գործադրելու հարցում չափազանց մեծ եռանդից։ Աստվածածինը ցանկանում էր ժողովրդին ցույց տալ իր իշխանությունն Իր Որդու նկատմամբ, Ում մասին դեռևս չէր բարձրաձայնել իր մտածումները. ահա թե ինչու Սուրբ Կույսը Հիսուսին մոտեցավ ոչ պատեհ ժամանակին։ Այսպիսով, տե՛ս, թե դա ինչ անզգուշություն էր Տիրամոր և Հիսուսի եղբայրների կողմից։ Նրանք պետք է մտնեին ներս և ժողովրդի հետ մեկտեղ լսեին Փրկչին, կամ, եթե չէին ցանկանում այդպես անել, հարկ էր սպասել զրույցի ավարտին և հետո միայն մոտենալ Հիսուսին։ Բայց նրանք Քրիստոսին կանչում են դուրս, և դա անում են բոլորի ներկայությամբ՝ դրանով բացահայտելով իրենց իրավունքների նկատմամբ չափազանց եռանդը և ցանկությունը՝ ցույց տալու, որ իրենք մեծ իշխանությամբ են հրամայում Նրան։ Հենց այս մասին էլ ավետարանիչը հանդիմանալով ասում է՝ «Մինչ Նա դեռ խոսում էր ժողովրդի հետ»՝ ակնարկելով այդ երևույթը։ Մի՞թե այլ ժամանակ չկար, — կարծես այսպես է ասում Նա։ Մի՞թե չէր կարելի խոսել միայնակ եղած ժամանակ։ Եվ ինչի՞ մասին էին նրանք ուզում խոսել։ Եթե ճշմարիտ ուսմունքի մասին, ապա պետք էր դա բացահայտ առաջարկել և հրապարակավ խոսել բոլորի առջև, որպեսզի և ուրիշները օգուտ քաղեին դրանից։ Իսկ եթե խոսքն իրենց սեփական գործերի մասին էր, ապա չպետք էր այդպես պնդել։ Եթե Քրիստոս թույլ չտվեց Իր աշակերտին գնալ և հուղարկավորել սեփական հորը, որպեսզի Իրեն հետևելու ընթացքը չխափանվի, ապա առավել ևս չպետք էր ընդհատել Փրկչի զրույցը ժողովրդի հետ որևէ մեկ այլ անկարևոր գործի համար։ Սրանից հստակ է, որ նրանք դա արել են միայն փառասիրությունից ելնելով, ինչը նաև Հովհաննեսն է ցույց տալիս՝ ասելով, որ նույնիսկ Նրա եղբայրները չէին հավատում Նրան (տե՛ս Հովհ. 7։5)։ Հովհաննեսը նաև փոխանցում է նրանց անխոհեմ խոսքերը՝ ասելով, թե ինչպես էին Հիսուսին կանչում Երուսաղեմ՝ միայն որպեսզի Նրա նշաններով իրենք իրենց փառավորեն. «Եթե այսպիսի բաներ ես անում, — ասում են նրանք, — ցույց տուր Քեզ աշխարհին, քանի որ ոչ ոք գաղտնի չի անում ինչ-որ բան և դեռ փորձում է ինքն իրեն համարձակ ներկայացնել» (հմմտ․ Հովհ․ 7։4

    Եվ Ինքը՝ Քրիստոս էլ այդ ժամանակ հանդիմանում էր նրանց՝ դատապարտելով նրանց մարմնավոր մտքերը։ Եվ երբ նրանք, տեսնելով հանդերձ Քրիստոսի վերաբերյալ հրեաների վատ կարծիքը (քանի որ ասում էին. «Սա՞ չէ արդյոք հյուսնի որդին, որի հորը և մորը գիտենք, և եղբայրներն էլ արդյոք մեր մեջ չե՞ն» - տե՛ս Մատթ. 13։55-56 հմմտ․ Մարկ. 6։3), ինչպես նաև՝ ցանկանալով թաքցնել Հիսուսի ցածր տոհմությունը՝ Նրան կանչում էին հրաշքներ ցույց տալու։ Այդժամ Հիսուս դիմադրում է նրանց և դրանով ուզում է բուժել նրանց հիվանդությունը։ Այսպիսով, եթե Քրիստոս ցանկանար հրաժարվել Իր մորից, ապա կհրաժարվեր այն ժամանակ, երբ հրեաները նախատում էին Իրեն։ Ընդհակառակը, Հիսուս այնքան է հոգ է տանում Իր մոր մասին, որ խաչի վրա իսկ հանձնում է նրան Իր ամենասիրելի աշակերտին և մեծ հոգատարություն է ցույց տալիս նրա հանդեպ։ Բայց այժմ Քրիստոս չի անում դա՝ Իր մոր և եղբայրների հանդեպ նախախնամողական սիրո պատճառով։ Քանի որ Հիսուսի մայրը և եղբայրները Նրան համարում էին մի պարզ մարդ, և իրենք էլ սնապարծությամբ էին ախտացած, ուստի Հիսուս վերացնում է այդ հիվանդությունը՝ ոչ թե, սակայն, վիրավորելով, այլ ուղղելով նրանց։ Բայց դու ուշադրություն դարձրու ոչ միայն խոսքերին, որոնք պարունակում են թեթև հանդիմանք, այլև եղբայրների անտեղի համարձակությանը, որին նրանք ձեռնամուխ եղան, և տե՛ս, թե Ով էր Նա, որ հանդիմանում էր նրանց (Նա պարզ մարդ չէր, այլ Աստծու Միածին Որդին), ինչպես նաև նկատի՛ր, թե ինչ մտադրությամբ էր հանդիմանում նրանց։ Հիսուս չէր ուզում վիրավորել նրանց, այլ կամենում էր ազատել նրանց տանջող կրքից՝ աստիճանաբար նրանց բերելով Իր մասին ճշգրիտ պատկերացման և համոզելով, որ Ւնքը ոչ միայն Իր Մոր Որդին, այլև Տերն է։ Եվ դու կտեսնես, որ այս հանդիմանքը Հիսուսի շուրթերից բոլորովին պատշաճ է հնչում, ու նաև օգտակար է Իր Մոր համար, և միաժամանակ շատ մեղմ է։ Քրիստոս Իր Մոր մասին հայտնողին չի ասում՝ «գնա՛, ասա՛ Մորս, որ Նա Իմ մայրը չէ, այլ պատասխանում է նրան. «Ո՞վ է Իմ մայրը»։ Սա ասելով՝ Հիսուս նաև մեկ այլ բան ի նկատի ուներ։ Մասնավորապես ի՞նչը։ Այն, որ ո՛չ նրանք, և ո՛չ էլ որևէ մեկն այլևս չպետք է ապավինեն ազգակցական կապին և հրաժարվեն առաքինություն գործելուց։ Իրոք, եթե Հիսուսի Մայրը, եթե առաքինի չլինի, ոչ մի օգուտ չի ունենա զուտ մայր լինելուց, ապա միևնույն ազգակցությունն ունենալն առավել ևս չի փրկի ոչ ոքի։ Կա միայն մեկ ազնվատոհմություն՝ Աստծու կամքը կատարելը, և այս ազնվականությունն ավելի լավ և գերազանց է, քան այդ (մարմնական) ազգակցությունը։

    Իրոք որ, իմանալով սա, մենք չպետք է հպարտանանք ո՛չ մեծափառ զավակներ ունենալով, եթե ինքներս չունենք նրանց ունեցած առաքինությունները, ո՛չ էլ ազնվական ծնողներով, եթե մեր կյանքով նրանց նման չենք։ Ի վերջո, կարելի է և՛ ծնելով չլինել հայր, և՛ չծնելով լինել հայր։ Ահա թե ինչու, երբ մի կին ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ հղացավ և դիեցրեց քեզ» (Ղուկ. 11:27), այդժամ Քրիստոս նրան չասաց. «Այդ որովայնը չի կրել Ինձ, և Ես չեմ խմել այդ ստինքներից», այլ՝ «Մանավանդ երանի՜ է նրանց, որ լսում են Իմ Հոր կամքը և կատարում են այն» (հմմտ. 28-րդ համար)։ Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է և՛ նախկինում, և՛ այստեղ ոչ թե մերժում բնական ազգակցությունը, այլ դրան ավելացնում առաքինության միջոցով հաստատվող ազգակցությունը։ Նմանապես նաև Նախակարապետ Հովհաննես Մկրտիչը, ասելով՝ «Իժերի՛ ծնունդներ․․․մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե՝ Աբրահամը մեր հայրն է» (Մատթ. 3։7, 9), այդպիսով մատնացույց չի անում այն, որ նրանք (փարիսեցիներն ու սադուկեցիները) բնությամբ չեն ծագում Աբրահամից, այլ այն, որ Աբրահամից ունեցած այդ ծագումը նրանց ոչ մի օգուտ չի տա, եթե նրանք բարոյական ազգակցություն չունենան Աբրահամի հետ: Քրիստոս նույնպես, սա ցույց տալով, ասում էր. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք» (Հովհ. 8։39): Այս խոսքերով Հիսուս հրեաներից չի խլում իրենց մարմնավոր ազգակցությունը, այլ սովորեցնում է փնտրել ավելի լավ և գերազանց ազգակցություն: Քրիստոս նույնը նաև այստեղ է ուզում ներշնչել, բայց միայն՝ ներշնչում է ավելի մեծ հանդուրժողությամբ և քնքշությամբ. խոսքն Իր Մոր մասին էր, և Նա չասաց. «Նա Իմ մայր չէ, նրանք Իմ եղբայրները չեն, որովհետև չեն կատարում Իմ կամքը», նրանց դեմ դատապարտությամբ հանդես չեկավ, այլ, խոսելով Իրեն հատուկ մեղմությամբ, նրանց կամքին թողեց մեկ այլ տեսակի ազգակցություն փափագելու ցանկությունը: «Ով կատարի Իմ Երկնավոր Հոր կամքը, - ասում է Հիսուս, - նա է Իմ եղբայրը, և քույրը, և մայրը» (Մատթ․ 12։50): Այդպիսով, եթե նրանք ուզում են լինել Փրկչի ազգականները, թող գնան այդ ճանապարհով: Նմանապես, երբ մի կին բացականչեց՝ «Երանի՜ է այն կնոջը, որ հղացավ», Քրիստոս չպատասխանեց. «Ես մայր չունեմ, իսկ եթե Իմ մայրն ուզում է օրհնյալ լինել, թող կատարի Իմ Հոր կամքը: Այդպիսին Ինձ համար և՛ եղբայր է, և՛ քույր, և՛ մայր: Ինչպիսի՜ պատիվ։ Ինչքա՜ն մեծ է առաքինությունը։ Ի՜նչ բարձունքների է այն բարձրացնում նրանց, ովքեր հետևում են այդ ճանապարհին։ Քանի-քանի կանայք են օրհնել Սուրբ Կույսին և նրա արգանդն ու ցանկացել են լինել այդպիսի մայրեր, և ամեն ինչ տալ այդպիսի պատվի համար։ Ի՞նչն է խանգարում դրա: Ահավասիկ, Քրիստոս մեզ ցույց տվեց այն լայն ճանապարհը, և ոչ միայն կանանց, այլև տղամարդկա՛նց կարելի է հասնել այդքան մեծ պատվի, ու նույնիսկ դեռ շատ ավելի մեծի: Այդ ճանապարհով գնալով՝ ավելի շուտ կարելի է դառնալ մայր, քան թե՝ ծննդաբերության ցավերով տառապելով: Այսպիսով, եթե մարմնական ազգակցությունն ինքնին արդեն օրհնություն է, ապա հոգևոր ազգակցությունն այնքան ավելի մեծ օրհնություն է, որ առաջինից շատ ավելի գերազանց է: Այդպիսով, միայն մի՛ ցանկացիր վսեմ ազգակցություն ունենալ, այլև ավելի մեծ ջանասիրությամբ գնա ա՛յն ճանապարհով, որը քեզ տանում է դեպի այդ ցանկությունդ: Ասելով սա՝ Փրկիչը դուրս եկավ տնից: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Նա և՛ նախատինք ուղղում, և՛ կատարում նրանց ցանկությունը: Նույնը անում է Նա նաև Կանայի հարսանիքի ժամանակ: Այնտեղ նույնպես Հիսուս նախատում է Իր Մորը, որն անժամանակ խնդրանքով էր դիմել Իրեն, սակայն և չի մերժում նրան՝ նախատինքով բուժելով նրա թուլությունը, իսկ խնդրանքի կատարմամբ ցույց տալով Իր սերը դեպի Տիրամայրը: Ճիշտ այդպես է լինում նաև այստեղ․ մի կողմից Հիսուս բուժեց սնափառության հիվանդությունը, մյուս կողմից պատշաճ պատիվ մատուցեց Իր Մորը, թեև վերջինիս խնդրանքը տեղին չէր:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ:
   
    Երբ Նա դեռ խոսում էր ժողովրդի հետ, ահա Նրա մայրն ու եղբայրնե րը կանգնել էին դրսում՝ կամենում էին խոսել Նրա հետ:

    Նախքան խաչելությունը ոչ ոք Նրա մասին մեծ բաներ չգիտեր, ոչ էլ մայրն ու եղբայրները, ուստի ավետարանիչն ասում է, որ այն ժամին եկան, երբ «Նա դեռ խոսում էր ժողովրդի հետ»: Սրանով նրանց սնափառությունն ու հպարտությունն է հասկացվում, որովհետև պետք էր, որ նրանք էլ մտնեին ժողովրդի մեջ կամ էլ համբերեին, մինչև [Հիսուսը] խոսելը վերջացներ, և ապա՛ մոտենային: Սակայն նրանք եկել դուրս էին կանչում, որպեսզի բոլորի առաջ իրենց պարծանքը ցույց տային, թե ինչպիսի իշխանությամբ էր մայրն իր որդուն հրաման տալիս, կամ էլ եղբայրները:

    [Ավետարանիչը] «մայր» է կոչում Կույս Մարիամին, իսկ «եղբայրներ»՝ Հովսեփի որդիներին, ինչպես ասում են ոմանք (Տես 10 գլխի ծնթ. 33): Բայց ինչպես որ Քրիստոսը միայն անունով և ոչ թե իսկապես էր Հովսեփի որդին, այդպես էլ նրանք ոչ թե Նրա ճշմարիտ եղբայրներն էին, այլ [միայն] կոչվում էին [այդպես]: Իսկ մենք ստուգեցինք, որ ինչպես որ Մարիամն էր կույս, այդպես էլ՝ Հովսեփը, իսկ սրանք Ալփեոսի՝ մեր Տիրոջ ազգականի որդիներն էին 1, որոնց [ավետարանիչը] «եղբայրներ» է կոչում համաձայն [Սուրբ] Գրքի սովորության՝ ըստ այսմ. «Մարդի՛կ, եղբայրնե՛ր եք, ինչո՞ւ եք միմյանց նեղում» (Գործք 7:26): Աբրահամն էլ Ղովտին էր իր եղբայրը կոչու 2, Դավիթն էլ երգում է. «Կհայտարարեմ Քո անունն իմ եղբայրներին» (Սաղմ. 21։23): Եվ քանի որ սա այսպես է, [Սուրբ] Գրքում երբեք չենք գտնում, որ սրանք Հովսեփի որդիները կոչվեն, այլ միայն՝ որ Հիսուսն է Հովսեփի որդին, իսկ սրանք՝ Հիսուսի եղբայրները:
--------------------------------
1 Ծործորեցին այստեղ հետևում է Արևմտյան Եկեղեցու ավանդությանը, մինչդեռ Արևելյան Եկեղեցիները, որոնց թվում և Հայոց Եկեղեցին, չեն ընդունում այս տեսակետը և Տիրոջ եղբայրներին չեն համարում Ալփեոսի որդիները: Տես սույն թարգմանության 10 գլխի ծնթ. 33-ը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ:
   
    «Մինչդեռ խոսում էր ամբոխի հետ, ահա Նրա մայրն ու եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խոսել Նրա հետ»:
    Քրիստոսի մայրը հայտնապես կույս Մարիամն է, և Նրա ոչ հարազատ եղբայրները՝ Հովսեփի որդիները: Քանի որ Նա ճշմարտապես Հովսեփի որդին չէ, թեպետև ոմանց, ովքեր չգիտակցեցին Կույսի ծննդյան խորհուրդը [այդպես] թվաց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

46-50. Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:
   
    Տիրամայր Մարիամն ու Տյառնեղբայր կոչված Հիսուսի ազգականները նրան երկար ժամանակ տեսած չլինելով Հիսուսին տեսնելու են գալիս: Գործի բնույթից ելնելով ասենք, որ Հիսուսը Կափառնայումից դուրս էր, քաղաքի շրջակայքում` ժողովրդի հետ, ուր նաև փարիսեցիների ու դպիրների լուրջ հակառակությունների ու թշնամությունների առարկա էր դարձել: Վերևում տեսանք, որ ժողովրդի հետ Հիսուսի անդադար [քարոզչական գործունեությունը] և  նույնիսկ կերակուրն ու հանգիստը մոռանալը յուրայիններին շփոթության մեջ էր գցել, [որի պատճառով էլ որոշեցին Հիսուսին ժողովրդի միջից դուրս բերել ու տուն տանել, որպեսզի հանգստանա] (Մարկ. 3:20-21) : Դրանից հետո էլ Հիսուսի ընթացքը չեր փոխվել, նա շարունակ ժողովրդի հետ էր, մի կողմից բարիք էր գործում, մյուս կողմից` թշնամիներ ձեռք բերում, դավաճանության մասին էլ լուրեր էին պտտվում, սովորական պայմանաժամերին էլ տուն չէր վերադառնում, Մարիամի սիրտն անհանգիստ էր: Տյառնեղբայրներից մի քանիսին իր հետ վերցնելով, քաղաքից դուրս է գալիս որդուն փնտրելու, լուր իմանալու, աչքով տեսնելու, սիրտը հանգստացնելու:
    Ըստ Մատթեոսի` Յիսուսը ընդ ժողովուրդսն խօսէր, ըստ Մարկոսի` ժողովուրդն շուրջ զնովայ նստէր, և ըստ Ղուկասի` եկողները ոչ կարէին հասանէլ ի նա վասն բազմութիւնն: Ուրեմն երբ կարդում ենք, որ Հիսուսի մայրն ու Տյառնեղբայրները [կանգնած էին դրսում], ոչ թե տնից կամ բնակատեղից դուրս պիտի հասկանանք, այլ` Հիսուսի շուրջ ժողովրդի կազմած շրջանից դուրս, որը չեն համարձակվում ճեղքել ու ներս մտնել` Հիսուսին հասնել: [Մարիամը ցանկանում է մի անգամ էլ որդու երեսը տեսնել, ճշտել՝ տկարացած ու հյուծված չէ՞ արդյոք, կամ ինչի՞ կարիք ունի ]: Չկարողանալով առաջ անցնել, ձայն են տալիս դեպի ներս և իրար իմաց տալով, վերջապես Հիսուսի մոտ եղողներից մեկը լուր է տալիս նրան, «Մայրդ ու եղբայրներդ եկել են, մինդեռ քեզ մոտենալ չեն կարողանում, հեռվում կանգնած` սպասում են, որ քեզ տեսնեն»:
    Հիսուսը, որ վարդապետելով ու քարոզելով էր զբաղված, չի կամենում քարոզն ընդհատել ու մորը տեսության գնալ, ահա խոսուն մի օրինակ, որ աստվածային գործերն անձնական գործերից պետք է առաջ դասվեն, [Աստծուն ծառայելու գործը պետք է նախադաս լինի անձնականից]: Ինչ որ գործով անում է, մեկնությամբ էլ շեշտում է. [«Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրներ» ասում է շուրջը եղողներին]  ու ձեռքը մեկնելով մատնացույց է անում իր աշակերտներին ու իրեն հետևողներին, [«Ահա՛, իմ մայրը և իմ եղբայրները. որովհետև, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»]: Հիսուսի խոսքերն այնքան հասկանալի են, որ բացատրության կարիք չունեն: Հիսուսի եղբայր, քույր և մայր լինելը Աստծու սիրուն արժանի լինելն է. եւ Հիսուսի վկայությամբ ոչ թե ազգակցական կամ արտաքին հարաբերություններն են այդ արժանիքը, այլ միայն ու միայն կատարյալ օրինապահությունը: Քանի որ ավետարանիչներն ուզում են Հիսուսի այդ մեծ սկզբունքը հիշատակել, դրա համար անավարտ են թողնում մոր գալու պատմությունը և չեն նշում, թե տեսնվե՞ց և ի՞նչ խոսեցին, կամ ինչպե՞ս բաժանվեցին, գուցե միասին իրենց տուն վերադարձան:
    Հիսուսի խոսքերն առակի ձեւով եւ ընդհանուր ոճով է ասվել եւ մտքից վեր է, որ Հիսուսը և նրան ավելի պակաս սիրո արժանի համարել, քան իր առաքյալներին եւ իրեն հետևողներին: Իսկ Մարիամի հետ եկողներն ու Հիսուսի եղբայրներ կոչվածները, իհարկե, հենց  Տյառնեղբայր կոչվածներն էին` կամ չորսն էլ միասին, կամ չորսից մի քանիսը, որոնց մասին խոսեցինք Տասներկու առաքյալների ով լինելը բացատրելու ժամանակ (Մատթ. 10:2-4) : Եւ ինչպես այնտեղ էլ հիշեցինք, սույն այս դեպքն էլ մի փաստ է, որ Տյառնեղբայրները Տասներկուսի թվի մեջ չէին: [Իսկ թե Տյառնեղբայ լինելու կամ կոչվելու ազգակցական կապը ինչ էր, կբացատրենք,  այն հատվածում], ուր այս Տյառնեղբայրները անունով են հիշվում (Մատթ. 13:53-58) :