Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:14

Հովհաննես Ծործորեցի

«Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց.
   
    Ինչպես մի մարդ, գնալով օտար երկիր, կանչեց իր ծառաներին և իր ունեց վածքը հանձնեց նրանց:

    Կույսերի առա կը պատմվեց ունեցվածքից ողորմություն տալու վերաբերյալ կամ էլ կարգվեց նրանց համար, ովքեր մարդկանց փառքի համար են գործերն անում: Իսկ այս մեկը [պատմվում է] նրանց մասին, ովքեր ոչ ունեցվածքով, ոչ խոսքերով, ոչ վերակացությամբ և ոչ որևէ այլ կերպ չեն կամենում օգտակար լինել ընկերներին, այլև բարի գործեր չեն կատարում, այլ [ունեցած] ամեն ինչ թաքցնում են: «Ինչպես մի մարդ,- ասում է [Տերը],- գնալով օտար երկիր»: «Մարդ» [է այստեղ հենց Ինքը]` ոչ միայն կատարյալ աստվածության պատճառով, այլև մարդացած Հիսուսի աստվածաստեղծության 1393, որ աստվածությունից ու մարդկությունից եղավ մեկ Որդի` [միաժամանակ] Աստծո և մարդու: Իր մասին է ասում, թե «գնաց օտար երկիր». «գնաց», ասում է, մահվան և չարչարանքների [վայրը]` լինելով թե՛ ողջերից, թե՛ մեռյալներից հեռու և նրանց միջև, կամ դժոխքը, որ հեռու և անծանոթ է մեր բնությանը, այլև մեռելների միջից հառնելն ու Հոր աջ կողմում նստելը, որով և երկայնմտությամբ ներում է [մեզ]: Ասում է, որ օտար երկիր է գնում, որովհետև մարդկանց ոտքերի համար անկոխելի է [այդ վայրը] և մտքի համար էլ անհասանելի. Պողոսն այն կոչում է «վարագույրի ներքին կողմը» (Եբր. 6։19):

    «Կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը հանձնեց նրանց».

    սրանք այգու մշակների պես չեն 1394, այլ ամենքը աշխատող են, քանի որ [այստեղ Տերը] ոչ միայն իշխանների կամ ոչ միայն հրեաների հետ է խոսում, այլ ամենքի` առաքյալների միջոցով` ավետարանի ուսմունքով կանչելով դեպի հավատք և գործեր, որովհետև դրանք են Նրա ունեցվածքը: Այլև խոսում է հոգևոր ու մարմնավոր զանազան շնորհների մասին, որովհետև բոլորն էլ Աստծունն են: Պողոսը դրանք է թվարկում 1395 և այլուր [ասում]. «Եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում ինչպես մեկը, որ չի ստացել» (Ա Կոր. 4։7): Նաև անճառ բարիքների խոստումն է [Տերն] Իր ունեցվածքը անվանում:
   

Ստեփանոս Սյունեցի

14-15․ «Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց:
   
    «Քանզի ինչպես մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու և մի ուրիշին՝ մի»:

    Տաղանդը կշռի միավոր է, ինչպես լիտրը, մնասը և այդպիսիները, որը առաջին թարգմանիչները թարգմանեցին քանքար: Մարդը, որ տվեց քանքարը, Քրիստոսն է, ինչպես ուսուցանում է Աստվածային խոսքը. «Իմ արծաթը ընտիր ու փորձված է, յոթնապատիկ [մաքրված ու զտված] հողից» (հմմտ. Սաղմ. 11։7): «Եվ գնաց հեռու երկիր»՝ երկրից [դեպի] երկինք:

    Բայց ինչո՞ւ է ասվում հինգ, երկու և մի: Ով հինգը վերցրեց. ըստ Սողոմոնի, ճշմարտապես գիտակցեց աստվածային գրերի վեհագույն միտքը, Պողոսի ասած աստվածային հինգ զգայություններով: [Արդ] կրթված զգայարաններով վերափոխվեցին այնտեղ տեսնելու աներևույթը, որը աշխարհի սկզբից ստեղծվածների միջոցով իմացվեց (հմմտ. Հռոմ. 10։20), նաև այլոց ամեն ինչ ուսուցանեցին աստվածային վարդապետությամբ:

    Իսկ ով երկուսը [ստացավ], սրան ոչ միայն գիր պարգևեց, այլև աստվածային գրերի զորությունը, թեպետև ոչ այնպես կատարյալ, ինչպես նրան, ով հինգը ստացավ: Այսպիսին նախ քննելով Աստծու արարածների տեսակները և նրանց նյութը, սրանցից վերանում է դեպի տեսակների ու նյութի Արարիչը՝ բոլոր արարածների Անդրանիկը, և ուսուցանելով նաև ուրիշներին՝ երկուսը կրկնապատկեց:

    Իսկ ով մեկն առավ, [այսինքն] միայն գիրը, ինչպես հրեաները, որոնցից գրվածի իմաստը թաքնվեց, և այլոց [նույնպես] չսովորեցրին, այլ թաքցրին իրենց սրտի խորքում, ինչը պետք էր տալ սեղանավորներին, հմուտ վարդապետներին, ովքեր ունեին բարի վարդապետությունը, և նրանցից ուսանելով գրվածքի իմաստը և ուրիշներին ուսուցանել: Արդ, քանի որ այն չարեց, ինչը պետք էր անել, ելնում է արտաքին խավարը:

    Եվ եթե զարմանո՞ւմ ես, որ Աստծու խոսքը չուսուցանելու համար այսպիսի պատուհաս է [լինի], լսի՛ր Պողոսին. «Վա՜յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9։16): Արտաքին խավարը [միջավայր] է, ուր հոգին ամբողջապես խավարած է դառն տրտմությամբ և չկա աստվածային լույսի այցելություն: Նաև Փիլոն Եբրայեցին, եթե քեզ ընդունելի այր է թվում, մովսիսական գրվածքները մեկնաբանելով՝ ասում է. «Խավարը, որ անդունդների վրա է, բոլոր աշխարհից դուրս է» (Ծննդ. 10։2): Եվ տես, որ աշխարհի անարժանները արտաքսվում են ամբողջ աշխարհից և ոչ միայն Աստծու դրախտից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

14-30. «Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց: Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց: Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց: Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ: Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»: Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»: Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց.«Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»: Իր տէրը նրան ասաց.«Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»: Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»: Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»»:
   
    Այս առակը սերտ նմանություն ունի մնասների առակի հետ, որը Հիսուս խոսեց Զակքեոսի տանը, և մենք էլ իր տեղում բացատրեցինք (Ղուկ. 19:11-27): Այնպես որ, մեկնաբաններից շատերը նույնիսկ աշխատում են այս երկուսը նույնացնել, և որպես մեկ անգամ միայն խոսված առակ ներկայացնել, և տաբերությունները իրար հարմարացնել: Սակայն մենք սկզբում հերքեցինք նմանությունները նույնացնելու սկզբունքը և ընդունեցինք, որ Հիսուս կարող էր նույն խոսքը տարբեր անգամներ կրկնել և կամ նման նյութի մասին տարբեր առակներ ու բացատրություններ տալ: Մնասների և քանքարների առակների միջև նախ տեղի և ժամանակի հայտնի տարբերություններ կան. առաջինը խոսվել է Երիքովում՝ Զակքեոսի տանը, իսկ երկրորդը՝ Երուսաղեմում՝ Ձիթենյաց լեռան վրա: Տարբեր են նաև նպատակները: Մնասների առակով Հիսուս ցանկանում էր բացատրել այն, թե՝ «Առժամայն յայտնելոց է Արքայութիւն Աստուծոյ», իսկ քանքարների առակով բոլորովին այլ գաղափար, թե «Արթուն կացէ՛ք, զի ոչ գիտէք զօրն եւ զժամն»: Մնասների առակում շատ քաղաքական կետեր կան խառնված՝ ազնվականը գնում է թագավորություն ստանալու, իր դեմ հակառակորդներ ունի, հակառակ ընդդիմության՝ տիրում է իշխանությանը և վերադառնալով իր հակառակորդներից վրեժ է լուծում: Մինչդեռ քանքարների առակում այսպիսի հավելվածներ չկան, այլ պարզապես շեշտվում է դրամագլուխ շահելու հանգամանքը: Վերջապես, մնասների առակում բոլորին հանձնված դրամագլուխը բոլորին հավասար հանձնված՝ տասական մնաս է, և միայն շահույթներն են տարբեր, մինչդեռ քանքարների առակում դրամագլուխները տարբեր են, իսկ շահույթները հավասար են դրամագլուխներին: Այս բոլոր տարբերություններն արդեն իսկ շատ են ապացուցելու համար, թե մնասների և առակները թեև նման են, բայց նույնը չեն:
    Մի տանուտեր, որ որոշել էր հեռավոր երկիր գնալ, իր ունեցվածքը հանձնում է իր մարդկանց, որպեսզի շահեցնեն. մէկին՝ հինգ, մէկին՝ երկու և մեկին՝ մեկ քանքար տալով: Քանքարը եբրայական քիքքար բառով մեր թարգմանության մեջ բացատրված է, մինչ այլ լեզուներում տաղանդ բառով է հիշված: Քանքարի արժեքը արծաթի դեպքում այլ է՝ ոսկու դեպքում այլ, բայց Ավետարանում տեսակը որոշված չէ:
    Տաղանդի կամ քանքարի արժեքը, եթե արծաթ է՝ 385 օսմանյան ոսկի է հաշվվում, իսկ եթե ոսկի է՝ 6000 ոսկու է հավասարվում, որով նույնիսկ մեկ քանքարը բավական գումար է կազմում: Բայց կան նաև ուրիշներ, որ ոսկի տաղանդը լոկ 165 ոսկի են հաշվում, իսկ արծաթե տաղանդը՝ 13 ոսկի:
    Տանուտերը երկար բացակայությունից հետո՝ «Յետ բազում ժամանակի» վերադառնում է և իր հանձնած գումարների արդյունքի հաշիվն է պահանջում, և յուրաքանչյուրը ներկայացնում է իր հաշիվը: Հինգ քանքար ստացողը հինգը ևս շահել է, երկուսն ստացողը՝ ևս երկուսը, իսկ մեկը ստացողը չի շահեցրել: Ինքն իրեն արդարացնելու համար նա սկսում է ամբաստանել տանուտիրոջը. «Խիստ ու անիրավ մեկը լինելդ գիտեի, որ չցանածդ հնձել ես ուզում և չբաժանածդ ուզում ես հավաքել: Մտածեցի, որ եթե շահեցնելու ժամանակ հանկարծ չհաջողվեր, այլևս ձեռքիցդ պիտի չազատվեի, և այդ պատճառով էլ դարձյալ ինչ-որ տվել ես՝ քեզ եմ վերադարձնում»: Տանուտերը, որ ստացածի չափով շահեցնողներին հավասարապես գովել էր և ավելի շատ դրամագլուխ հանձնելու խոստում էր տվել ու հրավիրել իր հետ միասին ուրախանալու ու վայելելու, չշահեցնողի հետ այլ կերպ է խոսում՝ խստապես հանդիմանելով նրան. «Քանի որ այդքան խիստ ու պահանջկոտ լինելս գիտեիր, եթե նույնիսկ դու չաշխատեիր, գոնե քեզ հանձնած դրամագլուխը տոկոսի տակ դնեիր և այսօր ավելիով կարողանայիր ներկայացնել ու որևէ արդյունք ցույց տալ, ինչպես որ ես ձեզ հանձնարարել էի: Իմ նպատակը ձեր աշխատանքն ու արդյունավետությունն էր, և ոչ թե ունեցածիս պահպանությունը: ուրեմն դու ամբողջությամբ հանցաոր ես և պատժի արժանի»: Ապա հրամայում է, որ այդ քանքարը քանքարաթաքույցի ձեռքից վերցնեն և ավելի շահեցնողին հանձնեն ու նրան խավարչտին բանտը նետեն, որտեղ պիտի ողբա իր վիճակն ու ատամները կրճտացնի:
    Այս առակի ավետարանական իմաստը, ինչպես մնասների առակի համար էլ ասացինք, հրեաներին ավետարանական քարոզության արդյունավորած չլինելու մասին է, ինչը որ ներքին կապակցություն ունի Երուսաղեմի կործանման և Հին Ուխտի ավարտման կանխագուշակությունների հետ: Իսկ բարոյական իմաստը արթնության գաղափարն է, մի բան էլ ավելացնելով նախորդ ասվածների վրա և պահանջելով ոչ միայն երկնային շնորհների հավատարիմ պահպանությունը այլև նրանց արդյունավորությունը: Որովհետև ով որ շահեցնել չգիտի, իրեն հանձնվածն էլ պահելու արժանի չի համարվում: Այս է Հիսուսի քարոզության սկզբունքը. «Ամենայնի որ ունիցի՝ տացի և յաւելցի, եւ որ ոչն ունիցի եվ զոր ունիցին՝ բարձցի ի նմանէ»:
    Որպես լրում և եզրակացություն ավետարանականի բարոյականին, օգտակար ենք նկատում խորհրդածել, որ եթե Ավետարանի սկզբունքի համաձայն քանքարաթաքույցը, այսինքն՝ երկնային շնորհները առանց արդյունավորելու անկորուստ պահողը դատապարտության և պատժի է արժանանում, ուրեմն ի՞նչ պիտի լինի քանքարակորույսի՝ այսինքն երկնային շնորհները մեղքով և չարությամբ կորցնողի դատաստանը: Թեպետ խորհրդածությունս Ավետարանում չի հիշատակվում, սակայն ավետարանական սկզբունքից բխած ծանրակշիռ ճշմարտություն է: