Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։4

Ա. Լոպուխին

«Եվ քո գույքը դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք՝ ցերեկով, նրանց աչքերի առաջ, բայց ինքդ իրիկունը՝ նրանց աչքերի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման»։ [4] (Սինոդական թարգ․)
   

   4-րդ համարը, ինչպես և 5-րդ ու 6-րդ համարները, 3-րդ համարի ընդհանրական պատվիրանը նկարագրում է մանրամասնորեն և հանգամանորեն: Մարգարեն պետք է ցերեկը, հարևանների աչքի առաջ տանից դուրս հանի 3-րդ համարի բացատրության մեջ նշված իրերը և դրանք դնի տան առջև ա՛յն ձևով, որով դրանք պետք է վերցվեն  ճանապարհի համար («իբրև տարագրության գույք»), այսինքն՝ կապված և փաթեթավորված։ Իսկ ինքը՝ մարգարեն, տարագրության համար տնից պիտի դուրս գա միայն երեկոյան՝ կա՛մ այն ​​պատճառով, որ արևելքում, առհասարակ, ճանապարհորդությունները սկսվում են երեկոյան, երբ ավելի զով է լինում, կա՛մ որպեսզի ճամփորդությանը մի ամբողջ օր նախապատրաստությունն էլ ավելի կգրավեր շրջապատողների ուշադրությունը, կա՛մ էլ, որ առավել հավանական է, որպես Սեդեկիայի գիշերային փախուստի նշան (12-րդ համար):

   «Տարագրության գնացողների նման» - սլավոներենում՝ «ինչպես դուրս է գալիս գերեվարվածը», ասել է թե՝ ապահովված լինելով ամենաանհրաժեշտ իրերով և հուզմունք ու վիշտ արտահայտելով։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանց աչքի առաջ մէջտե՛ղ հանիր պատրաստութիւնդ, որ տեսել ես գերութեան համար:
(Արարատ թարգ․) Եվ քո գույքը ցերեկով նրանց աչքի առաջ դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք, բայց ինքդ իրիկունը նրանց աչքի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման։
(Գրաբար) Եւ մերկասցի՛ս զհանդերձս քո, րև զհանդերձ գերութեան: