Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:29

Հովհաննես Ծործորեցի

Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:

 

   Եվ ամեն ոք, ով Իմ անվան համար թողեց տունը կամ եղբայրներին, քույրերին, հորը, մորը, կնոջը, որդիներին, ագարակները, հարյուրապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի:

   Ինչպես արդեն ասել ենք, Պետրոսի հարցը միայն իր համար չէր, այլև շատերի, ուստի մեր Տերն [առաքյալների] պատվի մասին խոսելուց հետո այժմ էլ ցույց է տալիս ընդհանուրի հատուցումը: Եվ անորոշաբար է արտահայտվում` ընդհանուր բառով թե`«ամեն ոք, ով թողեց» տունը կամ ընտանիքը, որի [անդամ ներին] թվում է, և ո՛չ մեկ ուրիշ պատճառով, քան Իմ անվան, այսինքն` Ինձ հավատալու,«հարյուրապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի»:Կամ մեկի փոխարեն, որը թողեց` տուն թե եղբայր, հայր, մայր, քույր, հարյուրապատիկը կստանա հանդերձյալ կյանքում` կժառանգի դրախտը և հրեշտակներին բնակակից կդառնա, Հորը մերձակա կլինի, վերին Եկեղեցուն` ազգակից և արդարներին` խմբակից, որոնք, այժմ եղածների հետ բաղդատմամբ, նա հարյուրապատիկով կգտնի անթերի և կատարյալ լինելու պատճառով` ըստ ոչխարի առակի 1032: Ուրեմն` խոսքն ամբողջացմամբ այսպես է հասկացվում, որ մեկի դիմաց հարյուրապատիկը կընդունվի հավիտենական կյանքում, որովհետև այժմ թաղված սերմն աճելով հարյուրապատիկ պտուղ կտա ոմանց: Կամ էլ` հարյուրապատիկ է [Տերն] ասում այժմյան փառքի վայելչությունը` հոգևոր թե մարմնավոր, որպեսզի մերձակա [օրինակներով] հաստատի գալիքը: Որովհետև թողնելով եղեգնյա գրիչն ու ուռկանը` [առաքյալներն] իշխանություն ստացան շատերի վրա և պատիվներ ընդունեցին տներից ու երկրներից, այլև տոնակատարություններ ու գովաբանություն, քանի որ սրբերն այստեղ պատվվում են, այնտեղ էլ պսակվելու են հավիտենական փառքով, ինչպես որ սրանց հակառակորդներն էլ այստեղ տանջվում են և տանջվելու են նաև այնտեղ:

   Նաև` Մարկոսն ասում է. «Չկա մեկը, որ թողեց տուն կամ եղբայր և այս աշխարհում չստանա հարյուրապատիկ տներ, ագարակներ, հայր, մայր և հանդերձյալում էլ հավիտենական կյանքը ժառանգի» (հմմտ. Մարկ. 10։29,30): Եվ հիրավի՛. ով թողեց տուն կամ մյուս բաները, մեկի փոխարեն այստեղ գտնում է հարյուր եղբայր, հայր ու քույր և ի հավելումն սրանց` ժառանգում է հավիտենական կյանքը, սակայն [այս ամենը ձեռք է բերում] հալածանքով:

   [Տերն] անտեղի չէ, որ հրամայում է թողնել ընտանիքի անդամներին, Նա, Ով օրենք հաստատեց պատվել հորն ու մորը և սիրել եղբայրներին, այլ կամենում է, որ ամենքից ավելի արժևորենք աստվածպաշտությունը և ամբողջ սրտով սիրենք [Աստծուն], ինչպես որ այլուր բացահայտորեն ասաց. «Ով հորն ու մորն Ինձնից առավել է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10։37): Կամ էլ սրանով ակնարկում է հալածանքի ժամանակը, որովհետև շատ հայրեր ու մայրեր են աստվածպաշտության ու առաքինության խափանիչ լինում: Ուրեմն` երբ այսպես լինի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո համար թող կինը` կին, հայրը` հայր և [մեր] ամբողջ տոհմը ազգատոհմ չհամարվի [մեզ համար]:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գխլու 19:27