Ա. Լոպուխին
«Խառանը և Հաննեն ու Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Հիլմադը վաճառականություն էին անում քեզ հետ»։ [23] (Սինոդական թարգ․)
Թվարկումն Արաբիայից տեղափոխվում է դեպի Միջագետք և շրջակա երկրներ։ «Խառան» - այն հայտնի քաղաք էր հյուսիս-արևելյան Միջագետքում (Ծննդ. 11:31 և այլ տեղիներ)։ Ասորերենում՝ «Խառռանու», հունարենում՝ «Καρραι»։ Հնագույն ժամանակներից ի վեր հայտնի էր ոչ միայն այս քաղաքի՝ մշակութային կետ և սաբեականության կենտրոն, այլ նաև՝ առևտրային հանգրվան լինելը (այդ ժամանակներում սրբազան վայրերը հաճախակիերն ծառայում էին նաև որպես առևտրի կետեր, իսկ առևտրական քարավանները դիտարկվում էին նաև որպես սրբազան ուխտագնացություններ)։
«Հաննե» - սլավոներենում՝ «Հանաա»։ Սա պետք է որ լինի սեպագիր արձանագրությունների «Կուլլանի» բնակավայրը՝ Սիրիայի հյուսիսում, կրճատ՝ «Հալնե» (Ծննդ․ 10:10, Ամ․ 6:2, Ես․ 10:9). Նախկինում այն նույնացվում էր Կտեսիֆոնի հետ՝ հիմնվելով Պլինիոսի այն վկայության վրա (VI, 26), համաձայն որի՝ Կտեսիֆոնը գտնվում էր Հալոնիտիդում։ Սակայն ինչպես որ պարզվեց՝ Կտեսիֆոնը հունական ծագում ունի։ Դասական շրջանի հեղինակները մատնանշում են «Καιναι»-ին՝ Տիգրիսի առափնյա հատվածներում։
«Եդեմ» - սլավոներենում և որոշ հունարեն ձեռագրերում՝ «Դեդան», ինչը պետք է որ ճիշտ չլինի՝ համաձայն 20-րդ համարի։ Վատիկանյան և մյուս ձեռագրերում այն բացակայում է: Այս տեղանունը տարբերվում է եբրայեցերենում դրախտի տարածքը մատնանշող բառից այս առաջին «ե» տառով, քանի որ «դրախտ» բառը գրվում է երկար «ցերե» տառով, իսկ սույն անունը՝ կարճ «սեգոլ»-ով։ Այն պետք է որ նույնական լինի Խառանի կողքին հիշատակված «Եդեն»-ի հետ (Ամ․ 1:5, Դ Թագ․ 19:12), որ համաձայն Բիթ-Ադինի սեպագիր արձանագրությունների՝ գտնվում էր միջին Եփրատի երկու ափերի վրա: Դասական գրականության մեջ, օրինակ, Ստեփանոս Բյուզանդացու երկերում հիշատակվում է նույն վայրերում՝ «Αδανα» և «Εδδανα»: Թարգումում կոչվում է «Ադիաբենե»:
«Սաբայի վաճառականները» - նրանք այստեղ դարձյալ հիշատակվում են (հմմտ. 22-րդ համար)՝ միայն թե արդեն որպես միջնորդներ՝ այլ երկրների և Տյուրոսի միջև առևտրի գործընթացում։ Նրանց այդօրինակ միջնորդության մասին հստակորեն վկայում է Պլինիոսի Յուբան (XII, 17), ըստ որի՝ սաբացիները, որոնք ապրում էին համեմունքների երկրում, այդ համեմունքներով և այլ ապրանքներով (հատկապես խունկերով) գալիս էին Խառան, որտեղ ամենամյա տոնավաճառ էր կազմակերպվում։ Իսկ Խառանից էլ սաբացիները մեկնում էին Գաբաղ (գտնվում է Փյունիկիայում), Պաղեստին (որտեղից էլ վերցնում էին «ստիրաքս» ծառատեսակը) և նույնիսկ Պարենո։
«Ասորեստան» (Ասուր) – սա անշուշտ Ասորեստանն է, և ոչ թե Աստվածաշնչում ոչ մի տեղ չհիշատակված Սուպան կամ Էսուրին՝ Եփրատի աջ ափին գտնվող նավահանգիստը (Моv.՝ ըստ Տրոշոնի): Ասորեստանից ստացվող տուրքը (առնվազն տուրքը՝ առևտրային շահույթի իմաստով) Տյուրոսի առանձնահատուկ զորության և շքեղության մասին էր վկայում։
«Հիլմադ» - եզակի հանդիպող անվանում է։ Յոթանասնից թարգմանության «Հարման» տարընթերցումը հնարավորություն է տալիս այն նույնացնել Քսենոփոնի «Сarmandh»-ի հետ (Аnab. I, 5, 10), որ Եփրատի հոսանքի շուրջ գտնվող (Բաբելոնին սահմանակից) նշանավոր Կարմանիան է։ Բաղդադի մերձակայքում էլ հայտնի էր Կալվադա անունով բնակատեղին (Menarit. Babylon et la Chaldee, 107–111)։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Խառանը, Քանանն ու Դադանը (նոյնպէս քո վաճառականները), Սաբան, Ասուրն ու Քալմանը (քո վաճառականները)
(Արարատ թարգ․) Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։
(Գրաբար) Խառան, և Քանան, և Դադան, և նոքա վաճառականք քո. Սաբա, և Ասուր, և Քաղման վաճառականք քո․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: