Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
28-29. «Եվ երբ անցավ [ծովի] մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը, Նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից` այնքան ահազդու, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել»։ «Եվ ահա նրանք աղաղակեցին. «Դու ի՞նչ ունես մեզ հետ, Հիսո´ւս, Աստծո՛ւ Որդի։ Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»»։
Դիվահարները, ինչպես չար փախստականներ, տեսնելով Տիրոջը, ասում էին. «Դու ի՞նչ ունես մեզ հետ, Հիսո´ւս, Աստծո՛ւ Որդի։ Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»: Մինչ ժողովուրդը Քրիստոսին մի պարզ մարդ էր համարում, դևերը եկան խոստովանելու Նրա Աստվածությունը, և նրանք, ովքեր խուլ էին մնացել ծովի ալեկոծության և խաղաղեցման ժամանակ, լսեցին դևերին, որոնք բարձրաձայն հայտարարում էին այն, ինչ ծովը վկայում էր իր խաղաղությամբ: Ապա, որպեսզի դևերի այս խոսքերը հաճոյախոսություն չթվային, նրանք իրենց սեփական փորձով ապացուցում են դրանց ճշմարտացիությունը. «Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս», - բղավում էին դևերը: Այս իսկ պատճառով էլ նրանք, նախ և առաջ, խոստովանում են իրենց թշնամությունը, որպեսզի իրենց խնդրանքը կասկածի տակ չդրվի:
Իրոք որ, Քրիստոսի միայն ներկայությունից խոցվելով, բորբոքվելով և անտանելի տառապանքներ կրելով, դևերն անտեսանելիորեն ենթարկվում էին հնազանդեցման և ավելի ուժգին էին ալեկոծվում, քան ծովը: Մինչ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ դևերին, Քրիստոս Ինքն է մոտենում նրանց: Համաձայն Մատթեոսի վկայության` դևերն ասում էին. «Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»:
Մյուսները սրան ավելացնում են նաև այն, որ դևերը Հիսուսին աղաչում և երդվում էին, որ Նա իրենց անդունդը չգցի: Այս դևերը կարծում էին, որ իրենց պատժի ժամանակն արդեն իսկ եկել է, և վախենում էին, որ արդեն իսկ պետք է սկսվեին իրենց տառապանքները: Այն, որ Ղուկասը խոսում է միայն մեկ դիվահարի մասին, մինչ Մատթեոսը խոսում է երկուսի մասին, որևէ հակասություն չի առաջացնում երկու ավետարանիչների միջև:
Հակասություն կլիներ միայն այն դեպքում, եթե Ղուկասն ասեր, որ միայն մեկ դիվահար կար, և ուրիշը չկար: Երբ ավետարանիչներից մեկը խոսում է մի դիվահարի մասին, իսկ մյուսը՝ երկուսի, դա հակասության նշան չէ, այլ ցույց է տալիս միայն պատմության շարադրման տարբեր եղանակը: Եվ ինձ այնպես է թվում, որ Ղուկասը հիշատակում է միայն այն մի դիվահարին, որն ամենադաժանն էր, այդ իսկ պատճառով էլ վերջինիս դժբախտությանն առավել ողբերգական բնորոշում է տալիս՝ ասելով, օրինակ, որ նա, արձակելով կապանքներն ու շղթաները, թափառում էր անապատում: Իսկ ահա Մարկոսը վկայում է, որ նա դեռ իրեն հարվածում էր քարերին:
Եվ դևերի խոսքերն իսկ բավականաչափ բացահայտում են նրանց դաժանությունն ու անամոթությունը, որովհետև նրանք ասում էին. «Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»: Նրանք չէին կարող ասել, որ իրենք չեն մեղանչել, բայց Հիսուսին խնդրում էին, որ իրենց ժամանակից շուտ պատժի չենթարկի: Քանի որ Փրկիչը նրանց գտավ անտանելի դաժանություններ ու չարագործություններ գործելիս, քանի որ նրանք ամեն կերպ աղավաղում ու տանջում էին Աստծու ստեղծած արարածին, ուստի դևերը կարծում էին, որ Քրիստոս, նրանց չափազանց չարագործությունների պատճառով, չի հետաձգի իրենց պատժի ժամանակը: Այս իսկ պատճառով էլ նրանք այսպես էին խնդրում և աղաչում Հիսուսին:
Այսպիսով, նրանք, ում չէին կարող զսպել նույնիսկ երկաթե կապանքները, շղթայվում են, նրանք, ովքեր վազում էին լեռներով մեկ, դուրս են գալիս բաց դաշտ, նրանք, ովքեր փակում էին ուրիշների ճանապարհը, կանգ են առնում՝ տեսնելով Նրան, Ով փակել էր իրենց ճանապարհը:
Իսկ դևերն ինչո՞ւ էին սիրում ապրել գերեզմաններում: Որովհետև նրանք ցանկանում էին շատերի մեջ տարածել վնասակար ուսմունք, այն է՝ որ մահացածների հոգիները վերածվում են դևերի, ինչը երբեք չպետք է նույնիսկ մեր մտքով անցնկացնենք:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել:
Երբ անցավ մյուս կողմ՝ գերգեսացիների երկիրը, Նրան գերեզմաններից եկած երկու դիվահար պատահեց՝ խիստ մոլի, այնքան, որ ոչ ոք չէր կարողանում այդ ճանապարհով անցնել:
Ավետարանիչը մեծ ուշադրություն է դարձնում կարգին, ժամանակին և մի հրաշքին մյուսն է հարում, որպեսզի դրանով ցույց տա [Հիսուսի]՝ ամենուրեք տարածված համբավը և թե հրաշքների արդյունքում հեթանոսներից որքան շատ ժողովուրդ է հավատացել Տիրոջը: Բայց թե ինչու են Ղուկասն ու Մարկոսը գերգեսացի մեկ դիվահարի մասին խոսում (Ղուկ. 8։27, Մարկ. 5։2), իսկ Մատթեոսը՝ երկու, պատճառն այն է, որ [դրանք] երկուսն էին, բայց մեկը՝ շատ ավելի մոլի, ում մասին էլ Ղուկասը պատմում է, թե իր շղթաները կոտրում էր ու ոտնակապերն արձակում, և եթե [Տերը] նրան բժշկեց, շատ ավելի հեշտությամբ [բժշկել է] ավելի թեթև [դիվահարին]: Կամ էլ [գերգեսացի դիվահարների հետ կապված] երկու դեպք է եղել:
[Դիվահարների]՝ գերեզմաններում բնակություն հաստատած լինելը երկու իմաստ ունի: Առա ջին՝ որ մարդկանց մտքի մեջ ներմուծեն այն ապականիչ կրոնը, որը սովորելով՝ [մարդիկ] ասում են, թե վախճանվածների հոգիները դև են դառնում: Թող ոչ ոք այսպիսի զառանցանք մտքով չանցկացնի, որովհետև ասում են. «Ի՞նչ ես խոսում. շատ կախարդներ մանուկներ են փողոտում, որպեսզի հոգիները վախճանից հետո նրանց հետ շրջեն և նրանց գործակից դառնան»: Իսկ որտեղի՞ց [գիտես] սա: «Շատերն են ասում, թե շատերին են սպանում»: Իսկ որ սպանվածների հոգիները նրանց հետ են, դա՞ որտեղից իմացար: Ասում են. «Դևերն են պատմում, թե՝ ես այսինչի ուրվականն եմ»: Սա մեծ խաբեություն ու սատանայական մոլորություն է. որովհետև ոչ թե վախճանվածի հոգին է աղաղակում, այլ նրա կերպարանքն առած դևը՝ իրեն ականջ դնողներին սովորեցնելու համար, քանի որ եթե հոգին կարող է ուրիշ մարմնի մեջ մտնել, առավել ևս [կարող է մտնել] սեփական մարմնի մեջ: Նաև ա՛յլ կերպ [կարելի է բացատրել]. երբ հոգուն վնաս է հասցվում, նա իրեն վնասողին գործակից չի դառնում, այլև անհնար է, որ մարդը կարողանա անմարմին զորությունն ուրիշ բնության փոխել, որովհետև եթե սա չի կարող մարմնի հետ կատարվել, որքա՛ն ավելի անհնար է հոգո՛ւ բնությունը դիվական դարձնել:
Նաև՝ մարմնից բաժանված հոգիներն այստեղ չեն մնում: Եթե արդար են, Աստծո ձեռքում են՝ ըստ այսմ. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին» (Գործք 7:58), և՝ «Աբրահամը միացավ իր հայրերին» (հմմտ. Ծննդ. 25։8), Ղազարոսին էլ Աբրահամի գոգում հանգիստ պարգևեցին (Ղուկ. 16։22): Սա մանավանդ մկրտված մանուկներին [է վերաբերում]՝ ըստ մարգարեի. «Աղավնիների նման երամով, ձագախառն, գալիս են Ինձ մոտ» (Ես. 60։8): Իսկ եթե մեղավորներ են, նրանք նույնպես ինչ-որ վայրում են արգելափակված, ինչպես Տերն ասաց. «Այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են» (Ղուկ. 12։20), և ինչպես որ հարուստն էլ անչափ աղաչում էր, թե գուցե հնար լիներ՝ [Ղազարոսը] գնար ու այդտեղ կատարվող ամեն ինչ պատմեր [հարուստի եղբայրներին], բայց հնարավորություն չկար (Ղուկ. 16։19-31), այլ [հոգիները] մնում են [իրենց համար սահմանված վայրերում] և սպասում Ահավոր Օրվան՝ լինելով հանգստի կամ տանջանքի մեջ:
Ուրեմն՝ քանի որ դևերն այսպիսի չար աղանդներ էին սովորեցնում մարդկանց, այդ պատճառով էլ գերեզմաններում էին բնակվում՝ փակելով անցորդների ճանապարհը: Սա վերացնել կամենալով՝ Տերն այդ ճանապարհով գնաց, և Նրան պատահելով՝ [դիվահարներն] աղաղակեցին:
Եվ երկրորդ՝ [գերեզմաններում դիվահարների բնակվելը] խորհրդանշում էր այն, որ ինչպես որ մեռած մարմինները գերեզմանի մեջ են դրվում, այդպես էլ նրանց հոգիներն էին մեղքերով մեռել, ուստիև նրանց մարմինները դևերի գերեզման դարձան՝ ըստ այսմ. «Նման եք սպիտակեցված գերեզմանների» (Մատթ. 23։27): Կորցնելով բանականությունը՝ միայն շարժվում էին դևերի կողմից, որոնք, իրենց բնական ատելությամբ հիմարացնելով նրանց հոգին, նաև նրանց մարմինն էին քարերով ծեծել տալիս, ինչպես ասում է Մարկոսը (Մարկ. 5։5): Ուստի Տերն այցելության եկավ Իր արարածների թե՛ հոգիներին, թե՛ մարմիններին:
Ստեփանոս Սյունեցի (†735)
28-29․ Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
«Եվ երբ անցավ գերգեսացիների երկիրը, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիվահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մեկը չէր կարող անցնել: Եվ երբ տեսան Հիսուսին, ահա աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և Քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
Ասում են՝ չար դևերը գերեզմաններում են բնակվում, քանի որ ոչ միայն ողջերի մարմիններում էին բնակվում, այլ հոժար էին նաև մեռյալների [մարմիններում բնակվել]: Իսկ Քրիստոսին հանդիպելով ելան մեռելներից ու աղաչեցին, որ թեպետև չի թողնում բանականների մարմիններում բնակվել, գոնե անբանների և անարգ կենդանիների [մարմիններում] հրամայի բնակվել, որպեսզի դարավանդից գլորվելով և ջրերի մեջ խեղդվելով՝ ազատվեն խոզությունից:
Եվ դրա համար էլ մտնում են խոզերի մեջ և ոչ՝ ոչխարների, աղավնիների և կամ այլ սուրբ կենդանիների մեջ:
Հիսուսին կոչեցին Աստծու Որդի, որպես Նրա զորությունից պարտվածներ և Նրա, իբրև Աստծու Որդու, վարդապետության վրա հիացածներ: Բայց որպես հրեշտակային փառքից և մեծությունից ընկածներ, անգիտանում էին Նրա գալստյան ժամանակի վերաբերյալ, որովհետև ասում էին, թե ինչո՞ւ եկար մեզ տարաժամ տանջելու: Բայց ես կարծում եմ, որ Նրա գալստյան ժամանակը նաև հրեշտակները չգիտեն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
28-34․ Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:
Ծովը խաղաղվեց, ալեկոծությունը դադարեց, նավը հաջողությամբ շարունակեց իր ճանապարհը, առավոտյան լույսը ծագեց և Հիսուսն ու աշակերտները Գալիլիայի ծովակի արևելյան եզերքը հասան և ցամաք դուրս եկան: Անշուշտ ոչ թե անբնակ կողմը, այլ մի հարմար նավահանգիստ: Ավետարանը չի ճշտում, թե որ նավահանգստին մոտեցան կամ որ քաղաքը մտան, այլ ընդհանուր բացատրությամբ բավականին ընդարձակ մի սահման է ցույց տալիս` Յերկիրն Գերգեսացւոց կամ Յաշխարհն Գերգեսացւոց: Գերգեսացիները Քամայի որդի Քանանի սերնդից առաջացած ցեղերից մեկն էին (Ծննդ. 10:16), որոնց բնակության վայրը Պաղեստինի հյուսիս-արևելյան եզերքն էր, Գալիլիայի ծովակի արևելյան կողմը, նրանց երկիրը, Քանանի տասն ազգերի երկրների հետ մեկտեղ, խոստացվեց Աբրահամի ցեղին (Ծննդ. 15:21), որը հրեից ժառանգելիք յոթն ազգերի երկրների մեջ հաճախ հիշում էր Մովսեսը (Ելք 33:2), և որը վերջում վիճակվեց Մանասեի ցեղի արևելյան բաժնին: Սակայն խնդիրը կնճռոտվում է, երբ տեսնում ենք, որ մեր և մի քանի ուրիշ թարգմանություններում գրված գերգեսացիների անունը ամեն թարգմանության, կամ բոլոր օրինակներում նույնը չէ: Թեպետ հույների գործածվող օրինակը գերգեսացիների անունն է նշում, բայց նրանց հնագույն օրինակներն այդ փաստի հետ համաձայն չեն: Լատիներեն թարգմանությունը երեք Ավետարաններում էլ գրում է գերասացիների, մինչդեռ ասորերենն ուրիշների հետ մեկտեղ ունի նաև գադարացիների ձևը, իսկ հույն հնագույն օրինակներում երեք ընթերցումներն էլ առկա են, անգամ մի Ավետարանը մյուսներից տարբերվելու պայմանով, այնպես որ սկզբնական և բնագրային ընթերցվածը խնդրո նյութ է դառնում և լուծումն էլ դժվարանում է: Անկարելի է սխալը կամ տարբերությունները վերագրել ընդօրինակություններին և անունների աղավաղմանը, որովհետև թե՛ Գերասան (այժմ` Ճերաշ), թե՛ Գադարան (այժմ` Ումքեյս) Դեկապոլսի ծանոթ քաղաքներն են, իսկ Գերգեսան (այժմ` Գերսա) Գալիլիայի ծովակի արևելյան եզերքի լավագույն նավահանգիստն է: Բոլոր մեկնիչներն ու հնագետները համաձայն են ընդունելու, թե Հիսուս, անցնելով Կափառնայումի լճի հանդիպակաց կողմը, ցամաք էր դուրս եկել Գերգասա կոչվող վայրում, որովհետև թե՛ Գադարան և թե՛ Գերասան եզերքից հեռու ցամաքային քաղաքներ են, որ չեն հարմարվում Ավետարանի պատմությանը: Ոմանք կարծում են, թե այժմյան Ճերաշից տարբեր մի Գերասա էլ կառուցվել էր հին Գերգեսայի մոտ, երբ վերջինս Պոմպեոսի ժամանակ ավերվել էր, և Գերգեսան նույն տեղի հին անունն է, իսկ Գերասան` նորը: Ամեն դեպքում Ավետարանի բացատրությունը որևէ տեղի անուն չէ, այլ` երկրի, այսինքն` գավառի անունն է: Գադարան Դեկապոլիսի գլխավոր քաղաքն էր, և Գերասան ավելի նշանավոր քաղաք, ուստի երկրի կամ գավառի անունը այդ քաղաքների անուններով երկիր Գերասացվոց կամ Աշխարհ Գադարացվոց կարող է կոչվել տարբեր թարգմանությունների մեջ, միշտ անփոփոխ պահելով այն փաստը, որ Հիսուս այդ գավառի մեջ Գերգեսայի նավահանգստում ցամաք ելավ:
Հիսուս առաքյալների հետ ցամաք դուրս գալով` ուղիղ քաղաք չգնաց, այլ սկսեց շրջել քաղաքից դուրս, այն կողմերում գտնվող քարայրների և քարանձավների մոտ, որոնք, հին ժամանակների սովորության համաձայն, որպես գերեզմաններ էին ծառայում և ուր պատսպարվում էին քաղաքային բնակությունից խուսափող փորձության մեջ ընկնողները, կատաղի ջլախտավորները և դիվահարները: Իրոք, այդ քարանձավներում էլ հենց գտնվում էին այնպիսի ախտավորներ, որոնք հարձակվում էին անգամ անց ու դարձ անողների վրա, որի պատճառով էլ ոչ ոք չէր համարձակվում այդ քարայր գերեզմանների ճամփով անցնել: Հիսուսի` հենց այդ ճանապարհով անցնելու ժամանակ, դիվահարներից երկուսը, ավելի կատաղիները, գնում են դեպի Նա, բայց հանկարծ կանգ են առնում:
Ավետարանների բաղդատությունն այստեղ ևս խնդրո նյութ է տալիս: Մատթեոսն ասում է. «Պատահեցին նմա դիւահարք երկու` ելեալք ի գերեզմանացն չարաչարք յոյժ»: Մարկոսն ասում է. «Պատահեաց այր մի գերեզմանացն` զոր ունէր այս պիղծ»: Իսկ Ղուկասը գրում է. «Պատահեաց նմա այր մի ի քաղաքէն, յորում էին դեւք»: Գլխավոր տարբերությունը դիվահարների թիվն է: Երկուսն էին, թե՞ միայն մեկը: Երեք Ավետարանիչների պատմությունները բոլոր պարագաներով ու մանրամասներով, տեղի, ժամանակի, խոսակցությունների և այլ հանգամանքների դրսևորմամբ, այնքան նման են իրար, որ դժվար է միմյանցից զատել երկու եղելությունները և ասել, թե մի անգամ մեկ, մյուս անգամ երկու դիվահարներ են բժշկվել, և պետք է ընդունել, որ երեք ավետարանիչներն էլ միևնույն եղելության մասին են խոսում: Իսկ մեկ և երկու թվերն այնքան որոշ ու հստակ են, որ շփոթության տեղիք չեն տալիս: Մեկնիչների ամենահավանական դիտողությունների համեմատ` Մարկոսն ու Ղուկասը մի դիվահարի համար այնքան մանրամասնություններ են տալիս, որ երկուսի հարմարեցնելը դժվար է դառնում: Իսկ Մատթեոսը, որ երկու դիվահար է նշում, շատ համառոտ պատմություն է տալիս, որ շատ մանրամասներ չի հաղորդում: Թեպետ ասում է. «Աղաղակեցին եւ ասեն», սակայն հետագա խոսքում «եւ դեւքն աղաչէին» ասելով, առաջին խոսքը հարմարեցնում է դևերին, ու ոչ թե` դիվահարներին, մինչդեռ Մարկոսն ու Ղուկասը ընդունում են, թե այդ դիվահարների մեջ ոչ թե մեկ, այլ շատ դևեր էին բնակություն հաստատել: Մատթեոսի «Զիրս դիւահարացն» բացատրությունը ավելի շուտ եղելության անունն է, քան թե պատմական մի որևէ հանգամանքի: Հետևաբար, կարող ենք եզրակացնել, թե Հիսուսի առջև նախ երկու դիվահարներ դուրս եկան, բայց սրանցից մեկն էր ավելի նշանավորն ու կատաղին, ու թե՛ խոսակցությունները, թե՛ գործողությունները այդ մեկի հետ կատարվեցին, մյուսը երկրորդական և աննշան դեր ունեցավ, որի պատճառով էլ Մարկոսն ու Ղուկասը նրա մասին չհիշատակեցին, այլ պատմեցին միայն գլխավոր դիվահարի բժկության պարագաները:
Այդ գլխավոր դիվահարի հանգամանքները մեջբերելով` Ղուկասն ու Մարկոսը գրում են, թե նա տան մեջ չէր բնակվում, հագուստները բզկտելով` բոլորովին մերկ էր, քաղաքում մնալ չկամենալով` քաղաքից դուրս գտնվող և որպես գերեզման ծառայող քարայրներում էր բնակվում: Քաղաքում պահելու համար քանի անգամ նրա ոտքերը շղթայակապ էին արել, իրեն նույնպես կապել էին շղթաներով, բայց, կոտրելով ոտնակապերը և կտրելով շղթաները, նա կարողացել էր խույս տալ և իր քարայրները վերադառնալ և անհնար էր դարձել նրան զսպելը: Գիշեր ու զոր այդ գերեզմաններում էր անցկացնում իր ժամանակը, բարձր գոռոցներով թնդացնում էր լեռները, իր մարմինն էր խոշտանգում, հարձակվում անցուդարձ անողների վրա: Ահա թե ինչու էին Գերգեսայի բնակիչներն ու ճամփորդները զգուշանում այդ կողմով անցնել:
Հիսուս և Իր առաքյալները հենց հեռվից երևում են թե չէ, դիվահարը վեր է խոյանում տեղից` ընկերն էլ ետևից: Բայց Հիսուսին տեսնելուն պես այլայլվում, շփոթվում, և վերջինիս վրա Հիսուս մեծ տպավորություն և փոփոխություն է գործում: Անզուսպ ու կատաղի դիվահարը ճնշվում է, քծնում, սկսում գետնին թավալվել, երկրպագության նմանվող շարժումներ անել, աղաչավորի կերպարանք առնել ավելի արգահատանք առաջացնել, քան` արհամարհանք: Հիսուս դիվահարին կամենում է տալ Իր բարության ու կարողության նշանը և հրամայում է, որ դևը թողնի նրան ու հեռանա: Ուրիշ անգամներ Հիսուսի հրամանը կատարվում էր վայրկենաբար: Այս անգամ սատանան, դուրս գալուց առաջ, համարձակվում է դիվական ձևերով աղաչել Հիսուսին. «Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո Որդին ես, ճանաչում եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, ինչո՞ւ ես ժամանակից շուտ ուզում տանջել, Աստծու անվան համար թող լինի, այս ձևով մի տանջիր ինձ, ինձ դժոխքի անդունդը մի՛ նետիր»: Այդ խոսքերի իմաստը ճշտելու համար պետք է իմանալ, որ ըստ Սուրբ Հայրերի բացատրության, անկյալ հրեշտակների, այսինքն` սատանաների մի մասն արդեն դժոխքում են գտնվում, մինչդեռ մի ուրիշ մասն էլ աշխարհում կամ օդում են տակավին, աշխատում են փորձել մարդկանց և նեղություն պատճառել, և դժոխք են մտնելու միայն աշխարհի վերջում: Մյուս դիվահարներին բժշկելիս միանգամից դուրս եկող սատանաները կրկին մեկ ուրիշին փորձելու կամ նրա մեջ մտնելու վիճակը պահում էին: Հենց այդ պարագան էր ակնարկում Հիսուս, երբ ասում էր, թե դիվահարից դուրս եկող սատանան մնում է անբնակ տեղում և, օգնություններ գտնելով, իր համար նոր բնակարան է ճարում (Մատթ. 12:24-37): Այս անգամ, թերևս նկատելով դիվահարի մեջ գտնվող դևի առավելագույն չարությունը, Հիսուս անմիջապես նրա դժոխք գնալն է վճռում, որն էլ ստիպում է դևին` խոսել գերգեսացի դիվահարի բերանով հիշված ոճով:
Որպես աղաչանքի պատասխան, Հիսուս զիջող շեշտով հարցնում է. «Ուրեմն դու ո՞րն ես. անունդ ի՞նչ է»: Սատանան պատասխանում է. «Լեգեոն է անունս. մենակ չեմ, բազմություն ենք»: Այս բացատրությունից իմանում ենք, որ գերգեսացի դիվահարի կատաղությունը ոչ թե մեկ դևի զորությունից ու չարությունից էր, այլ շատ դևերի համատեղ գործունեության արդյունք էր: Լեգեոն անունը թարգմանվում է ընտրյալ գունդ: Այս անունն էին կրում հռոմեացիների զինվորական գնդերը: Իսկզբանե լեգեոնը բաղկացած էր 3000 մարդուց, որը հետզհետե աճեց և Կեսարը լեգեոններն սկսեց կազմել 6000-ից` յուրաքանչյուր լեգեոն տասը վաշտի, վաշտը` երեք ջոկատի և ջոկատը երկու հարյուրյակի բաժանելով: Այստեղ լեգեոն անվանումը որոշակի թիվ ցույց տալու նպատակ չի հետապնդում, այլ, ժողովրդական առմամբ, լոկ բազմություն է մատնանշում: Ահա թե ինչու ոչ միայն Մատթեոսը, այլև Մարկոսն ու Ղուկասը, որ միայն մեկ դիվահար են մատնանշում, լեգեոն անունը տալուց հետո, հոգնակի են դարձնում խոսքը. «Աղաչէին զնա. մի՛ առաքեսցէ զնոսա. Աղաչէին զնա. Ելին այսքն պիղծ»:
Դևերը Հիսուսի մեղմօրինակ հարցումից քաջալերված և դիվահարից դուրս գալուն բռնադատվելով` թույլտվություն խնդրեցին անմիջապես մոտակայքում արածող խոզերի երամակի մեջ մտնել: Հիսուս համաձայնվեց: Դևերը դիվահարից ելան և ցրվեցին երամակի խոզերի մեջ: Խոզերը մոլեգնեցին, այս ու այն կողմ վազվզեցին, ծովեզերքին նայող կողմից վայր ցատկեցին դեպի ծովը, ներքին բորբոքվող վիճակի պատճառով խեղդվեցին ջրում: Այս կերպ կոտորվեց մի հսկա երամակ: Մարկոսն ասում է, որ խեղդված խոզերի թիվը երկու հազար էր: Հարկ չենք համարում խոզերի դիվահարությունը խնդրո առարկա դարձնել, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են դիվահարվում խոզերը, որովհետև այս հարցում որևէ բարոյականություն լինել չի կարող, այլ լոկ, դևերի ուզածի համապատասխան, նրանց աշխարհի վրա մնալու պայմանի գործողությունն է: Իսկ խոզերի խեղդվելուց հետո դևերը ո՛չ նրանց մեջ կարող էին մնալ և ո՛չ էլ խոզերի հետ մեռնելու էին: Դևերի` դիվահարից խոզերի մեջ մտնելը, ուրեմն, մի պարզ արտահայտություն է, թե դևերն ազատվում էին դժոխք իջնելու վճռից: Ասողներ եղան, որ իբր թե դիվահարի մոլեգին ընթացքն էր խոզերին խրտնեցրել և, խուճապի մատնելով, դեպի ներքև, դեպի ջուրը տարել: Սակայն ինչ-որ դիվական զորության համար գրեցինք (Մատթ. 4:13-16), և ինչ-որ Ավետարանը մեջ է բերում իբրև պարզ պատմություն, մեզ չեն ստիպում խղճուկ բացատրություններ փնտրել:
Ուրիշներն էլ, երկու հազար խոզերի կորուստը նկատի առնելով և նրանց տերերին հասցրած վնասը հաշվելով, անտեղի են համարում Հիսուսի կողմից արված թույլտվությունը, որ այդպիսի վնաս պիտի պատճառեր: Սակայն նշենք, որ խոզի միսն ուտելը օրենքով արգելված էր և արգելված որևէ բանի առևտուրը ևս օրինավոր չէր, և հասցված վնասը ապօրինի գործի պատիժն էր դառնում:
Այդ խառնաշփոթ, աղմկալի իրողությունները կատարվում էին քաղաքից հեռու: Գերգեսայի բնակիչները տեղեկություն չունեին այնքան ժամանակ, մինչև որ սարսափահար խոզարածները վազնիվազ քաղաք հասան և իրենց աղաղակներով շփոթեցրին ամենքին: Խոզարածներից ոմանք տարօրինակ եղելության լուրը տարածեցին շրջակա ագարակներում: Լսողները խռովվեցին և քաղաքից ու այլ կողմերից հետաքրքրվողները քայլելով դեպի եղելության վայրը եկան` տեսնելու թե ի՞նչ է պատահել և թե ի՞նչ է կատարվում: Խոզարածներն էլ ետ դարձան, որոնք որ եղելությունը տեսել էին, հենց տեղում մեկ առ մեկ պատմեցին ամենքին Հիսուսի տեղ հասնելը, դիվահարին հանդիպելը, հանկարծահաս բժշկությունը, խոզերի մոլեգնելը, դեպի ծով խուճապահար գնալը և ջրի մեջ խեղդվելը: Տեսան նաև դիվահարին, որը, հագնված ու խելոքացած, զգեցեալ եւ զգաստացեալ նստել էր Հիսուսի մոտ: Հիսուս անշուշտ լուռ չմնաց, բայց ինչ ասաց, չգիտենք. Ավետարանիչներն այդ մասին ակնարկություններ չեն անում: Միայն հայտնի է, որ գերգեսացիները չքաջալերվեցին Հիսուսին իրենց մոտ պահելու հարցում և չկամեցան նրանից օգտվել: Հավանաբար մեկ կամ երկու դիվահարի բժշկությունը համեմատելով երկու հազար խոզերի կորստի հետ, շահավետ չհամարեցին, և առանց Հիսուսին անարգելու, բայց նաև առանց նրա ներկայությունն սիրելու` պատշաճորեն խնդրեցին, որ վերադառնա այնտեղ, որտեղից եկել էր. գնա իրեն սպասողների մոտ և իրենց ազատի նմանատիպ շնորհներից, որոնք ուրախությունից առավել, վախ են ազդում. ահիւ մեծաւ տագնապէին»: Հիսուս, որ Իրեն որոնող ժողովրդի համար էր զոհվելու, չկամեցողների մոտ մնալու ցանկություն չհայտնեց, այլ համաձայնվեց Գերգեսա չմտնել, չշրջել Գերգեսայի շուրջբոլորը և հրաման տվեց, որ նավերը պատրաստեն ետադարձի համար: Թե որքան Հիսուս մնաց Գերգեսայի մոտ, դժվար է ճշտել, քանի որ Ավետարանը ոչինչ չի ասում: Սակայն, ուսումնասիրելով պատմական հանգամանքները, կարող ենք եզրակացնել, որ Հիսուս առաջին երեկոյան դուրս եկավ Կափառնայումից, իսկ մյուս առավոտյան արդեն Գերգեսա էր հասել: Ողջ ցերեկն անցկացրեց դիվահարին բժշկելով և գերգեսացիների հետ տեսակցելով, երեկոյան կրկին նավ մտավ ու հաջորդ առավոտյան վերադարձավ Կափառնայում:
Միայն բժշկված դիվահարն էր երախտագիտությամբ կապվել Հիսուսին և չէր կամենում Նրանից բաժանվել ու աղաչում էր, որ Հիսուս իրեն էլ հետևողների մեջ ընդունի, որպեսզի շարունակ Հիսուսի հետ լինի:
Քանիցս տեսանք, թե Հիսուս երբ բժշկում էր, բժշկվածին պատվիրում էր, որ թաքցնի պատահածը և որևէ մեկին չպատմի: Այս անգամ այլ ուղի է ընտրում: Չի կամենում Իր հետ տանել բժշկվածին, հեռացնել Գերգեսայից, այլ ապսպրում է տուն դառնալ, ստացած բժշկության և Աստվածային ողորմության մասին պատմել բոլորին, իր համաքաղաքացիներին ևս, ինչպես նաև Դեկապոլիս գավառի քաղաքներում շրջել, ամենուր քարոզել և տարածել հրաշքի հանգամանքները և հրաշագործի անունը: Եվ իրոք, բժշկվածը հանձն է առնում կատարել Հիսուսի հրամանը: Հիսուսին չի ընկերանում, նախ Գերգեսա, հետո Աբյուլա, Պելլա, Գադարա, Գերասա և բոլոր Դեկապոլիսի քաղաքներում շրջում և ամեն տեղ մանրամասնորեն պատմում է իր վրա կատարած հրաշալի բժշկությունը և ամենքը սկսում են զարմանալ և սքանչանալ: Հակառակ գերգեսացիների անխոհեմ առաջարկությանը, Հիսուսի անվան ու կարողության մասին խոսվում է ու տարածվում Դեկապոլիսի բոլոր կողմերում:
Հիսուսի բոլոր խոսքերն ու գործերը իրենց խորին նշանակությունն ունեն: Նա չի սիրում ավելորդ ցույցերը, սակայն սիրում է օգտակար միջոցները: Գալիլիայում, ուր ամենուր տարածված էր Հիսուսի համբավը, իսկ ժողովուրդը փութաջանորեն գնում էր Նրա քարոզներին, դիմում Նրա բժշկությանը, բժշկվածների պատմությունները պետք չէին, ավելորդ ու պատրաստված ցուցամոլության ձև էին ստանում: Հետևաբար, Հիսուս արգելում էր գալիլիացի բժշկվածներին` հռչակել իրենց ընդունած շնորհները: Դեկապոլիսում, ուր տակավին անծանոթ էր Հիսուսի համբավը և չէր հայտնվել Ավետարանի քարոզությունը, ու գերգեսացիների անխոհեմ առաջարկն էկ արգելք էր դարձել այդ քարոզություններին, անհրաժեշտ էր սերմանել Ավետարանի սերմերը: Դա ավելի լավագույն կերպով չէր կարող լինել, քան գերգեսացի նշանավոր և հանրածանոթ դիվահարի բժշկության ծանուցմամբ: Ուստի Հիսուս գերգեսացի բժշկյալին հրամայում է Դեկապոլիսում պատմել և հռչակել այդ: Եվ իրոք, պիտի տեսնենք, որ հետո Հիսուս ընդունվում և համարձակորեն քարոզում է Դեկապոլիս գավառում (Մարկ. 7:31):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: