Ա. Լոպուխին
«Քո նախահայրը մեղք գործեց, ու քեզ համար բարեխոսողները հեռացան Ինձանից»: [27] (Սինոդական թարգ․)
«Քո նախահայրը մեղք գործեց, ու քեզ համար բարեխոսողները հեռացան Ինձանից»: Ամեն անգամ, երբ հրեաները ցանկանում էին ցույց տալ իրենց արդարությունն ու Աստծո հետ մտերմությունը, վկայակոչում էին իրենց նախահայրերի՝ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի, ինչպես նաև իրենց քահանայապետերի ու առաջնորդների՝ Մովսեսի, Ահարոնի, Սամուելի և մյուսների արժանիքները: Տերն այժմ դիպչում է նրանց ամենազգայուն և ցավոտ տեղին. Նա ասում է, որ անգամ նրանք՝ հրեա ժողովրդի փառավորված նախնիներն ու առաջնորդները նույնպես հեռու էին անբասիր կյանքով ապրելուց ու բարոյական վարքագիծ դրսևորելուց, ինչի մասին որ վկայում է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ աստվածաշնչյան անաչառ պատմությունը (Ծննդ. 12:13, 18, 17:17, 20:2 և այլ հատվածներ): Եբրայական տեքստում առկա է «նախահայր» բառը, որը բազմաթիվ ուսումնասիրողների գայթակղում է փնտրելու պատմական մի որևէ կոնկրետ կերպարի (Ադամ, Աբրահամ, Հակոբ և այլք): Սակայն Սեպտուագինտայում եբրայական «ավիխա» արտահայտությունը թարգմանվել է «οἱ πατέρες ὑμων» ձևով, այսինքն՝ որպես հավաքական անուն, որը շատ ավելի լավ է արտահայտում տեքստի ընդհանուր գաղափարը: Եթե «հայրերը» միայն մեղանչել են, բայց դրանից հետո նորից ոտքի են կանգնել ու, Աստվածային աջակցության ներգործությամբ, հասել են բարձրագույն արդարության, ապա «քո բարեխոսները ամբողջությամբ հեռացել են Ինձանից»: Այս աստվածուրաց բարեխոսների անվան տակ առավել ճիշտ կլիներ հասկանալ «կեղծ քահանաներին ու մարգարեներին», որոնք հատկապես շատացել էին նախագերության ժամանակաշրջանում՝ համաձայն ճշմարիտ մարգարեների վկայության (Եր. 5:13, 14:15, 13 գլ, Եզ. 14:9, Սոփ. 3:4 և այլ հատվածներ):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ:
(Արարատ թարգ․) Քո առաջին նախահայրը մեղք գործեց, և քո միջնորդներն ըմբոստացան իմ դեմ։
(Գրաբար) Հարքն ձեր նախ մեղան, եւ իշխանքն ձեր անաւրինեցան յիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: