Ա. Լոպուխին
«Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ նշանակի, որպեսզի նրանք լինեն ամբողջ թագավորության մեջ»։ (Սինոդական թարգ․) [1]
Քննարկվող համարը այս գլխի 29–րդ և նախորդ գլխի 30–րդ համարների հետ համադրելուց անկասկած պարզ է դառնում, որ մեդացիների ազգատոհմից սերող (Դան. 9։1) Ասսուիրի որդի Դարեհը Բաբելոնական միապետութունը կառավարած արքաների մեջ Բաղդասարի իրավահաջորդը և Կյուրոսի նախորդն էր: Մինչդեռ, ըստ հույն պատմաբաններ Հերոդոտոսի և Քսենոփոնի վկայության, Բաղդասրի մահից հետո Բաբելոնի իշխանությունը անցնում է ոչ թե Դարեհին, ում նրանք չեն ճանաչում, այլ Կյուրոսին, որը տիրեց Բաբելոնյան կայսրությանը: Նմանապես, Ալեքսանդր Պոլիհիստորը և Պտղոմեոսի կանոնը Բաբելոնի նվաճման պատմությունից հետո անմիջապես խոսում են դրանում նույն Կյուրոսի թագավորելու մասին: Դանիելի գրքի վկայությունը չի համընկնում նաև բաբելոնյան արձանագրությունների վկայություների հետ: Այսպես կոչված Կյուրոսի կոթողի վրա եղած արձանագրության հաղորդմամբ Բաբելոնի նվաճման ժամանակ դրա փոխարքան զորահրամանատար Կյուրոս Ուգբարն էր: Աստվածաշնչյան և արտաստվածաշնչյան վկայությունների միջև տարաձայնությունները, ի վերջո, ավելի են սրվում, երբ վերջիններս Դարեհ Մեդացի անունով մարդ ընդհանրապես չեն ճանաչում: Այս ամենը հաշվի առնելով՝ Դանիել մարգարեի գրքի իսկության հակառակորդները կասկածում են այս թագավորի գոյության ունենալու հարցում, ուստի մերժում են 6–րդ գլխի պատմական հավաստիությունը:
Ինչ վերաբերում է Բաղդասարից հետո իշխած բաբելոնական թագավորների հաջորդականությանը, ապա Դանիելի գրքի վկայության հավաստիությունը հաստատվում է բաբելոնյան արձանագրությունների հաղորդած տեղեկություններով: Դրանցում Կյուրոսը Բաբելոնի թագավոր է կոչվում ոչ շուտ, քան այդ քաղաքի անկման երրորդ տարին, իսկ առաջին երկու տարիների ընթացքում նա կոչվում է պարզապես ազգերի թագավոր: Հասկանալի է, որ նա Բաբելոնի գահը չի զբաղեցրել անմիջապես Բաբելոնը գրավելուց հետո. նրանից առաջ մեկ ուրիշն է երկու տարի թագավորել: Դանիել մարգարեի գիրքը հենց սա էլ պնդում է։ Այն Բաբելոնում իշխած թագավորների շարքում Կյուրոսին նախորդող համարում է Դարեհ Մեդացուն:
Եվ քանի որ, ըստ Հովսեփոս Փլավիոսի վկայության, նա հույների մեջ այլ անուն է ունեցել, ապա Դանիել մարգարեի գրքի իսկության պաշտպանները նրան առասպելական անձնավորություն չեն համարում, այլ փորձում են նույնացնել Կյուրոսի ժամանակակիցներից մեկի հետ, որը նրան օգնել է Բաբելոնը նվաճելիս: Ըստ հույն պատմաբան Քսենոփոնի պատմության՝ նման անձնավորություն էր Կիաքսար Երկրորդը՝ Մեդիայի արքա Ասթյագեսի որդին: Նրա և Դարեհի նույնականացման օգտին առաջին հերթին վկայում է այն, որ Կիաքսար և Դարեհ անուններն ունեն նույն իմաստը: Կիաքսարը մեդական «Uwakshatr» անունն է և նշանակում է «միապետ»: Հունարեն Δορειος (Դարեիոս), պարսկերեն «Darjawusch» անվան իմաստն արդեն Հերոդոտոսը սահմանում է «έρξείης»՝ «պահապան», «տիրակալ» և «տեր» բառերով: Բացի այդ, Ասթյագես (Կիաքսա՛ր, Ասթյագեսի որդի) անունը համապատասխանում է մեդական «Ajisdahaku–խայթող օձ» անվանմանը։ «Խայթող օձ»–ը Մեդական դինաստիայի արքաներին տրված ընդհանուր անունն է: Եբրայերեն «Achaschwerosch» անունը, որը Թեոդոպոնի կողմից փոխանցել է «Ασσουηρος» (Դարեհ, Ասսուիրի որդի), իսկ Յոթանասնիցի կողմից՝ «Ξέρξης» տարբերակով, Քսերքսեսի անունն է, որը ծագել է պարսկական «Kschaja»՝ «թագավորություն» նշանակող անունից։ Մեդական Ասթյագեսի նման «Kschaja»–ն էլ եղել է պարսից արքաների ընդհանուր անունը: Այսպիսով՝ պարսկական Դարեհ և մեդական Կիաքսար անուններն ունենում են նույն նշանակությունը, իսկ հայրերի՝ Ասսուիրի և Ասթյագեսի անունները դառնում են ընդհանուր դինաստիական տիտղոսներ: Դանիել մարգարեի և Քսենոփոնի միջև եղած տարբերությունը միայն այն բանի մեջ է, որ առաջինի մոտ Բաղդասարի իրավահաջորդն անվանում է պարսկական (Դարեհ՝ Ասսուրի որդի), իսկ երկրորդի մոտ՝ մեդական անունով:
Դարեհի–Կիաքսար վարկածի պաշտպանները հետագայում մատնանշում են երկու արքաների գահին բարձրանալու հանգամանքների նմանությունները: Ըստ Քսենոփոնի պատմության՝ Կիաքսարի հանձնարարությամբ Բաբելոնը գրավելուց հետո Կյուրոսը գնում է Մեդիա և հայտնում արքային, որ եթե նա Բաբելոն հասնի, ապա այնտեղ նրա բնակության համար արդեն տուն և պալատ է նախատեսված: Կիաքսարը համաձայնում է և Բաբելոն հասնելուն պես նվաճված շրջանների և ժողովուրդների վրա սատրապներ է կարգում: Մի խոսքով, Կյուրոսի կամքով և պնդմամբ Կիաքսարը թագավորում է Բաբելոնում: Դրան լիովին համապատասխան կերպով Դարեհի մասին նշում է նաև Դանիել մարգարեն։ Մարգարեն ասում է, որ նա «թագավորեց քաղդեացիների թագավորության վրա» (Դան. 9։1), «տիրեց թագավորությանը» (Դան. 5։31): Կիաքսարի հետ Դարեհի նույնացման օգտին խոսող վերջին փաստարկը վերաբերում է նրանց բնավորության նմանությանը և միևնույն տարիքում թագավոր դառնալուն: Որքան կարելի է դատել Քսենոփոնի պատմությունից՝ Կիաքսարի կերպարը հակադրությունների համադրություն էր: Նա կարողանում էր գնահատել և ընտրել արժանի մարդկանց և միևնույն ժամանակ հասկացողության մեծ պակաս էր դրսևորում։ Նա ծույլ և զգայական հաճույքներին նվիրված մարդ էր։ Կիաքսարն այնքան թույլ կամք ուներ, որ երբեմն լաց էր լինում, սակայն նաև կարող էր ունենալ զայրույթի ուժեղ պոռթկումներ: Նույնանման անձ էր նաև Դարեհ Մեդացին: Գնահատելով Դանիելի արժանիքները և նրան իրեն մերձեցնելով հանդերձ՝ նա միևնույն ժամանակ համաձայնում է հայտնի հրամանը տալու (տե՛ս գլուխ 9) ազնվականների առաջարկին՝ առանց դրա գաղտնի նպատակների վերաբերյալ որևէ կասկած ունենալու: Մի ամբողջ օր տևած վեճից հետո, ազնվականների պահանջներին ենթարկվելով (14–16 համարներ), նա խոր վշտի մեջ է ընկնում (համար 18): Չցանկանալով ծանրաբեռնել իրեն կառավարության գործերով՝ նա պետությունը կառավարելու համար 120 սատրապներ է նշանակում: Դարեհը գահ բարձրացավ 62 տարեկանում (Դան. 5։31): Նույն կերպ էլ, ըստ Քսենոփոնի պատմության, Կիաքսարն էր այնպիսի տարիքում, որ այլևս արու ժառանգներ ունենալու հույս չէր կարող ունենալ: Նա ավելի մեծ էր, քան Կյուրոսը, որը Բաբելոնը նվաճելիս ավելի քան 60 տարեկան էր: Այս բոլոր տվյալները բավականին հավաստի են դարձնում Կիաքսար II–ի և Դարեհ Մեդացու նույնացման մասին ենթադրությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Հաճելի թուաց Դարեհին, եւ նա իր թագաւորութեան մէջ հարիւրքսան նախարար նշանակեց, որպէսզի իր ողջ թագաւորութեան մէջ նախարարներ լինեն.
(Արարատ թարգ․ 6։1) Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ կարգի ամբողջ թագավորության մեջ։
(Գրաբար) Եւ հաճո՛յ թուեցաւ առաջի Դարեհի, և կացոյց’ի վերայ թագաւորութեանն նախարարս հարեւր և քսան. զի իցեն յամենայն թագաւորութեան նորա.
Պատմամշակութային մեկնություն
Դարեհ Մեդացի: Մինչև Դարեհ Մեծի հայտնվելը, որն ավելի ուշ դարաշրջանում է թագավորել, որևէ Դարեհ Մեդացու պատմությունը չի ճանաչում: Քանի որ Կյուրոսը գահ է բարձրացել այն ժամանակ, երբ Բաբելոնն անկում է ապրել, ուստի որոշ հետազոտողներ կարծում են, որ Դարեհ Մեդացին և Կյուրոսը միևնույն անձն են (տե՛ս Դան. 6։28): Մյուսները կարծում են, որ «Դարեհը» Բաբելոնը գրավելու գործողությունը ղեկավարած ռազմական առաջնորդ Ուգբարուի մեկ այլ անունն է: Նա Գուտիի տիրակալն էր, հետևաբար կարող էր Մեդիայի հետ սերտ կապեր ունենալ (թեև նա մահացել է Բաբելոնի անկումից երեք շաբաթ անց): Գուբարու անունով ինչ–որ մեկը նշանակվում է Բաբելոնի տիրակալ և, ըստ մի շարք հետազոտողների, հնարավոր թեկնածուների շարքում նա ևս կարող է նշվել: Խելամիտ հարց է առաջանում. ո՞ւմ կարելի է արքա կոչել, բացառությամբ Կյուրոսի (տե՛ս համար 6), որը Բաբելոնը գրավելիս կարող էր մոտ վաթսուներկու տարեկան լինել: Բայց Կյուրոսը պարսիկ էր, ոչ թե մեդացի, և Կամբիսեսի որդին էր (և ոչ թե «Ասսուիրի». 9։1): Այս խնդրի լուծման համար ավելի շատ տեղեկություններ են անհրաժեշտ:
Հարյուր քսան սատրապները: Պարսկական կայսրությունում սատրապությունը վարչական հիմնական միավորն էր: Սատրապությունների թիվը տատանվում էր քսանից երեսունմեկի միջև, ուստի տեքստում, հավանաբար, խոսվում է սատրապություններում պաշտոնավարող տեղական ավելի փոքր պաշտոնյաների մասին (այդ պաշտոնյաներն այս տերմինով են անվանվում հունական պատմական աղբյուրներում):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: