Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։1

Ա. Լոպուխին

«Եվ վեցերորդ տարվա վեցերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը ես նստած էի իմ տանը, և Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա»։ [1] (Սինոդական թարգ․)
   

   Կռապաշտության տեսիլքը տաճարում: Կանխատեսելով մայրաքաղաքի, երկրի և թագավորության կործանումը՝ այժմ մարգարեն անցում է կատարում տաճարի ճակատագրի վերաբերյալ կանխասացությանը: Սակայն տաճարի՝ երկրի վրա Աստծո այս առեղծվածային բնակավայրի ճակատագիրը չէր կարող կանխատեսվել այնքան հստակորեն, պարզ և հակիրճ ձևով, որքան բոլոր նախորդ երևույթների մասին կանխասացություններն էին։ Տաճարի վերաբերյալ սույն կանխասացությունը պահանջում էր նաև հայտնության բացառիկ դրսևորման՝ տեսիլքի առկայություն։ Այսպիսով, Եզեկիելի մարգարեության շնորհը, բարգավաճելով խանդավառության մեջ, 4-րդ գլխի անձայն միմիկայից ու 5-րդ գլխի հանդարտ խոսքից անցում կատարելով դեպի 6-րդ գլխի աշխույժ խոսքին և 7-րդ գլխում նկարագրված Յահվեի՝ զգացմունքային-բարկութենալի ողբն Իր երկրի համար, 8-11-րդ գլուխներում արդեն մուտք է գործում մի տեսիլքի մեջ, որը մարգարեական ներշնչականության ամենաբարձր աստիճանի արտահայտությունն էր: Ութերորդ գլխում Աստված մարգարեին առաջնորդում է ամբողջ տաճարով մեկ և ցույց է տալիս այնտեղ տեղի ունեցող հեթանոսական պաշտամունքները, որոնց թիվը հասնում է մինչև 4-ի և 5-ի: Աստված կամեցավ մարգարեին հենց տաճարո՛ւմ ցույց տալ կռապաշտության բոլոր տեսակները, որոնց անձնատուր էր եղել Իսրայելը, չնայած որ այդ պաշտամունքներից որոշները կատարվում էին ոչ թե տաճարում, այլ յուրաքանչյուրն իր սենյակում (սրբարանում; 12-րդ համար)։ Տաճարն այն վայրն էր, որտեղ Իսրայելը պետք է երկրպագեր Աստծուն, ուստի Իսրայելի՝ Աստծուն ուրանալը չէր կարելի պատկերացնել սրանից ավելի զորավոր և ավելի պատկերավոր ձևով, քան թե մարգարեի աչքի առջևով հաջորդաբար հայտնվող պիղծ կռապաշտության պատկերների միջոցով, կռապաշտություն, որը տեղի էր ունենում տաճարում՝ Աստծո աչքի առջև։ Այս պաշտամունքների նկարագրությունից ստեղծվում է այն տպավորությունը, որ «դրանք Հրեաստանում իրագործվել են հենց այդ ժամանակ, և ոչ թե ավելի վաղ, օրինակ՝ Մանասեի օրոք։ Այն, որ Սեդեկիայի օրոք երկրպագում էին հեթանոսական աստվածներին՝ չնայած այդ մասին Երեմիայի և նրա գրքի 44:18-րդ համարի լռությանը, ինքնին հասկանալի է, սակայն դա ամենևին չի հակասում այն ​​իրողության, որ այն ժամանակ նույնպես նրանք ակնկալում էին Յահվեի օժանդակությունը։ Հասարակական զանգվածների մեջ գերակշռում էին կրոնի վերաբերյալ սինկրետիկ հայացքները։ Այն, որ մենք դրա մասին միայն հազվադեպ հանդիպող «վկայություններ» ունենք (չնայած որ այդ «վկայությունները» շատ զորավոր են, ինչպես օրինակ՝ Երեմ. 11:13, Բ Մնաց․ 26:14, Դ Թագ․ 24:19 և այլ տեղիներ), ապա դա միայն այն պատճառով է, որ այդ երևույթն ինքնին հասկանալի է եղել: Մանասեի կողմից տաճարում դրված և Հովսիայի կողմից իրականացված կուռքերը կարող էին վերականգնվել ռեակցիոն կուսակցության կողմից» (Սմենդ): եթե մենք դրա մասին միայն երբեմն ցուցումներ ունենք (բայց շատ ուժեղ, օրինակ՝ Եր. 9:13, 2 Տարեգրություն 26:14, 4 Թագավորներ 24:19 և այլն), ապա միայն այն մպատճառով, որ դա ինքնին հասկացվել է: Մանասեի կողմից տաճարում դրված և Հոսիայի ձեռքով այնտեղից հանված կուռքերը կարող էին դարձյալ վերականգնվել հետադիմական խմբակցությունների կողմից» (Սմենդ):

   «Վեցերորդ տարվա (այսինքն՝ Հեքոնիայի և մարգարեի գերության տարում) վեցերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը» - հետևաբար՝ 3:16-րդ համարում նկարագրված հայտնությունից 413 օր հետո, եթե իհարկե գերության 5-րդ տարին սովորական տարի էր, և 439 օր հետո, եթե գերության 5-րդ տարին նահանջ տարի էր (13 ամսվա հաշվարկով նահանջ տարին ամեն երրորդ տարին էր)։ Այս երկրորդ պարագայում ներկայիս հայտնությունը պետք է որ տեղի ունեցած լինի մարգարեի՝ խորհրդանշաբար պառկելու գործողության ժամանակ, իսկ այն առաջին պարագայում՝ այդ գործողությունից անմիջապես հետո։ Ինչպես որ ասվեց 4-րդ գլխի բացատրության մեջ՝ մարգարեի պառկած մնալու այդ դժվարին խորհրդանշական գործողությունը, զուգորդված խստակրոն պահեցողության հետ, կարող էր լավագույն նախապատրաստությունը լինել իսկապես խորհրդավոր մի հայտնության համար, որը, ընդ որում, բավականին սերտ կապ ուներ պառկած մնալու այդ գործողության հետ։ Այդ տեսիլքի ժամանակ մարգարեն հոգով տեղափոխվում է այդ քաղաքը, որի գծագիրը պատկերված էր աղյուսի վրա և որի ուղղությամբ որ մշտապես շրջված էր նրա դեմքը և մերկ աջ ձեռքը (Եզեկ․ 4:7):

   «Վեցերորդ ամսին» - օգոստոս-սեպտեմբեր։ Հունարենում ոչ թե «վեցերորդ», այլ «հինգերորդ» ամիսն է նշվում․ դարձյալ տեղի է ունենում ժամկետի կրճատում, ինչպես որ պառկելու գործողության օրերի պարագայում էր։

   «Նստած էի» - պետք է հասկանալ կա՛մ բառացիորեն, կա՛մ «գտնվել» իմաստով (հմմտ․ Եզեկ․ 3:25

   «Հուդայի երեցները» - 11:25-րդ համարում արդեն նրանք պարզապես կոչվում են «վերաբնակիչներ», 14:1-ին, 20:1-ին և 3-րդ համարներում՝ ընդհանուր մատնանշում պարունակող անվամբ՝ «Իսրայելական»։ Սակայն հնարավոր է, որ եթե Հուդան ապրում էր այն միևնույն գերության պայմաններում, որում որ գտնվում էր Իսրայելը, ապա այդ դեպքում Հուդային ավելի շատ էր հետաքրքրում Երուսաղեմի և տաճարի ճակատագիրը, ինչին որ վերաբերում էր ներկայիս տեսիլքը և ինչը որ կարող էր լինել երեցների մտահոգության (ինչը կարող էր դրսևորվել Երուսաղեմ այցելության միջոցով) և խոսակցության առարկան: «Գերիներին տրված ազատությունը նրանց հնարավորություն ընձեռեց բնակություն հաստատելու Բաբելոնում, այն վայրերում, որտեղ նրանք ցանկանում էին, և առավել քան բնական էր, որ առանձին ընտանիքներն ու տոհմերը միասին պիտի բնակվեին։ Ահա թե ինչու շատ հավանական է, որ Եզեկիելի մարգարեության չորս տեղիներում երեցները հիշատակվում են որպես տոհմացեղերի առաջնորդներ» (Seeseman, Die Aeltesten in A.T. 1895, 53): Այն, որ երեցները այցելության են գնում մարգարեին նրա իսկ տանը՝ վկայում է Եզեկիելի մարգարեական ծառայության մեկ տարվա ընթացքում նրա հեղինակության աճի մասին: «Այն հակադրությունը, համաձայն որի՝ Հեքոնիայի հետ վերաբնակեցված արիստոկրատիան կանգնեց նրանց կողքին, ովքեր մնացել էին Երուսաղեմում (Եզեկ․ 11:15, 12:12), այդ արիստոկրատիային մտերմացրեց քաղաքի կործանումը կանխագուշակած մարգարեի հետ, և իր հերթին Եզեկիելն էլ սկսեց շատ ավելի մեծ հույսեր կապել նրանց, քան թե՝ մայրաքաղաքի բնակիչների հետ։ Իսկ գերությունն էլ այսուհետև մարգարեին ներկայացվում է որպես միջոց, որի օգնությամբ Յահվեն կազմակերպելու էր Իսրայելի դարձը։ Ուստի և Եզեկիելը մեծ հույսեր է կապում այդ վերաբնակիչների հետ, որոնք դրական արձագանք էին տվել նրա մարգարեական ծառայությանը (Եզեկ․ 11:15 և այլ տեղիներ; հմմտ․ Երեմ. 24:3)։ Մյուս կողմից էլ, Հեքոնիայի հեռանալուց հետո Երուսաղեմում իրավիճակը, կարծես թե, ավելի էր վատթարացրել (Եզեկ․ 10:9, 14:21 և այլ տեղիներ)։ Այստեղից էլ հետևում էր բարեկամական այն տոնայնությունը, որն այսուհետ երբևէ չի «բացակայում» Եզեկիելի շուրթերից՝ վերաբնակիչների հետ մարգարեի ունեցած հարաբերությունների համատեքստում (հմմտ․ Եզեկ․ 14:22-րդ համարը և շարունակությունը, 20:30-րդ համարը և այլ տեղիներ», Սմենդ):

   «Այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա» - Ինչպես բացատրվում է 1:3-րդ համարում, սույն արտահայտությունը նշանակում է, որ մարգարեն հիազմայլության (էքստազի), բորբոքվածության մեջ է ընկել, սակայն այստեղ այս արտահայտությունն ավելի շուտ զգացական նշանակություն ունի, ինչպես որ ցույց է տալիս դարձյալ 3-րդ համարը։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ: Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս,
(Արարատ թարգ․) Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։
(Գրաբար) Եւ եղև յամին վեցերորդի յամսեանն հինգերորդի, որ օր հինգ էր ամսոյն. ես նստէի ‘ի տա՛ն իմում, և ծերքն Յուդայ նստէին առաջի իմ։ Եւ եղև ‘ի վերայ իմ անդ ձեռն Ադովնայի Տեառն.