Ա. Լոպուխին
1-2. «Յոթերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, Իսրայելի երեցներից մարդիկ եկան Տիրոջից հարցնելու և նստեցին իմ առաջ»։ [1] «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ (Սինոդական թարգ․)
Դարձյալ Իսրայելի մեղավոր անցյալի և ներկայի ու նրա նկատմամբ Աստծո ողորմած դատաստանի մասին։ Ինչպես որ ցույց է տալիս 20-րդ գլխի 1-ին համարում հիշատակված թվագրումը, հենց այս 20-րդ գլխից (12-րդ գլխից հետո առաջին անգամ), սկսվում է գրքի մի նոր բաժին, որը հասնում է մինչև 24-րդ գլուխը ներառյալ և իր մեջ բովանդակում է Աստծո դատաստանի վերաբերյալ վերջին սպառնալից խոսքերն ու կանխատեսումները: Այս բաժինն էականորեն ոչ մի նոր բան չի հավելում նախորդող խոսքերին, այլ միայն ներկայացնում է Աստծո պատժի կանխատեսումները՝ ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների տպավորության ներքո (սա «դրամայի» վերջին գործողության սկզբից անմիջապես առաջ էր, երբ բաբելոնյան բանակն արդեն սկսել էր արշավանքն ընդդեմ Երուսաղեմի, և քաղաքի պաշարումը սկսվելու էր եթե ոչ այսօր, ապա վաղն՝ անպայման), էլ ավելի հուզական էին դառնում։ Հնարավոր է, որ մարգարեի այս ելույթների համար հիմք է ծառայել հատկապես գերյալների վիճակը. 20:32-րդ համարից պարզ է դառնում, որ նրանք կրոնական հարցերի վերաբերությամբ շրջապատող հեթանոսների հետ գիտակցաբար ձուլման հակում են ունեցել։ Այս բաժնի կարգախոսն է «Մի՞թե ուզում ես դատել նրանց» արտահայտությունը (Եզեկ․ 20:4, 22:2, 23:35)։ Երուսաղեմն արդեն կանգնած է Յահվեի և նրա մարգարեի դատաստանի առջև և սպասում է իր նկատմամբ վերջնական դատավճռին և դրա շուտափույթ իրականացմանը։ Այն հուզումնալից լարվածությունը, որով գերիները հետևում էին Պաղեստինի իրադարձություններին, մարգարեի այս խոսքերում նույնքան հստակ է արտացոլված, որքան 7-րդ գլխում էր: Ինչ վերաբերում է, մասնավորապես, 20-րդ գլխին, ապա այստեղ բովանդակված խոսքերի համար, , ինչպես և 14-րդ գլխում էր, հիմք է ծառայել երեցների՝ Աստծուն հարցեր տալու համար կատարած այցելությունը։ Երեցներին Աստծո կողմից պատասխան տալու փոխարեն՝ մարգարեն օգտվում է նրանց այս այցելությունից՝ դատաստան տեսնելու համար Իսրայելի ողջ անցյալի և ներկայի վերաբերյալ։ Խնդիրն այս տեսանկյունից դիտարկելով՝ մարգարեն հետևողականորեն հետ հայացք է գցում Եգիպտոսում Իսրայելի ցուցաբերած կռապաշտությանը (5-9-րդ համարներ), ժողովրդի առաջին սերնդի՝ անապատում դրսևորած անհնազանդությանը (10-17-րդ համարներ), այդ նույն ժողովրդի երկրորդ սերնդին, որը դարձյալ գտնվում էր անապատում (18-28-րդ համարներ), Քանանի բարձրադիր վայրերում մատուցած պաշտամունքին (27-29-րդ համարներ) և, գերյալների մեղքերի հակիրճ ցուցումներից հետո, մեղքեր, որոնց պատճառով նրանք զրկվում են Աստծո պատասխանից՝ ուղղված իրենց հարցերին (30-31-րդ համարներ), մարգարեն պատկերում է արդեն Իսրայելի գալիք սրբագործումն ու վերականգնումը (32-44-րդ համարներ): Մարգարեության սույն 20-րդ գլխում խոսվում է նաև «հարավային դաշտի անտառի», այսինքն՝ Հրեաստանի մասին, որը նախատեսվում է այրել աստվածային կրակով, մի մարգարեություն, որն ավելի շատ կապված է 21-րդ գլխի հետ, ինչի վերաբերյալ կարող ենք նշել, որ հաջորդ՝ 21-րդ գլուխը կարծես քողազերծում է 16-րդ գլուխն իր այլաբանական շղարշներից՝ ուղղակիորեն խոսելով այն մասին, ինչի մասին որ այնտեղ խոսվում էր այլաբանության միջոցով։
«Յոթերորդ տարում ․․․» - այսինքն՝ Հեքոնիայի գերության յոթերորդ տարում (Եզեկ․ 1:2), և հետևաբար՝ Երուսաղեմի գրավումից 4 տարի առաջ, 8-11-րդ գլուխներում նկարագրված տեսիլքից (որը տեղի էր ունեցել տաճարում) 11 ամիս հետո։
«Իսրայելի երեցները» - տե՛ս 8։1-ին համարի բացատրությունը։
«Տիրոջից հարցնելու» - թե ինչի՞ մասին՝ չի ասվում, որովհետև դա կարևոր չէ. բոլոր դեպքերում պատասխան չէր կարող տրվել։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եօթներորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը, Իսրայէլի տան աւագներից մարդիկ եկան՝ հարցում անելու Տիրոջը, ու նստեցին իմ առաջ:
(Արարատ թարգ․) Եվ յոթերորդ տարում՝ հինգերորդ ամսվա տասին, Իսրայելի երեցներից եկան Տիրոջից հարցնելու և նստեցին իմ առաջ։
(Գրաբար) Եւ եղև յամին եւթներորդի, յամսեանն հինգերորդի որ օր տասն էր ամսոյն. եկին ա՛րք 'ի ծերոց տանն Իսրայէլի հարցանել' ի Տեառնէ՝ և նստան առաջի իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: