Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:12

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ դուք՝ եթովպացինե՛ր, պիտի Իմ սրով խոցվեք»: (Սինոդական թարգ․)[12]
   
   «Մարգարեն հիշատակում է ինչ−որ ցեղի կամ ժողովրդի, որը պատերազմել է Իսրայելի դեմ և  չարախոսել ընդդեմ աստվածային փառքի: Այսպիսով, մովաբացիներից ու ամմոնացիներից նա անցնում է եթովպացիներին՝ արևելքում ապրող այն ազգերին, որոնք բնակվում էին պարսիկների երկրին սահմանակից տարածքներում կամ եգիպտացիներին՝ որպես  իսրայելացիների հարևաններ,  քանի որ Եգիպտոսի երկիրը համարվում էր Եթովպիայի մի մասը» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», Աստվածաբանական բանբեր, 1895,  հ. Բ, էջ 365): Քուշաների (եբր.՝ «քուշիմ») կամ եթովպացիների (հուն.՝ «Αιθιοπες», սլավ.՝ «мурини») երկրի մասին տեղեկություններ ընթերցի՛ր «Մեկնողական Աստվածաշունչ», հատոր II, էջ 549, 550:

   Քուշաներին դիմելով և միաժամանակ նաև նրանց հարևան և պատմականորեն նրանց հետ կապված եգիպտացիներին նկատի ունենալով (Եզեկ. 29:10, Ես. 20:3−5, Դ Թագ. 19:9)՝ մարգարեն Տեր Աստծու անունից սպառնում է, որ նրանք պիտի խոցվեն Նրա սրով (եբր.՝ «խալլե-խարբի», Ես. 66:16, Երեմ. 25:33): Մարդկային չափանիշներով՝ եթովպացիների զորությունը (Ես. 18:2, 7, Նավ. 3:8) կարող էր անպարտելի թվալ, բայց Տեր Աստված ասում է, որ հենց Ինքն է լինելու եթովպացիների թշնամիներին գործակիցը: Եթովպիայի բնակիչների մաշկի սև գույնը (Երեմ. 13:23) քրիստոնեական խորհրդաբանության համար «եթովպացիների» կամ «մուրիների» մեջ չար ոգիների պատկերներ տեսնելու հիմք է ծառայել․ «մուրին» նշանակում է դևերի հորդա, որը ջախջախվել է փրկչական Խաչի զորությամբ» (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5, Մ., 1857, էջ 50):

   Հեռավոր հարավ−արևմուտքի բնակիչներից մարգարեն այժմ շրջվում է հակառակ ուղղությամբ՝ դեպի հեռավոր հյուսիս−արևելք, դեպի մի ազգ, որը եղել է Աստծու ժողովրդի ամենասարսափելի թշնամիներից մեկը․նա անցնում է ասորեստանցիներին (13−15-րդ համարներ): Ասորեստանի և Նինվեի ոչնչացման ու ավերման մասին մարգարեի խոսքի բավական մանրամասն լինելը, հավանաբար, նպատակ ունի ժամանակակից հրեաներին, այդ թվում՝ Հոսիա արքային, հեռացնել Ասորեստանի հետ դաշինքի անմիտ ու կործանարար ձգտումից, որի օրերն արդեն հաշված էին: Ինչպես հայտնի է, Հոսիան զոհվեց Ասորեստանի շահերին անխոհեմ նվիրվածության պատճառով, ինչը դրդեց նրան ինքնակամ ընդդիմանալ Եգիպտոսի փարավոնին (Դ Թագ. 23:29, Բ Մնաց. 35:20–24):

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դուք էլ՝ եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու:
(Արարատ թարգ.) Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։
(Գրաբար) Եւ դուք, եթւովպացիք, հարեալք սուսերի իմոյ էք։