Ա․ Լոպուխին
Տիրոջ մարգարեական խոսքն Իսրայելի մասին. Տերը, որ տարածեց երկինքը, ստեղծեց երկիրն ու կազմավորեց մարդու ներսում նրա հոգին, ասում է. (Սինոդական թարգ․) [1]
Զաք. 12:1 համարում հանդիպում ենք այն նույն «massa» արտահայտությանը, որով սկսում է Զաքարիայի մարգարեության երկրորդ հատվածի առաջին մարգարեությունը: Այստեղ «massa debhar jebova'al Isra'el» արտահայտության ճշգրիտ թարգմանությունը, ըստ երևույթին, այնքան էլ չի համապատասխանի մարգարեության հետագա շարադրանքին, եթե «massa» բառն ընդունենք «բեռ» իմաստով: Գլխավորապես հեթանոսների նկատմամբ Աստծո ժողովրդի հաղթանակը պատկերող մարգարեության մեջ «Տիրոջ խոսքի բեռն Իսրայելի վրա» արտահայտությունը անտեղի կլիներ: Քանի որ «massa» արտահայտությունը, որն ի սկզբանե օգտագործվում էր բացառապես հեթանոսների դեմ ուղղված կանխատեսումներում, ավելի ուշ սկսում է կիրառվել Իսրայելի մասին մարգարեություններում, ուստի այն կարող էր կորցնել իրեն հատուկ նշանակությունը (սարսափելի աղետների կանխատեսման իմաստը): Հետևաբար այս դեպքում սույն արտահայտությունը կարելի է հասկանալ առհասարակ Իսրայելի մասին մարգարեության իմաստով: Սակայն չպետք է ուշադրությունից բաց թողնել այն, որ Զաքարիայի մարգարեության վերջին երեք գլուխներում էլ է խոսվում ընտրյալ ժողովրդի որդիների ծանր վիճակի մասին (Զաք. 12:2, 13:7−9, 14:1-2): Ռուժեմոնտը հետևյալ կերպ է բացատրում մարգարեության վերնագրի և դրա բովանդակության համապատասխանությունը. «Ո՛չ Իսրայելի անունը, ո՛չ էլ դրա հոմանիշներն առկա չեն մարգարեական այն հատվածում, որտեղ խոսվում է միայն Հուդայի ու հեթանոսների մասին: Այսպիսով` այս վերնագիրը իսկական հանելուկ է։ Այնուամենայնիվ, այս հանելուկն անլուծելի չէ. 12−րդ, 13−րդ և 14−րդ գլուխներում միայն Հուդային տրվող մեծագույն խոստումները և Եփրեմի մասին լռությունը, որը երկրպագում էր ոսկե հորթին և ըմբոստանում Դավթի ազգատոհմի դեմ, նույնքան ծանր բեռ էր, որքան մեծ սպառնալիքները: Եփրեմի վերաբերյալ այս բացառությունը չպետք է վերացնի Զաքարիայի կողմից վերևում (Զաք. 10:6−12) նրան տված խոստումները, որոնք վերաբերում են նաև ժամանակների վախճանին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 233): Աստծո ամենագիտությունը մատնանշող Զաք. 9:1 համարին համապատասխան՝ Զաք. 12:1−ում ուշադրություն է դարձվում Աստծո արարչական գործունեությանը` որպես այն բանի համար վստահության հիմք, որ Աստծո անունով բոլոր ասվածներն անպայմանորեն իրականություն են դառնալու:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին: Տէրը, որ տարածեց երկինքը եւ գցեց երկրի հիմքերը, որ մարդու մէջ հաստատեց նրա հոգին, այսպէս է ասում.
(Արարատ թարգ․) Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։
(Գրաբար) Առած բանի Տեառն ի վերայ Իսրայէլի։ Ասէ Տէր՝ որ ձգեաց զերկինս՝ եւ արկ հիմունս երկրի, եւ հաստատէ զոգի մարդոյ ի նմա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: