Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը»։
   
   Ինձ ասա´, ո՞ր երկիրն են ժառանգելու: Ոմանք ասում են, թե հեզերը ժառանգելու են հոգևոր երկիրը: Սակայն դա անարդար է թվում, քանի որ Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի հիշատակվում հոգևոր երկրի մասին: Ուրեմն ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Քրիստոս այստեղ խոսում է նյութական պարգևի մասին, ինչպես և Պողոս առաքյալը, երբ «Պատվի՛ր քո հորն ու մորը» պատվիրանի մասին խոսելով` ավելացնում է. «Եվ երկար կապրես երկրի վրա» (հմմտ. Եփես. 6:2-3):
   Նմանապես նաև Տերն Ի´նքն ասաց ավազակին. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես » (Ղուկ. 23:43 ): Իր խոսքերն ուղղելով այն ունկնդիրներին, որոնք առավելաբար հակված էին զգացական բարիքին և այն նախևառաջ փնտրում էին ներկայում, քան թե` ապագայում` Քրիստոս չի խրախուսում միայն ապագա օրհնություններով, այլ նաև ներկա բարիքներով: Այդ պատճառով էլ Հիսուս այնուհետև Իր խոսքում ասելով` «փութով հաշտվիր քո հակառակորդի հետ», ապա, որպես այդօրինակ բարեվարքության պարգևատրում, ավելացնում է. «…որպեսզի հակառակորդը քեզ չհանձնի դատավորին, իսկ դատավորը՝ դահճին» (Մատթ. 5:25):
   Տե՛ս, թե որտեղից է Նա վերցնում սպառնալիքները՝ զգացական (նյութական), ամենասովորական երևույթներից: Եվ նաև ասում է. «Ով իր եղբորն ասի «ռակա» (հիմար) ատյանի (Սինեդրիոնի) ենթակա կլինի» (Մատթ. 5:22): Պողոսը նույնպես հաճախ է հիշատակում նյութական պարգևների մասին և խրախուսում է ներկա բարիքներով, օրինակ՝ այնժամ, երբ խոսում է կուսության մասին. այսժամ առաքյալը բոլորովին էլ չի խոսում երկնային պարգևների մասին, այլ խրախուսում է ներկայում շնորհվող վարձատրությամբ՝ ասելով. « եթե մեկը ամոթ զգա…», և՝ «իսկ ես պիտի խնայեի ձեզ…», և՝ «ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք…» (Ա Կորնթ. 7:36, 7:28, 7:32):
   Նույն կերպ նաև Քրիստոս հոգևոր շնորհներին միավորում է նյութական պարգևները: Քանի որ հեզ մարդը կարող է իր մտքում խորհել, որ կորցնում է իր ողջ ունեցվածքը, ուստի Քրիստոս նրան հակառակն է խոստանում՝ ասելով, որ հենց նա (այդ հեզ մարդը) ինքն է ապահովաբար տիրապետում իր ունեցվածքին, քանի որ ո´չ ամբարտավան է, ո´չ էլ փառասեր: Մինչդեռ ով այդպիսին է, կարող է կորցնել նույնիսկ իր ժառանգական ունեցվածքը և նույնիսկ իր հոգի´ն կարող է կործանել:
   Այսուամենայնիվ, քանի որ արդեն իսկ Հին Կտակարանում մարգարեի կողմից հաճախակիորեն ասվել էր. «Հեզերը կժառանգեն երկիրը» (Սաղմ. 36:11), ուստի Քրիստոս Իր միտքն արտահայտում է հրեա ունկնդիրներին ծանոթ խոսքերով, որպեսզի չստացվի, թե Նա ամենուր նոր արտահայտություններ է գործածում:
   Այդուհանդերձ, Փրկիչն Իր խոսքերում պարգևների «սահմանները» չի կաղապարում միայն ներկա բարիքներով, այլ դրանց հետ մեկտեղ ներառում է նաև ապագայում սպասվող վարձատրությունը: Երբ Նա խոսում է հոգևոր բաների մասին, այդպիսով, սակայն, չի մերժում ներկա կյանքին անհրաժեշտ օգուտները, նմանապես նաև, երբ խոստանում է ինչ-որ բան այս կյանքի համար, դրանով չի սահմանափակում երկնային բարիքների արժանացնելու Իր խոստումը: «Նախ խնդրեցե՛ք, - ասում է Հիսուս, - Աստծու արքայությունը, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ» (հմմտ. Մատթ. 6:33): Եվ նաև. «Ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի» (Մատթ. 19:29):
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:
   
   Երանի՜ հեզերին, քանզի նրանք երկիրը կժառանգեն:

   «Հեզություն» բառը մեկն է, բայց շատ նշանակություններ ունի, որովհետև հանդարտն էլ, ծանրաշարժն էլ, լռասերն էլ «հեզ» են կոչվում: Բայց սրանց հակառակ՝ գիտենք նաև բարին խոսելը, պատերազմում արի, [կյանքի] ընթացքում առաքինի [լինելը], և եթե այսպես է, [Տերն] ինչո՞ւ է առաքինությունների շարքում երանի տալիս հեզերին: Ինձ թվում է՝ այստեղ ուրիշ հեզություն է նկատի առնված: Քանի որ մեր բնությունը դյուրամետ է դեպի վատ բաները՝ ծանր վեմի նմանությամբ, որը դեպի վեր բոլորովին չի շարժվում, իսկ բարձրավանդակից ներքև գլորվում է խոսքից էլ արագ, և մարդկային կյանքը նույնպես ծանր ու վայրաբերվող է  1, ուստի Տերը երանի է տալիս ոչ թե նրան, ով ամենևին չի բարկանում, քանի որ սա չի կարող կատարել նա, ով իր բնության մեջ սրտմտական  2  [մաս] ունի, այլ նրան, ով առաքինությամբ սանձահարում է [հոգևոր] ախտերը՝ հակառակով հակառակը բժշկելով և ըստ այդմ նաև՝ հեզությամբ՝ անտեղի բարկությունը: Սրանով հեզը գովվում է ոչ միայն տերունական այս երանությամբ, այլև բոլոր մարդկանց կողմից, որովհետև երբ [բարկության] ախտից [մարդու] մարմնի բոլոր շարժումները [մեր] բնությանը հակառակ դրսևորում են ցուցաբերում, [մարդու բնությունը] փոխվում ու գազանների բնության կերպարանքն է առնում:

   Անհրաժեշտ է, սակայն, ցույց տալ, թե որտեղից է ծնվում հեզությունը կամ սրան [հակադիր] բարկությունը, որպեսզի ովքեր կամենում են հեզերի երանությունը ստանալ, դյուրավ գործեն դրա առաքինությունը: Հեզություն ծնողը խոնարհությունն է, և բարկության արմատն ամբարտավանությունն է, որովհետև բարկության պատճառները թշնամանքն ու անարգանքն են, իսկ ուր կա խոնարհություն, անարգանքը տրտմություն չի ծնում: Ուր չկա սրտմտություն, կա հեզության առաքինությունը, որն [առաջ է բերում] երանություն և երկնային երկրի ժառանգություն:

   Բայց թող ոչ ոք ամեն ինչում բարկությունը` չար, իսկ հեզությունը բարի չհամարի, որովհետև երկուսն էլ [պատշաճ] ժամանակին բարի են: Մովսեսի մասին վկայվում է, որ հեզ էր, բայց ժողովրդի չարագործության վրա այնքան բարկացավ, որ տախտակները կոտրեց (Ելք 32:15–20): Փենեհես քահանան էլ մադիանացի [կնոջն ու իսրայելացուն] միանգամից ոչնչացրեց (Թվեր 25:6–8): Չեմ խոսում և այլ [օրինակների] մասին:

   Տերն [ասում է]. «Ինձնի՛ց սովորեք, որ հեզ եմ և խոնարհ» (Մատթ. 11:29): Բարի է նրա՛ հեզությունը, ով հանդիմանությունն ու խրատը հեզությամբ է ընդունում: Իսկ սրա փոխարեն ի՞նչ [պիտի ժառանգի]. «... նրանք երկիրը կժառանգեն»: Այսինքն՝ հեզն ու խաղաղարարը, ամենքի հանդեպ սեր ունենալով, առանց խռովության գրավում են երկիրը, իսկ խռովարարը սեփական հայրենիքից էլ է զրկվում:

   Բայց ուրիշներ հարմար գտան Տիրոջ խոստումը համարել իմանալի երկիրը, որը ողջերի վայրն է, ինչպես որպես հեզ վկայված Դավիթն է ասում. «Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը Ողջերի երկրում» (Սաղմ. 26:13): Որովհետև երանության այս խոսքերն աստիճաններով վերելքի են նման. անհնար էր, որ առաջին երանությամբ արդեն բարձրացածներին [Տերը] դարձյալ իջեցներ ներքև՝ երկիր: Իսկ [իմանալի] երկիրը [գտնվում] է երկնքից շատ ավելի բարձր և մեղքերով մեռածներին չի ընդունում: Բայց որ [Տերը] «երկիր» բառով է այն կոչում, մի՛ զարմացիր, որովհետև մեր լսելիքի նվաստության պատճառով է [մեր հասկացողության մակարդակին] իջնում Խոսքը, Ով այն պատճառով իջավ մեզ մոտ, որ մենք չէինք կարող բարձրանալ Նրա մոտ: Նույն պատճառով էլ այս աստվածային խորհուրդն է մեզ ավանդում [մեզ] ավելի ծանոթ խոսքով ու բառով:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3