Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

10-13. «Եվ աշակերտները, մոտենալով, Նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»»։ «Իսկ Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ Երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ»»։ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի»։ «Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում»։
   
    Զարմանալի է, որ աշակերտները, չնայած իրենց ուժգին ցանկությանը՝ իմանալու, թե ինչու է Հիսուս Քրիստոս ժողովրդի հետ առակներով խոսում, հատուկ ժամանակ են գտնում այս հարցը տալու համար։ Նրանք դա չեն անում բոլորի ներկայությամբ, ինչպես ցույց է տալիս Մատթեոսը՝ ասելով. «Եվ աշակերտները, մոտենալով, Նրան․․․»։ Մարկոսը, երբ ասում է, որ աշակերտները մոտեցել են Հիսուսին, երբ Նա մենակ է եղել, այդպիսով հստակեցնում է, որ իմ այս բացատրությունը զուտ ենթադրություն չէ (տե՛ս Մարկ․ ​​4։10): Ահա թե ինչպես պետք է վարվեին Հիսուսի եղբայրներն ու Նրա մայրը՝ Նրան տնից դուրս չկանչեին և չբացահայտեին իրենց ով լինելը։ Ուշադրություն դարձրու նաև աշակերտների մեծ սիրուն. որքան են նրանք հոգ տանում ուրիշների մասին՝ նախ փնտրելով նրանց օգուտը, և միայն հետո՝ իրենցը։ «Ինչո՞ւ ես, - ասում են նրանք, - նրանց հետ առակներով խոսում»։ Նրանք չասացին. «Ինչո՞ւ ես մեզ հետ առակներով խոսում»։ Այլ դեպքերում նույնպես Փրկչի աշակերտները հաճախ ցույց են տալիս իրենց սերը բոլորի նկատմամբ, օրինակ՝ երբ ասում են. «Արձակի՛ր այս ժողովրդին» (Ղուկ․ 9։12), և նաև. «Գիտե՞ք, որ նրանք (փարիսեցիները) գայթակղվեցին» (հմմտ․ Մատթ․ 15։12)։ Ի՞նչ է Քրիստոս պատասխանում նրանց։ Նա ասում է. «Քանի որ ձեզ է տրված իմանալ Երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ»։ Նա սա ասաց ոչ թե որևէ անհրաժեշտություն կամ որոշ մարդկանց (Իր աշակերտների) պարզ և պատահական ընտրությունը մատնանշելու համար, այլ ցույց տալու համար, որ լսողներն իրենք են բոլոր չարիքների պատճառը, և միևնույն ժամանակ բացահայտելու համար, որ Արքայության խորհուրդների ըմբռնումը ի վերուստ առաքված շնորհի պարգև է։ Սակայն, չնայած դա պարգև է, այն չի ոչնչացնում մարդկային ազատությունը, ինչպես երևում է հիշյալ խոսքերից։ Եվ որպեսզի ոմանք չընկնեն հուսահատության, իսկ մյուսները՝ անփութության մեջ՝ լսելով, որ իրենց տրված է հասկանալ Արքայության խորհուրդները, տե՛ս, թե Հիսուս ինչպես է ցույց տալիս, որ դա առաջին հերթին կախված է մեզանից. «Ով ունի, - ասում է Հիսուս, - նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի» (Մատթ․ 13։12, 25։29)։ Չնայած այս խոսքերը բավականին անորոշ են, դրանք պարունակում են մի անվիճելի ճշմարտություն։ Դրանք նշանակում են, որ ով ցանկանում և ձգտում է ձեռք բերել շնորհի պարգևները, Աստված նրան ամեն ինչ էլ տալիս է։ Բայց ով չունի այս ցանկությունն ու ջանքերը, նույնիսկ այն, ինչ ունի, դա էլ նրան օգուտ չի տա, և Աստված նրան չի տա Իր պարգևները: «Եվ ով կարծում է, որ ունի, - ասում է Քրիստոս, - դա ևս կվերցվի նրանից»: Սա չի նշանակում, որ Աստված վերցնում է նրանից, այլ որ Տերն այդպիսի մարդուն արժանի չի համարում Իր պարգևներին: Մենք էլ նույնն ենք անում: Երբ տեսնում ենք, որ մեկը ոչ բավարար կենտրոնացվածությամբ լսում է մեզ և անուշադիր է գտնվում՝ չնայած մեր բոլոր համոզումներին, մենք վերջապես դադարում ենք խոսելուց, քանի որ եթե մենք պնդենք, նրա անփութությունը միայն ավելի կաճի: Ընդհակառակը, մենք զրույցի մեջ ենք մտնում նրանց հետ, ովքեր ջանասիրաբար լսում են մեր ուսմունքը և հնարավորինս շատ տեղեկություն ենք փոխանցում նրանց: Եվ ճիշտ է ասվում՝ «Իսկ ով կարծո՛ւմ է, որ ունի», որովհետև այդպիսի մարդը նույնիսկ իր կարծածն էլ չունի»: Այնուհետև Հիսուս այսպես է բացատրում Իր խոսքերը՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում «ով ունի, նրան կտրվի ու կավելացվի» միտքը հետևյալ հավելադրումով․ «Իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի»: Դրա՛ համար եմ, - շարունակում է Հիսուս, - նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում» (13-րդ համար): Բայց եթե նրանք չէին տեսնում, - կասես դու, - ապա նրանց աչքերը պետք էր բացել։ Այո, եթե այս կուրությունը բնական լիներ, ապա նրանց աչքերը պետք է բացվեին, բայց քանի որ այս կուրությունը կամավոր էր և կախված էր ազատ կամքից, Հիսուս պարզապես չասաց՝ «նրանք չեն տեսնում», այլ՝ «նայելով չեն տեսնում», այսինքն՝ նրանց կուրությունը գալիս է իրենց սեփական ապականվածությունից։ Այդ մարդիկ տեսան, որ Քրիստոս դևեր էր հանում, և ասացին. «Դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով» (Ղուկ․ 11։15)։ Նրանք լսեցին (հասկացան), որ Հիսուս իրենց տանում է Աստծու մոտ և ամեն ինչում գործում է աստվածային կամքի համաձայն, սակայն ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ» (Հովհ․ 9։16)։ Այսպիսով, նրանք իրենք գործեցին հակառակ այն ամենին, ինչ տեսան և լսեցին։ «Դրա համար, - ասում է Քրիստոս, - Ես կխլեմ նրանց տեսողությունն ու լսողությունը։ Նրանք ոչ միայն ոչ մի օգուտ չեն ստանում դրանցից, այլև, ընդհակառակը, ենթակա են դառնում ավելի մեծ դատապարտության, քանի որ ոչ միայն չէին հավատում Փրկչին, այլև հայհոյում, մեղադրում և դավադրություն էին կազմակերպում Նրա դեմ։ Սակայն Հիսուս լռում է այս վերջին հանգամանքի մասին, քանի որ չի ցանկանում խիստ լինել Իր մեղադրանքի մեջ։ Քրիստոս սկզբում առակներով չէր խոսում նրանց հետ, այլ պարզ ու հստակ բառերով։ Բայց քանի որ նրանք դժկամությամբ էին լսում Փրկչին, Նա վերջապես սկսեց առակներով խոսել նրանց հետ։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»:
   
Եվ աշակերտները մոտեցան ու ասացին Նրան. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»:
Նախ՝ քանի որ առակը սովորելու ցանկություն ունեին, այդ պատճառով հարցրին, և դա արեցին պատշաճ ժամանակ՝ «առանձին», ինչպես ասում է Մարկոսը (Մարկ. 4։10), և ոչ թե ամենքի առաջ, ինչպես [Հիսուսի] Մայրն ու եղբայրները, որովհետև [աշակերտները] խրատվեցին այնտեղ (Տես 12:46-50-ի մեկնությունը:): Եվ երկրորդ՝ քանի որ ժողովրդի հանդեպ խնամքի գութ ունեին, նախ նրանց համար էին խնդրում, ապա՛ իրենց, ուստիև ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրա՛նց հետ» և ոչ թե «մեզ», ինչպես որ այլուր էլ [այդ գութը] ցուցաբերեցին, [երբ ասացին]. «Արձակի՛ր այդ ժողովրդին, [որ գնա... իր համար կերակուր գնի]» (Մատթ. 14։15), և թե՝ «Գիտե՞ս, որ ոմանք գայթակղվեցին» (հմմտ. Մատթ. 15։12):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4