Ա. Լոպուխին
Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ: Չէ՞ որ ձեր ճանապարհները ճիշտ չեն: [25] (Սինոդական թարգ․)
Մարգարեն մեջբերում է մեկ այլ ժողովրդական ասացվածք, որը նույնքան վրդովեցուցիչ է, որքան 2-րդ համարում մարգարեի հիշատակած առածը, որը բովանդակային առումով նմանություն ուներ ներկայիս ասացվածքի հետ (հմմտ․ 29-րդ համար, 33:17, 20). «Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ»: «Ոչ ուղիղ», կամ ինչպես կարելի է թարգմանել եբրայեցերեն արտահայտությունը, «անկայուն» ճանապարհը, որն աշխարհի առնչությամբ Աստծո գործունեության կերպն է, «հիմնավորվում» է միայն այն պատճառաբանությամբ, որ այս ուղին լիովին համահունչ է մարդկային ուղուն․ այն արհավիրքով արձագանքում է անարդարությանը և փոփոխվում է միայն մարդկային ուղու փոփոխության դեպքում, ինչպես ցույց է տրված 21-24-րդ համարներում։ Արդարը կամ մեղավորը փոխում է իր ուղին, և Աստված էլ փոխում է նրանց նկատմամբ Իր վերաբերմունքը: «Ինչպես որ անառողջ մարդու համար առողջ մարդուն հաճելի կերակուրը որպես պատիժ է ներկայանում, և ինչպես որ առողջ տեսողության համար հաճելի լույսն ատելի է հիվանդ աչքերի համար, այդպես էլ Աստծո արդարությունը տհաճ է անարդարների համար, իսկ նրանք, ովքեր հնազանդվում են այդ արդարությանը, չեն վրդովվում» (Օգոստինոս Երանելի):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ: Չէ՞ որ ձեր ճանապարհները ճիշտ չեն:
(Արարատ թարգ․) Դուք ասում եք. Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։
(Գրաբար) Եւ ասէք՝ թէ ո՛չ աջո՛ղ է ճանապարհ Տեառն. արդ լուարո՛ւք տունդ Իսրայէլի. միթէ ի՞մ ճանապարհ չիցէ աջող, ոչ ապաքէն ձեր ճանապարհք չե՛ն աջող:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: