Ծննդոց գրքի մեկնություն 4:8

Ա. Լոպուխին

Եվ Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։ (Սինոդական թարգ․)[8]

   

   Երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան ... Ինչպես մահը, աշխարհում ի հայտ գալով իբրև մեղքի վարձք, բռնության և աստվածադիր կարգի կործանման գործողություն էր, այնպես էլ մահվան այդ առաջին փորձը եղավ այդ բոլոր հատկությունների ամենաբնորոշ արտահայտությունը: Եղբայրասպանության պատմությունը կրկնելով՝ երուսաղեմցի թարգմանիչն ավելացնում է, որ Կայենը չարագործության համար պատրվակ ընտրեց, Աբելի հետ հավիտենական կյանքի, աստվածային նախախնամության և խոստացված Ժառանգի մասին վիճաբանությունը և որի պատճառով հին քրիստոնեական ավանդությունը՝ հիմնվելով հենց Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա (Մատթ. 23։31, 35, Ղուկ. 11։49–51, Եբր. 12։24) պահպանել է հիշատակություն Աբելի՝ իբրև առաջին արդարի մասին, ով իր հավատի ամրագրումն առ Արարիչ Աստված և առ Նրա Քավիչ Որդին արտահայտեց նահատակությամբ: Դա Աստծո կողմից կանխատեսված այն առաջին թշնամական պայթյունն էր կնոջ սերնդի և օձի սերնդի միջև, որն անցնում է մարդկության ողջ պատմության միջով, ինչպես դա հրաշալի ձևով պարզաբանում է նաև Հովհաննես Աստվածաբանն իր թղթերից մեկում (Ա Հովհ. 3։10-12):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան:
(Արարատ թարգ․) Եվ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ: Եվ եղավ, որ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան:
(Գրաբար) Եւ ասէ Կային ցՀաբէլ եղբայր իւր. Ե՛կ երթիցուք ի դաշտ։Եւ եղև իբրև չոգան ի դաշտ անդր, յարեաւ Կային ի վերայ Աբիլի եղբօր իւրոյ և սպա՛ն զնա։