ԱՍՏԾՈՒ ՄՕՏ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԵՄ
Սաղմոս Դաւթի, երբ դեռ օծուած չէր
1․ Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ:
2․ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան:
3․ Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու:
4․ Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում:
5․ Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ:
6․ Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ: Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը:
7․ Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր,
8․ քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր:
9․ Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից: Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ:
10․ Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց:
11․ Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով:
12․ Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ:
13․ Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում:
14․ Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի,
Տիրո՛ջն սպասիր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: