Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որը նրանք տեսել էին արևելքում, ընթացավ նրանց առջևից, մինչև որ վերջապես եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ Մանուկն էր»։
   
    Սկսենք Քրիստոսի աստղի մասին խոսելուց։ Եթե մենք իմանանք, թե դա ի՞նչ աստղ էր, և արդյո՞ք այն սովորական աստղ էր, թե՞ տարբերվում էր մյուսներից, արդյո՞ք իսկական աստղ էր, թե՞ միայն տեսքով էր աստղի նման, ապա այդժամ մնացած ամեն ինչ հեշտությամբ կկարողանանք հասկանալ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ այդ ամենի մասին: Բուն Սուրբ Գրքից:
    Այն, որ աստղը սովորական չէր և նույնիսկ աստղ էլ չէր, այլ, ինչպես ինձ է թվում, աստղի կերպարանք ստացած մի ինչ-որ անտեսանելի զորություն, առաջին հերթին ապացուցվում է հենց նրա շարժման ուղղությամբ։ Չկա և չի կարող գոյություն ունենալ այնպիսի մի աստղ, որը կարող էր ընթանալ այդպիսի ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ թե´ արևը, թե´ լուսինը և թե´ մնացած բոլոր աստղերը արևելքից դեպի արևմուտք են շարժվում, իսկ այս աստղն ընթանում էր հյուսիսից դեպի հարավ. հենց այդպիսի դիրքում էր գտնվում Պաղեստինը` Պարսկաստանի հետ հարաբերակցությամբ դիտարկելիս:
    Երկրորդ հերթին, աստղի` նորահայտ զորություն լինելու միևնույն փաստն ապացուցում է նաև հենց աստղի երևալու ժամանա´կը, քանի որ աստղը հայտնվում է ոչ թե գիշերը, այլ կեսօրին, երբ արևը շողում է` մի երևույթ, որը բնորոշ չէ ո´չ միայն աստղին, այլ նաև` լուսնին։ Չնայած որ լուսինը բոլոր աստղերից ավելի մեծ է, սակայն երբ արևի լույսը հայտնվում է, այդժամ լուսինն անմիջապես թաքնվում և դառնում է անտեսանելի: Մինչդեռ Քրիստոսի աստղն իր գերազանց պայծառությամբ հաղթահարում է նույնիսկ արևի լույսը` արևից էլ առավել պայծառ լինելով, և արևը որքան էլ փայլուն լիներ, Քրիստոսի աստղը արևից ավելի պայծառ էր շողում:
    Երրորդ հերթին, այդ իրողությունն ապացուցվում է նրանով, որ աստղը մեկ հայտնվում է, մեկ էլ հանկարծ` դարձյալ անհետանում։ Երբ մոգերը գնում էին դեպի Պաղեստին, այդժամ աստղը երկնքում տեսանելի էր և նրանց ցույց էր տալիս ճանապարհը, իսկ երբ մոգերը մտան Երուսաղեմ, աստղն անհայտացավ: Եվ հետո, երբ նրանք Հերովդեսին ասացին, թե ինչու էին եկել Երուսաղեմ, ու այնուհետև հեռացան նրա մոտից և պատրաստվում էին ճանապարհ ընկնել, աստղը կրկին երևաց երկնակամարում։ Սա արդեն ոչ թե մի սովորական աստղի, այլ միանգամայն գիտակից մի զորության շարժում է։ Այդ զորությունը չուներ իր հստակ ուղին, սակայն երբ կարիք էր լինում կանգ առնել, այն կանգ էր առնում` ըստ ամենայնի կազմակերպելով մոգերին դեպի Փրկիչն առաջնորդելու գործը, ինչպես մի ժամանակ ամպի սյունն էր առաջնորդում հրեա ժողովրդին, և երբ ամպը կանգ էր առնում, նրան զուգընթաց դադար էր առնում նաև հրեաների բանակը, իսկ երբ անհրաժեշտություն էր լինում առաջ շարժվելու, ամպը դարձյալ առաջ էր ընթանում, և հրեաներն էլ հետևում էին ամպի ընթացքին:
    Չորրորդ, աստղի զորության մասին պարզորոշ վկայում է նաև հենց այն եղանակը, որով աստղը ցույց էր տալիս Մանկան ծնվելու վայրը։ Աստղը Հիսուսի Ծննդյան վայրը մատնացույց չարեց երկնքի բարձունքներից, քանի որ այդ դեպքում մոգերը չէին կարողանա հստակորեն զատորոշել այդ վայրը, ուստի Փրկչի Ծննդյան քարայրը մատնանշելու համար աստղը ցած իջավ երկնքից: Դուք ինքներդ էլ գիտեք, որ սովորական աստղն անկարող է ցույց տալ այնպիսի փոքր չափեր զբաղեցնող մի տարածություն, ինչպիսին այն մսուրն էր, որում գտնվում էր Նորածնի փոքրիկ մարմինը: Քանի որ աստղերը գտնվում են անչափելի մի բարձրության վրա, ուստի եթե մոգերին առաջնորդող աստղն էլ միայն մի սովորական աստղ լիներ, անկարող կլիներ այդքան փոքր տրամագծով նշել ու ցույց տալ համապատասխան տարածությունը, որը մոգերը փնտրում էին։ Ասվածի ճշմարտացիության մեջ համոզվելու համար յուրաքանչյուր ոք էլ կարող է դիտարկել լուսնի օրինակով: Լուսինը, աստղերից շատ ավելի մեծ լինելով, տիեզերքում ապրող ու երկրագնդի ողջ լայնությամբ սփռված յուրաքանչյուր բնակչի աչքին շատ մոտ է թվում: Ուրեմն ասա´ ինձ, աստղն ուրիշ ինչպե՞ս կարող էր մատնանշել քարայրի և մսուրի զբաղեցրած այդքան փոքր տարածքը, եթե միայն «չթողներ» բարձունքները, ներքև չիջներ ու չկանգներ Մանկան անմիջապես գլխավերևում։
    Ավետարանիչը նույնպես հենց այս մասին է պարզորոշ վկայում, երբ ասում է. «Եվ ահա այն աստղը, որը նրանք տեսել էին արևելքում, ընթացավ նրանց առջևից, մինչև որ վերջապես եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ Մանուկն էր»: Տեսնո՞ւմ ես, թե որքան ապացույցներ կան այն մասին, որ այս աստղն իրականում արտասովոր է եղել, այլ ոչ թե գործել է բնության ընդհանուր օրենքների համաձայն։
    Սակայն այդ աստղն ինչո՞ւ հայտնվեց երկնակամարում: Ա´յն բանի համար, որպեսզի որպես անառարկելի մեղադրանք ուղղվի անզգա հրեաների դեմ և նրանց՝ այդ երախտամոռներին, զրկի արդարանալու ցանկացած հնարավորությունից։ Չէ՞ որ Քրիստոսի գալստյան նպատակն էր վերացնել մարդկային կյանքում նախկինում տիրապետող օրենքներն ու համայն տիեզերքին ուղղորդելու երկրպագել իրեն, և այդ երկրպագությունն ընդունել թե´ ցամաքի վրա բնակվողների, և թե´ ծովում ապրողների կողմից: Ահա թե ինչու Քրիստոս սկզբից ևեթ դուռը բաց է անում հեթանոսների առաջ՝ այդպիսով կամենալով օտարների միջոցով ուսուցանել Յուրայիններին (նրա´նց, ովքեր պատկանում են Իրեն):
    Եվ քանի որ հրեաները, շարունակաբար լսելով հանդերձ, թե մարգարեներն ինչպես են հռչակում Քրիստոսի գալստյան մասին, այդուամենայնիվ առանձնահատուկ ուշադրություն չէին դարձնում այդ կանխասացությանը, ուստի Տերը հեթանոսների´ն (բարբարոսներին) է ներշնչում հեռավոր երկրներից գալ և տեղեկանալ հրեաների նորածին Թագավորի մասին: Ու այդպիսով, հրեաները նախ պարսիկների´ց են իմանում այն, ինչը չէին ցանկանում ուսանել մարգարեներից։ Աստված այդ կերպ վարվեց, որպեսզի այդպիսով հրեաներին հայտներ ամենավստահելի միջոցը՝ Քրիստոսի գալստյան վերաբերյալ կանխասացության մեջ համոզվելու համար, եթե իհարկե նրանք (հրեաները) խելամիտ գտնվեին այդ հարցում, իսկ ահա եթե շարունակեին համառել իրենց թերահավատության մեջ, ապա մոգերի կողմից բացահայտված Հայտնությունը նրանց բոլորովին պիտի զրկեր ամեն տեսակի արդարացումից:
        Իսկապես, իրենք իրենց արդարացնելու համար հրեաներն ի՞նչ փաստարկ կարող են բերել` այն բանից հետո, երբ մարգարեական այդքան վկայություններ ունկնդրելով` այդուամենայնիվ հրաժարվեցին ընդունել Քրիստոսին: Հրեաները Քրիստոսին չընդունեցին` տեսնելով հանդերձ, թե ինչպես մոգերը գեթ աստղի երևումով ընդունեցին Նրան և երկրպագեցին նորածին Փրկչին։
    Այսպես, Աստված մոգերի հետ վարվեց այն նույն ձևով, ինչպես ժամանակին վարվել էր նինվեացիների հետ` վերջիններիս մոտ ուղարկելով Հովնանին, այլև այն նո´ւյն եղանակով, ինչպես սամարացի կնոջ և քանանացի կնոջ հետ էր վարվել: Ահա թե ինչու է ասվում. «Նինվեացիները դատաստանի ժամանակ պիտի դուրս գան այս սերնդի դեմ և պիտի դատապարտեն նրան», և թե` «հարավի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գա այս սերնդի դեմ և պիտի դատապարտի նրան»` այդ սերնդին (հմմտ. Մատթ. 12:41-42), քանի որ նրանք (վերոհիշյալ հեթանոսները) հավատացին փոքրին, իսկ հրեաները չհավատացին նույնիսկ մեծին:
    Դու կարող ես հարցնել, թե Աստված ինչո՞ւ այդօրինակ երևումով մոգերին առաջնորդեց դեպի Քրիստոս։ Իսկ ուրիշ ինչպե՞ս պետք է դա լիներ։ Մարգարենե՞ր ուղարկեր: Բայց չէ՞ որ մոգերը մարգարեներին չէին ընդունի: Վերևից (երկնքից) հնչող ձայնի միջոցո՞վ հայտներ Փրկչի Ծննդյան լուրը։ Սակայն նրանք ուշադրություն չէին դարձնի այդ ձայնին։ Հրեշտա՞կ ուղարկեր: Բայց այդ հրեշտակի´ն էլ չէին լսի։ Ուստի և Աստված, մի կողմ թողնելով այդպիսի միջոցները, Իրեն հատուկ խոնարհությամբ մոգերին կանչելու համար գործածում է այն եղանակը, որը նրանց ավելի ծանոթ էր. Տերը ցույց է տալիս մեծ ու արտասովոր մի աստղ, որպեսզի այն մոգերին հիացմունք պատճառի թե´ իր մեծությամբ, թե´ իր գեղեցիկ տեսքով և թե´ իր ոչ բնական ուղեծրով։ Այս եղանակն ընդօրինակելով՝ Պողոս առաքյալը նույնպես, երբ բանավիճում է հույների հետ, զոհասեղանի մասին խոսելով` վկայություններ է բերում հույն բանաստեղծների ստեղծագործություններից, իսկ երբ քարոզում է հրեաներին, այդժամ խոսում է թլփատության մասին, և Օրենքի տառի համաձայն ապրողներին հասցեագրված իր ուսուցումը սկսում է զոհաբերությունների մասին խոսելով։ Քանի որ յուրաքանչյուր ոք սիրում է այն, ինչին սովոր է, ուստի դրան են հակվում նաև Աստված և այն մարդիկ, որոնք Աստծո կողմից ուղարկվել են այս աշխարհ` փրկագործությանը մասնակից դառնալու համար։
   Ուրեմն մի՛ կարծիր, թե Աստծուն վայել չէ աստղի միջոցով մոգերին կանչելը, հակառակ դեպքում ստիպված կլինես մերժել հրեական ամեն սովորույթ՝ և՛ զոհաբերությունները, և՛ մաքրագործման ծիսակատարությունները, և՛ ամսամուտների տոները, և՛ տապանը, և՛ հենց Տաճարը, քանի որ այս բոլորը Տիրոջ «թույլատրության» շրջանակի մեջ էին ներմուծվել հրեաների հեթանոսավայել խստասրտության պատճառով: Ահա թե ինչու Աստված, հանուն մոլորվածների փրկության, Իրեն հասցեագրված երկրպագության մեջ, փոքր-ինչ փոփոխություններով, «հանդուրժում» է նաև պաշտամունքի այն կերպերը, որոնցով հեթանոսները սպասավորում էին դևերին. սրա նպատակն էր, Իրեն հավատացողներին հետզհետե շեղելով իրենց հեթանոսական սովորություններից, առաջնորդել դեպի վսեմագույն Իմաստությունը: Տերը նույն կերպ վարվեց նաև մոգերի հետ՝ պատշաճ նկատելով նրանց կանչել աստղի երևումի եղանակով, որպեսզի հետագայում կարողանար նրանց արժանի դարձնել Վսեմագույնին։ Տերը, Որը սկզբում մոգերին խրախուսում էր առաջ ընթանալ և առաջնորդում էր նրանց ճանապարհը, մսուրի առջև Փրկչի հետ նրանց «հանդիպումը» կազմակերպելուց հետո այդ նույն մոգերին արդեն իսկ առաջնորդում է ոչ թե աստղի, այլ հրեշտակի´ միջոցով: Այդպիսով մոգերը հետզհետե բարձրանում էին դեպի Գերագույնը։
    Աստղը թաքնվեց, որպեսզի մոգերը, իրենց ուղեցույցը կորցնելով, ստիպված լինեին հարցուփորձ անել հրեաներին, և այդպիսով իրադարձությունը հայտնի դարձավ ամենքի համար։ Երբ մոգերը հարցուփորձ արեցին և Մանկան մասին տեղեկացան հենց Նրա թշնամիներից, աստղը նորից հայտնվեց նրանց (մոգերին): Տե´ս, թե ինչպիսի հրաշալի կարգավորվածություն է տիրում այստեղ: Այն բանից հետո, երբ աստղը հեռացել էր մոգերի տեսադաշտից, նրանք ընդունելության արժանացան հրեա ժողովրդի ու նրանց թագավորի կողմից: Ապա մեջբերվեցին մարգարեի խոսքերը՝ մոգերի տեսիլքը բացատրելու համար: Իսկ այդուհետև հրեշտակը մոգերին դարձյալ ուսուցանեց ամեն բան, և նրանք Երուսաղեմից գնացին Բեթղեհեմ` հետևելով աստղի ընթացքին։ Աստղը նորից ուղեկցում էր մոգերին, և սա դարձյալ քեզ ապացուցում է, որ այս աստղը սովորական աստղերից մեկը չէր։ Այն պարզապես չէր շարժվում, այլ ուղղորդո´ւմ էր մոգերին՝ օրը ցերեկով, ասես իր գիրկն առած, առաջնորդելով նրանց։
   Սակայն դու կհարցնես, թե ի՞նչ կարիք կար, որ աստղը առաջնորդեր մոգերին` այն դեպքում, երբ Մանկան Ծննդյան տեղն արդեն իսկ հայտնի էր դարձել։ Դա նպատակ էր հետապնդում մատնացույց անելու հենց Փրկիչ-Մանկանը, որովհետև այլ կերպ հնարավոր չէր լինի ճանաչել Նրան, քանի որ ո´չ կոնկրետ տունն էր հայտնի, և ո´չ էլ Նրա մայրը փառավոր կերպարանքով նշանավոր մի կին էր: Այս իսկ պատճառով էլ մոգերին անհրաժեշտ էր մի աստղ, որը կուղեկցեր նրանց ուղիղ դեպի այդ վայրը: Ահա թե ինչու, երբ մոգերը Երուսաղեմից հեռանում են, աստղը հայտնվում է նրանց և կանգ չի առնում այնքան ժամանակ, քանի դեռ մոգերը չեն հասնում մսուրին: Այստեղ հրաշքը միաձուլվում է հրաշքին….
    Այստեղ երկու իրադարձություններն էլ լեցուն են հրաշքով. թե´ այն, որ մոգերը երկրպագում են Մանկանը, և թե´ այն, որ աստղն է առաջնորդում նրանց: Այս ամենը դիպչում է նույնիսկ ամենակարծր սրտերին: Եթե մոգերն ասեին, որ իրենք լսել էին դրա վերաբերյալ մարգարեների հռչակած մարգարեությունը, կամ թե` հրեշտակներն էին մի հատուկ հայտնությամբ նրանց հայտնել այդ մասին, ապա դեռևս կարելի էր չհավատալ նրանց. սակայն ի վերուստ շողացող աստղի պայծառությունն այժմ նույնիսկ ամենաանամոթների շուրթերն է ըմբերանում: Այնուհետև աստղը, հասնելով Մանկանը, դարձյալ կանգ է առնում։ Եվ սա վերստին վկայում է, որ այստեղ ավելի մեծ մի զորություն է գործում, քան դա կարող էր բնորոշ լինել սովորական աստղերին, քանի որ միայն այսպիսի արտասովոր աստղին էր բնորոշ երբեմն թաքնվելը, երբեմն էլ` դարձյալ հայտնվելը, իսկ հայտնվելուց հետո էլ` կանգ առնելը։
    Այս ամենը նպաստեց, որ մոգերն էլ առավել ամրապնդվեին իրենց հավատքի մեջ և ցնծային ա´յն բանի համար, որ գտել էին իրենց փնտրածը, որ դարձել էին ճշմարտության ավետաբերները, որ իզուր չէին ձեռնարկել իրենց այդքան երկար ճանապարհորդությունը։ Ահա թե որքան զորեղ էր Քրիստոսի հանդեպ նրանց սերը: Աստղը, մոտենալով, կանգ առավ Մանկան հենց գլխավերևում՝ դրանով իսկ ցույց տալով Փրկչի աստվածային ծագումը։ Եվ կանգ առնելով՝ աստղը երկրպագության համար Մանկան առջևխոնարհեցրեց ո´չ միայն պարզ հեթանոսներին, այլ նրանցից ամենաիմաստուններին: Տեսնու՞մ ես, որ աստղն իզուր չէր հայտնվել երկնակամարում։ Մոգերը թե՛ մարգարեությունը լսելու ժամանակ և թե՛ քահանայապետներից ու դպիրներից այդ մարգարեության բացատրությունը լսելուց հետո էլ ուշի ուշով հետևում էին այդ աստղին։
    Ահավասիկ, թող ամաչի Մարկիոնը, թող ամաչի Պողոս Սամոսատացին, որոնք չցանկացան տեսնել այն, ինչը տեսան Եկեղեցու առաջնեկները դարձած մոգերը (ես չեմ ամաչում նրանց այդպես կոչել): Թող Մարկիոնը ամաչի` ականատես լինելով, թե մոգերն ինչպես են երկրպագում մարմնացած Աստծուն: Թող Պողոսը ամաչի` ականատես լինելով, թե ինչպես են երկրպագում Քրիստոսին` ոչ լոկ որպես մարդ ընդունելով Նրան: Չնայած որ խանձարուրը և մսուրը ցույց են տալիս, որ մոգերը երկրպագում էին մարմնավորված մեկին, սական նրանք այդ Մանկանը չէին երկրպագում գեթ որպես մի պարզ մարդու: Սա ակնհայտ է դառնում այն իրողությունից, որ մոգերը Նրան` դեռևս Մանուկ Հիսուսին, մատուցում են այնպիսի նվերներ, որոնք տեղին կլինեին ընծայել միայն Աստծուն։ Նրանց հետ թող ամաչեն նաև հրեաները, որոնք տեսնելով, թե օտարազգիներն ու մոգերն ինչպես են իրենցից առաջ անցնում, նույնիսկ չեն կամենում գնալ նրանց հետևից։
    Այս իրադարձությունը ծառայեց որպես Նշան ապագայում տեղի ունենալիքի վերաբերյալ, և ի սկզբանե ցույց տվեց, որ հեթանոսներն առաջ են անցնելու հրեաներից: Սակայն ինչո՞ւ, կհարցնես դու, արդեն իսկ հետագայում, և ոչ թե սկզբում ասվեց այս խոսքը. «Գնացե՛ք և ուսուցանե՛ք բոլոր ազգերին» (հմմտ. Մատթ. 28:20): Քանի որ, ինչպես արդեն ասացի, այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ապագայի նախապատկերն ու կանխասացությունն էր։ Հրեանե´րը պետք է առաջինն ընթանային դեպի Փրկիչը, սակայն քանի որ նրանք կամավորաբար մերժեցին ընդունել հատուկ իրենց առաջարկված օրհնությունը, ուստի ամեն բան այլ ընթացք ստացավ:
    Եվ ահավասիկ, Փրկչի Ծննդյան ժամանակ մոգերը չէ´, որ պիտի հրեաներից առաջ անցնեին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս մոգերը բնակվում էին այդքան մեծ հեռավորության վրա` նրանք չէ´, որ Քրիստոսի գալստյան մասին պիտի տեղեկացնեին անմիջապես քաղաքի մերձակայքում բնակվող հրեաներին: Նախապես ոչինչ չիմացած մոգերը չէ´, որ պիտի առաջ անցնեին այդպիսի մեծաթիվ մարգարեություններով կրթված հրեաներին: Սակայն քանի որ հրեաները բացարձակապես չէին ընկալում իրենց վերաբերող օրհնությունները, ուստի նրանք, ովքեր ժամանել էին Պարսկաստանից, առաջ են անցնում Երուսաղեմում բնակվողներից: Այդ մասին այսպես է ասում նաև Պողոս առաքյալը. «Նախ ձե´զ պետք է Աստծո խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում էք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները» (Գործք 13:46): Եթե նույնիսկ նախկինում հրեաները չէին հավատում, ապա գոնե մոգերին լսելուց հետո´ պետք է ընդառաջ գնային Փրկչին, սակայն նրանք դա էլ չցանկացան անել։ Եվ այդ իսկ պատճառով էլ, հրեաների այսօրինակ կուրությամբ պայմանավորված, մոգերը գալիս ու առաջ են անցնում նրանցից։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

9-10․ Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր: Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան:
   
     Թագավորին լսելուց հետո, – ասում է ավետարանիչը, – նրանք գնացին, և ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև եկավ կանգնեց այն [տեղի] վրա, ուր Մանուկն էր: Երբ աստղը տեսան, մեծ ուրախություն ապրեցին: Ինչպես որ «ձայն» կոչված Հովհաննես [Մկրտիչը] 66, երբ լսողներին մոտեցրեց Խոսքին, ինքը լռեց՝ ասելով. «Նա պիտի աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ. 3:30), այդպես էլ աստղը, երբ մոգերին հասցրեց Արեգակի մոտ և նրանց ցույց տվեց Նրա գեղեցկությունը, ավարտեց իր ընթացքը: Դրանից առաջ այն պատճառով էր ծածկվել, որ մոգերը ստիպված լինեին գնալու և հարցնելու հրեաներին, որոնցից և լսեցին մարգարեի խոսքը: Իսկ երբ մոգերը Երուսաղեմից դուրս եկան, [աստղը] դարձյալ հայտնվեց ու առաջնորդեց նրանց, մինչև տարավ հասցրեց մսուրին, իսկ ինքը, կանգնելով Մանկան գլխավերևում և ցույց տալով, նրանց երկրպագել տվեց:

    Իսկ «մեծ ուրախություն ապրեցին» խոսքը [նշանակում է], որ թեպետ [մոգերը] լսեցին հրեաներից [Մանկան մասին] մարգարեությունը, սակայն իրենց առաջնորդող [աստղը] կորցրած լինելու պատճառով լցվել էին երկբայական մտքերով. կասկածում էին՝ չլինի թե դեպքերը խաբեական ընթացք են ստացել: Բայց երբ [դարձյալ] տեսան [աստղը], դարձյալ հաստատվեցին այն մտքի մեջ, որ ճշմարտությանն են հետևել և ոչ թե առասպելական կարծիքների: Այս պատճառով էլ [ավետարանիչը] նրանց մասին գրում է, որ ոչ թե պարզապես ուրախացան, այլ անչա՛փ, ոչ թե փոքր, այլ մե՛ծ ուրախություն ապրեցին, որովհետև խոսքի այս հավելմամբ ցույց է տալիս այս զգացումի ուժգնությունը:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որը նրանք տեսել էին արևելքում, ընթացավ նրանց առջևից, մինչև որ վերջապես եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ Մանուկն էր»։ (Սինոդական թարգ․)[9]
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:8
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր:
(Արարատ թարգ․) Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։
(Գրաբար) Եւ նոքա իբրեւ լուան ի թագաւորէն՝ գնացին: Եւ ահա աստղն զոր տեսին յարեւելս՝ առաջնորդեաց նոցա, մինչեւ եկեալ եկաց ի վերայ՝ ուր է՛ր մանուկն: