Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:43

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր Արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:37
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
   
    Այդժամ արդարներն իբրև արեգակ կծագեն երկնքի արքայությունում: Ով լսելու ականջ ունի, թող լսի:

    Կրկնակի տանջանք է լինելու մեղավորների համար: Նախ՝ մատնվելու են կրակի և ատամների կրճտման, և երկրորդ՝ արդարների փառքը տեսնելով՝ առավել են չարչարվելու, մանավանդ որ [իրենք] էլ կարող էին [այդ փառքին] հասնել և չհասան: Իսկ արդարների ծագելը միայն [արեգակի պայծառության] չափ չի լինելու, այլ նրա ծագումից բազմապատիկ ավելի. բայց քանի որ նրանից ավելի պայծառ աստղ չունենք, այդ պատճառով էլ [Տերը] մեզ ծանոթ բաներից է մեզ համար օրինակ բերում: Այլապես եթե, ըստ մարգարեի, արեգակն [ինքը] յոթնապատիկ [ավելի պայծառ] է լինելու (Ես. 30։26), ապա ի՞նչ ասել արդարների մասին: Սրանով հասկացիր այն անբավ պայծառությունը, համարձակությունն ու գեղեցկությունը, որ վայելելու են արդարները գալիք հավիտյանում այստեղի նեղությունների փոխարեն: Եվ քանի որ այսպես է լինելու, [Տերն] ավելացնում է. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»: Այսինքն՝ մի՛ կարծիր, թե նրանք այդ բանականություն չունեցող անմահի 1 պես են անմահանալու, այլ մեծագույն փառքով բարձրանալու են երկնքի ոլորտներում: Եվ նրանց տեսնելով՝ [նրանց] չարչարողներն ամաչելու են, կամ էլ [վերջիններիս] աչքերն ասես կուրանալու են բոլորակածիր արեգակի ճառագայթներից:

    Բայց տարակուսանք է հարուցում այն, թե ինչու է առաքյալն ասում, թե արդարները հափշտակվելու են [օդի մեջ] Տիրոջ առաջ (Ա Թես. 4։16), իսկ այստեղ [ասվում է, թե] նախ մեղավորները տանջանքի են մատնվելու, և ապա արդարներն արեգակի պես ծագելու են: Պետք է գիտենալ, որ արդարների համար երկնքում բնակության տեղ է պատրաստված, և երբ [Տիրոջ] գալստյան ժամանակը գա, Հոր փառքով իջնելու է երկնքից, արդարներն իրենց մարմնով՝ օդի մեջ ելնելու են Տիրոջ առաջ, և Տերը, նրանց հետ իջնելով երկիր, բեմ է դնելու և մեղավորների վճիռը կայացնելու՝ ըստ այսմ. «Կկանչի երկնքին վերևից և երկրին՝ դատելու Իր ժողովրդինե (Սաղմ. 49։4): Այդժամ իբրև թագավոր՝ Իր բարեկամների հետ ճամփա ելնելով՝ նրանց տանելու է դեպի երանալից հանգիստը՝ պսակելու լուսեղեն փառքով, ինչպես արեգակին, որովհետև խավարը և կրակի այրող զորությունը, որից ամեն ինչ հալչում է, որպես տանջանք պատրաստվեցին մեղավորների համար, իսկ լույսը՝ որպես արդարների պսակ. որովհետև բոցի լույսը Տիրոջ ձայնի զորությամբ զատվելու է կրակից՝ ըստ մարգարեի (Սաղմ. 28 7):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
   
    «Այն ժամանակ արդարները Աստծու առաջ կծագեն, ինչպես արեգակը»:

    Անբավ պայծառություն ու համարձակություն է խոստանում այստեղի քաջությունների և նեղությունների փոխարեն, որը վայելելու են հանդերձյալ հավիտենության մեջ՝ Իրենց Հոր թագավորությունում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:36