Ծննդոց գրքի մեկնություն 4:11

Սրբ. Եփրեմ Ասորի

Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար:
   
   Ասում է. «Անիծյալ լինես դու երկրի վրա», քանի որ երկրի վրա չարի գիտության արվեստը սովորեցրիր: Անիծյալ լինես դու երկրի վրա, քանի որ դու չարչարեցիր ու վշտացրեցիր Ադամին և Եվային՝ ամբողջ երկրի հարսին:
   Անիծյալ լինես դու երկրի վրա, քանի որ սպանեցիր դու նրան, ով բոլորից ամենալավն էր:
   Անիծյալ լինես դու երկրի վրա, քանի որ բացեցիր դու դժոխքի դուռն ամբողջ երկրի առաջ:
   Անիծյալ լինես դու երկրի վրա, քանի որ կամեցար ամբողջ երկրի վրա միայն դու լինել:

   

Ա. Լոպուխին

Եվ Արդ, անիծյալ լինես երկրի կողմից, որը բացեց իր բերանը՝ ընդունելու եղբորդ արյունը՝ քո ձեռքով հեղված։ (Սինոդական թարգ․)[11]

   

   Եվ Արդ, անիծյալ լինես երկրի կողմից... Այստեղ մենք գործ ունենք անմիջականորեն մարդուն ուղղված աստվածային անեծքի առաջին օրինակի հետ: Ադամին դատապարտելիս, օրինակ, անիծվեցին միայն սատանան և երկիրը (Ծննդ. 3:17), վերջինս՝ մարդու պատճառով (Ծննդ. 3:17): Հիմա երկիրն ինքը, անմեղ նահատակի արյունով թաթախված, վերածվում է գործիքի՝ մարդասպանին պատժելու համար՝ զրկելով նրան իր բնական բարիքներից (Ղևտ. 18։28, Հոբ. 31։38–40, Բ Օր. 28։39–42):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար:
(Արարատ թարգ․) Եվ հիմա դու անիծյա՛լ լինես այն երկրից, որը բացեց իր բերանը եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար:
(Գրաբար) Եւ արդ՝ անիծեա՛լ լիջիր դու ի վերայ երկրի, որ եբաց զբերան իւր ընդունել զարիւն եղբօր քոյ ի ձեռաց քոց։