Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 16:9

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել:
   
    Մարիամ Մագդաղենացին, որ քաղաք էր գնացել ու լուր տվել առաքյալներին, Պետրոսի ու Հովհաննեսի հետևից նորից գերեզման էր եկել։ Նրանց տեսածների մասին լսելով՝ ավելի ոգևորվեց և երբ նրանք գնացին, ինքը մնաց, անորոշ ու վարանոտ տպավորությունների տակ ո՛չ թշնամական գողության կասկածը կարող էր մտքից հեռացնել, և ո՛չ էլ գերբնական եղելության գաղափարին կարող էր հավանություն տալ ու երկու հակառակ տպավորությունների ներքո, արտաքին սենյակում նստած, արտասվում էր, որովհետև տեղյակ չէր իր յուղաբեր ընկերների լսած ավետիսից։ Այդ ժամանակ մի անգամ էլ է թեքվում, որպեսզի ներքին սենյակի դռնից ուշադիր դիտի այն տեղը, ուր գրված էր. Հիսուսի մարմինը, որն այժմ դատարկ էր և ուր Պետրոսն ու Հովհաննեսը տեսել էին ծալված կտավները։ Հանկարծ Մագդաղենացու աչքերի առջև մի նոր տեսարան է բացվում։ Հիսուսի մարմնի դրված տեղում նստած երկու հրեշտակներ՝ մեկը գլխի կողմում, նյուսը ոտքերի, որոնք կարծես հսկում էին այն նվիրական տեղերը։ Մյուս յուղաբերներն էլ այդ երկու հրեշտակներին տեսել էին նույն դիրքով (Մատթ. 28:5-7), միայն թե դռան դրսում պահպանության կանգնած հրեշտակը Մագդաղենացու տեսածը չէր։ Երբ Մագդաղենացին արցունքոտ աչքերով դիտում է գերեզմանի ներսը, հրեշտակները, բարեմիտ ու կարեկից իր կողմը շրջվելով, ասում են. «Կի՛ն դու, զի՞ լաս»։ Մագդաղենացին, քաջալերված մտերմիկ հարցումից, պարզասրտորեն պատասխանում է. «Ինչո՞ւ չարտասվեմ, վարդապետս այստեղ էր թաղված, այժմ վերցրել, տարել են և չգիտեմ, թե ուր, որ գնամ, գտնեմ և հարգանքս ընծայեմ»։ Երբ հարցի պատասխանն էր ակնկալում, տեսիլքն անհետանում է։ Մագդաղենացին զարմացած շուռ է գալիս և նայում չորս կողմը։
    Այս կողմում էլ մի նոր անակնկալ կար։ Երբ իրեն միայնակ էր կարծում, անմիջապես հետևի կողմում կանգնած է տեսնում մեկին, հասարակ կերպարանքով ու սովորական հագուստով, որին չի ճանաչում։ Մտովի նմանեցնելով՝ կարծում է, թե Արեմաթացու պարտեզի պարտիզպանն է, որ, անշուշտ, այդ պարտեզում եղող գերեզմանը հսկելու համար է շրջում։ Այդ մարդն էլ պարզ սրտով հարցնում է Մագդաղենացուն. «Կի՛ն դու, զի՞ լաս, զո՞ խնդրես»։ Մագդաղենացին միշտ իր առաջին մտածումի վրա կենտրոնացած՝ չի բաժանվում մարմինը գողացած ու վերցված լինելու մտքից։ Այս նոր տեսած մարդուն էլ նույնն է ասում. «Վարդապետիս մարմինն եմ փնտրում, որ այստեղ թաղված էր և լաց եմ լինում՝ տեղը չիմանալու պատճառով, թե դու ես վերցրել կամ գիտես, թե ով վերցրեց, աղաչում եմ, ասա ինձ, որ գնամ, գտնեմ և վերցնեմ, արածիդ փոխարեն անհրաժեշտ պարտքս կհատուցեմ»։
    Եթե Մարիամը հույս ուներ կարծեցյալ պարտիզպանից նպաստավոր պատասխան ստանալ, ծանոթ ձայնով արտասանված իր անունն է լսում՝ Մարիա՛մ։ Այլայլված վեր է նայում և ձայնի հետ դեմքն էլ է ճանաչում։ Հիսուս էր՝ իր դիմաց կենդանի կանգնած ու սովորական ձայնով ողջունում էր։ Մագդաղենցին միանգամից առաջ է նետվում, որպեսզի մոտենա Հիասոսին, երկրպագի, համբուրի ոտքերը։ Երկնային մխիթարության ճառագայթ էր ծագել նրա սրտում, կատարյալ ցնծությամբ էր լցվել հոգին։ Շատ բան պիտի ասեր, բայց լեզուն կապվում է, ուրախությունը պիտի արտահայտեր, բայց խոսք չի գտնում։ Սրտի ողջ զեղումով Վարդապե՛տ է կանչում, ավետարանը եբրայերեն բառն էլ է հիշատակում՝ Րաբունի։
    Երբ Մագդաղենացին ընդառաջ է գնում, Հիսուս արգելում է, չի թողնում, որ իրեն մոտենա. «Ինձ մի՛ մոտենա, դեռ Երկնավոր Հորս մոտ չեմ ելել, այլ գնա՛, լուր տար եղբայրներիս, թե ես բարձրանում եմ Իմ Երկնավոր Հոր մոտ, որ ձեր Հայրն էլ է և և իմ Աստուծո մոտ, որ ձեր Աստված էլ է»։ Մեկնիչները հոգնել են բացատրելուց, թե ինչո՞ւ է արգելում Մագդաղենացուն Իրեն մոտենալ և ի՞նչ է նշանակում Հիսուսի Երկնավոր Հոր մոտ գնալը։ Անուրանալի է, որ շատ խորհրդավոր են Հիսուսի ասածն էլ, արածն էլ և իրական դժվարություն ունենք՝ դրանց ներքին իմաստի մեջ թափանցելու խնդրում։ Զանազան մեկնիչների՝ միմյանցից տարբեր ու բազմաթիվ բացատրություններում, մեկ հարմարագույն ու հավանական թվացողն այն է, թե Հիսուս կամենում է ուղղել Մագդաղենացու սխալ ըմբռնումը և նրան հասկացնել հարուցյալների նորօրինակ ու տարբեր վիճակը (Մատթ. 28:2-4)։ Մագդաղենացին դիմում էր Հիսուսին այն զգացումներով, որ ինքն ուներ է Նրա կենդանության օրոք, ցանկանում էր համբուրել և փարվել Նրան, այնպես, ինչպես անում էր կենդանության ժամանակ։ Հիսուս նրան կամենում է հասկացնել, որ նոր կյանքը տարբեր է, այժմ արդեն ամեն ինչ երկնային է, Երկնավոր Հոր հետ Արքայության կյանքն է, որ սկսվում է, հարուցյալների կյանքը երկնային կերպ ունի, Ինքն այդ կյանքի մեջ է։ Մի օր յուրայիններն էլ պիտի այդ կյանքին մասնակցեն և նույն ձևով պիտի լինեն Երկնավոր Հոր հետ և Աստուծո մոտ, ինչպես որ Ինքն է եղել Իր հարությամբ։
    Հիսուսի Մագդաղենացուն երևալը, որ մանրամասնորեն պատմված է Հովհաննեսի մոտ, համառոտակի է հիշված Մարկոսի Ավետարանի վերջին գլխի երկրորդ մասում 9-20 համարներում։ Այդ հատվածը բացակայում է հին և ընտրագույն օրինակներում։ Մեր թարգմանության մեջ նույնպես տեղ է գտել բոլորովին վերջերս և հնդհանրապես իբրև երկրորդական է համարվում։ Մեր տեսակետն էլ նույնն է, բայց քանի որ Սուրբ Գրոց քննաբանությունը մեր նպատակից դուրս է, ուստի մենք դրա բովանդակությունն էլ միացնում ենք մեր «Համապատում»-ին։ Անգամ այս հատվածի լեզուն ու ոճը տարբերվում են Մարկոսի Ավետարանի ոճից։ 8-ից 9-ը համարին անցումը նույնպես սովորական եղանակից օտար է, Հարության առավոտը կոչվել է առաջին միաշաբաթ, հրեական զատկից հետո առաջին միաշաբաթը լինելու համար, այլ ոչ թե հարության առաջին տերունական միաշաբաթը կամ քրիստոնեության առաջին կիրակին լինելու համար։ Հիսուսի Մագդաղենացուն երևալն էլ է իբրև առաջին երևում համարվում, որը համաձայն է Հովվաննեսի պատմածին։ Մագդաղենացու համար էլ «յորմէ հանեալ էր զեօթն դեւն» ասելը Ղուկասի գրածի կրկնությունն է Ղուկ. 8:2։
    Առաջին երևում ասելն առիթ է տալիս մեզ խորհրդածելու, թե Հիսուս, Մագդաղենացուն երևալուց առաջ, անշուշտ շտապել էր Իր մորը մխիթարել անդրանիկ երևմամբ։ Որքան էլ ավետարանում նման հիշատակության չենք համդիպում, սակայն որպես ստույգ կարող ենք ընդունել այդ երևումը և դա ոչ թե լոկ բարեպաշտական ենթադրություն է, այլ իբրև անհրաժեշտ հետևանք այն հարաբերությունների, որ տեղի ունեցան Հիսուսի ու մոր միջև՝ խաչելության պահին ու խաչի տակ (Հովհ. 19:26-27)։ Անհնար է ենթադրել, որ այն ցավալի դեպքերից հետո, երբ մայր ու զավակ Գողգոթայի վրա միմյանցից բաժանվեցին, նախքան բարեպաշտուհի յուղաբերների երևալը, Հիսուս շտապած չլիներ Իր առաջին մխիթարական երևմամբ մոր մոտ գնալ։