Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։13

Ա. Լոպուխին

«Եվ նրա վրա պիտի տարածեմ Իմ ցանցը, և նա պիտի բռնվի Իմ որոգայթի մեջ, և նրան պիտի տանեմ Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, բայց նա այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի»։[13] (Սինոդական թարգ․)
   
   Սեդեկիայի գերությունը ներկայացված է նրա՝ Տիրոջ կողմից որսի ենթարկվելու պատկերի միջոցով, մի համեմատություն, որը նպատակ ունի արտահայտելու Աստծո մեծ բարկությունն այս թագավորի դեմ, որի պատճառը, գլխավորաբեր, ինչպես պարզ է դառնում 17-րդ գլխից, Նաբուգոդոնոսորի հետ հարաբերություններում նրա ցուցաբերած դավաճանությունն և ուխտադրժությունն էր։ Այս համեմատությունը շատ զորավոր է և սիրելի՝ Եզեկիելի համար (Եզեկ․ 17:20, 16, 19:6, 32:3), սակայն այն ամենևին էլ նորահայտ չէ (Օսէէ 7:12, Երեմ․ 18:22, Ողբ 1:13, 4:20)։ Ինչպես որ 4-րդ գլխում Տերն Ինքն էր պաշարում Երուսաղեմը, այդպես էլ այս պարագայում է․ քաղդեացիները միայն Նրա կամքի կատարողներն են։ Աստված թագավորից խլում է քաղդեացիներից փախչելու ցանկացած հնարավորություն։

   «Բաբելոն» - սա, ենթադրաբար, հենց այն «ուրիշ վայրն» է (հմմտ․ 3-րդ համար)։

   «Բայց նա այն չպիտի տեսնի» - այսինքն՝ չպիտի տեսնի Քաղդեական երկիրը։ Ունկնդիրների համար հազիվ թե հասկանալի, արհեստական և զուտ- մարգարեական խորհրդավորությամբ կանխատեսվում է Սեդեկիայի կուրությունը:

   «Ու այնտեղ պիտի մեռնի» - Այս խոսքն արդեն դուրս է գալիս 3-7-րդ համարների խորհրդանշական գործողության սահմաններից։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ցանցս գցելու եմ նրա շուրջ, եւ նա բռնուելու է ուռկանիս մէջ: Տանելու եմ նրան Բաբելոն՝ քաղդէացիների երկիրը, բայց նա այդ երկիրը չի տեսնելու եւ այնտեղ էլ մեռնելու է:
(Արարատ թարգ․) Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։
(Գրաբար) Եւ արկից զցա՛նց իմ զնովաւ՝ և պատեսցի ուռկանաւ 'ի պաշարումն. և ածից զնա 'ի Բաբելոն յերկիրդ Քաղդեացւոց. և զդա մի՛ տեսցէ, և այդր վախճանեսցի։