Ա. Լոպուխին
Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով` տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, բալասանով ու խեժով բարձած, որպեսզի դրանք տանեն Եգիպտոս: [25] (Սինոդական թարգ․)
Այս բռնությունը կիրառելով եղբոր վրա՝ Հակոբի որդիները, հավանաբար բացի Ռուբենից, որը գնացել էր՝ Հովսեփին փրկելու ծրագիր մշակելու (հմմ. Ծննդ. 37:29–30), նստում են ճաշի: Նրանց դաժանությունն ու անգթությունը ապշեցնում են (հմմ. Առակ. 30:20): Այդ պահին նրանք տեսնում են մի քարավան (orechah; Վուլգ. viatores; սլավ. ճամփորդներ), որը, ապրանքներով բեռնված, Գաղաադից Իսրայել էր ուղևորվում՝ Դոթայիմի միջով: Քարավանը (հմմ. συνοδία, սլավ. «խումբ», Ղուկ. 2:44) Հին և Նոր Արևելքում ընդունված փոխադրամիջոց էր, որը օգնում էր զերծ մնալու հարձակումներից: Վաճառականները կամ էլ քարավանի անդամները, որի մասին խոսվում է այժմ, կոչված են կա՛մ իսմայելացիներ (հ. 25, 27, 28), կա՛մ էլ մադիանացիներ (հ. 28, 36): Օնկելոսի Թարգումը փոխանցում է «արաբներ» բառի առաջին անվանումը, իսկ Հովսեփ Փլավիոսը մադիանացիներին անվանում է Αραβας τοῦ Ισμαελιτῶν γένος: Հովսեփի եղբայրների կողմից արտաբերված այս անվանումը՝ «արաբներ», առավել հասկանալի է, քան հենց իր հատուկ անունը (Ischmeelim, Midjanim նաև Medanim, հ. 36), քանի որ եթե Մովսեսի ժամանակ Հյուսիսային Արաբիայի բնակիչները բոլորին հայտնի էին իսմայելացիներ անունով, ապա Հակոբի ժամանակ, երբ դեռ ապրում էր Իսմայելի երկրորդ սերունդը, հետնորդները չէին կարող փոխանցել երկրին իրենց անունը:
Բառի երկիմաստությունը բացատրվում է նաև նրանով, որ քարավանի առաջնորդները ցեղակիցներ էին (Իսմայելի), իսկ մյուսինը` վաճառականներ (Մադիանի կամ Մեդանի հմմ. Ծննդ. 25:2), կամ էլ երեքի անունները նշանակում են այն, որ նրանք նույն ազգից են և ունեն ընդհանրություններ (տե՛ս եբր. տեքստ հ. 36, որտեղ medanim է, այլ ոչ թե midjanim, ինչպես հ. 28–ում): Վաճառականների կողմից տարվող մթերքները, ըստ երևույթին, հետևյալներն էին. nechoth, այսպես կոչված, gummi tragacanti՝ սպիտակ, հոտավետ, բուրավետ բալասանի, պինդ խեժ (Յոթանասնից, Վուլգ. θυμιάματα, aromata): Zeri (Յոթանասնից` ῥητίνη, Վուլգ.՝ «resina»)՝ բալասան, balsamodendron gileadense՝ ծառի խեժ, գաղաադական բալասան, որը հրեաներն օգտագործում էին որպես վերքերի բուժիչ միջոց, որը ինչպես Պաղեստինում, նաև հին գրողների շրջանում երկրի գլխավոր ապրանքն էր: Loth (ինչպես Յոթանասնից` στάκτη, այնպես էլ՝ Վուլգ.)՝ կնդրուկ, զմուռս և խեժ, որը բույսերի տերևների վրա է լինում՝ cistus creticus, աճում է Սիրիայում, Արաբիայում և Կիպրոսում: Բոլոր այս մթերքները հումքի տեսքով տանում էին Եգիպտոս, որոնցից էլ պատրաստվում էին դեղորայքներ: Ավելի ուշ Հակոբը Հովսեփին այս մթերքներն ուղարկեց որպես ընծա (Ծննդ. 43:11): Ըստ Միդրաշի՝ այս հոտավետ ապրանքները վաճառականների կողմից Աստծո տնօրինությամբ տարվում էին արդարի՝ Հովսեփի համար:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս:
(Արարատ թարգ․) Եվ նստեցին հաց ուտելու: Եվ բարձրացրին իրենց աչքերը ու տեսան, որ ահա իսմայելացիների մի քարավան էր գալիս Գաղաադից և ուղտերը, բեռնված բուրավետ բույսերով, բալասանով և զմուռսով, գնում էր դեպի Եգիպտոս:
(Գրաբար) Եւ նստան ուտել զհացն: Զաչս ի վեր բարձեալ տեսին, եւ ահա ճանապարհորդք Իսմայելացիք գային ի Գաղաադէ. եւ ուղտք նոցա լի էին խնկովք ստաշխամբ եւ ռետնիւ. եւ երթային իջուցանել յԵգիպտոս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: