Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

19-21. «Եվ [Հիսուս] կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի և, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց ու, մաս-մաս անելով, հացերն աշակերտներին տվեց, իսկ աշակերտներն էլ՝ ժողովրդին»։ «Եվ բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին»։ «Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից»։
   
    «Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, - շարունակում է ավետարանիչը, - կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի․․․երկինք նայեց, օրհնեց ու, մաս-մաս անելով, հացերն աշակերտներին տվեց, իսկ աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Եվ բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից»։ Ինչո՞ւ Քրիստոս նայեց դեպի երկինք և շնորհակալություն հայտնեց։ Նա պետք է հաստատեր, որ Իրեն ուղարկել է Հայրը և որ Ինքը հավասար է Նրան։ Սակայն այս ճշմարտությունների ապացույցները, կարծես, հակասում էին միմյանց։ Հիսուս ապացուցեց Հոր հետ Իր հավասարությունը՝ ամեն ինչ իշխանությամբ անելով, բայց քանի որ Իրեն ուղարկել էր Հայրը, մարդիկ Իրեն չէին հավատա, եթե Նա ամեն ինչում չգործեր մեծ խոնարհությամբ, ամեն ինչ չվերագրեր Հորը և ամեն գործում չդիմեր Նրան։ Ահա թե ինչու Տերը, երկու ճշմարտություններն էլ հաստատելու համար, բացառապես միայն մի եղանակով չի գործում, այլ հրաշքներ է կատարում երբեմն իշխանությամբ, իսկ երբեմն էլ՝ աղոթքի միջոցով։ Ապա, որպեսզի Իր այս գործողություններում դարձյալ հակասություն չլինի, ավելի քիչ կարևոր հարցերում Հիսուս նայում է դեպի երկինք, մինչդեռ ամենակարևոր հարցերում Նա ամեն ինչ անում է իշխանությամբ։ Այստեղից դու պետք է եզրակացնես, որ նույնիսկ ավելի քիչ կարևոր հարցերում Քրիստոս այդպես է գործում ոչ թե օգնության կարիքից ելնելով, այլ Իր Ծնողին պատվի արժանացնելու համար։

    Այսպիսով, երբ Հիսուս թողություն տվեց մեղքերին, բացեց   դրախտը և այնտեղ ընդունեց ավազակին, երբ լիովին վերացրեց հին օրենքը, երբ հարություն տվեց շատ մեռյալների, երբ Նա հանդարտեցրեց ծովը, երբ Նա բացահայտեց սրտի գաղտնիքները, երբ բացեց աչքերը՝ գործեր, որոնք բոլորը միայն Աստծուն են հատուկ և ոչ թե ուրիշ որևէ մեկին, այս գործողություններից ոչ մեկում մենք Հիսուսին աղոթելիս չենք տեսնում։ Բայց երբ Քրիստոս մտադրվեց բազմացնել հացերը, ինչը շատ ավելի քիչ նշանակալից էր, քան վերը թվարկված բոլոր գործողությունները, Նա նայեց դեպի երկինք՝ և՛ որպես Հոր կողմից Իր առաքելության հաստատում, ինչպես նշեցի վերևում, և՛ որպես մեզ համար դաս՝ չսկսել ճաշը, մինչև շնորհակալություն չհայտնենք Նրան, Ով ապահովում է մեր սնունդը։

    Բայց ինչո՞ւ Նա նորից հաց չի ստեղծում։ Նախ, որպեսզի լռեցնի Մարկիոնին և Մանիքեոսին, որոնք Իրեն որպես Արարիչ չեն ընդունում, ապա՝ որպեսզի Իր գործերի միջոցով ուսուցանի, որ տեսանելի ամեն բան ստեղծվել և արարվել է Աստծու կողմից, և վերջապես, որպեսզի ապացուցի, որ Աստված Ինքն է պտուղ բերողը, որ և սկզբում ասաց այսպես. «Թող երկիրը բույս աճեցնի․․․»։ Նաև. ««Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող  զեռուններ» (Ծննդ. 1։11, 20): Եվ այս հրաշքը ոչ պակաս նշանակալից է, քան բույսերի կամ զեռունների ստեղծումը: Իրոք որ, չնայած զեռունները ևս արարվել են, այնուամենայնիվ, արարվել են ջրից: Եվ հինգ հացից ու երկու ձկից այդքան շատ բան պատրաստելը ոչ պակաս նշանակալից է, քան երկրից՝ պտուղ, և ջրից՝ սողացող արարածներ ստեղծելը. սա նշանակում էր, որ Հիսուս իշխանություն ունի ցամաքի և ծովի վրա: Մինչ այժմ Քրիստոս հրաշքներ էր գործել միայն հիվանդների համար, բայց հիմա Նա համընդհանուր օրհնություն է բաշխում, որպեսզի մարդիկ պարզապես դիտորդներ չլինեն ուրիշների հետ կատարվածի հանդեպ, այլ իրենք ևս պարգև ստանան: Եվ այն, ինչ անապատում թափառումների ժամանակ հրեաներին հրաշք էր թվացել (քանի որ նրանք ասում էին. «Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ կամ Իր ժողովրդի համար սեղան պատրաստել» - Սաղմ․ 77:20), Տերն այստեղ գործնականում ցույց տվեց։ Ահա թե ինչու Հիսուս նրանց տարավ անապատ, որպեսզի հրաշքը կասկածի տեղիք չտա, և ոչ ոք չմտածի, թե մոտակա գյուղից է որևէ սնունդ բերվել՝ ժողովրդին կերակրելու համար։ Ահա թե ինչու ավետարանիչը նշում է նաև ժամանակը, ու ոչ թե միայն՝ վայրը։ Դրանից մենք ուսանում ենք ևս մեկ դաս, այն է՝ մենք ճանաչում ենք աշակերտների չափավորությունն իրենց հիմնական կարիքները բավարարելու հարցում, նաև ա՛յն, թե նրանք որքան քիչ էին հոգ տանում սննդի մասին։

    Նրանք տասներկուսն էին, և նրանք ունեին ընդամենը հինգ հաց ու երկու ձուկ։ Նրանք որքա՜ն քիչ էին հոգ տանում մարմնական բաների մասին և մտահոգված էին միայն հոգևոր գործերով։ Եվ աշակերտները չխնայեցին նույնիսկ այդ մի քանի հացերը, այլ անմիջապես տվեցին դրանք, հենց որ խնդրեցին իրենց։ Այստեղից մենք պետք է ուսանենք, որ նույնիսկ եթե քիչ ունենք, մենք պարտավոր ենք այդ քիչն էլ տալ կարիքավորներին։ Երբ նրանց հրամայվում է, որ բերեն հինգ հացերը, նրանք չեն ասում՝ «իսկ մե՞նք ինչ ուտենք, ինչպե՞ս հագեցնենք մեր քաղցը», այլ անմիջապես հնազանդվում են։ Վերոհիշյալ ասվածից բացի, իմ կարծիքով, Քրիստոս նոր հաց չի ստեղծում աշակերտներին հավատքի մղելո՛ւ համար. նրանք դեռ շատ տկար էին այդ հարցում։ Ահա թե ինչու է Հիսուս նայում դեպի երկինք։ Աշակերտները բազմիցս տեսել էին այլ հրաշքների օրինակներ, բայց նմանատիպ հրաշք դեռևս չէին տեսել։ Այսպիսով, վերցնելով հացերը, Հիսուս կիսեց դրանք և բաժանեց աշակերտներին՝ այդպիսով պատվելով նրանց։ Սակայն Հիսուս սա արեց ոչ այնքան աշակերտների պատվի համար, որքան հանուն ա՛յն բանի, որ երբ հրաշքը տեղի ունենար, նրանք անհավատության մեջ չմնային և չմոռանային տեղի ունեցածը, քանի որ նրանց սեփական ձեռքերը կվկայեին կատարվածի մասին։ Այդ նույն նպատակով Քրիստոս նախ թույլ է տալիս, որ մարդիկ քաղց զգան. նույն նպատակով Նա սպասում է, որ աշակերտները գան և հարցնեն, ու նրանց միջոցով էլ Հիսուս նստեցնում է մարդկանց և դարձյալ աշակերտների միջոցով բաժանում հացը՝ ցանկանալով, որ բոլորն էլ սեփական գիտակցությամբ և փորձառությամբ նախատրամադրված լինեն հրաշքին։ Այդ միևնույն պատճառով Քրիստոս հացերը վերցնում է աշակերտներից, որպեսզի տեղի ունեցածի մասին շատ վկայություններ լինեն, և հրաշքն ավելի հիշարժան դառնա նրանց համար։ Եթե, չնայած այս ամենի, աշակերտները մոռացել էին կատարվածի մասին, ապա ի՞նչ կլիներ, եթե նման միջոցներ ձեռնարկված չլինեին։ Տերը հրամայում է նստել խոտերի վրա՝ այդպիսով մարդկանց սովորեցնելով կյանքի պարզությունը։ Հիսուս ցանկանում էր ոչ միայն սնուցել նրանց մարմինները, այլև դաստիարակել նրանց հոգիները։

    Այսպիսով, Տերն այսպիսի վայր ընտրեց մի որոշակի պատճառով. Նա հացից ու ձկից ավելի ոչինչ չտրամադրեց, բոլորին նույն ընդհանուր սնունդն առաջարկեց և որևէ մեկին մյուսից ավելին չտվեց, որպեսզի դրանով սովորեցնի խոնարհություն, ինքնատիրապետում և սեր, որպեսզի մենք բոլորս հավասարապես վերաբերվենք մեկմեկու և ամեն ինչ ընդհանուր համարենք։ Եվ հացը կտրելուց հետո Հիսուս այն տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Նա կտրեց հինգ հացը և բաժանեց դրանք, ու այդ հինգ հացերը չպակասեցին աշակերտների ձեռքում։ Բայց հրաշքը դրանով չավարտվեց։ Տերն այնպես արեց, որ առատություն լինի, և դա ոչ թե ամբողջական հացերի առատություն էր, այլ՝ հացի կտորտանքների, որպեսզի այդպիսով ցույց տա, որ դրանք իսկապես սկզբում առկա հացերի մնացորդներն էին, և որպեսզի նրանք, ովքեր ներկա չէին հրաշքի կատարվելու ժամանակ, իմանան, թե ինչ էր տեղի ունեցել։ Քրիստոս ա՛յս պատճառով թույլ տվեց, որ մարդիկ քաղց զգան, որպեսզի ոչ ոք հրաշքը չշփոթեր երազի հետ։ Եվ ահա՛ թե ինչու Նա տասներկու զամբյուղ մնացորդներ թողեց, որպեսզի Հուդան նույնպես ինչ-որ բան ունենար տանելու համար։ Տերը նույնիսկ առանց հացերի կարող էր հագեցնել նրանց քաղցը, բայց այդ դեպքում աշակերտները չէին ճանաչի Հիսուսի զորությունը, քանի որ դա տեղի էր ունեցել նաև Եղիայի ժամանակ։

    Հենց այս հրաշքի պատճառով հրեաներն այնքան զարմացան Հիսուսով, որ նույնիսկ ցանկացան Նրան թագավոր դարձնել, չնայած Նրա մյուս հրաշքների ժամանակ երբեք նման բան չէին փորձել անել։ Ի՞նչ բառերով կարելի է նկարագրել, թե ինչպես էին հացերը հեղվում, ինչպես էին տարածվում անապատով մեկ։ Ինչպե՞ս էր այն բավականացնում այդքան ամբոխի համար։ Հինգ հազար մարդ կար՝ չհաշված կանանց և երեխաներին, ու սա մեծ գովասանք է ժողովրդի համար, քանի որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ հետևեցին Քրիստոսին։ Ինչպե՞ս կարող էին մնացորդներ լինել։ Սա ոչ պակաս նշանակալից է, քան առաջինը։ Եվ դեռ ավելին, այնքան շատ մնացորդներ կային, որ զամբյուղների քանակը հավասար էր աշակերտների թվին՝ ոչ ավելին, ոչ պակաս։ Տերը հացի կտորները տվեց ոչ թե ժողովրդին, այլ աշակերտներին, քանի որ ժողովուրդն այնքան կատարյալ չէր, որքան աշակերտները։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին:
   
    Եվ հրամայեց բազմեցնել ժողովրդին խոտի վրա:

    Նախ զորությամբ ցույց տվեց հրաշքները, ապա՝ գործով, որովհետև ասես սեղանի շուրջ նստեցնելը հուզումով սպասել տվեց ամենքին, թե կերակրելու է նրանց: Երկրորդ՝ խոտի վրա բազմեցնելով վարժեցրեց նրան, որ ոչ թե երկնառաք մանանայով է [Ինքը] կերակրում, ինչպես Հին [ուխտի] ժողովրդին՝ անապատում (Ելք 16), այլ հացով, որը դուրս է գալիս երկրից և գոյանում խոտից: Եվ երրորդ՝ սովորեցրեց ուտողների առօրյա կյանքի մասին, որ խոտի պես ցամաքելու են նրանք, ովքեր միայն նյութական հացի կարիքն ունեն՝ ըստ սաղմոսի. «Մարդու օրերը խոտի պես են» (Սաղմ. 102։15), և՝ «Խոտը չորացավե (Ես. 40։7), իսկ «Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (հմմտ. Սաղմ. 32։11), որպեսզի ոչ միայն հաց, այլև խոսք փափագեին:

    Եվ առնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց և մասնատեց:

    Ինչո՞ւ նայեց երկինք, կհարցնի մեկը: Նախ՝ որովհետև պետք է հավաստեր, որ Հորը հավասար է և Նրանից է ծնվել. ուստի փոքր բաներում նայում է դեպի երկինք, իսկ մեծ բաներն իշխանությամբ անում, որպեսզի հասկանաս, որ, ինչպես վայել է որդուն, պատվում է Ծնողին: Երբ մեղքեր էր ներում, ավազակի համար դրախտը բացում, հաճախ հին օ րենքը խափանում, այդքան մեռելներ կենդանացնում, ծովը կապում, փարիսեցիների ծածուկ [մտքերը] հայտնում, կույրի աչքերը ստեղծում, որոնք միայն Աստծուն հատուկ գործեր են, երբեք չի երևում, թե աղոթքով էր անում: Իսկ երբ նկանակն էր աճեցնում, որ բոլորից ավելի փոքր [գործ] էր, դեպի երկինք նայեց. [սրանով] ուրիշ ի՞նչ է սովորեցնում, եթե ոչ՝ որ Իր Ծնողին համահավասար է: Եվ երկրորդ՝ խրատում է [անմիջապես] չմոտենալ սեղանին, այլ նախ երկինք նայել ու կերակուրը պարգևած Աստծուց գոհանալ և ապա՛ ճաշակել՝ հացը կտրելով:

    Բայց [այստեղ] պարզաբանման կարիք ունի այն, թե ինչո՛ւ [Տերն այդ կերակուրը] չստեղծեց ոչնչից: Որպեսզի Մարկիոնի և այլոց բերանները փակի, ովքեր Նրան արարածներից օտար էին համարում, գործով ցույց է տալիս, որ բոլոր տեսանելի [արարածներն] Իր ստեղծածն են 1 : Այլև [Տերը] սակավաթիվ հացերից աճեցրեց շատը և ոչ թե ոչնչից ստեղծեց, որպեսզի հրաշքը թվացյալ չհամարեին: Որովհետև մի ակնթարթում Նրա տասը մատներն անմիջապես ստեղծեցին այն, ինչը տասը ամիսներն աշխատանքով ու չարչարանքով հազիվ են ծնում. ձեռքը՝ իբրև հող, դրեց հացի տակ, որոտի պես խոսեց վրան, շուրթերը շարժելով՝ ասես անձրև հեղեց, և Նրա բերանի շոգին փոխարինեց արևին: Եվ ավարտեց՝ պսակելով այդ նեղության ժամանակի սրբագործությամբ և [հացն ու ձուկը] իբրև ըղձալի կերակուր տվեց ամենքին: Ուստի Օրենքը հավաստելու համար [Հիսուսն] օրհնեց [նկանակները], ասում է [ավետարանիչը], և մասնատեց, որպեսզի հասկանաս, որ օրհնվելու հետևանքով սակավը բազմություն էր ծնում ըստ առաջին այն օրհնության, որն ասում էր. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1։28)՝ թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Եվ որպեսզի ոչ ոք չկարծեր, թե մոտակա գյուղերից բերեցին սեղան փռեցին, այլ Նրա օրհնությունից [կերակուրն] աճեց այդ անապատում, ինչպես որ ամուլ կանայք [են Աստծո օրհնությամբ հղիանում]: Եվ քանի որ [հնում] ասում էին. «Միթե կարո՞ղ է անապատում սեղան պատրաստել» (Սաղմ. 77։19), [Քրիստոսը] եկավ և գործո՛վ դա ցույց տվեց:

    Եվ նկանակները տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին:

    Նախ՝ սպասավորների միջոցով գործեց, ինչպես վայել է թագավորներին: Երկրորդ՝ իշխանություն տվեց, որ այդպիսի հրաշք, որն [աշակերտները] ոչ երբևէ տեսել էին, ոչ գործել, նրանք էլ գործեն, երբ տեղն ու ժամանակը պահանջեն: Երրորդ՝ աշակերտներին նկանակները տալով՝ հաղորդակից դարձրեց այդ հրաշագործությանը՝ պատվելով նրանց, որովհետև դեռևս ականատես չէին եղել այդպիսի բանի, թեպետ ուրիշ հրաշքներից օրինակ ունեին: Չորրորդ՝ [աշակերտների միջոցով բաշխեց], որպեսզի չմոռանային այդ հրաշքը, որին անձամբ սպասավորեցին: Հինգերորդ՝ որպեսզի ոչ միայն բարու ձգտումն ու հոժարությունն ունենային, այլև գործով կատարեին այն: Վեցերորդ՝ սովորեցնում է սակավապետությանն 2 ընկեր լինել՝ նրանց տալով միայն հացը, ինչպես որ նաև Ռեբեկան հաց տվեց Հակոբի ձեռքը, և Ինքը Տերը հրամայեց «մեր հա՛ցը տուր մեզե աղոթել: Յոթերորդ՝ այլաբանորեն՝ Ինքն է երկնքից իջած կենդանի հացը, որը տվեց աշակերտներին և նրանց միջոցով՝ հավատացյալներին՝ նշելու Իր հիշատակը մինչև աշխարհի վախճանը՝ ըստ այսմ. «Սա արեք Իմ հիշատակի համարե (Ղուկ. 22։19), և՝ «Քանի անգամ որ ուտեք այս հացը, Տիրոջ մահը պատմեք, մինչև Նա գաե (հմմտ. Ա Կոր. 11։26): Հինգ նկանակ տվեց աշակերտներին, իսկ մնացածը նրանց ձեռքով շատացավ, որքան պետք էր բազմությանը, որովհետև երբ Շմավոնը մոտեցավ վերցնելու 3, կարծեց, թե [միայն] ինքը բավական է, և գիրկը լցրած տանում էր, ու նրա ձեռքից [հացը] չէր պակասում, մյուսները նույնպես [բաշխում էին], որպեսզի նրանց միջև թշնամություն չծագեր: Բոլո՛րն էին բաշխում ժողովրդին. ո՛չ միայն տասներկու, այլև յոթանասուն [աշակերտները]:
--------------------------------
1 18 Մարկիոնը Բ դարում ապրած հերետիկոս է, պոնտացի, եպիսկոպոսի որ դի, ով շուրջ 144 թ.-ին բանադրվել է Հռոմի Եկեղեցու կողմից, որտեղ էլ եպիսկոպոս էր ձեռ նադրվել իր հայրենի պոնտական Սինոպ քաղաքի համար: Բանադրվելուց հե տո Պոնտոսում տարածել է իր դուալիստական ու գնոստիկյան ուսմունքը՝ ստեղ ծելով իր «եկեղեցինե: Նա, ընդունելով երկու աստվածների գոյություն, մեր ժում էր Հին Ուխտը՝ համարելով, որ նրա Աստվածը՝ նյութական արարածնե րի Արարիչը, դաժան ու վրեժխնդիր է և պատկանում է միայն հրեաներին, մինչ Նոր Ուխտի Աստվածը՝ երկնավոր Հայրը, բարի է ու գթառատ, և այս վերջինի երկրային մարմնացումն է Քրիստոսը: Այսպիսով՝ Մարկիոնն այս նոր Աստ ծուն «օտարե էր համարում այն «առաջինե՝ արարիչ Աստծուց («օտարե անունն այս «երկրորդե Աստծո համար գործածվում է նաև սբ Եզնիկ Կողբացու՝ Մարկիոնի ուսմունքի նկարագրության մեջ): Ծործորեցին «օտարե բա ռի գոր ծածությամբ և Մարկիոնի մասին հիշատակելով՝ հենց վերոնշյալ ուս մունքն է ցույց տալիս (կան Մարկիոնին վերագրվող այլ հերետիկոսական հա յացք ներ ևս, ինչպես նյութի, մարմնի հանդեպ ատելությունը, ամեն տեսակ մարմ նա կան վայելքների և ամուսնության մերժումը, Քրիստոսի երկրային կյանքի ան մարմնական՝ երևութական լինելը ևն) և ընդդեմ Մարկիոնի հաստատում է, որ Քրիստոսը հենց նույն Արարիչ Աստվածն է և ոչ թե մի ուրիշը: Մարկիոնի կամ նրա ուսմունքի մասին տեղեկություններ են տալիս սբ Պողիկարպոս Զմյուռնացին, Տերտուղիանոսը, սբ Եփրեմ Ասորին, Կղեմես Ալեքսանդրացին, Որո գինեսը և այլք: Նրա մասին հին ու կարևոր աղբյուր է նաև սբԵզնիկ Կողբացի վարդապետի «Եղծ աղանդոցեը, ուր բավականին ընդարձակ մաս նվիրված է այդ հերետիկոսության նկարագրությանն ու մերժմանը (Եղծ աղան դոց, գիրք չորրորդ՝ «Եղծ աղանդոյն Մարկիոնիե, Երևան 1994, էջ 198-242):

3Կարծում ենք՝ Շմավոնը կարող է լինել թե Նախանձահույզը, թե Պետրոսը: Սակայն ավետարանական այս պատմության մեջ Շմավոնի մասին ոչինչ չկա ոչ Մատթեոսի, ոչ էլ մյուս Ավետարաններում: Քանի որ այս յոթերորդ բացատրությունն այլաբանական է, հնարավոր է, որ Ծործորեցին Շմավոնի մասին հիշատակում է՝ փոխաբերական հնարք գործածելով՝ ակնարկելու համար առաքյալների համապատվությանը, ինչի մասին ուրիշ տեղ ևս խոսում է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15