Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:28

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին:
   
    Հիսուսն ասաց նրան. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. դուք, որ եկաք Իմ հետևից, հաջորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի Իր փառքի աթոռին, դուք էլ կնստեք տասներկու աթոռներին` դատելու Իսրայելի տասներկու ցեղերին:

    Հույժ զգուշաբար ասաց. «Դուք, որ եկաք Իմ հետևից»: Որպեսզի Հուդային բացառեր, քանի որ նա սրտանց չէր [գնում] Նրա հետևից, [Տերը] չասաց. «Դուք, որ գալիս եք Իմ հետևից», այլ` «որ եկաք»` նկատի ունենալով նրանց վերջը: Իսկ Հուդան, թեպետ այն ժամանակ հետևում էր [Հիսուսին], սակայն իր ախտի պատճառով մերժված էր Նրանից, որովհետև իրեն արժանի չդարձրեց [Նրան], ինչպես նախաստեղծ [մարդիկ], որոնց ասվեց. «Ձեր ահը թող լինի բոլոր գազանների վրա» (Ծննդ. 9։2), բայց երբ նրանք ևս գազանացան, զրկվեցին այդպիսի իշխանություններից: Այսպես էլ Հուդան` տասներկուսի թվից մերժվածը:

    «Հաջորդ գալստյանը»,

    ասում է [Հիսուսը]: Այստեղ չի անում կատարյալ հատուցումը` նախ` որպեսզի ընդունած պարգևներով չծուլանան: Երկրորդ` որպեսզի այդ հապաղմամբ` մշտնջենավոր վայելման հանդեպ նրանց փափագը մեծանա, և նրա վրա դնեն հույսը և ոչ թե անցավորի, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական, մանավանդ որ սա պատերազմի տեղ է, իսկ այն` պսակի: Եվ երրորդ` սրանով հաստատում է Իր երկրորդ գալուստը, որի ժամանակ երևալու է արդարների փառքը, ինչպես որ այլ տեղում ևս ասում է. «Հաջորդ գալստյանը կհատուցեմ քեզ» (Ղուկ. 10։35): Պողոսը գրում է. «Երբ հաջորդ անգամ Անդրանկին աշխարհ մտցնի» (Եբր. 1։6), մի մարգարե էլ ասում է. «Մյուս անգամ կշարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը» (Եբր. 12։26, հմմտ. Անգե 2։6):
    «Երբ Մարդու Որդին նստի փառքի աթոռին, [դուք էլ կնստեք տասներկու աթոռներին]»:

    [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ Նրա հետ թագավորելու են և Նրա փառքին հաղորդակից դառնալու, և որ ոչ թե այժմ է փառքի աթոռը, որի մասին ասվում է. «Քո աթոռը, Աստված, հավիտյանս հավիտենից է» (Սաղմ. 44։7), այլ որ շատերից ծածկված է Նրա փառքին ծանոթությունը, այսինքն` Նրա աստվածության երևումը, իսկ այն ժամանակ առանց միջնորդի հայտնի կդառնա ամենքին, որ երկրպագում են Նրան` փառավորելով Նրա անունը հավիտյան: Աթոռով նաև հայտնում է, որ [այն լինելու] է դատաստանի և հատուցման ժամանակ, որովհետև այս գալուստը փրկությանն ու ողորմությանն է, իսկ այն` իրավունքինն ու արդարությանը` ըստ սաղմոսի. «Աթոռին նստեցիր որպես արդար դատավոր» (Սաղմ. 9։5)` այն մեծ հրապարակում:

    «Դուք էլ կնստեք տասներկու աթոռներին` դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»:

    [Տերը] սա չի ասում նյութական աթոռների մասին, այլ ինչպես որ այլուր սեղանակցությամբ 1028 ցույց տվեց նրանց ուրախությունն ու հանգիստը, այդպես էլ այստեղ աթոռով կանխահայտնում է նրանց մեծ ճոխությունն ու [Իրեն] պատվակցությունը, որովհետև տասներկու ցեղերին քարոզեցին, ինչպես գրում է Հակոբոսը. «Տասներկու ցեղերիդ, որ սփյուռքում եք, ողջո՛ւյն» (Հակ.1), և ճգնությամբ ընթացան աշխարհի տասներկու մասերը և իրենց մարմնի այդքան անդամները 1029 կրթեցին մաքրությամբ, ուստի պատերազմին համապատասխան էլ նրանց պսակն է լինելու: Բայց տասներկուսին դատելը չի [նշանակում], թե [առաքյալներն] իբրև դատավոր են նստելու, որովհետև դատաստանը Որդունն է, ինչպես [Նա] ասաց մի տեղ 1030, այլ ինչպես որ հարավից [եկած] տիկնոջ և նինվեացիների մասին է [Տերն] ասում, թե «դատապարտելու են այս ազգին» 1031, այդպես էլ սրանց [մասին է ասում]: Ուստի չասաց` «բոլոր հեթանոսներին», այլ` Իսրայելի ազգին, որովհետև հրեաներն ու առաքյալները նույն օրենքով ու կարգով էին դաստիարակված, սրանք հավատացին, իսկ նրանք հետ քաշվեցին, և որպեսզի չասեին թե` «Այն պատճառով չհավատացինք, որ Օրենք ունեինք», կամ էլ այլք թե` «Բարիք չգործեցինք, որովհետև մարմնավոր էինք», սրանց միջոցով հանդիմանում է նրանց և արժանացնում դատվելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գխլու 19:27