Եսայու մարգարեության մեկնություն 56:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց»:
   
   Երանի է այն մարդուն, ով պահում է շաբաթը։
   Օրենքի տասնաբանյա պատվիրաններից մեկը շաբաթ օրվա պահպանությունն է: Իսկ թե ինչպես էր պետք պահել շաբաթը՝ հայտնի է Օրենքներից, որոնք հրամայում էին խստագույնս պահպանել դրան վերաբերող կանոնները՝ որևէ մարմնավոր գործ չանել, չվաճառել, ճանապարհ չգնալ և այլն, և միայն խիստ կարևոր հարցերով զբաղվել, ու այսպիսով Տերն օրինադրում էր զերծ մնալ չար բաներից: Եվ եթե մարդ բոլոր օրերին մեղքերից զերծ մնար այնպես, ինչպես հրեաներն էին իրենց զերծ պահում շաբաթ օրը, իր բնությամբ չէր զիջի հրեշտակներին: Իսկ շաբաթվա այդ յոթներորդ օրը, Զատկից յոթ շաբաթ հետո նշվող տվչության տոնը 1, այլև յոթներորդ ամսվա մեջ կարգված քավության տոներն այս կլյանքի յոթ դարերից հետո սպասվող հավիտենական հանգստյան խորհրդանշաններն էին: Որովհետև թեպետ հարկադրանք կար, սակայն օրենքը կապում էր մարդկանց ձեռքերը, որպեսզի չմեղանչեին ո՛չ կամովին և ո՛չ ակամա, ինչպես ասում է մարգարեն.
    Ու ում ձեռքերը հեռու են անօրենություն կատարելուց

    Ձեռքն շատ բաների համար է անհրաժեշտ. առևտրի, գործելու, պահելու, հարվածելու ու բժշկելու, սրբելու և սպասավորելու: Արդ, առևտուրն այն է, երբ վաճառելիս մեր ունեցածը տալիս ենք և ուրիշից այլ բան ենք վերցնում, կամ՝ հոգևոր իմաստով, աղերսում մեծագույն ընծաներնու շնորհների պարգևները: Այլև, ձեռքերի միջոցով ենք ստեղծագործում՝ արվեստի նմուշներ արարելով, և դարձյալ ձեռքերի օգնությամբ ենք պահպանում մեր մարմնի բոլոր անդամները: Ձեռքերով հարվածելով՝ խոցում ենք բոլոր թշնամիներին, ձեռքերով ենք բժշկում մեր վերքերը, մաքրում մեր բոլոր աղտերն ու հոգում մեր կյանքի պետքերը: Եվ ձեռքերն են, որ սպասավորում են խոսքին՝ գրչի շարժման միջոցով գիր շարադրելով: Այս բոլոր կարիքները և սրանց նման պետքերը մարմնավոր են, բայց Աստծուն պետք են հոգևոր բաներ: Ինչպես աշխարհային կյանքում առևտուրն է, այդպես էլ հոգևոր կյանքում ողորմության «վաճառքն» է, որովհետև ողորմություն տալու շնորհիվ ողորմության ենք արժանանում, ինչպես ասվում է. «Ողորմածները ողորմություն կգտնեն» (Առակ. 17։5): Այլև, ձեռքերի տարածումով աղերսելով՝ աղոթք ենք [առաքում] Աստծուն, և ստանում ենք մեր խնդրած ընծաները, ըստ այն խոսքի, թե՝ «Իմ ձեռքերի վերհառնումը երեկոյի պատարագ է» (Սաղմ. 140։2): Իսկ Սողոմոնն ասում է, թե՝ «Իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն նրանց վրա. դու կլսես նրանց ու կկատարես խնդրանքը»:

    Նաև, ինչպես մարմնական հարցեր ենքում ձեռքի օգնությանը դիմում, այդպես էլ հոգևոր հարցերում ենք կիրառում այն, քանի որ սուրբ ավազանի ծնունդը ձեռքով ենք կատարում, նաև՝ ձեռքով ենք մատուցում [Տիրոջ] մարմինն ու արյունը և մյուս բոլոր շնորհները: Այդ մասին ասվում է, որ առաքյալները դնում էին իրենց ձեռքերը, և ձեռնադրվողները Սուրբ Հոգի էին ստանում: Այս պատճառով մենք համբուրում ենք ոչ թե քահանայի գլուխը, այլ՝ ձեռքը, քանզի ամեն ինչ ձեռքով հաստատվեց: Եվ ինչպես ձեռքի միջոցով ենք պահպանում մարմնի բոլոր անդամները, այդպես և ձեռքով ենք կնքում ու պահպանում բոլոր զգայարանները, հոգին, մարմինը՝ իբրև Աստծո բնակարան, և մյուս բաները, ըստ այն խոսքի, որ արտաբերում ենք խաչանիշ դրոշմելու ժամանակ. «Տե՛ր, դիր պահպանություն իմ բերանի վրա» (Սաղմ. 140։3) 2: Նաև, ձեռքերի տարածումով հարվածում ենք մեր թշնամուն՝ սատանային, որովհետև սրբերի աղոթքը խոցոտում է դևերին, իսկ Մովսեսի ձեռքերի տարածումն էլ «պատճառ» դարձավ Ամաղեկի կոտորման համար: Եվ դարձյալ, Եզեկիան տարածեց ձեռքերը, ու ասորիների զորքը սատկեց (Բ Թագ. 18-20)՝ որպես օրինակ սատանայի, որին մեր Տերն Իր ձեռքերի տարածումով բևեռեց խաչափայտին: Այլև, ձեռքի միջոցով է լինում հոգևոր ու մարմնավոր բժշկությունը, ըստ որի և Տերը ձեռքերը դիպեց բորոտին ու կույրին, որոնց ոչ միայն մարմինը բժշկեց, այլև հոգի՛ն լուսավորեց, իսկ առաքյալներն էլ նույնպես ձեռք դնելով էին բժշկում բոլոր ցավերը: Մինչև այժմ էլ քահանաները նույնն են կատարում: Այլև, ձեռքով է գործվում ամեն տեսակ սրբություն մեր և այլոց նկատմամբ. ձեռքերով ենք ծեծում մեր մեղսասիրտ կուրծքը, ձեռքերի միջոցով ենք հոգևոր օծման արժանանում, ձեռքերի խաչանիշ դրոշմումով օրհնում ենք զանազան անոթներ, կերակուրներ: Ինչպես առաջ, այժմ ևս կիրառելի է ձեռքերի զորությունը, քանի որ այժմ էլ ձեռքերը սպասավորում են, դրանց միջոցով խաղաղություն ենք տալիս ու կնիք ենք դնում ժողովրդի վրա, և հիշելով Սուրբ Հոգին՝ խաչակնքում ենք մեր երեսը, որովհետև Սուրբ Հոգին Խաչով ընծայվեց մարդկանց: Եվ կրկին, այսօր ևս ձեռքերի վերհառնումով ենք աղոթում ու գոհանում՝ գոհաբանական ու աղերսական խոսքեր բարբառելով, և այլն: Իսկ յուրաքանչյուր բարի գործ էլ անջինջ հիշատակով գրի ենք առնում կենաց գրքում: Այս պատճառով մարգարեն ասում է. «Մյուս գիրը հանելու է իր ձեռքով» (Ես. 44։5): Արդ, այսպես և այլ հոգևոր ու մարմնավոր բարիքները ձեռքերի միջոցով են կատարվում: Բայց և բազում չարություններ են սրանից առաջ գալիս, ինչպես գողությունը, սպանությունը և այլևայլ ոճրագործությունները: Այս պատճառով էլ Եսային զգուշացնում է ձեռքը [հեռու պահել] անօրենություն կատարելուց: Եվ ինչ էլ լինի, եթե դա Աստված չի հրամայում, ուրեմն պետք չէ երկարել ձեռքը դրան հասնելու համար, որովհետև այդ անիրավություն կլինի, ինչը ցույց տվեցինք բազում օրինակներով: Եվ եթե նախաստեղծները զգույշ լինեին «ձեռքից»՝ չէին քաղի պտուղն ու կյանքից չէին զրկվի, ու եթե զգուշանար Կայենը՝ չէր սպանի եղբորը: Եվ հետո, եթե ձեռքերը «զգուշանային»՝ չէին շինի վաղափուլ աշտարակը, ու եթե զգուշանար փարավոնը՝ մանուկներին չէր խեղդի (Ելք 1): Եվ եթե Աքարը զգուշանար՝ չէր գողանա Երիքովի անիծված իրերը (Հեսու 6։18, 7։1-26, Ա Մնաց. 2։7): Ու եթե Իսրայելը զգուշանար ձեռքերի անօրենությունից՝ պարտական չէր լինի մանուկների արյանը 3, կուռքեր չէր կանգնեցնի և գերության չէր մատնվի: Նաև հետագայում, եթե զգուշանային ձեռքերով մեղանչելուց՝ Խաչը չէին հանի փառքի Տիրոջը: Հերովդեսը գլխատեց Հովհաննեսին և որդնալից սատկեց, մանկակոտորը չարաչար կորստյան մատնվեց: Եվ այդպես էլ ամեն ոք, ով իր ձեռքը հեռու չի պահում անօրենությունից, նույն ձևով չարաչար պատժվելու է, որի պատճառով Տերը խրատում է ձեռքերը հեռու պահել տեսակ-տեսակ անիրավություններից ու վնասներից:
   

Ա. Լոպուխին

«Երանելի է ա՛յն մարդը, ով կատարում է սա, և ա՛յն մարդու որդին, ով ամուր բռնվում է  սրանից, ով շաբաթը պահում է պղծությունից և պահպանում է իր ձեռքը, որպեսզի ոչ մի չարիք չգործի»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   «Երանելի է ա՛յն մարդը․․ ով շաբաթը պահում է պղծությունից…»։ Այս միտքը շատ նման է սաղմոսերգուի սույն նշանավոր խոսքերին․ «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում․․․ այլ Տիրոջ օրենքի մեջ է նրա կամքը» (Սաղմ․ 1։1-2)։ Ինչո՞ւ է այստեղ հինկտակարանյան բոլոր ծիսակատարություններից հատկապես առանձնացվում միայն շաբաթը պահելը։ Պատմականորեն սա կարելի է բացատրել նրանով, որ այստեղ մարգարեի միտքը տեղափոխվում է հետգերության այն ժամանակաշրջան, երբ շատ այլ ծիսական արարողություններ անհրաժեշտությունից դրդված (սրբարանի և տաճարի բացակայության պատճառով) դադարեցվել էին: Բացի այդ, ըստ էության, պետք է նկատել, որ «շաբաթը»,  առհասարակ, հանդիսանում է աստվածապետության կարևորագույն և հնագույն հաստատումը, որը ծագումը հասցվում է մինչև իսկ արարչագործության ժամանակաշրջանը և դրախտային առաջին ուխտը, այդ պատճառով էլ շատ մարգարեների համար այն ծառայում է որպես Իսրայելի հետ Տիրոջ ուխտի նախընտրելի նշան (Երեմ․ 17։19, Եզեկ․ 20։12, 22։8, 26)։ Չի կարելի անհրաժեշտ ուշադրություն չդարձնել նաև շաբաթը տոնակատարելու բնույթին, որն արձանագրված է Եսայի մարգարեի խոսքում։

   «Շաբաթը պահում է պղծությունից» - սույն համատեքստից հետևում է, որ մարգարեի այս խոսքը նշանակում է «պահպանել ձեռքը, որպեսզի այն ոչ մի չարիք չգործի»։ Հետևաբար, «շաբաթ օրվա հանգիստը», համաձայն Եսայի մարգարեի գաղափարի, ոչ այնքան ֆիզիկական, որքան բարոյական բնույթ է կրում։ Այդ բարոյական բնույթի հաստատումն առավել ակնհայտ և պարզ է դառնում, երբ մենք այս հատվածը համեմատում ենք միևնույն մարգարեի՝ մեկ ուրիշ, զուգահեռ հատվածի հետ, որում նա շատ հստակ արտահայտություններով բացահայտում է պահքի բարոյական բնույթը (Ես. 58։3-6
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց»:
(Արարատ թարգ․) Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։
(Գրաբար) Երանի առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ի նմին. եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ոչ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւութիւն: