Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-16․ «Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու»։ «Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց»։ «Երրորդ ժամին մոտ դուրս ելնելով՝ նա տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին»։ «Եվ նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ արժան է, ձեզ կտամ»»։ «Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց»։ «Վերջապես, տասնմեկերորդ ժամին մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ»»։ «Նրանք պատասխանեցին նրան. «Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց»։ Նա ասաց նրանց. «Դո՛ւք էլ իմ այգին գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք»»։ «Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները»»։ «Եվ տասնմեկերորդ ժամին եկածները մեկական դինար ստացան»։ «Առաջին ժամին եկածները կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան»։ «Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին»։ «Ու ասացին. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք»»։ «Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. «Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր»»։ «Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ»։ «Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե քո աչքը նախանձում է, որ ես բարի եմ»։ «Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ, որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»։
Ի՞նչ է նշանակում այս առակը։ Սկզբում ասվածը չի համապատասխանում այն մտքին, որն արտահայտվում է հատվածի վերջում, այլ բացահայտում է լիովին հակառակը։ Դրանով Տերը ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ հավասար պարգևներ են ստանում, և չի ասվում, թե ոմանք դուրս են հանվում, իսկ ուրիշները՝ ներս հրավիրվում։ Այլ այս առակից առաջ և հետո Հիսուս ասում էր իրար հակառակ բաներ. «առաջինները վերջին կդառնան, և վերջինները՝ առաջիններ», այսինքն՝ վերջիններն ավելի բարձր կլինեն, քան հենց առաջինները, որոնք այլևս առաջին չեն լինի, այլ վերջին կդառնան։ Իսկ այն, որ այս առակի իմաստը իսկապես սա է, երևում է դրան հաջորդող խոսքերից. «․․․որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»։ Այս խոսքերով Տերը միևնույն ժամանակ և՛ առաջիններին է հանդիմանում, և՛ վերջիններին է մխիթարում ու քաջալերում։ Մինչդեռ պատմվող առակն այդ մասին չի խոսում, այլ միայն ասվում է, որ վերջինները հավասար կլինեն արդեն իսկ փորձված և շատ աշխատած մարդկանց։ «Նրանց հավասար դարձրեցիր մեզ, - ասվում է առակում, - որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք»։ Այսպիսով, ուրեմն ի՞նչ է նշանակում այս առակը։ Հարկավոր է նախ բացատրել այն, և ապա մենք կլուծենք նշված հակասությունը։ Առակում «այգի» են կոչվում Աստծու հրամաններն ու պատվիրանները, աշխատանքի ժամանակամիջոցը՝ ներկա կյանքն է, իսկ բանվորները՝ նրանք, ովքեր տարբեր ձևով կանչվում են Աստծու պատվիրանների կատարման համար։ Իսկ ահա առավոտը, երրորդ, վեցերորդ, իններորդ ու տասնմեկերորդ ժամերը նշանակում են եկածների տարբեր տարիքները և իրենց աշխատանքի համար հավանության արժանացումը։ Բայց գլխավոր գաղափարը հետևյալն է. այն առաջինները, որոնք այդպես փառավորվեցին ու հաճելի եղան Աստծուն և ողջ օրն առանձնահատուկ նախանձախնդրությամբ անցկացրին աշխատանքի մեջ, արդյո՞ք ախտահարված չէին մեծագույն կրքով՝ չարությամբ, նախանձով ու չարակամությամբ։ Տեսնելով, որ իրենցից հետո եկածներն էլ ստացան նույն պարգևը, նրանք ասում էին. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք»։ Այսպես նրանք, ոչ մի վնաս չկրելով և ամբողջովին ստանալով իրենց պարգևը, դժգոհում ու վրդովվում էին այն բանից, որ ուրիշներն էլ են բարիքներից օգտվում, իսկ սա ծագում էր նախանձից ու չարակամությունից։ Բայց ամենակարևորն այն է, որ ինքը՝ Տանտերը, պաշտպանելով վերջիններին և իրեն դիմող մարդու առջև արդարացնելով իր արարքը՝ նրան մեղադրում է չարության ու ծայրահեղ նախանձի մեջ՝ ասելով. «չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ․․․Թե՞ գուցե քո աչքը նախանձում է, որ ես բարի եմ»։ Այսպիսով, ի՞նչ են մեզ ուսուցանում այսպիսի առակները։ Ոչ միայն այս, այլև շատ ուրիշ առակներում կարելի է տեսնել նույնը։ Այդպես, օրինակ, նաև «բարի» որդին հոգեկան նույն ախտի մեջ ընկավ, երբ տեսավ, որ իր անառակ եղբայրը մեծ պատվի արժանացավ, և նույնիսկ ավելի մեծ, քան ինքը։ Ինչպես այգի եկած վերջին բանվորներին մեծ պատիվ ցուցաբերվեց այն բանով, որ նրանք առաջինը ստացան պարգևը, այնպես էլ անառակ որդուն նախապատվություն տրվեց ընծաների առատությամբ, ինչի մասին վկայում է ինքը՝ «բարի» որդին։ Ուրեմն ի՞նչ կարող ենք ասել։ Ա՛յն, որ Երկնքի արքայության մեջ չկա որևէ մի մարդ, որն այսօրինակ վեճեր կհրահրեր ու բողոքներ կբարձրաձայներ, չկա և չի կարող լինել, որովհետև այնտեղ տեղ չկա ո՛չ նախանձի, ո՛չ չարակամության համար։ Երբ սրբերը, որոնք ներկա կյանքում իրենց հոգիները զոհաբերում են մեղավորների համար, այդ նույն մեղավորներին տեսնում են այնտեղ (դրախտում)՝ պատրաստի բարիքները վայելելիս, սրբերն էլ ավելի են ուրախանում, և դա իրենց սեփական երանությունն են համարում։ Այսպիսով, ուրեմն ինչո՞ւ Տերն այսպիսի ձևով ներկայացրեց Իր խոսքը։ Սա առակ է. իսկ առակներում պետք չէ ամեն ինչ բացատրել բառացի իմաստով, այլ, հասկանալով նպատակը, որի համար այն պատմվում է, հարկ է այն մեր օգտին ծառայեցնել, և ոչինչ ավելին պետք չէ անել։ Եվ ինչո՞ւ է այս առակն այսպես պատկերվում, ու ո՞րն է դրա նպատակը։ Այս պատկերագրությամբ Հիսուս կամենում է ավելի նախանձախնդիր դարձնել ա՛յն մարդկանց, որոնք խորին ծերության մեջ փոխում են իրենց կենսակերպը և ավելի լավն են դառնում՝ այդպիսով նրանց ազատելով ա՛յն կարծիքից, թե իբր իրենք Երկնքի արքայության մեջ մյուսներից ավելի ցածր են լինելու։ Տերը ներկայացնում է, որ առաջինները տրտմությամբ են նայում վերջիններին տրված բարիքներին ո՛չ թե այն բանի համար, որպեսզի ցույց տա, թե առաջինները հալվում ու տանջվում են նախանձից, բնա՛վ, ո՛չ, այլ որպեսզի հավաստիացնի, թե ուշ դարձի եկածներն էլ կարող են արժանանալ այնպիսի պատվի, որը կարող է մյուսների համար նախանձելի թվալ։ Հաճախ մենք ինքներս էլ այդպես ենք վարվում՝ ասելով. «Նա ինձ մեղադրում է այն բանի համար, որ ես քեզ արժանացրի նման պատվի», և դա ասում ենք ո՛չ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը մեզ իսկապես մեղադրում է, կամ թե՝ քանի որ մենք ցանկանում ենք ինչ-որ մեկին զրպարտել, այլ որպեսզի այդպիսով ցույց տանք ա՛յն ընծայի մեծությունը, որին դիմացինն արժանացել է։ Բայց ինչո՞ւ Տանտերը բոլորին անմիջապես չվարձեց։ Որքան կարող էր՝ կանչում էր բոլորին, իսկ այն, որ ոչ բոլորն էին անմիջապես հնազանդվում Նրան, դա արդեն կախված էր կանչվածների կամքից։ Ահա թե ինչու Տանտերը ոմանց կանչում է առավոտյան, ուրիշներին՝ երրորդ, ոմանց՝ վեցերորդ, ոմանց էլ՝ իններորդ ժամին, իսկ ոմանց՝ նույնիսկ տասնմեկերորդ ժամին՝ կախված նրանից, թե ով երբ էր պատրաստ Իրեն հնազանդվելու։ Սա բացատրում է նաև Պողոսը՝ ասելով. «Երբ կամեցավ Աստված (Նա ընտրել էր ինձ իմ մոր որովայնից և կոչեց Իր շնորհների միջոցով» (Գաղ. 1:15)։ Իսկ ե՞րբ կամեցավ։ Ա՛յն ժամանակ, երբ Պողոսը պատրաստ էր Քրիստոսին հնազանդվելու։ Աստված Ինքը սկզբից ևեթ կամենում էր դա, բայց քանի որ Պողոսը դեռ չէր հնազանդվի Իրեն, ուստի Նա ա՛յն ժամանակ բարեհաճեց կանչել առաքյալին, երբ վերջինս ինքն էլ պատրաստ էր Փրկչին հնազանդվելուն։ Հիսուս այսպես կանչեց նաև ավազակին։ Կարող էր և ավելի վաղ կանչել նրան, բայց այդ ժամանակ ավազակը չէր հնազանդվի Իրեն։ Եթե Պողոսը սկզբում չէր հնազանդվի Իրեն, ապա առավել ևս՝ ավազակը։ Ինչ վերաբերում է բանվորների այն խոսքերին, թե՝ «ոչ ոք մեզ չվարձեց», ապա ես արդեն նշել եմ այն ընդհանուր գաղափարը, որ առակներում ամեն ինչի վրա չպիտի ուշադրություն դարձնել։ Իսկ այստեղ սա հարկավոր չէ նաև այն պատճառով, որ խոսողը ոչ թե ինքը՝ Տանտերն է, այլ՝ աշխատավորները։ Նա չի հանդիմանում նրանց, որպեսզի հուսահատության չմղի, այլ որպեսզի նրանց դեպի Իրեն ձգի։ Իսկ այն, որ Նա առաջին իսկ ժամին կանչեց ամենքին, ում կարող էր, սա երևում է նաև բուն առակից, որում ասվում է, թե «վաղ առավոտյան դուրս եկավ․․․վարձելու»։
Այսպիսով, ամեն ինչից երևում է, որ այս առակը ասված է թե՛ նրանց համար, ովքեր իրենց կյանքի առաջին շրջանում են, թե՛ նրանց, ովքեր ծերության տարիքում են ու ավելի ուշ սկսեցին առաքինի կյանքով ապրել։ Առակն առաջինների համար է, որպեսզի նրանք չհպարտանան և չհանդիմանեն նրանց, ովքեր եկան տասնմեկերորդ ժամին, իսկ վերջինների համար է, որպեսզի նրանք գիտենան, որ կարճ ժամանակում էլ կարելի է ամեն ինչ ձեռք բերել։ Քանի որ ավելի վաղ Տերը խոսում էր մեծ նախանձախնդրության, ունեցվածքից հրաժարվելու և երկրային ամեն բան արհամարհելու մասին, իսկ դրա համար հարկավոր է մեծ արիություն ու երիտասարդական նախանձախնդրություն, ուստի և, ունկնդիրների մեջ սիրո հուրը վառելու և կամքն ամուր դարձնելու համար, Քրիստոս ցույց է տալիս, որ ավելի ուշ եկածները նույնպես կարող են ստանալ ողջ օրվա պարգևը։ Սա, ի դեպ, Տերը բառացիորեն չի ասում, որպեսզի այս վերջինները նույնպես չհպարտանան, այլ ցույց է տալիս, որ ամեն ինչ կախված է Իր մարդասիրությունից, որի համաձայն՝ վերջինները չեն մերժվի, այլ մյուսների հետ կարժանանան անպատում բարիքների։ Եվ հենց սա է սույն առակի գլխավոր նպատակը։ Իսկ որ վերջում Հիսուս ավելացնում է՝ «այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ, որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները», դրանում դու մի՛ զարմացիր։ Նա սա ասում է ոչ թե որպես առակից բխած եզրահանգում, այլ միայն հաստատում է, որ ինչպես կատարվեց մեկը, այնպես կկատարվի նաև մյուսը։ Այս առակում առաջինները վերջին չդարձան, այլ բոլորը ստացան մեկ պարգև՝ ամեն մի հույսից ու ակնկալիքից էլ վեր։ Բայց ինչպես այստեղ, ակնկալիքից ու հույսից վեր, կատարվեց ա՛յն, որ վերջինները հավասարվեցին առաջինների հետ, այնպես էլ կկատարվի մեկ այլ, ավելի մեծ ու ավելի զարմանալի մի բան, այսինքն՝ վերջինները կհայտնվեն նույնիսկ առաջինների առջևում, իսկ առաջինները նրանցից հետ կմնան։ Այսպիսով, մեկն արտահայտվում է առակի միջոցով, մյուսը՝ վերջաբանի։ Ինձ թվում է, թե Հիսուս այստեղ մատնանշում է հրեաներին և հավատացյալներից նրա՛նց, ովքեր, սկզբում առաքինությամբ փայլելով, այնուհետև անհոգության են մատնվում և կրկին վերադառնում են իրենց արատներին։ Սա հավասարապես վերաբերում է նաև նրա՛նց, ովքեր, անօրենությունից հեռանալով, իրենց առաքինություններով գերազանցում են շատերին։ Եվ, իսկապես, մենք ականատես ենք լինում, որ այսպիսի փոփոխություններ պատահում են և՛ հավատքի մեջ, և՛ մարդկային կենսակերպում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու:
Որովհետև երկնքի արքայությունը նման է տանտեր մարդու, ով առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու:
Առակի բովանդակությունը թույլ չի տալիս ըստ ամենայնի ամբողջական մեկնություն տալ, այլ միայն մտքի առաջնորդ է լինում: Ուստի մենք էլ դա՛ կանենք` հետամուտ կլինենք այս խոսքերին. թերևս ըստ մեր կարողության բացատրել հաջողենք: Արդ` [Տերը] «տուն» է անվանում այս աշխարհը և այս տան տեր` սրա Արարչին` ըստ առաքյալի. «Մովսեսը հավատարիմ [էր] Նրա տան մեջ» (հմմտ. Եբր. 5): Եվ Որդին [նույնպես] այս աշխարհի տան տերն է, որովհետև ինչպես այլուր Իրեն «մեծահարուստ» անվանեց, իշխանության տակ եղածներին «տնտես» կոչեց (Ղուկ. 16:1-8), այստեղ էլ [Իրեն] «տանտեր» և [նրանց] «մշակ» է կոչում: «Առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու»: «Առավոտ» է կոչում կամ արարչության սկիզբը, երբ ստեղծվեց լույսը, փարատվեց խավարը և Ադամն [աստվածային] օրենքով վարձվեց դրախտում, կամ Ադամից մինչև Նոյ [ընկած ժամանակաշրջանը], քանի որ աշխարհի սկիզբն էր, կամ Իր առաջին գալուստը, որ իբրև առավոտ բացվեց մեզ համար Օրենքի ու մեղքերի գիշերվա նսեմությունից հետո, ուստի փեսայի նմանությամբ, այսինքն` մարմնավոր գեղեցկությամբ, ելավ արևելքից` Հորից, և երևալով լուսավորեց մեզ: Կամ էլ [«առավոտ» է կոչում] յուրաքանչյուր մարդու գոյանալն ու աշխարհ գալը ծննդյամբ: Իսկ «այգի» [է կոչում] Օրենքի հրամանները կամ ժողովրդին` ըստ մարգարեի. «Այգի եղավ.... [զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է]» (Ես. 5։1, 7), այլև սուրբ Եկեղեցին, որից բխեցնում է , երկհամ զմայլեցուցիչ գինին, որ կարող է ուրախացնել թե՛ երկնավորներին, թե՛ երկրավորներին:
«Մշակ» [է կոչում] արդարներին, որ ժողովրդին առաջնորդ եղան, կամ էլ ընդհանրապես մարդկանց, որ ի սկզբանե մինչև աշխարհի վախճանը կանչվում են դեպի [աստվածային] օրենքը, և սա` ո՛չ առանց վարձի: Բայց վարձ է նախ` հենց ինքը [աստվածպաշտության] նահատակությունը, որովհետև ով ցուցաբերի այն, կփրկվի նրանով:
Երկրորդ` այն հարյուրապատիկը, որ ընդունում են օրենքը կատարողները, ինչպես որ հին Իսրայելը պարգևված երկիրը ժառանգեց, և բոլոր սրբերը` մարդկանցից մեծարումը:
Երրորդ` մշտնջենավոր կյանքի վայելչությունը` ըստ այսմ. «Ձեր վարձը շատ է երկնքում» (Մատթ. 5։12):
Չորրորդ` ճշմարիտն ասելը բանական հոգու պայծառությունն է, որը [Տերը] «դահեկան» է կոչում, որովհետև բոլոր օրենքները հաստատվեցին այն նպատակով, որ [մարդկային] հոգու աղտեղված պատկերը վերստին ձուլեն և Աստծով կատարյալ ցույց տան մարդուն:
Եվ հինգերորդ` [վարձ է] յուրաքանչյուր առաջնորդի կամ մարդու կամքն ու դիտավորությունը, երբ հոգևոր կամ մարմնավոր բարիք է խնդրում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու:
«Աստծու արքայությունը նման է մի տանտիրոջ»:
Աստվածային գրքերում Աստված մարդ է կոչվում բազում [անգամ], Աստծու Որդու՝ մարդկային կերպարանք առնելու պատճառով: Նա նաև այս տան Տանուտերն է, որի մասին առաքյալն ասում է. «Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան վրա, իսկ Քրիստոս՝ իբրև Որդի, իր տան վրա, և նրա տունը հենց մենք ենք» (Եբր. 3։5-6):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-16. «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու: Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին: Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում: Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»: Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց: Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»: Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»: Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ: Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան: Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»: Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»: Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:
Վերջինի և առաջինի փոխադարձ փոխանակության սկզբունքն առիթ է ընծայում, որ Հիսուս մի առակ պատմի՝ այն ավելի լավ բացատրելու համար: Մի տանուտեր այգի ուներ: Այգին փորելու ժամանակն է գալիս, մշակներ են անհրաժեշտ: Առավոտ շուտ դուրս է գալիս հրապարակ և քանի մշակ որ պետք է, օրական մեկ դահեկանի (մեր դրամով՝ 3 ղուրուշի) վարձ է սակարկում և ուղարկում այգի՝ աշխատելու: Երկրորդ պահին կամ ժամը երեքին նորից դուրս է գալիս հրապարակ և տեսնում պարապ կանգնած մշակների: «Ինչու՞ գործի չեք գնացել, ինչու՞ եք պարապ ժամանակ անցկացնում»,-հարցնում է: Նրանք էլ պատասխանում են. «Առավոտից եկել ենք, բայց փնտրող չեղավ, մնացինք անգործ»: «Լավ,-ասում է տանուտերը,- քանի որ աշխատելու նպատակ ունեք, ձեր պարապ մնալն էլ ձեզնից չէ, գնացեք իմ այգին, աշխատեք և ձեզ հարմար կվճարեմ»: Մարդիկ խոսքը երկու չեն անում, թե որքան պետք է լինի հարմար վճարումը, չեն հարցնում և գնում են այգին՝ աշխատելու: Երրորդ պահին՝ ժամը վեցին, նույն տանուտերն այստեղ-այնտեղ շրջելիս հանդիպում է պարապ մնացած մշակների. նրանց հետ էլ նույն խոսակցությունն է անում և վերջապես նրանց էլ է ուղարկում իր այգին՝ աշխատելու: Նույնը կրկնվում է չորրորդ պահի սկզբին, այսինքն՝ ժամը իննին և նույնիսկ չորրորդ պահի կեսն անցնելուց հետո, օրն ավարտելու մոտ, ժամը տասնմեկին, նորից տանուտերը քաղաքում շրջելու ժամանակ պարապ մշակներ է տեսնում և նրանցից էլ նույն պատասխանն ստանալով, ուղարկում է իր այգին՝ աշխատելու: Նրանք էլ են գնում առանց հարցնելու, թե ժամվա համար որքա՞ն է վարձատրելու իրենց:
Մթնում է, գործերը դադարում են և տարբեր ժամերին եկածները միասին վերջացնում են աշխատանքը. բայց նրանց մեջ 12, 9, 6, 3 և 1 ժամ աշխատող և հինգ տեսակ աշխատանքի իրավունք ունեցող մշակներ կան: Ագարակի տեսուչը, Ավետարանի բառով՝ գավառապետը, հարցնում է տանուտերին, թե ի՞նչ համեմատությամբ պետք է վճարի օրականները: «Բոլորին էլ, -ասում է տանուտերը,- սովորական դահեկանը հավասարապես կտաս, խեղճերի պարապ ժամանակ անցկացնելը իրենց հանցակից չէ, թո՛ղ օգտվեն. միայն թե վճարումը վերջիններից սկսի՛ր»: Անշուշտ, այս վերջին պայմանը ավելացված է առակին ուժ տալու համար, որպեսզի երևան գա սակարկողների հանդեպ բռնած ընթացքը:
Տեսուչը դահեկանն սկսում է տալ ժամը 11-ին եկողներից, որ միայն մեկ ժամ էին աշխատել: Նույնն են ստանում նաև 3, 6 և 9 ժամ աշխատողները: Հերթը հասնում է 12 ժամ աշխատողներին: Երբ նրանց էլ է տրվում սակարկված դահեկանը, սկսում են տրտնջալ. «Մենք ամբողջ օրը աշխատեցինք, հոգնեցինք, ցերեկվա սաստիկ արևն էլ տարանք, շատ գործ արեցինք, իսկ մեզնից հետո եկողները մեր չափ չաշխատեցին և մեր չափ չհոգնեցին, մանավանդ վերջում եկած և երեկոյան զովին աշխատողները: Ինչու՞ մենք էլ նրանց նման մի դահեկան պետք է ստանանք»: Տանուտերը, որ գիտեր, թե ինչ պետք է ասի և մոտ կանգնած, հարմար առիթի էր սպասում, մոտ է կանչում տրտնջացողների գլխավորներից մեկին և ասում. «Եղբայր, ի՞նչ սակարկություն արեցի քեզ հետ. դու մեկ դահեկան ուզեցիր, ահա ստանում ես դահեկանը, ավելին պահանջելու իրավունք չունես, որևէ բանից չես զրկվում, պահանջդ ա՛ռ, ձայնդ կտրի՛ր ու գնա՛: Ինչ որ ուրիշին եմ տալիս քոիմանալու բանը չէ, դա իմ կամքից է կախված, դրամն իմն է, գործը՝ իմը, մի՞թե իշխանություն չունեմ իմ դրամի վրա, կամ մի՞թե տեր չեմ իմ գործն ինքս կարգադրելու, ինչու՞ ես գեշ աչքով նայում իմ արածին, մի՞թե իմ առատաձեռնությունը կարող է քո չար աչքի պատճառը լինել»: Առակն այստեղ վերջանում է: Անշուշտ, տրտնջացող մշակները ոչինչ չկարողացան պատասխանել, ձայները կտրեցին, դրամն առան և հեռացան:
Ավետարանի բարոյական իմաստն այն է, թե տիեզերքի տանուտերը՝ Աստված, չի մեղադրում այն մարդուն, ով առանց իր հանցանքի անկատար է, մանավանդ, երբ այդպիսիների հանդեպ ողորմած է գտնվում՝ նրանց պակասն իր գթությամբ լրացնելու:
Սակայն Հիսուսի նպատակում Ավետարանական իմաստ էլ կա: Սակարկող և գործը վաղ սկսած մշակները Հին Օրենքի մարդիկ են, որոնց հետ Աստված Մովսեսի միջնորդությամբ դաշինք կնքեց և ուխտ հաստատեց: Իսկ մի պահ անգործ մնացող մշակները հեթանոսներն են, որոնց հետ կնքված չէր աստվածային ուխտը և այգուց դուրս էին մնացել, բայց երբ տեսնում են տանուտերին և գործի առիթը բացվում է, շտապում են հետզհետե իրենց պարտքը կատարելու: Աստված նրանց հանդեպ գթասիրտ է գտնվում, նրանց էլ արժանացնելով այն շնորհին, որին արժանացել էին Հին Ուխտի մարդիկ: Այսպես՝ վերջինները հավասարվում են առաջիններին, մինր առաջիններն էլ նույնանում են վերջիններին: «Եղիցին առաջինք յետինք, եւ յետինք առաջինք» ասածը՝ վերևում Ավետարանի հետևողների հարցում, առաջինների ստորին լինելը և վերջինների բարձրացումն է ցույց տալիս, իսկ այստեղ՝ առաջիններիև վերջինների փոխադարձաբար միմյանց նմանվելն ու հավասարվելն է ցույց տալիս: Իսկ «Բազումք են կոչեցեալք եւ սակաւք են ընտրեալք» ասածը, պատմված առակի հետ բաղդատելով, այն իմաստն է տալիս, թե սրանք ամենքը, որ վարձի արժանացան «ընտրեալ» են և թե որևէ ժամվա մեջ Ավետարանի այգում աշխատության կոչեցալները շատ են: Բոլոր աշխարհը հրավիրված է, բայց դժբախտաբար բոլորը չեն ներկայանում, չեն աշխատում, վարձի չեն արժանանում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: