Ծննդոց գրքի մեկնություն 14:19

Ա.Լոպուխին

19-20. Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ է Աբրամը Բարձրյալ Աստծու կողմից, որ Տերն է երկնքի և երկրի. [19] և օրհնյալ է Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տվեց ամեն ինչից: (Սինոդական թարգ․)

   

   Նա օրհնեց Աբրամին՝ ասելով… «Օրհնել» հասկացությունը եբրայական բնագրում արտահայտված է «բարեխ» բառով, որը կարող է նշանակել նաև պարզապես «ողջունել, բարեկամություն արտահայտել»։ Սակայն այստեղ Մելքիսեդեկի օրհնությունը չի եղել ուղղակի ողջույն կամ բարեկամական ժեստ: Այդ մասին են վկայում ինչպես նախորդող (18-րդ համարը «Բարձրյալ Աստծու քահանա»), այնպես և շարունակվող խոսքի համատեքստը (20-րդ համարը, Աբրամը տալիս է քրմական տասանորդը): Երկրորդ՝ դա է հաստատում նաև Պողոս առաքյալը (Եբր. 7:6-7), որն ասում է, որ անկասկած փոքրն է օրհնություն ստանում մեծից և հետևաբար Աբրամը, որ Մելքիսեդեկից օրհնություն ընդունեց, դրանով իսկ ճանաչեց նրան որպես հատուկ միջնորդ իր և Աստծու միջև, որն ունակ է իր վրա իջեցնել Աստծու օրհնությունը։

   Օրհնյալ է Աբրամը Բարձրյալ Աստծու կողմից… և օրհնյալ է Բարձրյալ Աստված… Ինչպես օրհնության բովանդակությունը (Աբրամին հայտնված աստվածային ողորմածության խոստովանությունը և փառաբանություն Աստծուն դրա համար), այնպես էլ առավել ևս նրա ձևակերպումը (երկու տնից բաղկացած ռիթմիկ բանաստեղծություն) բավականին բնորոշ են սուրբգրային պոեզիային և ունեն այնտեղ մի շարք համանմանություններ (Ծննդ. 27:27, 48:15, 31:15 և այլն):

   Աբրամը նրան տասանորդ տվեց ամեն ինչից: Թեև քահանաներին և ղևտացիներին տասանորդ վճարելու մասին օրենքն ավելի ուշ՝ Մովսեսի օրոք է տրվել (Ղևտ. 27:30-33, Թվ. 17:21-23), բայց պարզ է, որ այն կիրառվում էր որպես լայն տարածված ավանդույթ շատ ավելի վաղ, ինչպես հրեաների, այնպես էլ արևելյան այլ ազգերի մոտ։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյա՛լ լինի Աբրամը երկնքի ու երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց:
(Գրաբար) Եւ օրհնեա՛ց զԱբրամ և ասէ.