Եսայու մարգարեության մեկնություն 61:10

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով:
   
   Հոգիս պիտի ցնծա Տիրոջով։
   Տե՛ս, Եկեղեցու վերաբերյալ է ասում՝ «ցնծալ հոգով», որովհետև հրեաների համար ամեն ինչ մարմնավոր էր: Ինչպես որ մարդ ուրախ է լինում իր սեփականության, որդիների, կնոջ և այլ բաների համար, այդպես էլ ուրախանում է, երբ ստանում է Աստծո շնորհները, մանավանդ երբ գիտակցում է, որ Աստված հաշտ է իր հետ։ Այդպիսի ուրախություն ունեին առաքյալները, որոնք ուրախ էին Քրիստոսով և ուրիշներին էլ հորդորում էին ուրախանալ, ըստ այնմ, թե՝ «Ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 1:16): Մարմնավոր ուրախությունն անցողիկ է, մինչդեռ սա՝ անպակասելի, ըստ այն խոսքի, թե՝ «Ձեր ուրախությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից» (Հովհ. 16:22):
Որովհետև ինձ հագցրեց փրկության հանդերձներ։
Ակնհայտ է, որ այս հանդերձները փրկության համար չէին: Ուրեմն ո՞րն է փրկության հանդերձը. դա այն զգեստն է, որը հագնում ենք փրկության միջոցով, ըստ Պողոսի. «Ովքեր մեկ անգամ մկրտվել են Քրիստոսով՝ հագել են Քրիստոսին» (Գաղատ. 3։27), որովհետև Նա է մեր փրկության հանդերձը, որով փրկվում ենք մահվան բռնությունից: Դարձյալ, Նա ծածկեց մեր մերկությունը, քանի որ մերկացել ու ծաղրուծանակի առարկա էինք դարձել սատանայի պատճառով: Այլև մերկացրեց հին մարդուն իր մեղքերով հանդերձ և հագցրեց արդարության նոր զգեստներ՝ ըստ Աստծո կամքի:

    Որպես փեսայի՝ արդարության պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։

   Որովհետև հարսանիք արեց՝ հոգևոր հարսանիք, և Քրիստոս փեսան միացավ մեր հոգիներին 2: Ու տե՛ս հարսի աղքատությունը. երբ մեկն ուզում է աղքատ աղախին ունենալ, ինքն է զարդեր տալիս ու սպասավորության վերցնում նրան, նույնպես և Քրիստոս Թագավորը ցանկացավ փարվել Եկեղեցու գեղեցկությանը, ըստ Դավթի. «Ինքը զարդարվեց մկրտությամբ և միացավ մեր հոգիների հետ» (հմմտ. Սաղմ. 43:10-15): Բայց եթե խոսքը հարսին է վերաբերում, ինչո՞ւ է ասում. «Որպես փեսայի ինձ պսակ դրեց»։ Դա նշանակում է, որ Փեսան Իր պսակով պսակեց հարսին: Իսկ այդ պսակը եղավ Խաչի չարչարանքի միջոցով, համաձայն Երգ երգոցի. «Նրա մայրը պսակեց նրան իր ուրախության օրը» (Երգ 3:11): Այսինքն՝ «Ովքեր որ Քրիստոսի մեջ մկրտվեցին՝ Նրա մահվան մեջ մկրտվեցին, որովհետև տնկակից եղանք Նրա մահվանը» (Հռոմ. 6:3,5)՝ պատվաստվելով Նրան: Ինչպես այլուր ասում է. «Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսով՝ Աստծո մեջ» (Կողոս. 3:3): Որից հետո մատնացույց է անում Եկեղեցի-Հարսի առաքինության զանազան պտուղները՝ հրեաներին համեմատելով պարտեզի հետ, որ կակղեցված ու փխրեցված է Օրենքով ու մարգարեներով, իսկ հեթանոսներին նմանեցնելով չոր և անսերմ այգու:
   

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև Նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով զգեստավորեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զարդարեց ինձ զարդով»: [10] (Սինոդական թարգ․)
   
   Քրիստոսի նորկտակարանյան Եկեղեցու լիակատար հաղթանակի և մեծ փառքի մասին նմանօրինակ խորհրդածությունը մարգարեի հոգին լցնում է սրբազան բերկրանքով և նա, լիուլի ուրախությամբ լեցուն սրտի խորքից հաղթական օրհներգ է ձոնում Տիրոջը՝ այն դնելով հենց Եկեղեցու շուրթերին: Նմանատիպ օրինակների մենք հանդիպել ենք նաև նախկինում (Ես․ 42։10, 44։23, 49։13):

   «Մեծապես պիտի ուրախանամ․․․» - Այս խոսքերը մատնացույց են անում նորկտակարանյան Եկեղեցու՝ ամենավերին աստիճանի ուրախությունը՝ նրա բազմանդամության, այդպիսի ընդհանրական պատվի և Աստծո այդպիսի հստակ բարեհաճության համատեքստում (տե՛ս 8-րդ համար):

   «Իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով․․․», քանի որ հենց Նա՛ է Եկեղեցու հոգևոր ուրախության աղբյուրը և պատճառը: Այս խոսքերն ակամայից համեմատության եզրեր են առաջացնում նորկտակարանյան մեկ այլ ուրախալի երգի բառերի հետ. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով (Ղուկ. 1։46-47):

   «Որովհետև Նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով զգեստավորեց․․․» - Ըստ երևույթին այս պատկերը վերցված է զինվորական սպառազինություն հագած մարտիկի կերպարից, չնայած որ եբրայերեն למְעִי (meil) եզրույթը, որ նշանակում է «փրկության զգեստ», վերաբերում է քահանայապետի հագուստին: Փոխաբերական իմաստով այս ամենը խորհրդանշում է Եկեղեցու խորհուրդների միջոցով տրված Սուրբ Հոգու լիառատ շնորհները, որոնց հավատքով հաղորդվողներն ընդունում են իրենց արդարացումն ու փրկությունը:

   «Որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զարդարեց ինձ զարդով» - Պետք է խոստովանել, որ Եկեղեցու համեմատությունը հարսի և փեսայի հետ ամենաարտահայտիչ ու զորեղ բնութագրումն է. ամենքն էլ, նույնիսկ ամենաաղքատ մարդիկ, իրենց հարսանեկան տոնակատարությանը սովորաբար ջանում են ներկայանալ լավագույն և պատշաճ հանդերձանքով: Մասնավորապես, Քրիստոսի Եկեղեցու համեմատությունը հարսի հետ որպես նյութ է ծառայել մի ամբողջ սաղմոսի համար (Սաղմ. 44):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով:
(Արարատ թարգ․) Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։
(Գրաբար) Ցնծասցէ անձն իմ ի Տէր, զի զգեցոյց ինձ հանդերձ փրկութեան` եւ պատմուճան ուրախութեան. իբրեւ փեսայի եդ ինձ պսակ, եւ իբրեւ հարսն զարդու զարդարեաց զիս: