Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
4-7․ «Որովհետև Գազան պիտի լքվի, և Ասկաղոնը պիտի ամայանա, Ազոտոսը կեսօրին պիտի աքսորվի, և Ակկարոնը արմատախիլ արվի»: [4] «Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ կրետացի ժողովրդին։ Տիրոջ խոսքը ձեր դեմ է, քանանացինե՛ր, փղշտացիների՛ երկիր։ Ես պիտի կործանեմ քեզ, և այլևս բնակիչ չպիտի ունենաս»: «Եվ ծովեզերքի երկիրը պիտի դառնա հովիվների ոչխարների փարախ և անասնագոմ»: «Եվ այդ երկիրը պիտի տրվի Հուդայի տան մնացորդին, և նրանք այնտեղ պիտի արածեցնեն, իսկ երեկոյան պիտի հանգստանան Ասկալոնի տներում, որովհետև նրանց Տեր Աստված պիտի այցելի նրանց և վերադարձնի գերությունից»: (Սինոդական թարգ․)
Մարգարեի ահեղ խոսքն ամենից առաջ ուղղվում է հրեաների արևմտյան հարևաններին՝ փղշտացիներին: Փղշտացիների երկրի անունով (եբր.՝ «Պելեշեթ» (հունարեն թարգմանության մեջ՝ «Παλαιστίνη» 1 ... տե՛ս Հերոդոտոս, «Պատմություն» II, 104, VII, 89), որը հանդիպում է Սաղմ. 60:10-ում, Ես. 14:29-ում և այլ տեղերում, Աստվածաշնչում կոչվում է ներկայիս Սիրիայի ափամերձ գոտին՝ Յաֆայից մինչև Գազա, որն աստվածաշնչյան ժամանակներում սահմանակից էր Դանի, Շմավոնի և Հուդայի ցեղերի տարածքներին: Այս անվանումը սեպագիր արձանագրություններում հանդիպում է «Palastu, Pilistu» ձևերով: Այս արմատը, որն առկա է նաև եթովպերենում, արտահայտում է «թափառման և վերաբնակեցման» իմաստ, ինչը հիշեցնում է Յոթանասնիցի կողմից ժողովրդի անվանում հանդիսացող «պելիշտիմ»−ի փոխանցումը հասարակ անունով՝ «ἀλλόφυλοι» (այլազգիներ)։ Հենց «փղշտացիներ» անվան մեջ էլ, ըստ երևույթին, բովանդակվում է նրանց՝ ինչ−որ այլ երկրից Պաղեստին տեղափոխվելու միտքը: Աստվածաշնչում ևս պահպանվել է նախապատմական ժամանակներում նրանց՝ Կափթորից (Ամոս. 9:7, Բ Օր. 2:23, Ծննդ. 10:14, Ա Մնաց. 1:12) կամ Կափթոր կղզուց (Երեմ. 47:4) վերաբնակեցման մասին ավանդությունը։ Ըստ գիտության մեջ գերիշխող կարծիքի (Էվալդ, Կիներթ, Շտադե և այլք)՝ դա Կրետե կղզին է: Այստեղից էլ ծագում են փղշտացիների մյուս երկու անվանումները՝ կափթորացի և կրետացի (հմմտ. Եզեկ. 25:16, Սոփ. 2:5): Փղշտացիների՝ Կրետե կղզուց ծագելու վերաբերյալ տեսակետը լայնորեն տարածված է եղել հնագույն ժամանակներում, ինչը երևում է, ի թիվս այլոց, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու, երանելի Թեոդորիտոսի և երանելի Հերոնիմոսի մեկնություններից: Ոչ առանց հիմնավորման, այս կարծիքի օգտին է մեջբերվում Հոմերոսի «Ոդիսական»−ի 19−րդ գրքի 172–177−րդ տողերը (Շտադե): Սուրբ գրքում գրեթե ամբողջ ընթացքում փղշտացիների պատմությունն ընթանում է հրեաների պատմությանը զուգահեռ: Նրանք երբեմն տիրում էին հրեաներին (օրինակ, Դատավորների ժամանակաշրջանում, մասամբ՝ Սավուղի օրոք), երբեմն էլ ենթարկվում էին նրանց (Դավիթի, ապա ավելի ուշ՝ Եզեկիայի օրոք և այլն)։ Ընդհանուր առմամբ, փղշտացիները բազմաթիվ թելերով կապված էին Իսրայելի և Հուդայի պատմությանը: Քաղաքական և վարչական առումով փղշտացիների երկիրը բաժանված էր հինգ շրջանների, որոնք ենթարկվում էին հինգ տիրակալների (եբր.՝ «սերենիմ», Հես. 13:3)։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոն-քաղաքը՝ Գազա, Ազոտոս, Ասկաղոն, Եկրոն (ըստ Յոթանասնիցի ընթերցման՝ Ակկարոն) և Գեթ, որոնց մեջ գերիշխող դիրք ուներ Գազան: Այս բոլոր քաղաքների և նրանց շրջանների աշխարհագրական դիրքի մասին խոսվում է «Մեկնողական Աստվածաշնչի» II հատորում (էջ 330 և 326–329): Սոփոնիա մարգարեն (ինչպես մյուս մարգարեները, որոնք կանխագուշակել էին փղշտացիների երկրին սպասվող ամայացումը՝ Ամոս. 1:6−8, Երեմ. 25:20, Զաք. 9:5-6) Գեթի ճակատագրի մասին չի խոսում: Ըստ երևույթին, Հուդայի Ոզիա թագավորի կողմից ջախջախվելուց հետո (Բ Մնաց. 26։6) այն կորցրել է իր ողջ նշանակությունը և մոտավորապես 711 թվականին վերջնականապես կործանվել (տե՛ս Եվսեբիոս Կեսարացի. «Օնոմաստիկոն», էջ 302): Մարգարեն առաջինը նշում է փղշտացիների ամենահարավային և ամենանշանավոր քաղաքը՝ Գազան (տե՛ս «Օնոմաստիկոն», էջ 306):
Գազան (սեպագիր արձանագրություններում՝ Hazzatu, Hazzutu, Haziti, Թել−Էլ−Ամառնայի 2 արձանագրություններում՝ Azzati), ըստ եբրայերեն ստուգաբանության, ծագել է «ազ» արմատից, որը նշանակում է «ուժ»: Քաղաքի հետագա ճակատագիրը պատկերելու համար մարգարեն օգտագործում է քաղաքի անվանը համահունչ «ազուվա» բառը (Յոթանասնիցում՝ «διηρπασμένη», Վուլգաթայում՝ «destructa erit»), որը նշանակում է «լքված»: Ըստ երանելի Հերոնիմոսի՝ «Գազա» նշանակում է «իմ ամրոցը»: Հետևաբար, նրանք, ովքեր պարծենում են մարմնական ուժով կամ աշխարհիկ հզորությամբ և սատանայի հետ միասին ասում են. «Ես իմ ուժով կանեմ», Տիրոջ բարկության օրը պիտի կործանվեն և ոչնչանան» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն, մաս 14, Կիև, 1898 թ., էջ 271):
Միջերկրական ծովի մոտ գտնվող Ասկաղոնը («Օնոմաստիկոն», 162․ ասորերեն՝ «Iskaluna, Askaluna», Թել−Էլ−Ամառնայի գրություններում՝ «Ackaluna»), ըստ Հովսեփոս Փլավիոսի («Հրեական պատերազմ», գիրք III, գլ. 2), հիանալի ամրոց էր և վաղուց հայտնի էր Դերկետո Մելիտե աստվածուհուն նվիրված տաճարով, որն ավերվել է սկյութների կողմից: Երանելի Հերոնիմոսը (կասկածելի, սակայն, բանասիրական հիմնավորմամբ) նշում է. «Ասկաղոնը, որը նշանակում է «կշռված» կամ «մարդասպան կրակ», երբ գա Տիրոջ օրը, կզգա իր հանցանքների չափը և պիտի ճնշվի այն ծանրությամբ, որ ինքն էր պատճառում: Եվ քանի որ բորբոքված ձգտում էր արյուն թափել, ուստի... կվերածվի անապատի և գեհենի կրակով մոխիր կդառնա» (տե՛ս նշված աշխ., էջ 271):
Ազոտոսը («Օնոմաստիկոն», 36։ ասորերեն՝ «Asdudu») եղել է Դագոնի պաշտամունքի գլխավոր կենտրոնը, որի տաճարում մի ժամանակ գտնվում էր Աստծու տապանակը (Ա Թագ. 5:1): Ոզիան քանդել էր նրա պարիսպները (տե՛ս Բ ՄՆաց. 26:6), բայց հետո այն անկախացել էր: Այնուհետև Ազոտոսը բազմիցս պաշարվել է ասորեստանցիների և եգիպտացիների կողմից (Ես. 20:1), մինչև, ըստ Հերոդոտոսի վկայության (Պատմություն 2:157), 28 տարվա պաշարումից հետո գրավվել է Պսամմետրիքս փարավոնի կողմից: Մարգարեն Ազոտոսին սպառնում է նրա բնակիչների արտաքսմամբ՝ («բացցագարայիմ»)՝ կեսօրին, այսինքն՝ այն ժամանակ երբ յուրաքանչյուրն իրեն առավել ապահով է զգում (հմմտ. Երեմ. 6:4, 15:8):
Եկրոնը կամ Ակարոնը («Օնոմաստիկոն». 61, ասորերեն՝ «Am Karruna») փղշտացիների հինգ քաղաքներից ամենահյուսիսայինն էր: Բաժանված հրեական թագավորության ժամանակաշրջանում եղել է կամ Բահաղ-Զեբուբի (Բահաղ−ճանճիկի) պաշտամունքի վայրը՝ իր տաճարով և նրա մոտ գտնվող պատգամախոսարանով 3 (տե՛ս Դ Թագ. 1:1, «Մեկնողական Աստվածաշունչ» հատոր II, էջ 495): Ինչպես Գազայի, այնպես էլ Եկրոնի ճակատագրի վերաբերյալ մարգարեն կիրառում է քաղաքի անվանը համահունչ «Եկրոն թեակեր» (Եկրոնը արմատախիլ կարվի) արտահայտությունը (Յոթանասնից՝ «έκριὡωθησ´εται», Վուլգաթա՝ «eradicabitur», սլավ.՝ «Аккарон искоренится») (հմմտ. Զաք. 9:5, 7): Հաջորդիվ՝ 5−7−րդ համարներում, մարգարեն խոսում է ոչ միայն փղշտացիների առանձին քաղաքների, այլև նրանց ամբողջ երկրի լիակատար կործանման մասին: 5−րդ համարի «ծովեզերքի բնակիչներ» և «կրետացի ժողովուրդ» անվանումները մի կողմից, իսկ «Քանան» և «փղշտացիների երկիր» անվանումները մյուս կողմից, անշուշտ զուգահեռ և հոմանիշ են միմյանց, և մատնանշում են փղշտացիների երկիրն ու նրա բնակիչներին: Հետևաբար, անհնար է «կրետիմ»−ն ընդունել հասարակ անվան նշանակությամբ («գոյ-կրետիմ» արտահայտության մեջ), այն ընթերցել որպես «կորետիմ» և Վուլգաթայի օրինակով թարգմանել որպես (gens) perditorum (կորուսյալների/կործանվածների ազգ): Ըստ երանելի Հերոնիմոսի՝ նման ընթերցումն ընդունված է եղել Ակյուղասի, Սյումմաքոսի, Թեոդիտոնի և Կվինտայի հին հունարեն թարգմանություններում: Ընդհակառակը, անհրաժեշտ է ընդունել եբրայական մասորեթական, Յոթանասնից (κρητῶν) և ասորական տեքստերի համընկնող ընթերցումը՝ որպես փղշտացիների երկրի բնակիչների հատուկ անուն: Տեքստային բնույթ ունեցող և մինչև օրս չլուծված մեծագույն դժվարություն է ներկայացնում 6−րդ համարի եբրայերեն «կերոթ» բառը (ընդհանուր ընկալմամբ՝ «ջրամբար»): Այն Յոթանասնիցի կողմից ևս փոխանցվել է նույն կերպ՝ «Κρήτη» (սլավ.՝ «крит»), ինչն անկասկած հակասում է տեքստի նախնական և իրական իմաստին, իսկ Վուլգաթայում այս բառն ընդհանրապես բացակայում է: Հետազոտողների կողմից այս դժվարությունները պարզաբանելու ուղղությամբ կատարված բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել (տե՛ս Fr. Schwally. Das Buch Ssephanja... // Zeitschrift für die Alttestamentliche Wissenschaft. 1890, Hft. II, S. 185, 186, տե՛ս Ի. Թյուրնին. «Սոփոնիա մարգարեի գիրքը». Ք. Պօսսադ, 1897, էջ 100–104):
Այնուամենայնիվ, 5−7-րդ համարների ընդհանուր իմաստը միանգամայն պարզ է: Մարգարեն տեսնում է հեռավոր ապագայում փղշտացիների երկրին սպասվող աղետի պատկերը և այն տեսքը, որը երկիրը ստանալու է դրանից հետո: Ծովեզերքի երկիրը, որն այժմ ծառայում է որպես եռուն կյանքի թատերաբեմ, հարուստ է բնակեցված նավահանգիստներով, բազմամարդ ու ամրացված քաղաքներով և հռչակված է ծովային ու ցամաքային լայն առևտրով, Աստծու հրամանով պիտի կործանվի և վերածվի ամայի տափաստանի, որտեղ պիտի բնակվեն միայն հովիվներն իրենց հոտերով: Այնուհետև, ըստ 7−րդ համարի, այդ տափաստանը դառնալու է «Հուդայի տան մնացորդի» սեփականությունը, որը «Ասկաղոնի տներում երեկոյան պիտի հանգստանա, երբ Տերը՝ նրանց Աստվածը, ողորմությամբ նայի նրանց և վերադարձնի գերությունից»:
Ըստ երանելի Թեոդորիտոսի՝ «Սա կատարվեց այն ժամանակ, երբ հրեաները վերադարձան գերությունից։ Մակաբայեցիների գրքում տեսնում ենք, որ Հովնաթանն ու Շմավոնը տիրացան Գազային, Ասկալոնին և Պտղոմայիդային ու ենթարկեցին իրենց իշխանությանը: Մարգարեության ճշգրիտ և անվիճելի իրականացումը կարելի է տեսնել մեր Փրկչի համբարձումից և սուրբ առաքյալների քարոզչությունից հետո, որովհետև նրանք դուրս եկան Հրեաստանից, այդ քաղաքներում մնացին «մինչև երեկո», այսինքն՝ նախքան վախճանը, երբ Աստված նայեց հեթանոսներին և նրանց ազատեց դառը ծառայությունից ու «գերությունից» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5. Մ., 1857թ., էջ 48):
--------------------------------
2 Թել-էլ Ամառնան Հին Եգիպտոսի քաղաքներից է: Ամառնայի ամենակարևոր հայտնաբերություններից մեկը եղել են «Ամառնայի նամակները»՝ հարյուրավոր կավե սալիկներ, որոնք գրված են կիունիֆորմով։ Այս նամակները հիմնականում դիվանագիտական նամակագրություն են, որոնք փարավոնները փոխանակել են այլ Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ Նրանք արժեքավոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակաշրջանի միջազգային հարաբերությունների, քաղաքականության և առևտրի մասին, ինչպես նաև լույս են սփռում Ամառնա քաղաքի դերին՝ որպես միջազգային կենտրոն։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գազան յափշտակուած կը լինի, Ասկաղոնը կ՚աւերուի, Ազոտոսը միջօրէին կը կործանուի, եւ Ակկարոնը արմատից կը խլուի:
(Արարատ թարգ․) Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։
(Գրաբար) Զի Գազա յափշտակեալ լիցի, եւ Ասկաղոն յապականութիւն. եւ Ազովտոս ի միջաւրէի կործանեսցի, եւ Ակկարոն յարմատոյ խլեսցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: