Հովհաննես Ծործորեցի
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
Աշակերտները հարցրին Նրան՝ ասելով. «Ինչո՞ւ են օրենսգետներն ասում, թե նախ Եղիան է գալու»:
Սա ոչ թե [Սուրբ] Գրքից գիտեին, այլ այդ զրույցը ժողովրդի մեջ էր տարածված, ինչպես Քրիստոսի գալստյան մասին եղածը: Այդ պատճառով սամարացին ասաց. «Մեսիան գալու է. երբ նա գա, կպատմի մեզ ամեն ինչ» (Հովհ. 4։25): [Օրենսգետներն էլ] Հովհաննես [Մկրտչին] հարցրին. «Դու Եղիա՞ն ես կամ մարգարեն» (հմմտ. Հովհ. 1։21): Որովհետև երկուսի մասին էլ խոսում էին, բայց [իրենց իմացած] բացատրությունը չէր համապատասխանում [կատարվող իրողություններին]: Որովհետև [Սուրբ] Գիրքը Քրիստոսի երկու գալուստների մասին է խոսում՝ առաջին և երկրորդ, ինչպես որ Պողոսն առաջինի մասին ասում է. «Աստծո շնորհը հայտնվեց որպես բոլոր մարդկանց փրկիչ, որը խրատում է մեզ...» (Տիտ. 2։11-12), իսկ երկրորդի մասին՝ «Սպասենք երանելի հույսին և Աստծո Միածին ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը» (Տիտ. 2։13): Նմանապես կանխագուշակում էին նաև մարգարեները: Դավիթն առաջին գալստյան մասին [ասում է]. «Կիջնի ինչպես անձրևը՝ բրդի վրա» (Սաղմ. 71։6), իսկ երկրորդի մասին՝ «Աստվածների Աստվածը՝ Տե՛րը խոսեց», «կանչեց երկնքին վերևից և երկրին՝ դատելու Իր ժողովրդին», և «կրակ կբորբոքվի առջևում, և լեռները մոմի պես կհալչեն» (հմմտ. Սաղմ. 49։1, 4, 3): Այդպես Դանիելը [Քրիստոսի փրկագործական] տնօ-րենության [գալստյան] մասին [ասում է]. «Վեմը հատվեց առանց ձեռքի, փշրեց կուռքը,... դարձավ մեծ լեռ և լցրեց ամբողջ երկիրը» (հմմտ. Դան. 2։34-35), իսկ դատաստանի [գալստյան] մասին՝ «Մարդու Որդու պես գալիս էր երկնքի ամպերով», և «կրակի գետեր էին հորդացած դուրս գալիս Նրա առաջ» (Դան. 7։13, 10): Եվ համաձայն ասվածի՝ Հովհաննես [Մկրտչին] համարում են առաջինի կարապետը, ինչպես ասում է Եսային. «Անապատում կանչողի ձայնն [ասում է]. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհները և ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները» (Ես. 40։3), իսկ Եղիային՝ երկրորդինը՝ ըստ Մաղաքիայի. «Ահա ուղարկում եմ ձեզ Եղիա Թեզբացուն..., գուցե գամ հարվածեմ երկրին» (Մաղ. 4։5-6): Ուրեմն՝ օրենսգետները, սրանք միմյանց հետ շփոթելով, շեղում էին ժողովրդի միտքը, որովհետև երկրորդ գալստյան մասին հիշեցնելով՝ ասում էին. «Եթե սա է Քրիստոսը, ապա նախ Եղիան պետք է գար»: Այս պատճառով էլ, երբ [աշակերտները] լեռից իջնում էին, Տիրոջ փառքը տեսնելուց և Եղիայի՝ Նրա հետ փառքով երևալուց հետո, հիշելով օրենսգետների խոսքերը, [այդ] հարցը տվեցին, որպեսզի իմանային՝ արդյոք սուտ բա՞ն են [օրենսգետները] սովորեցնում ժողովրդին՝ Քրիստոսին չհավատալու համար թակարդ պատրաստելով, թե՞ իրոք այդպես է:
Ստեփանոս Սյունեցի
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
«Աշակերտները Նրան հարցրին և ասացին. «Հապա ինչո՞ւ օրենսգետներն ասում են, թե նախ Եղիան պիտի գա»:
Ասում են աշակերտները. «Մենք այժմ Եղիային տեսանք քեզ հետ, իսկ օրենսգետները ուսուցանում են, թե նախքան Քրիստոս Եղիան պիտի գա, բայց ահա հասկացանք, որ սուտ են ուսուցանում»: Եվ Նա նրանց ասաց Հովհաննեսի մասին, և հավատացին (Մատթ. 17։10-13):
Մաղաքիա արք. Օրմանյան
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: