Ծննդոց գրքի մեկնություն 46:1

Ա․ Լոպուխին

1-4. Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ և եկավ Բերսաբեի մոտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն: [1] Եվ Աստված գիշերվա տեսիլքի մեջ խոսեց Իսրայելի հետ ու ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»: Եվ նա ասաց.  «Ահա ես»: Նա ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, որովհետև քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու: Ես քեզ հետ Եգիպտոս կգնամ, և ինքս էլ քեզ անպատճառ կհանեմ այնտեղից: Եվ Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբը, Հովսեփի հանդեպ ունեցած սիրուց դրդված, առանց վարանելու ընդունում է Եգիպտոսում բնակություն հաստատելու նրա առաջարկը։ Բայց որպես աստվածընտրյալ ցեղի նահապետ, նա այս վերաբնակեցման մեջ մի վճռական՝ իր սերնդի հետագա ճակատագրի և պատմության համար չափազանց կարևոր քայլ պետք է տեսներ: Դեռ Աբրահամին էր այն մասին հայտնություն տրվել, որ նրա հետնորդները պետք է պանդուխտ լինեն օտար երկրում, պետք է ստրկացվեն և չարչարվեն, սակայն հետո պետք է վերադառնան Քանան (Ծննդ. 15։13−16):

   Ծննդոց 37−45 գլուխներում պատմվող իրադարձությունները՝ որպես նախապատրաստություն են ծառայում Հակոբի տան՝ Եգիպտոս տեղափոխման համար: Այս վերաբնակեցումը առաջին հերթին պայմանավորված էր ընտրյալ ընտանիքը քանանացիներից զատելու հանգամանքով, որոնց հետ միաձուլումը արդեն սկսվել էր (Ծննդ. 38։2), և  որը կարող էր չափազանց ողբերգական լինել Աբրահամի սերնդի կրոնական առաքելության համար: Մյուս կողմից էլ Եգիպտոսում եղած ասիացիների նկատմամբ քամահրանքի  պատճառով ընտրյալ ազգի այս մեկուսացումը կարող էր իրականություն դառնալ, իսկ Եգիպտոսի մշակութային բարձր աստիճանն էլ կարող էր արդյունավետ կերպով ազդել ճշմարիտ աստվածպաշտությունը կրողի վրա: Հակոբն այն բանի համար է հենց Բերսաբեում կանգնում, որովհետև այս վայրը սրբացվել էր Աբրահամի կողմից զոհասեղանի կառուցմամբ և կատարած աստվածպաշտությամբ (Ծննդ. 21։33), ինչպես նաև Իսահակի աստվածհայտնությամբ (Ծննդ. 26։23−24): Բնազդաբար գիտակցելով (վերաբնակեցման) հանգամանքի կարևորությունը՝ Հակոբը պատմական հիշողություններով սրբագործված վայրում հանդիսավոր կերպով զոհ է մատուցում  և Տիրոջից ճանապարհի համար օրհնություն հայցում:

   Ուխտի Աստվածը խրախուսում է Հակոբին և հայտնում, որ այժմ Հակոբի՝ Եգիպտոսում վերաբնակեվելը տեղի է ունենում Իր կամքի համաձայն, որ Ինքը նրա սերունդներին այնտեղ չի թողնի  և նրան մեծ ազգի կվերածի: Եգիպտոսից դուրս բերելու խոստումը ոչ թե անձամբ Հակոբին էր ուղղված, այլ նրա սերնդին: Անձամբ Հակոբին խոստացվում է առնվազն խաղաղ մահ և այն մխիթարիչ հանգամանքը, որ իր սիրելի որդի Հովսեփն է փակելու նրա աչքերը (Ծննդ. 50:1): Այս հնագույն սովորույթի մասին խոսվում է, օրինակ, Հոմերոսի մոտ (տե՛ս Իլիական 11, 453, Ոդիսական 24, 294):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ: Եկավ Բերսաբեե ու իր հոր՝ Իսահակի Աստծուն զոհեր մատուցեց:
(Գրաբար) Չուեաց Իսրայէլ ինքն` եւ ամենայն որ ինչ իւր էր. եւ եկն ի ջրհորն երդման. եւ մատոյց պատարագ Աստուծոյ հաւր իւրոյ Իսահակայ: