Եսայու մարգարեության մեկնություն 63:10

Ա. Լոպուխին

«Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, այդ իսկ պատճառով էլ Նա դարձավ նրանց հակառակորդը. անձամբ էր մարտնչում նրանց դեմ»: [10] (Սինոդական թարգ․)
   
   «Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն․․․» - Այստեղ, ամենից առաջ, պետք է տեսնել մատնանշում այն բազմաթիվ դեպքերին, երբ հրեաները ըմբոստացել են Բարձրյալի դեմ՝ ինչպես Մովսեսի օրերից սկսած ժամանակներում (Ելք 32:7-10, Թվ. 14:11, 20:24,  25, 6), այնպես էլ նրանից հետո (Դատ. 2:11, 3:7, 4:1, 6:1, 8:33 և այլ տեղիներ): բացի այդ էլ, բնականաբար, անհնար է այստեղ չնկատել նաև ավելի ընդհանրական նկարագրություն Իսրայելի բնավորության «խստասրտության» առումով, որը մոտավորապես նույնանման արտահայտություններով հետագայում կրկնում է նաև առաջին նահատակ նախասարկավագ Ստեփանոսն իր հայտնի միսիոներական-բացահայտողական ճառում (Գործք 7:51):

   «Անձամբ էր մարտնչում նրանց դեմ․․․» - Իր հավատուրացությամբ Իսրայելը, այսպես ասած, ապստամբում էր Տիրոջ դեմ ու կարծես թե Աստծո դաշնակիցից ու համախոհից փոխակերպվում էր Նրա հակառակորդի ու թշնամու: Այդուամենայնիվ  Բարձրյալի այս արդարացի ցասումն անգամ մշտապես հետապնդում էր դրական, դաստիարակչական նպատակներ. այդ ցասումն Իսրայելին ստիպում էր խորհել իր վարքուբարքի մասին, հեռանալ մոլորվածությունից ու կրկին փորձել դաշինք կնքել այն Տիրոջ հետ, Որին լքել էր: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Եսայի մարգարեի շարադրանքում այստեղ առկա է նաև ավելի որոշակի ակնարկ Աստծո ժողովրդին սպասվող մոտալուտ քաղաքական աղետների վերաբերյալ՝ ի դեմս ասորա-բաբելոնյան մոտակա գերության սպառնալից ուրվականի, գերությո՛ւն, որը պատահեց հրեաներին ու, ինչպես հայտնի է, նրանց վրա չափազանց ուժգին, սթափողական ազդեցություն գործեց: Գերությունից ազատված հրեաներն այլևս հակված չէին դեպի կռապաշտությունը, ու գոնե արտաքնապես նրանք դարձան Մովսիսական օրենքի ավելի նախանձախնդիր պահապանները, մի հանգամանք, որի մասին և, ինչպես որ կարող ենք ենթադրել, մարգարեն խոսում է հաջորդիվ:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ:
(Արարատ թարգ․) Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։
(Գրաբար) Բայց նոքա հեստեցին, եւ բարկացուցին զՀոգի նորա Սուրբ. եւ դարձաւ նոցա Տէր ի թշնամութիւն. ինքնին Տէր ետ ընդ նոսա պատերազմ: