Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը:
Այդժամ սաստեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, որ Ինքն է Քրիստոսը:
Նախ՝ [սրանով] Իր անարգամեծար բարքն է սովորեցնում աշակերտներին. որովհետև երբ մեծամեծ բաներ էր հայտնում, կամենում էր Իրեն ծածուկ պահել, որպեսզի չկարծեին, թե հանուն փառքի է դրանք հայտնում, այլ որպեսզի ճշմարտությանը հասու դառնային: Երկրորդ՝ տակավին առջևում էին Նրա չարչարանքները. եթե դրանից առաջ բացահայտորեն քարոզեր Իր Աստված լինելը և հասկանային, որ Աստծո Որդին է, ապա հետո, երբ տեսնեին [Նրան] խաչի վրա և երեսին թուք ընդունելիս, շատերը որքա՜ն կգայթակղվեին: Եթե հրաշքները վայելելու ընթացքում [Նրա Աստվածության մասին] լսելուց միանգամից գայթակղվեցին, և ոչ միայն նրանք, այլև գլխավոր Պետրոսը, ի՞նչ ասել բազմության մասին: Իսկ երբ գայթակղեցնողները մեջտեղից դուրս գան, խաչի և այլ չարչարանքներն ավարտվեն, Նրա մարդեղության տնօրենությունն իրականանա ըստ մարգարեների վկայությունների, որոնք խոսեցին Քրիստոսի մասին, և ոչինչ չլինի, որ Նրա հանդեպ մաքուր հավատը խափանի ու պղտորի, այդ ժամանակ հասկանալով, որ Նա Քրիստոսն է՝ անշարժ կմնան Նրա հանդեպ հավատի մեջ: Եթե բույսն ամրանա և արմատներ գցի, իսկ հետո մեկի կողմից արմատախիլ արվի և դարձյալ տնկվի, հազիվ թե նորից արմատակալի: Այդպես է նաև Նրա հանդեպ հավատը. եթե նախ ամրանա, ապա սասանվի, հազիվ թե ապահով վիճակում մնա: Իսկ եթե մի անգամ ամրանա ու անշարժ մնա, այնուհետև նաև կաճի դեպի վեր ու կբազմանա, ինչպես և պատահեց: Այս պատճառով էլ [Հիսուսը] սաստեց [աշակերտներին], որ ոչ ոքի չհայտնեն, [որ Ինքն է Քրիստոսը]:
Ստեփանոս Սյունեցի
Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը:
«Այն ժամանակ խստիվ պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը»:
Քանի որ դեռևս բոլոր գործերը չէին կատարված՝ չարչարվելը, խաչվելը և մեռելներից հարություն առնելը, որոնք Քրիստոս պետք է իրագործեր: Դրա համար պատվիրելով ասաց՝ ոչ ոքի չասել, թե Նա է Քրիստոս, որպեսզի շատերը չգայթակղվեն Նրանով, թե ինչպես է Նա Քրիստոսը, որ չկատարեց բոլոր գործերը:
Մաղաքիա արք. Օրմանյան
20-28․ Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
Հիսուս Իր անձի նկատմամբ եղած կարծիքները լսելուց և աշակերտների կողմից վկայված դավանությունը ընդունելուց հետո սկսում է նրանց նոր հայտնություններ անել, խոսել նոր վարդապետություններ, որոնք պահպանում են խոսակցության շարքը, սակայն խոսքն առաջ են տանում նոր հողի վրա: Պետրոսին ասված երանության հայտարարությունը, որ մեջ է բերում միայն Մատթեոսը (Հովհ. 16:17-19), մնում է միջանկյալ և ներկա հատվածն ուղղակի կապվում է նախորդի հետ (Հովհ. 16:13-16):
Բոլոր առաքյալները, ամենքի կողմից նաև Պետրոսը, Հիսուսի Մեսիա կամ Քրիստոս և Աստծու Որդի լինելու մասին էին խոսել, և Հիսուս սկսում է նրանց զգուշացնել, որպեսզի իմացածները գաղտնի պահեն և ուրիշի չասեն, թե Նազովրեցի Հիսուսն է ակնկալված Մեսիան. «Մի՛ ումեք ասիցեն թէ նա է Քրիստոս»: Անտարակույս, անհրաժեշտ էր, որ ճշմարտությունը երևան գար: Չէ՞ որ Հիսուս ևս ջանում էր, որպեսզի ողջ աշխարհն Իր Մեսիականությանը հավատար: Ուրեմն, ինչու՞ էր դրվում այն բացահայտելու արգելքը: Անշուշտ, աստվածային խորհուրդներն առաջ բերելու հավակնությունը չունենք, բայց Հիսուսի խորհրդավոր խոսքերով հայտնած ճշմարտությունները ևս չիմանալ չենք կարող: Հիսուս իրավունք ուներ առաքյալներին արգելել, որովհետև նրանք ևս մեսիականության մասին հստակ գաղափար չունեին, դեռևս դուրս չէին եկել հրեական և նախապաշարյալ ըմբռնումներից: Մեսիականությանը ծանոթ էին միայն արտաքին և երկրային իմաստով, ուստի, իրենց քարոզչությամբ, [կառուցելու] փոխարեն, կարող էին ավերել, ուժ հաղորդել նախապաշարմունքին և, Հիսուսին մոտ գտնվելով, ենթադրել տալ, թե Նա ևս նույն գաղափարն ունի: Ըստ այսմ, առաքյալների լռությունն ավելի նպատակահարմար էր, քան խոսելը: Ի՜նչ օգուտ պիտի բերեր Հիսուսին ընկերակից, հետևող և Նրա ազդեցության ներքո եղող անձերի Նրա ճշմարիտ Քրիստոս և Աստծու Որդի լինելու մասին վկայությունը: Նրանց խոսքերը որպես համակիրների կարծիք, թելադրության արձագանք ու ազդեցության արգասիք պիտի նկատվեին և ուժ չպիտի ունենային: Գերադասելի էր, որ նրանք չխոսեին, իսկ միամիտներն ու չարամիտները ճշմարտությունը հասկանային իրենց սեփական խորհրդածությամբ, տեսած հրաշքների ու վարդապետությունների ազդեցության շնորհիվ:
Հիսուս առաքյալների միտքը ևս լուսավորելու և մեսիականության մասին նրանց նախապաշարյալ կարծիքը ցրելու համար այնտեղ` Փիլիպպյան Կեսարիայի կողմերում, Հերմոն լեռան մոտակայքում, բոլորովին առանձնացած վայրում, առաջին անգամ նոր և տարօրինակ մի հայտնություն արեց: Խոսքի կարգը ստիպում է ենթադրել, թե Հիսուս նախապես ի ցույց հանեց Գալիլիայում կատարված փառավորությունները, հրեաների կողմից դրսևորված հակառակությունները, Երուսաղեմի հրեական գերագույն ատյանի կողմից լարված դավադրությունները: Եվ քանի որ առաքյալները՝ մեսիական դավանությամբ, հակված էին կարծել, թե Նազովրեցի վարդապետն այս ամենը պիտի ցրի, ամենքի գլուխը ճզմելով, նրանց նպատակն ապարդյուն պիտի դարձնի, ապա Հիսուս պարտավորվեց հանդիպելիք եղելությունները հստակ կերպով պարզաբանել: «Իրողությունները,- ասաց,- ձեր կարծածով պիտի տեղի չունենան, մեսիայությունը ձեր մտածածով չի լրանա: Վերջապես Երուսաղեմ էլ պիտի գնամ, հակառակությունները պիտի զորանան, դավաճանությունները հաջողվեն, ինձ հակառակորդ եղող քահանայապետերի, դպիրների և օրինականների ձեռքը պիտի ընկնեմ, ինձ պիտի նախատեն, անարգեն,
տանջեն, չարչարեն, դատապարտեն և անգամ մեռցնեն: Բայց մինչև այստե՛ղ միայն և մի՛ կարծեք, թե նրանց պիտի հաջողվի խափանել Ավետարանի և Երկնից Արքայության գործը, որովհետև մեռնելուս երրորդ օրը ես վերստին կենդանի պիտի լինեմ, հարություն պիտի առնեմ և այն ժամանակ Ավետարանը պիտի հաղթանակի ու իմ քարոզած Ավետարանը պիտի փառավորվի»: Հիսուս այսպես պարզ բառերով և առանց այլաբանության նախագուշակեց գալիքը. «Եւ համարձակ զբանն ծօսեցաւ»:
Առաքյալները շփոթվեցին: Խելքներին չէր հասնում, թե ինչպես կարող են մեսիայությունն ու տխուր վախճանը միմյանց հետ համաձայնվել: Եթե Մեսիա է, չպետք է մատնվի, չարչարվի ու սպանվի, եթե Մեսիա չէ, չպիտի կարողանար այսպիսի հրաշագործություններ անել: Իրենց համոզմունքը թույլ չէր տալիս նախապատվություն տալ այս վերջին ենթադրությանը: Իրենց տեսածներն ու լսածները մեսիայությունը երկբայության առջև չէին դնում: Ուրեմն, Մեսիա էր: Եվ եթե Մեսիա էր, այդպիսի ողորմելի վախճան ունենալ չէր կարող, այդպիսի վախճանն Իրեն չէր վայելում: Սա էր նրանց եզրակացությունը. «Քաւ լիցի քեզ, տէր, մի՛ եղիցի քեզ այդ»:
Պետրոս, իր սովորական ոճին համապատասխան, այս անգամ էլ մեջ ընկավ և կամեցավ, որ Հիսուս այդ ողորմելի վախճանից զերծ մնա: Չգիտենք, թե ի՞նչ զրուցեց, ի՞նչ առաջարկեց, ինչպիսի՞ բացատրություններ արեց, որովհետև Ավետարանները չեն պատմում: Մատթեոսը գրում է, թե «Սկսաւ կագել ընդ նմա»: իսկ Մարկոսն ասում է. «Սկսաւ սաստել նմա»: Թե՛ կագել և թե՛սաստել բառերն Ավետարանի համար սովորական չեն և կիրառության մեջ թեթև իմաստ չունեն: Պետրոսը խիստ խոսքեր է գործածել, մեղադրել Հիսուսին, իմանալով հանդերձ, այդ վտանգից խուսափելու ձևեր չի խորհում, տեսակ-տեսակ հանդուգն առաջարկներ է արել և, թերևս, իր ձկնորսական նախկին վարմունքներն էլ հիշելով`առաջարկել խաբուսիկ ու ճարպիկ փախուստի ձևեր: Հիսուս մի պահ ցանկացել է հեռանալով կարճել խոսքը, սակայն Պետրոսը հետևել է Իրեն`պնդելով իր խոսքերը, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս, Պետրոսին պատասխանելու համար, շրջվում է դեպի նա. «Եւ նա դարձաել ի Պետրոս, ասէ»: Հիսուս, Պետրոսի անխոհեմ թախանձանքներից ու անտեղի առաջարկներից հոգնում է, ձանձրանում, նկատում է, որ մյուս առաքյալները համամիտ են Պետրոսի հետ և սպասում են այդ առանձնազրույցի ելքին: Անշուշտ, նրանց մտքերը ևս Պետրոսինից ավելի լավը չէին:
Վերջապես Հիսուս, տեսնելով, որ Պետրոսը անուշ խոսքերից, մեղմ արտահայտություններից օգուտ չի քաղում, չի ազդվում և չի լռում, ստիպված է լինում սաստել. «Մի կողմ գնա՛,- ասում է,- ինձանից հեռացի՛ր, փորձչի դեր մի՛ վերցրու վրադ. Ե՛րթ յետս իմ սատանայ. Ինձ գայթակղեցնելու և մոլորեցնելու մի ճիգ է քո ասածը, դու Աստծու գործերը չգիտես, այդ մասին չես մտածում, ծառայում ես աշխարհիկ ցածր նպատակի, առաջարկում ես մարդկային խաբեության ճանապարհներ, հետևում ես մարմնավոր դյուրությանը, միտքդ չես կարող վեր բարձրացնել դեպի հոգևոր բարիքը»: Ի վերջո Պետրոսը լռում է, մյուս առաքյալները ևս վրա չտվեցին, սակայն իրենց մտքի շփոթությունը չփարատվեց. Մեսիայությունն ու Երրկնից Արքայությունն ու՜ր՝ թեկուզ հետո կենդանանալու պայմանով, տանջվել, չարչարվել և սպանվելն ու՜ր:
Երբ ավարտվում է տարօրինակ միջադեպը, հանդրտվում է առաքյալների հուզված հակասությունը՝ Մեսիա լինելու և անկարող գտնվելու բացատրությունը: Հիսուս, առիթը հարմար գտնելով, խորհրդավոր մի խրատական է խոսում, որով մի կողմից բացատրում է Իր գլխին գալիքի իմաստը, իսկ մյուս կողմից հասկացնում է Իրեն հետևողների համար պահված և նրանցից պահանջվելիք վիճակը` չմոռանալով նաև սովորեցնել: Հիսուս ասում է. «Իմ Ավետարանի կերպն ու ձևը, նպատակն ու միջոցը ձեր կարծած ձևով չեն ղեկավարվում, աշխարհի կանոնները իմ կանոնների հակադարձն են: Ես ձեզ ասացի, թե պետք է մատնվեմ, չարչարվեմ և սպանվեմ, բայց չասացի, թե վերջնականորեն պիտի հաղթվեմ և ընկճվեմ, ընդհակառակը, մահը կենդանության, իսկ նեղությունները փառավորության պիտի առաջնորդեն: Ինձ հետևողը ևս ինձ նման պիտի լինի. ով ցանկանում է իմ Ավետարանին աշակերտել, պետք է հրաժարվի իր հաճույէից ու դյուրություններից, իր կամքը մի կողմ թողնի և իր վրա դրված նեղության խաչը հոժարությամբ ստանձնի ու այդպես իմ հետևից գա. այն ժամանակ է, որ կգտնի ճշմարիտ հաղթության և փառքի ճամփան: Ով ցանկանում է վերջապես կենդանի լինել, թող առժամանակյ կյանքի վնասից չվախենա. քանի որ իրոք, ով իմ Ավետարանի ցույց տվածով կյանքի առժամանակյա վնասները հանձն առնի, կունենա վերջնական ու իրական կենդանությունը: Ճշմարիտ կյանքն ու ճշմարիտ օգուտը հոգևոր է ու ներքին, արտաքինն ու մարմնավորը նշանակությունու արժեք չունեն. ի՜նչ օգուտ, որ բոլոր արտաքին ու մարմնավոր օգուտներն ունենաս, իսկ ներքին ու հոգևոր օգուտներից զուրկ մնաս: Անխելք է նա, ով կարծում է, թե պիտի կարողանա արտաքին և մարմնավոր շահերով ներքին և հոգևոր վնասները փոխարինել: Որքան էլ շատ լինեն արտաքին և մարմնավոր շահերը, երբեք չեն կարող մարդուն ներքին և հոգևոր վնասներից ազատելու փրկությունը լինել: Ներքին և հոգևոր վնասները հենց մարդու անձնական փրկության կորուստն են: Չկա ոչինչ, որ կարողանա մարդու իսկության արժեքին հավասարվել»:
Առաքյալների զարմանքը մի աստիճանով էլ ավելացավ: Հիսուս Իր հետ պատահելիքը ոչ միայն օրինական երևույթ էր երկայացնում և բարձրացնում իբրև միակ օգտակար եղանակ, այլև իրենցից ևս պահանջում էր, որ այժմվանից ընդունեն, թե իրենց հետ պատահելիքը նույնն է և անհրաժեշտ է, որ իրենք էլ նույն սիրով հանձն առնեն: Առաքյալները մի պահ սկսեցին մտովի տատանվել: Այսպիսի պայմանով աշակերտ լինելը հեշտ և գործադրելի չէր թվում: «Նայեցե՛ք,- ասում է Հիսուս,- իմ անելիքն ու ուզածն էլ այս է: Ով այս պատճառով ժողովրդից կքաշվի, ինձ չի պատվի այս անօրեն ու մեղավոր ժողովրդի առջև, ես էլ, երբ մահվանիցս ու հարությունիցս հետո աստվածային փառքով և հրեշտակների փառավորությամբ հաղթականորեն վերադառնամ, այն ժամանակ ես էլ իրեն չեմ պատվի: Ով ամոթ է համարում իմ օրինակին ու սկզբունքներին հետևող աշակերտ երևալը, թող իմանա, որ ես էլ ամոթ պիտի համարեմ նրան ինձ մոտ ունենալ, պիտի ամաչացնեմ ու խայտառակեմ նրան երկրորդ գալստյանս ժամանակ: Որովհետև Որդին Մարդո պիտի վերադառնա իր Երկնվավոր Հոր փառքով ու հրեշտակների փառավորությամբ և ամենքին պիտի հատուցի իրենց գործերի ու օգտակարության համեմատ»:
Հիսուս այդ խոսքերով մի նոր ակնկալություն էր բացահայտում առաքյալների համար. չարչարվելուց ու մեռնելուց հետո հարություն, իսկ հարությունից հետո`երկրորդ անգամ գալուստ, փառավորություն և հատուցումներ: Հետաքրքրությունը բնական էր. մահը պիտի հանդիպեր մոտիկից, հարությունը`մահվան երրորդ օրը, ե՞րբ պիտի տեղի ունենար փառավոր գալուստը: Առաքյալների հարց տալու մասին Ավետարանիչները չեն գրում, սակայն Հիսուսի խոսքերը այն ենթադրել են տալիս: «Վստահ եղեք,- ասում է Հիսուս,- ահա ապագան էլ եմ ձեզ հայտնում: Այստեղ ինձ հետ եղողներից ոչ ամենքը չմեռած, իմ երկրորդ գալուստը պիտի տեղի ունենա, ներկաներից ոմանք կենդանի աչքով Մարդու Որդու փառավոր գալուստը և Երկնից Արքայության հաղթանակը պիտի տեսնեն»:
Այստեղ մենք պետք է Հիսուսի վերստին փառավոր գալստյան, լսողներից ամենքը չմեռած`այս գալստյան տեղի ունենալու մասին նոր քննություն կատարեինք. թե ի՞նչ է այդ գալուստը և թե ովքե՞ր են ողջ մնացողները: Բայց Հիսուսի գալստյան խնդրի մասին ավելի ընդարձակորեն խոսվում է Մատթեոսի 24, Ղուկասի 13 և Ղևոնդի 21 գլուխներում, ուստի այդ կարևոր բացատրությունները կթողնենք տեղին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: