Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[1] (Սինոդական թարգ․)
Յահվեն Իսրայելի նոր թագավորության ճշմարիտ հովիվն է։ 33-րդ գլխում ցույց էր տրվում, թե ժողովուրդն ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է անի իր ջանքերով երկրի վրա փրկությանը և Աստծո արքայությանը հասնելու համար: Իսկ այժմ սկսվում է ա՛յն պատկերի նկարագրությունը, թե Աստվա՛ծ ինչ է անելու այդ միևնույն նպատակի համար (ի դեպ, Նա գրեթե ամեն ինչ միայնակ է անելու)։ Եվ այդ պատկերի նկարագրությունը սկսվում է Իսրայելի նոր թագավորության հասարակական կառուցվածքի նկարագրությամբ: Իսրայելի նախկին հովիվներն (թագավորները և ժողովրդական կյանքում դերակատարում ունեցած այլ առաջնորդները) իրենց դրսևորեցին եսասեր հովիվների նման, և նրանց վատ կառավարումը կործանում բերեց ժողովրդի գլխին (1-10-րդ համարներ): Այդ իսկ պատճառով էլ Տերն Իր վրա պիտի վերցնի Իր հոտի հանդեպ հոգածության գործը։ Նախևառաջ Աստված այդ հոտին պիտի վերադարձնի հայրենի երկիր, որտեղ Նրա հոտի ոչխարները արգավանդ արոտավայրեր կգտնեն (11-16-րդ համարներ)։ Այդպիսով Տերը կվերացնի ուժեղների կողմից թույլերի նկատմամբ գործադրվող ճնշումները: Աստված կառանձնացնի հոտի համառ խոյերին և թույլ ոչխարներին կպաշտպանի նրանցից (17-22-րդ համարներ): Դավթի սերունդն իր հոտը պիտի արածեցնի պտղաբեր երկրում՝ պաշտպանված լինելով թշնամիներից և գազաններից՝ Աստծո հանդեպ օրհնաբեր հավատարմություն ցուցաբերելու շնորհիվ (22-31-րդ համարներ): Սույն գլուխը նմանություններ ունի Երեմիայի մարգարեության 23։1-8-րդ համարների հետ, սակայն այստեղ փրկության առաքելությունն ավելի լավ տեսանելի է, քան այնտեղ։ Այդ փրկությունն այս գլխում ներկայանում է որպես միայն Աստծո գործ, ինչի արդյունքում Մեսիայի կերպարն այդքան էլ վառ արտահայտված չէ։
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - ժամանակագրությունը բացակայում է և, հետևաբար, ժամանակաշրջանը պետք է որ ընդգրկի վերաբնակեցման 12-րդ տարվանից (Եզեկ․ 33:21-րդ համար) մինչև 25-րդ տարին (Եզեկ․ 40:1-ին համար) ընկած պատմական շրջանը։ Այդ նույն սկզբունքն է տիրապետում մինչև 11-րդ գլուխն ընկած մարգարեական ելույթների ամբողջ շարքի պարագայում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: