Հովհաննես Ծործորեցի
Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց:
Երբ Հիսուսն իմացավ դա, հեռացավ այդտեղից:
[Այս խոսքը] ցույց է տալիս նախ Տիրոջ ամենատես զորությունը, ապա՝ Նրա հեզությունն ու խոնարհությունը, որովհետև խույս տալով թույլ տվեց, որ նրանք շունչ քաշեին և նախանձը մեղմացնեին: Եվ երրորդ՝ տակավին մեռնելու ժամանակը չէր. [խույս տվեց], որպեսզի երբ մեռներ, հասկանայինք, որ Նրա մահը կամավոր էր և ոչ թե բռնի ու հարկադիր: Թող այստեղ ամաչեն նրանք, ովքեր ասում են, թե պետք է հրաշքներ գործել, որպեսզի հավատան, որովհետև պարզ դարձավ, որ հրաշքներն էլ չեն կարող կակղեցնել անհավան միտքը, ինչպես որ Մովսեսն էլ [չկարողացավ փոխել] փարավոնինը 642: Ուրեմն իզուր էին աշակերտներին մեղադրում:
Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց, և բժշկեց ամենքին:
Թեպետ նրանք չարանում էին, բայց Նա երբեք չէր դադարում ժողովրդի մասին հոգալուց, այլ խնամք տածելով միշտ բժշկում էր, քանի որ ավելի լավ էր համարում շատերին օգուտ տալ, քան [խուսափել փարիսեցիների] թշնամությունից: Բայց դու բժշկությունը երկու կերպ հասկացիր՝ խոսքով ու գործով, թեպետ ավետարանիչը [մանրամասները] զանց առավ ու չպատմեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
15-21․ Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. ««Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի.» «նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի.» «ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի.» եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»:
Փարիսեցիների և դպիրների մեջ շրջող գաղափարը և Հիսուսի սպանության խորհուրդը գաղտնի չէր կարող մնալ։ Հիսուսի ականջին էլ հասավ, և հարմար նկատեց թողնել Կափառնայում քաղաքն ու հեռանալ` չուզենալով առիթ տալ նրանց իրենց մտադրությունը գործադրելու։ Քաղաքից ելնելով ուղևորվեց դեպի Բեթսայիդա, չհեռանալով Իր սովորական և սիրելի կենտրոնատեղից` Կափառնայումի և Բեթսայիդայի միջև գտնվող ծովեզրյա կողմերից, ուր ճանապարհների հարմարությունը ամեն կողմից եկողների համար դյուրություն է ընծայում։ Այս անգամ էլ Պաղեստինի զանազան գավառներից, Գալիլիայից, Հրեաստանից, Պերեայից(որը Հորդանանի մյուս կողմի գավառն է) և մասնավորապես Երուսաղեմ քաղաքից, և նույնիսկ Փյունիկցիների երկրից` Տյուրոսի և Սիդոնի կողմերից անհամար բազմություն էր խռնվում։ Քանզի որքան լսվում էր Հիսուսի կատարած հրաշալի բժշկության ձայնը, այնքան ավելի ամեն տեսակ հիվանդներ ու ախտավորներ, անդամալույծներ և դիվահարներ գնում էին Կափառնայում և բժշկվելով վերադառնում էին իրենց բնակավայրերը` Հիսուսին դիմող ավելի մեծ բազմությունների պատճառով։
Հիսուսի շուրջը խռնվող ախտավորների բազմությունը չափազանց շատ էր և ամենքի համոզմունքը Հիսուսին մոտենալու և Նրան դիպչելու վրա էր հաստատված։ Հիսուս հարկադրվեց, ինչպես ուրիշ անգամ էլ հիշվեց (Ղուկ 5։1-11), մի նավ մտնել և փոքր ինչ ցամաքից հեռանալով, այնտեղից խոսել, ուսուցանել և բժշկել, որպեսզի բոլոր կողմերից Իրեն շրջապատող բազմությունից չնեղվի ու արգելքի չհանդիպի և բոլորի խնդրանքն էլ կատարի։ Այդ նավի պարագան վերստին հաստատում է այն կարծիքը, որն արդեն հայտնեցինք (Ղուկ 5։1-11), թե Հիսուսի աշակերտները և ի մասնավորի հովնանյան ու զեբեդյան եղբայրները, իրենց նավերը միշտ իրենց տրամադրության տակ էին պահում, թեպետ ձկնորսության գործը իրենց մարդկանց հանձնելով, իրենք հաճախակի և գրեթե շարունակաբար հետևում էին Հիսուսին։
Հիսուսից բժշկվողները, ինչը բնական էր, շտապում էին լուր տալ և երախտապարտ զգացումներ հայտնել, բայց Հիսուս պատասխանում էր, թե պետք չէ այդպես վարվել և ոչ էլ Իր համար գովեստներ անել։ Դիվահարները ևս Հիսուսին տեսնելուն պես խոստովանում էին և այդպիսով բժշկություն խնդրում։ Դևերն էին, որ նրանց բերանով բարձր աղաղակում էին․ «Դու ես Որդի Աստուծոյ»։ Հիսուս այդ խոստովանությունները նույնպես չէր սիրում, չէր քաջալերում, այլ հրամայում էր լռել, որովհետև Նա ուզում էր Իր վարդապետությունը հաստատել Իր գործերի ունեցած ներքին ազդեցությամբ և ոչ թե բժշկության դիմողների կամ բժշկություն ընդունողների բերանացի հայտարարություններով և արված գովեստնենով (Մատթ․ 4։23-25)։
Մատթեոսը, որն իր Ավետարանը հրեաների համար գրելով, ավելի մտադրված է լուսաբանել Հին և Նոր Կտակարանների կապակցությունը և հաստատել մեսիական մարգարեությունների Հիսուսի մասին կատարված լինելը, այստեղ ևս մի հատված է բերում Եսայուց և պատշաճեցնում Հիսուսին․ «Ահա մանուկ իմ զոր ընտրեցի, եւ սիրելի իմ՝ ընդ որ հաճեցաւ անձն իմ, եդից զոգի իմ ի վերայ նորա, եւ իրաւունս հեթանոսաց պատմեսցէ․ ոչ հակառակեսցի և ոչ աղաղակեսցէ․ եւ ոչ ոք լուիցէ ի հրապարակս զբարբառ նորա, զեղեգն ջախջախեալ ոչ փշրեսցէ, եւ զպատրոյգն առկայծեալ ոչ շիջուսցէ, մինչեւ հանցէ ի յաղթութիւն դատաստան եւ յանուն նորա հեթանոսք յուսացին» (Մատթ․ 12։18-21)։
Այս կտորը Յոթանասնից և մեր հայերեն թարգմանությունների համաձայն Եսայու մարգարեության գրքում հետևյալ ձևով ենք տեսնում․ «Յակոբ ծառայ իմ, օգնական եղէց նմա, Իսրայէլ ընտրեալ իմ, զոր ընկալաւ անձն իմ, եդից զոգի իմ ի վերայ նորա, եւ իրաւունս հեթանոսաց հանցէ, մի՛ աղաղակեսցէ եւ մի՛ վիճեսցի եւ մի՛ ոք լուիցէ արտաքոյ զբարբառ նորա․ զեղեգն ջախջախեալ մի՛ բեկցէ, եւ զպատրոյգն առկայծեալ մի՛ շիջուսցէ, այլ հանցէ ի ճշմարտութիւն զիրաւունս, ծագեսցէ եւ մի՛ խորտակեսցի, մինչեւ դիցէ յերկիր զդատաստան, եւ յանուն նորա հեթանոսք յուսասցին» (Ես․ 42։1-4)։
Սակայն Մատթեոսը ոչ թե Յոթանասնից, այլ Եբրակայան օրինակի համաձայն է մեջ բերում Եսայու խոսքերը, որոնք հետևյալն են․
«Ահա ծառայ իմ, ընկալայց զնա, ընտրեալ իմ, ընդ որ անձն իմ․ եդից զոգի իմ ի վերայ նորա, եւ դատաստան հեթանոսաց խօսեսցի․ ոչ՛ աղաղակեսցէ, եւ ոչ՛ հաւանեսցէ ընդ անձն եւ ոչ՛ լիցի լսելի ձայն նորա արտաքոյ․ զեղեգն ջախջախեալ մի՛ փշրեսցէ, եւ զպատրոյգն առկայծեալ մի՛ շիջուսցէ, հանցէ դատաստան, ի ճշմարտութեան․ մի՛ լիցի թախծեալ եւ ոչ յուզեալ, մինչեւ դիցէ յերկիր զդատաստան, եւ օրինաց նորա կղզիք ակնկալցին»։
Յոթանասնից և եբրայական օրինակները ըստ իմաստի համաձայն են և գուշակում են Հիսուսի հեզությունը, հակառակությունների հանդեպ քաղցրությունը, տկարին ու անկյալին խնայելու բարեսրտությունը, իրավունք և ճշմարտություն պաշտպանելը։ Միայն Յոթանասնից օրինակում հիշված Հակոբ և Իսրայել անունները պակասում են եբրայականի մեջ։ Սակայն նույնիսկ ավելացնելով, մարգարեության մեսիականությունը չի խափանավում, որովհետև մեսիական գուշակությունները շատ անգամ խորհրդական և օրինական բացատրությամբ են գրված, Հակոբ-Իսրայել թե´ նահապետը և թե´ ժողովուրդը Հիսուս-Մեսիայի օրինակն է նկատվել, ինչպես ուրիշ տեղ էլ տեսանք (Մատթ․ 2։13-15 և 19-21)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: