Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։1

Ա. Լոպուխին

«Ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը, և Տերն ինձ դուրս հանեց Հոգով ու և դրեց ինձ դաշտի մեջտեղում, և այն լիքն էր ոսկորներով»։[1] (Սինոդական թարգ․)
   
   Չորացած ոսկորների կենդանացումը և Եփրեմի միացումը Հուդայի հետ։ Իսրայելի վերականգնումն (11-րդ համար)  առաջին հերթին ներկայացվում է որպես Եզեկիելի մարգարեության 36։10-րդ համարում արծարված մտքերի (որոնք շոշափվում են նաև հաջորդող 37-րդ գլխում և այդպես շարունակ) զարգացման արդյունք, իսկ երկրորդ հերթին՝ որպես արդյունք 36:24-րդ համարում առկա գաղափարների խորացման։ Այդպիսով մարգարեն, միչև այս պահը խոսելով պետության (34-րդ գլուխ) և երկրի (35-36-րդ գլուխներ) վերականգնման մասին, այժմ էլ խոսում է արդեն ժողովրդի՛ վերականգնման մասին։ Սակայն ժողովուրդը, որը վերջին պատերազմների ժամանակ մեծապես ոչնչացվել և ցիրուցան էր եղել այս ու այն կողմ, ներկայումս գտնվում էր վերականգնման համար այնպիսի հուսահատ մի կացության մեջ, որ այդօրինակ վերականգնումը կարող էր համարժեք լինել միայն ժողովրդի ամբողջական հարությանը: Հրեա ժողովրդի հետ հենց դա էլ տեղի է ունենալու (1-14-րդ համարներ), իսկ դրանից (այսինքն՝ այդ հարությունից) հետո կամ դրա հետ միաժամանակ վերանալու է Եփրեմի և Հուդայի թշնամությունը, որը նույնքան «հին» է, որքան հենց ինքը՝ ժողովուրդը (տե՛ս «Պոկրովսկի Ֆ. Յա., «Հրեական թագավորության բաժանումը Հուդայի և Իսրայելի թագավորությունների միջև», Կիև, 1885 թ․)։ Արդյունքում այդ երկուսը միավորվելու են մեկ թագավորի իշխանության ներքո (15-28-րդ համարներ): Սակայն թեպետ գլխի առաջին հատվածում, որը բովանդակում է Հին Կտակարանի ամենազարմանահրաշ տեսիլքներից մեկը (տե՛ս 1-10-րդ համարները) և դրա բացատրությունը (11-14-րդ համարներ), խոսվում է Իսրայելի՝ որպես ժողովուրդ (ազգային ժողովուրդ) վերակենդանանալու մասին (ինչը որ պարզ է դառնում արդեն իսկ գրքի այդ հատվածում առկա մտքի ողջ ընթացքից և 11-րդ համարում մարգարեի անմիջական ցուցումից), այդուամենայնիվ, ոչ առանց հիմնավորումների, հնագույն շրջանի մեկնիչները (Just. Apol. II, 87, Irenaeus Prot. ep. V, 1; Cyprian Ad Ouir. III, 49; Tertul. De ress. sag. 30; Cyril. Jer Catech. 18, Augustine De doctr. christ. III, 34) ներկայիս գլխում «տեսնում են» մահացածների հարության վերաբերյալ մարգարեական մի տեսիլք՝ ի հակառակ Արևմուտքի նորագույն շրջանի գրեթե բոլոր մեկնիչների, որոնք սույն հարցի առնչությամբ որպես իրենց նախորդներ «ընդունում էին» գնոստիկներին (Terth. I. c): Մահացածների հարության հանդեպ հավատը ո՛չ միայն խորթ չէր Հին Կտակարանի պատկերացումներին, այլև դեռ իր շատ հստակ արտահայտումն էր գտել Հոբի գրքի 19-րդ գլում, Եսայու մարգարեության 26:19-րդ և Դանիելի մարգարեության 12:2-րդ համարներում։ Եզեկիելի սույն տեսիլքը վերոնշյալ բոլոր հատվածներին գերազանցում է իր արտահայտչականության պարզությամբ: Իհարկե, մարգարեն այստեղ խոսում է Իսրայելի վերածննդի մասին (չնայած որ ոչ մի հատվածից հստակորեն պարզ չի դառնում, որ նա այդ վերածնունդն ակնկալում էր տեսնել մոտ ապագայում, օրինակ՝ բաբելոնյան գերությունից հրեաների ազատագրման իրադարձությամբ), սակայն այդ վերակենդանացումը (կամ՝ վերածնունդը) մարգարեն պատկերացնում է ոչ միայն մեռածների հարության իրականացմամբ, այլ նաև դրան զուգահեռ, ապագայում իրականանալիք մի ցնցող իրադարձության հռչակմամբ (իրադարձություն, որն Իսրայելի գալիք և իրական վերականգնման ու նրա փրկության գործում, հավանաբար, մեզանից թաքուն մի ինչ-որ ներդրում է ունենալու)։ Եվ, ի դեպ, այդ ցնցող իրադարձության մասին խորհրդածությունն ամբողջությամբ մի կողմ է մղում մարգարեի խոսքի բուն թեման, և մարգարեն դրան վերադառնում է միայն իր տեսիլքը բացատրելու ժամանակ։ Բացի այդ, ինչպես ասում է Տերտուղիանոսը, «անհնարին է պատկեր վերցնել մի այնպիսի առարկայից, որն առհասարակ գոյություն չունի» (De ress. car. VI, 30): Այդ իսկ պատճառով էլ եկեղեցական ավանդությունը շատ հաջող կերպով այս տեսիլքի մեկնաբանությունը «կառուցում» է Փրկչի գերեզմանի վրա:

   «Ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը, և Տերն ինձ դուրս հանեց Հոգով ու և դրեց ինձ դաշտի մեջտեղում, և այն լիքն էր ոսկորներով» - «Եղավ» - սա «ասինդետոն» է (բառի գործածություն՝ առանց շաղկապի), ինչպես որ հանդիպում է 40:2-րդ համարի պարագայում; հմմտ․ 1:1-ին համարը, որում ճիշտ հակառակ պատկերն է։

   «Ինձ վրա եղավ Տիրոջ ձեռքը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 1։3-րդ համարի բացատրությունը։

   «Դուրս հանեց» - այս ցուցումը, կարծես թե, մարմնական տեղափոխության մասին է (հմմտ․ Եզեկ․ 3:10, 24

   «Հոգով» - տեսիլքի մեջ, էքստազի մեջ գտնվելիս (Եզեկ․ 3:14, 8:31, 11:24):

   «Դաշտի մեջտեղում» - գուցե այստեղ խոսքն այն նույն դաշտի մասին է, որը հիշատակվում է 3:24-րդ համարում, սակայն էլ ավելի հավանական է, որ այստեղ խոսքն արդեն մեկ ուրիշ դաշտի մասին է, քանի որ այստեղ մատնանշվող դաշտը լեցուն էր ոսկորներով: Նկատի է առնվում մարտի դաշտը, որը մարգարեն մեկ անգամ չէ, որ կարող էր տեսած լինել։

   «Ոսկորներով» - խոսքն անթաղ ոսկորների մասին էր, որպեսզի մարգարեն կարողանար տեսնել, թե դրանց հետ ինչ էր տեղի ունենալու:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով:
(Արարատ թարգ․) Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։
(Գրաբար) Եւ եղև ‘ի վերայ իմ ձեռն Տեառն. և եհան զիս Հոգւովն Տեառն, և եդ զիս ‘ի մէջ դաշտին. և այն լի՛ էր ոսկերօք մարդկան.