Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։13

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա այն սահմանը, որով դուք պիտի բաժանեք երկիրը` որպես ժառանգություն, Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին [պիտի ունենա]»։ [13] (Սինոդական թարգ․)
   

   «Ահա» - սլավոներենում` «սա է», եբրայեցերենում ոչ թե` «ze» - «սա», այլ` «ge» (ունի եզակի կիրառություն - ap. leg.) – «միգուցե», ասորերենում` «ահա», «սա»...

   «Սահմանը» - եբրայեցերենում առանց բառանդամի կիրառությունն անբնական է:

   «Որպես ժառանգություն» - Մովսեսն այս արտահայտությամբ մատնանշում էր հրեաների կողմից Քանանին տիրանալու իրողությունը (Թվ. 32:18, 34:13, Ես. 14:2): Սա այն ժառանգությունն է, որը տրվում է հայրերից կամ հենց Աստծո կողմից: Նոր Կտակարանում այս նույն հասկացությունը վերաբերում է արդեն Երկնքի Արքայությանը (Մատթ. 20:34 և այլ տեղիներ):

   «Հովսեփը երկու բաժին [պիտի ունենա]» - այս մասին հիշատակվում է, քանի որ հակառակ դեպքում 12 թիվը չէր լրանա, որովհետև Ղևին հողաբաժին չպիտի ստանար։

   «Բաժին» («հողաբաժին») – եբրայեցերենում` «khavalim». այս բառով Բ Թագ. 8:2-րդ համարում կոչվում է չափման նպատակով օգտագործվող պարանը: Այստեղ, ակնհայտորեն, այս բառը կիրառվել է մետոնիմիկորեն (փոխաբերական իմաստով): Սակայն Եզեկիելի մարգարեության մեջ ամենուր «բաժին», «հողաբաժին», «հողակտոր» նույնիմաստ բառերն անվանվում են «khelek» եզրույթով...
   
   13-23. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա այն սահմանը, որով դուք պիտի բաժանեք երկիրը` որպես ժառանգություն, Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին [պիտի ունենա]»։ «Եվ ժառանգեք այն` ինչպես մեկդ, այդպես էլ մյուսդ, քանի որ Ես, բարձրացնելով Իմ ձեռքը, երդվեցի այն տալ ձեր հայրերին, ուստի և այս երկիրը պիտի լինի ձեր ժառանգությունը»։ «Եվ սա է երկրի սահմանը. հյուսիսային ծայրում` մեծ ծովից սկսած Եթլոնի միջով, Սեդադի ճանապարհով»։  «Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, Դամասկոսի և Եմաթի շրջանների միջև գտնվում Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանին է»։  «Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի հետ սահմանը, և այնուհետև դեպի հյուսիս` Եմաթի շրջանը. և սա է հյուսիսային եզրագիծը»։ «Արևելյան եզրագիծը թող լինի Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. հյուսիսային եզրագծից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան եզրագիծը»։  «Իսկ հարավային եզրագիծը կեսօրվա կողմից (դեպի հարավ)՝ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. և հոսքի երկայնքով մինչև մեծ ծովը. սա է կեսօրվա (հարավային կողմի) եզրագիծը հարավում»։  «Արևմտյան կողմն էլ՝ մեծ ծովն է` հարավային սահմանից մինչև Եմաթի դիմաց գտնվող վայրը. սա է արևմտյան եզրագիծը»։ «Եվ այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև որպես ժառանգություն` ըստ Իսրայելի ցեղերի»։  «Եվ այն վիճակահանությա'մբ բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող այն օտարականների միջև, որոնք ձեր մեջ երեխաներ են ծնել. և նրանք Իսրայելի որդիների մեջ ձեզ համար հավասար պիտի լինեն բնիկներին, և նրանք (օտարականները) ձեզ հետ բաժին պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ»։ ««Օտարականը որ ցեղի մեջ որ բնակվում է, այդտեղ էլ պիտի նրան տաք իր ժառանգությունը», - ասում է Տեր Աստված»։
   
   Ապագա Սուրբ Երկրի սահմանները: Որոշվում են ապագա Սուրբ Երկրի սահմանները և տրվում են այդ երկրի հողակտորները բաժանելու համընդհանուր հիմքերը։ Նշված սահմանները (13-20-րդ համարներ) ամբողջովին չեն համընկնում ո'չ Թվ. 34:1-15-րդ համարների, ո'չ Վեցամատյանի մյուս տվյալների և ո'չ էլ Հրեական թագավորության` որևէ ժամանակաշրջանում ունեցած իրական սահմանների հետ: Թե' մեկի և թե' մյուսների հետ համեմատությամբ` այս սահմանների միջև առկա հիմնական տարբերությունը «Անդրհորդանան»-ի լիակատար բացառումն է։ Դրա հիմնավորումն այն է, որ ամենասրբազան և հնագույն ավանդույթները, օրինակ` պատրիարքների (նահապետների) պատմությունը, կապված են եղել միայն այսաշխարհային (աշխարհի վրա գտնվող, և ոչ թե` երկնային) Պաղեստինի հետ: Ու բացի այդ էլ` միայն այսաշխարհային Պաղեստինի սահմաններում էր հնարավոր 12 ցեղերին սիմետրիկորեն (համաչափորեն) դասավորել տաճարը շուրջբոլորը` մի հանգամանք, որն այս պարագայում ամենակարևոր նշանակությունն ուներ: Ի դեպ` Մովսեսի համար նույնպես (չնայած այն բանին, որ իդեալականացված Քանանի սահմանները հասնում էին մինչև Եփրատ) Սուրբ Երկրի սահմաններն իրականում հասնում էին մինչև Հորդանան (Թվ. 34:12): Կարծես իբրև արևելյան շրջանի դիմաց տրվող «փոխհատուցում»` ապագա Սուրբ Երկրի սահմանները Մովսեսի «պատկերացրած» և նկարագրած սահմաններից մի փոքր դեպի հյուսիս և բավականին նշանակալիորեն ավելի դեպի հարավ են տեղաշարժվում։ Սուրբ Երկրի հողակտորները Իսրայելի ցեղերի միջև բաժանելու սկզբունքը նույնպես (21-23-րդ համարներ) տարբերվում է Մովսեսի հրապարակած սկզբունքներից, և այդ տարբերությունը դրսևորվում է հատկապես երկու ասպեկտներով.

   1) ցեղերի համար հողակտորները բաժանվում են ըստ օրենքի, և ոչ թե վիճակահանությամբ. վիճակահանությամբ բաժանումը տեղի է ունենում միայն յուրաքանչյուր ցեղի սահմաններում,

      2) հրեաների հետ հավասար իրավունքներով Սուրբ Երկրին տիրապետելու իրավասություն է տրվում նաև օտարերկրացիներին (այդպիսով հռչակվում է հեթանոսների կանչը դեպի քրիստոնեական Եկեղեցի):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաեւ այն յաւելեալ բաժինը, որ ժառանգութիւն են թողնելու իսրայէլացիների տասներկու սերունդներին:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Ա՛յս են սահմանք ժառանգութեան երկրին, զոր ժառանգեցուցանիցեն երկոտասան ազգացն որդւոցն Իսրայէլի յաւելուած վիճակաց․